ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ.- ԹՈՒՐՔԻՈՅ ՇՈՒՐՋ

0 0
Read Time:2 Minute, 59 Second

Տիգրան Չանտոյեան

 Երեւան

Թուրքիոյ հիւսիսում գտնուող Պարթին նահանգի Ամասրա քաղաքի ածուխի հանքահորում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհերի թիւը հասել է 28-ի: 300 մեթր խորութեան վրայ գտնուող պայթիւնի վայրում գտնուել է 115 բանուոր, նրանցից մի քանիսը տարհանուել են: Որոնողական աշխատանքները շարունակւում են` 15 մարդու փրկելու ուղղութեամբ, եւս չորս կամ հինգ մարդ մնացել է փլատակների տակ:

Թուրքիոյ նախագահ Էրտողանը կարծում է, որ հիւսիս-արեւմուտքում գտնուող Թրակիա շրջանը կարող է ամենայարմար վայրը լինել Վլատիմիր Փութինի առաջարկած դէպի Եւրոպա նոր կազային հանգոյցի համար:  «Կեդրոնի համար ամենայարմար տեղը Թրակիան է: Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի հետ միասին մենք ցուցում ենք տուել ուժանիւթի նախարարներին սկսել համապատասխան աշխատանքները: Մենք ունենք կազի բաշխման ազգային կենտրոն, բայց սա միջազգային է լինելու: Խօսք լինել չի կարող որեւէ ձգձգման մասին, մեր ընկերներն անհրաժեշտ բանակցութիւններ կը վարեն եւ անմիջապէս կը սկսեն աշխատանքը: Անվտանգութեան ապահովման հարցում կ’ընդունուեն բոլոր անհրաժեշտ միջոցները, նախնական աշխատանքներն այս ուղղութեամբ մենք իրականացնում ենք»,- ասել է Էրտողանը:

Սրանով հանդերձ Թուրքիան շարունակում է իր երկակի խաղը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: ՆԱԹՕ-ի անդամ երկրների պաշտպանութեան նախարարների երկօրեայ հանդիպումից յետոյ լրագրողների հետ զրոյցում Թուրքիոյ ազգային պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը ասել է, որ Անգարան ի սկզբանէ յատուկ նշանակութիւն է տուել Ուքրայինայի տարածքային ամբողջականութեան հարցերին: «Մենք դատապարտեցինք Ղրիմի միացումը, ինչպէս նաեւ յստակ եւ բացայայտ յայտարարեցինք Ուքրայինայի չորս շրջանների (խօսքը Լուկանսկի, Տոնեցքի, Խէրսոնի եւ Զապորոժէի` հանրաքուէով Ռուսաստանին միացման մասին է) բռնակցման անթոյլատրելիութեան մասին: Անգարայի սկզբունքային դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնացել 2014 թուականից ի վեր»,-ընդգծել է Աքարը:

Թուրքիոյ խորհրդարանն ընդունել է «ապատեղեկատուութեան մասին» օրէնք, որը նախատեսում է մէկից երեք տարուայ ազատազրկում այն անձանց համար, ովքեր մեղաւոր են ճանաչուել հրապարակայնօրէն ապակողմնորոշիչ տեղեկութիւններ տարածելու մէջ: Այս օրէնքի 29-րդ յօդուածը հաւանութեան է արժանացել իշխող դաշինքի կողմից: Անցած տարի առաջարկուած ապատեղեկատուութեան օրինագիծը նպատակ ունի պայքարել «կեղծ լուրերի, ապատեղեկատուութեան, սադրանքի» դէմ: Ի պատասխան դրա` Թուրքիոյ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութիւնը կը դիմի Սահմանադրական դատարան` պահանջելով չեղեալ համարել լրատուամիջոցների մասին օրէնքը, որը ազատազրկում է սահմանում «ապատեղեկատուութիւնէ տարածելու համար: Ժողովրդական-Հանրապետական Կուսակցութեան նախագահ Քեմալ Քըլըչտարօղլուն խորհրդարանում իր կուսակցութեան պատգամաւորներին ասել է, որ Ժհկ-ն դիմել է դատարան` խնդրելով դադարեցնել օրէնքի ամենավիճահարոյց 29-րդ յօդուածի կատարումը, որը վերաբերում է ազատազրկմանը: Այնուհետեւ նա երկրի բարձրագոյն դատարանից կպահանջի չեղեալ համարել ամբողջ օրէնքը: Իրաւապաշտպան կազմակերպութիւնները եւ Թուրքիոյ արեւմտեան դաշնակիցներն պնդում են, որ օրէնքի «կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատուութիւն» անորոշ ձեւակերպումը կարող է տարբեր կերպ մեկնաբանուել դատարանների կողմից եւ կարող է օգտագործուել իշխանութիւններին քննադատողներին պատժելու համար:

Թուրքիոյ պաշտպանական ծախսերը 2023 թուականին կը հասնեն մրցանշային 25,2 միլիառ  տոլարի: Սրանք երկրի պատմութեան մէջ ամենաբարձր ռազմական ծախսերն են: Մինչ այդ Թուրքիոյ ռազմական ծախսերն ամենաշատը եղել են 2019 թուականին` 20,6 միլիառ տոլար, անցեալ տարի` 15,4 միլիառ տոլար: Միաժամանակ տեղեկանւմ ենք, որ Թուրքիան Սեւ ծովի վրայով հրթիռի փորձնական արձակում է իրականացրել: Տեղական ժամանակով առաւօտեան ժամը 7-ին Ռիզէ նաւահանգստային քաղաքի մօտ գտնուող օդանաւակայանից հրթիռի արձակման համար օգտագործուել է շարժական հարթակ:  Գաղտնի հրթիռային նախագիծը, որը ստացել է «թայֆուն» անուանումը, իրականացւում է արդէն մի քանի տարի: Պաշտպանական արդիւնաբերութեան դէպարտամենտը, որը վերահսկում է տեղական արտադրութեան զէնքի մշակումը, հրաժարուել է հրապարակել նախագծի վերաբերեալ որեւէ տեղեկութիւն:

Ստացուել է Ատրպէյճանում թուրք զինուորականների «մանտաթ»-ը մէկ տարով երկարացնելու մասին օրէնքի նախագիծ: Էրտողանի կողմից ստորագրուած փաստաթղթում ասւում է` «Թուրքիան այսօր էլ զգալի ներդրում է կատարում տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան պահպանման ու ամրապնդման, ինչպէս նաեւ Ատրպէյճանի ազատագրուած տարածքների վերականգնման գործում»: Օրինագծի համաձայն` Ատրպէյճանում թուրք զինուորականների «մանտաթ»-ը նախատեսւում է երկարացնել մէկ տարով`  սկսած 2022 թուականի Հոկտեմբերի 17-ից:

Այս ռազմաքաղաքական զարգացումների հետքերով, Իսրայէլի պաշտպանութեան նախարար Պեննի Կանցը կ՛այցելէ Անգարա: Այցի շրջանակում նախատեսուած է նրա հանդիպումը Թուրքիայի պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարի հետ: Պաշտպանութեան նախարարութիւնը յայտնել է, որ այցը Իսրայէլի եւ Թուրքիոյ միջեւ անվտանգութեան ոլորտում նորացուած համագործակցութեան մի մասն է: Թուրքիոյ եւ Իսրայէլի միջեւ յարաբերութիւնների նման տեմպերով վերականգնումն ու զարգացումը տարածաշրջանում հակաիրանական քաղաքական զարգացումների արտացոլումն է:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles