«Նայիր շուրջդ, դու բոլորի մէջ ես…»

0 0
Read Time:3 Minute, 17 Second

v hrant

Ստորեւ, լոյս կ՛ընծայենք Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի խօսքը` Վահան Յովհաննիսեանի թաղման արարողութեան առթիւ.-

Որքան մարդկանց սրտեր է հիմա տակնուվրայ անում ափսոսանքի ու ցաւի զգացումը…

Վահան ջան, գնալուցդ յետոյ այնքան բան եմ յիշել, որ թւում է մի քանի օրուայ մէջ վերապրեցի այն 25 տարիները, որ կողք կողքի ենք անցկացրել:

Մտովի վերականգնեցի համատեղ անցած մեր ողջ ուղին` Հ.Յ.Դաշնակցութեան` Հայաստանում վերակազմակերպման նախնական քայլերից սկսած, երբ մենք յենուել ենք առաջինը քեզ վրայ: Առաջին խմբերը , կոմիտէները ձեւաւորուել են նաեւ քո մասնակցութեամբ: Յետոյ սկիզբ առաւ ազգային ազատագրական պայքարը` Արցախեան պատերազմը, ուր քո ներկայութիւնը ամէնուրեք էր` սկսած զէնքի հայթայթման ու փոխադրման գործից, մինչեւ խմբերի մարզման-դաստիարակման ու Արցախում ինքնապաշտպանութեան կազմակերպման աշխատանքները:
Արցախեան պատերազմի ընթացքում քանի քանի ընկերներ ենք կորցրել, մենք նրանցից լաւը չէինք, բայց դու բոլորից տարբեր էիր: Յիշում ես, այն ժամանակ էլ մենք դէմ էինք, որ Արցախում լինես, կռուի ճակատում, բայց դու քեզ բնորոշ հանգստութեամբ մեզ համոզում էիր` «Մեր ազգի ճակատագիրը այսօր այստեղ է որոշւում, առանց այս պայքարի յաջողութեան Հայաստանում քաղաքական գործը անիմաստ էէ:

Կռիւ էր, ու այդ կռւում պիտի յաղթէինք` Հայրենի պետութեանը կառչելով: Այստեղ սակայն եւս շտկելու բան կար, այստեղ եւս պայքարի անհրաժեշտութիւն կար: Կենսական անհրաժեշտութիւն էր` Հայաստանի Հանրապետութեան օրուայ իշխանութիւնների ապազգային գծին զուգահեռ` առաջ տանել մերը ու ճամբայ հարթել ազգային պատասխանատուութեան ուղղութեան համար: Եւ դու ներկայ էիր այդ պայքարում եւս, հանրահաւաքներ, ելոյթներ… Մտքի պայքար էր ու դու քեզ դրսեւորեցիր քո նման: Մենք չափի զգացում ունէինք: Նաւապետը ձախող էր, բայց նաւը մերն էր ու երբեք ու երբեք ձախող նաւապետից ձերբազատուելու համար պատրաստ չէինք նաւը խորտակել: Բայց արձագանգը համաչափ չեղաւ` ձերբակալութիւններ, թերթերի փակում, կուսակցութեան նկատմամբ համընդհանուր բռնութիւններ: Սակայն դու նոր կեանք էիր առել ու զինուած էիր անսպառ էներգիայով: Վերջապէս քեզանից ձերբազատուելու համար մի ելք կար` բանտարկութիւն, սակայն բանտարկութիւնը եւս չօգնեց. քո պայքարը շարունակուեց բանտախցից, դատարանի դահլիճից…
Ձախող նաւապետը հրաժարուեց, բանտերի դռները բացուեցին, նոր յոյսեր համակեցին բոլորիս: Դարձեալ պայքարի բովում էիր, սակայն արդէն ուրիշ պայքարի` արդար ու ամուր պետութեան կառուցման պայքարի բովում: Այս պայքարը եւս տարար մեր դիրքերից, քո դիրքերց` ճիշտ դիրքերց: Վեր բարձրացար, բայց չփոխուեցիր, որքան փայլեցիր, այնքան հաստատակամ մնացիր համոզումներիդ ու գաղափարներիդ: Բայց այլեւս միայն մերը չէիր, այլ ժողովրդինը` բոլորինը: Դիպուկ ու անխնայ քննադատութիւններդ, խոհեմ ու պատասխանատու ելոյթներդ էլ քո անունից չէին, այլ ժողովրդի` բոլորի: Ցաւեցնելու աստիճան սուր, բայց անչար ու սրտացաւ խօսքդ, անսպառ սրամտութիւնդ ու գործիդ անվերջ նուիրումը պետական գործիչի նոր տեսակ ստեղծեցին, բացառիկ, երկրորդը չունեցող տեսակ:

Թէեւ ես խօսելու եմ քո մասին անցեալ ժամանակով, բայց ոչ, ընկեր, դու չես գնացել: Դու այնքան շատ մարդկանց մէջ ես: Դու բոլորին տալիս էիր մտքիցդ ու հոգուցդ մի մասնիկ: Ու այնքան ես տուել, որ հիմա քեզ ճանաչող ու ճչանաճող իւրաքանչիւր մարդու մէջ մի փոքր Վահան կայ: Ու դու շարունակելու ես մեզ հետ լինել անընդհատ ու ամէնուրեք:
Դու այն ուսուցիչն էիր, որը ոչ թէ սովորեցնում է, որովհետեւ պիտի սովորեցնի, այլ սովորեցնում է, որովհետեւ իրենից սովորում են, ուզեն, թէ չուզեն` սովորում են: Սովորում են մտածել ու մտածել տալ: Սովորում են ապրել ու ապրեցնել: Սովորում են խօսել ու լռել: Սովորում են պայքարել ու չյանձնուել: Սովորում են սիրել. սիրել ընկերոջը ու սիրել անծանօթին, սիրել հայրենիքը ու սիրել աշխարհը ու սիրել ազատութիւնը:
Դու առանց ափսոսելու շռայլեցիր մարդկանց քո տեսակը: Դու իսկապէս վահան էիր, վահան, որին բախուելով ջարդուփշուր էր լինում այն ամէնը ինչը վատն էր, վահան, որը պաշտպանում էր մեր ճիշտ տեսակը, վահան, որը թոյլ չէր տալիս, որ մանրումեծ նիզակները խոցեն մեր ինքնութիւնը:
Բայց վահան լինելով հանդերձ , դու նաեւ սուր էիր, բահ ու գրիչ: Դու միաժամանակ սուր էիր, բահ ու գրիչ: Այդպէս գրեթէ չի լինում, բայց դու էի՛ր: Քո սուրը գիտէր թէ ում եւ երբ է զարկում: Քո բահը գիտէր, թոյ ինչ հող է շէնացնում եւ ինչ հող է շէնացնելու դեռ: Քո գրիչը գիտէր, թէ որն է մտքի արժէքը:
Դու տուեցիր հայրենիքիդ այն ամէնը, ինչ կարող էիր ու անգամ չէիր կարող տալ, փոխարէնը վերցրիր հայրենիքիդ ցաւերը: Ու դու գիտէիր, թէ որն է հայրենիքիդ դարմանը: Բայց աւա՜ղ, քեզ համար դարման չեղաւ:
Թէեւ ես խօսեցի քո մասին անցեալ ժամանակով, բայց ո՛չ, ընկեր դու չես գնացել: Նայիր շուրջդ, դու բոլորի մէջ ես: Ու բոլորս պիտի շարունակենք անել այն ինչ անում էիր դու:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles