
Ստորեւ կը ներկայացնենք Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի հարցազրոյցը` yerkir.am-ին հետ:
Հ.- Պարոն Յովհաննիսեան, վերջին օրերին մամուլը ողողուած է ձեր դեսպան նշանակուելու լուրերով: Նշւում է նոյնիսկ երկիրը` Գերմանիան:
Պ.- Ինչպէս յաճախ է պատահում մեր իրականութեան մէջ, ցանկացած լուր կամ նորութիւն որոշ լրատուամիջոցներ արհեստականօրէն վերածում են գայթակղալի դաւի, հաղորդելով դրան զգայացունց բնոյթ: Անցած օրերին ես հետաքրքրութեամբ էի ծանօթանում տարատեսակ մեկնաբանութիւններին, որոնց մէջ սակաւաթիւ լուրջ արձագանգների կողքին յաճախ յայտնւում էին մաղձոտ կամ պարզապէս անտրամաբանական մեկնաբանութիւններ: Կարծում եմ հիմա որոշ պարզաբանումներ տալու ժամանակն է: Ես դա կ՛անեմ կէտ առ կէտ եւ եթէ հարցեր մնան, պատրաստ եմ դրանց նոյնպէս պատասխանել:
1.- Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ:
2.- Առաջարկն ուղղուած է ինձ անձնապէս, ոչ թէ Հայ յեղափոխական դաշնակցութեանը: Սա կուսակցութեան հետ համագործակցելու կամ ինչ որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ: Կրկնում եմ` առաջարկն արուած է ինձ անձնապէս եւ իմ կողմից եղել է ընդունելի: Բնականաբար, սակայն հարցը ներկայացրել եմ կուսակցութեանը եւ կուսակցութիւնը եւս տուել է իր համաձայնութիւնը:
3.- Ինձ համար այս առաջարկութեան մէջ արտառոց որեւէ բան չկայ: Ես արդէն իսկ վերջին երեք տարիներին աշխատում եմ արտաքին յարաբերութիւնների ասպարէզում, մինչեւ վերջերս ղեկավարելով Հայաստանի խորհրդարանի պատուիրակութիւնը Եւրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում, իսկ ներկայումս հանդիսանալով այդ միջազգային կառոյցի փոխնախագահ: Ես նախկինում էլ աշխուժօրէն ներգրաւուած եմ եղել խորհրդարանական դիւանագիտութեան ասպարէզում, 2000-ականների սկզբին դառնալով ՕԹԱՆ-ի խորհրդարանական վեհաժողովում առաջին պատուիրակութեան ղեկավարը, հետագայում ղեկավարելով մեր պատուիրակութիւնը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում եւ հանդիսանալով հայ-ռուսական միջխորհրդարանական յանձնաժողովի համանախագահ: Սակայն շեշտում եմ յատկապէս վերջին երեք տարիները, քանի որ Հայաստանի եւրոպական համարկման քաղաքականութեան պայմաններում Եւրանեսթի աշխատանքը դարձել է ամէնօրեայ լիարժէք դիւանագիտական աշխատանք: Եւ չնայած բաւականին ոչ նպաստաւոր պայմաններին, որ ստեղծուել են մեզ համար ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուքրանիա, Ազրպէյճան եւ Մոլտաւիա) երկրների պատուիրակութիւնների կողմից, մեր պատուիրակութիւնը, մինչեւ այժմ արձանագրել է լուրջ յաջողութիւններ: Սխալւում են նրանք, ովքեր կարծում են, թէ խորհրդարանական դիւանագիտութիւնը տրամագծօրէն տարբերւում է պաշտօնական դիւանագիտութիւնից: Ըստ էութեան այս երկուսը ընթանում են զուգահեռաբար եւ չնայած մասնաւոր առանձնայատկութիւններին նոյն գործի տարբեր ճակատներն են ու չեն կարող միմեանց հակասել: Այլ կերպ կարող են կարծել մասնաւորապէս նրանք, ում համար միջազգային բեմերը Հայաստանում սեփական անկարողութիւնը քողարկող եւ երկրի վրայ ցեխ լցնող ելոյթների ասպարէզ է միայն: Ես դրանց թուին չեմ պատկանում:
4.- Արուած առաջարկն ունի գործնական բնոյթ եւ չի հանդիսանում իմ քաղաքական հայեացքների փոփոխութիւնների հետեւանք, հետեւաբար չի կարող դառնալ նմանատիպ փոփոխութեան պատճառ: Միւս կողմից այս առաջարկն անողը վստահօրէն քաջատեղեակ է եղել իմ հայեացքներին եւ իր համար եւս խնդիր չի առաջացել: Նշանակում է, որ այս հարցում չի լինելու հակասութիւն, առաւել եւս դիրքորոշումները վերանայելու խնդիր:
Հ.- Սակայն որոշ լրատուամիջոցներ այն կարծիքն են յայտնում, որ ձեր նշանակումը կարող է Դաշնակցութեան քաղաքական ուղեգծի փոփոխութեան մասին վկայել:
Պ.- Որոշ լրատուամիջոցներ սխալւում են, ինչպէս դա շատ յաճախ է պատահում: Դա արւում է միտումնաւոր` հանրութեանը ապակողմնորոշելու համար, իբրեւ թէ հարցը թիւրըմբռնման արդիւնք է` չեմ ուզում քննարկել: Բայց բոլորը գիտեն` Դաշնակցութեան քաղաքական ուղեգիծը չի որոշւում նրա անդամների կամ նոյնիսկ ղեկավարների աշխատանքի վայրով, զբաղեցրած պաշտօնով եւ այլն: Ես չեմ կարծում, որ իմ կամ մէկ այլ դաշնակցական պատասխանատուի քննադատական ելոյթը մեր համաձայնական կառավարութիւնում եղած ժամանակ եւ հիմա շատ է տարբերւում իր բովանդակութեամբ: Ով չի հաւատում, կարող է համեմատել: Մենք նոյնն ենք համաձայնական կառավարութիւնում կամ դրանից դուրս, ընդդիմութեան շարքերում կամ դրանից դուրս: Մեր նպատակները չեն փոխւում: Ուրեմն այս կամ այն դաշնակցականի կողմից, նոյնիսկ եթէ ղեկավար է, անհատապէս պետական աշխատանք ստանձնելը կուսակցութեանը բացարձակապէս չի կաշկանդում, եթէ այդ աշխատանքն իր բնոյթով համընկնում է այն ասպարէզին, ուր կուսակցութեան համագործակցութիւնը պետական կառոյցների հետ հիմնուած է կուսակցութեան որոշումների եւ հայեցակարգի վրայ եւ ունի աւանդական բնոյթ: Գաղտնիք չէ, որ արտաքին յարաբերութիւնների ասպարէզում մեր կուսակցութիւնը միշտ էլ համագործակցել է Հայաստանի իշխանութիւնների հետ այն բոլոր հարցերում, որտեղ համատեղ աշխատանքը, հայկական շահերի ապահովման առումով, աւելի մեծ արդիւնք է խոստացել: Դա ճիշդ է բոլոր ժամանակների համար: Այդպէս էր նոյնիսկ Լեւոն Տէր Պետրոսեանի իշխանութեան օրօք, երբ կուսակցութիւնը Հայաստանում հալածուած էր, բայց իր պարտքը Հայաստանի նորանկախ պետականութեան առջեւ կատարում էր արտերկրում: Այսօր էլ շատ արձանագրուած յաջողութիւններ արդիւնք են ՀՅԴ Հայ դատի գրասենեակների ու հայ դիւանագէտների համագործակցութեան: Հայաստանի իրական շահերի պաշտպանութեան հարցում որեւէ առաջարկ մենք երբեք չենք մերժել, յատկապէս երբ երկիրը կանգնած է լուրջ փորձութիւնների առջեւ:
Հ.- Բայց չէ որ կան նաեւ հակասութիւններ: Դաշնակցութիւնը միշտ անհամաձայնութիւն է յայտնել հայ-թուրքական արձանագրութիւնների վերաբերեալ: Պահանջել է նոյնիսկ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանի հրաժարականը: Ինչպէ՞ս էք պատրաստւում նրա հետ աշխատել:
Պ.- Ի հարկէ հակասութիւններ, նոյնիսկ լուրջ հակադրութիւններ գոյութիւն ունէին եւ հիմա էլ ունեն: Միայն ձեր մատնանշած հարցը չէ, կան նաեւ այլ խնդիրներ` օրինակ Արցախի հետ պաշտպանութեան ոլորտում համագործակցութեան պայմանագիր կնքելու հարցը եւ այլն: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրութիւններին, պէտք չէ մոռանալ, որ մեր կուսակցութիւնը եւ մեր քաղաքական գծի կողմնակիցները, որ թէ՛ սփիւռքում թէ՛ Հայաստանում, կազմում էին մեր հասարակութեան մեծամասնութիւնը` հիմնականում հասան իրենց նպատակին: Յիշէք Սահմանադրական դատարանի որոշումը: Եւ կրկնում եմ, Դաշնակցութեան ղեկավարներից մէկի աշխատանքը դիւանագիտական ասպարէզում ոչ մի կերպ չի կաշկանդում կուսակցութեանը: Դիւանագէտի աշխատանքն ի հարկէ ենթադրում է որոշակի բարոյագիտութեան կանոններով թելադրուած սահմանափակումներ, բայց դա բնական երեւոյթ է: Իսկ հայ-թուրքական արձանագրութիւնների սնանկութիւնը հէնց Թուրքիայի եւ նրա դաշնակիցների պահուածքով բոլորին հասկանալի դարձաւ:
Հ.- Եւս մէկ հարց այլ ասպարէզից` ճի՞շդ են այն լուրերը, որ դուք գեղարուեստական գիրք էք գրել:
Պ.- Այո:
Հ.- Դա ինչ է, վէ՞պ:
Պ.- Այո, բայց այդ մասին եկէք խօսենք մէկ ուրիշ անգամ: