Յօդուածներ

“ՄԻԱՅՆ ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՑԵԼ…” Կը Յայտնէ Հրանդ Մարգարեան

Ստորեւ, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի խօսքը` Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած նախաձեռնութիւնները համակարգող պետական յանձնաժողովի հինգերորդ նիստին.-p3 hrand

 

Մեծարգո՛յ նախագահներ Հայաստանի ու

Advertisement Subscribe Today

Արցախի հանրապետութիւնների,

Վեհափա՛ռ հայրապետներ, հոգեւոր հայրեր,

յարգելի գործընկերներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք դրական ենք գնահատում պատրաստուած հռչակագիրը եւ մեր համաձայնութիւնն ենք տալիս նրա բովանդակութեանը: Ինչպէս յանձնաժողովի նախորդ նիստին ասել էինք` հաշուի առնելով ժողովի պատկառելի ներկայացուածութիւնը, հռչակագիրը կարող է խօսել համայն հայ ժողովրդի անունից եւ ձեւակերպել յստակ եւ համահայկական տարողութեան հիմնահարցեր:

Մեր գնահատումով, հռչակագրի ներկայ` վերջնական բովանդակութեամբ դա իրագործուել է: Հռչակագիրը տալիս է մեր յանձնաժողովի ,Յիշում եմ եւ պահանջումե կարգախօսի ամբողջական բացատրութիւնը, ինչն էլ հանդիսանում է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի քաղաքական պարունակը:

Մնում է մենք բոլորս, պետական յանձնաժողովը` որպէս այդպիսին եւ յանձնաժողովի իւրաքանչիւր անդամը` որպէս հայ ժողովրդի այս կամ այն հատուածի ներկայացուցիչ, համակարգուած ծրագրով եւ համադրուած ճիգերով կեանք տանք այդ քաղաքականութեանը:

Մենք աշխատանք ենք տարել ներազգային ճակատում հատուցման հարցով տեսակէտների բիւրեղացման եւ միջազգային իրաւունքի ու կանոնների համաձայն թղթածրարի պատրաստման ուղղութեամբ:

Պատուիրել ու արդէն հրապարակել ենք Հայոց Ցեղասպանութեան հատուցումների ուսումնասիրման խմբի վերջնական զեկոյցը` ,Արդարացի լուծում-հատուցումներ Հայոց Ցեղասպանութեան դիմացե: Զեկոյցում ներկայացուած է 1915-1923թթ. Հայոց Ցեղասպանութեան հատուցումների հարցի իրաւական, պատմական, քաղաքական եւ բարոյական կողմերին առնչուող աննախադէպ համապարփակ վերլուծութիւնը: Զեկոյցում ներառուած են նաեւ հատուցումների լիակատար փաթեթի բաղադրիչների վերաբերեալ յստակ առաջարկութիւններ:

Կարեւորում ենք նաեւ ուրիշների կողմից այս ուղղութեամբ տարուող աշխատանքները: Ասել ենք արդէն, որ այս ուղղութեամբ կարեւոր նախաձեռնութիւն էր Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի գլխաւորած հայ իրաւաբանների խորհրդաժողովի որոշումը` ստեղծելու յատուկ յանձնախումբ, Հայոց Ցեղասպանութեան հիմնախնդիրների իրաւական թղթածրարն ամբողջականացնելու նպատակով: Այսօր լսելու ենք այդ աշխատանքների մասին զեկոյց:

Մենք կրկնում ենք 2012 թուականի Սեպտեմբերին` յանձնաժողովի երկրորդ նիստին մեր ներկայացրած առաջարկը. Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի նախաձեռնութեամբ հիմնադրել յատուկ կենտրոն, որը պէտք է իր աւարտին հասցնի միջազգային իրաւունքի եւ օրէնքների համաձայն Հայոց Ցեղասպանութեան հատուցման եւ հայ ժողովրդի ու Հայաստանի իրաւունքների ձեռքբերման հարցով ամբողջական թղթածրարի պատրաստումը եւ մշակի այն իրականացնելու համար ճանապարհային քարտէս:

Մեր այս առաջարկի մասին կարելի է մանրամասն քննարկել ձեր սկզբունքային համաձայնութեան դէպքում:

Չի կարելի չանդրադառնալ Թուրքիայի իշխանութիւնների արդէն լկտի պահուածքին, այն է` Կալիփոլիի ճակատամարտի 100-ամեակը Ապրիլի 24-ին նշելու եւ այդ առթիւ 102 պետութիւնների ղեկավարներին հրաւիրելու քայլին: Թուրքիայի այս քայլին համարժէք պատասխանը կը լինի Հայ-թրքական արձանագրութիւններից Հայաստանի ստորագրութեան հետ վերցնելը:

Յարգելի՛ ներկաներ, այսօրուայ իմ խօսքում կþուզէի անդրադառնալ մի կարեւոր հարցի եւս:

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը պէտք է առիթ հանդիսանայ ոչ միայն ճշմարտութիւնը աշխարհին հասցնելու, այլեւ մէկ այլ կարեւորութեան ճշմարտութիւն ինքներս գիտակցելու համար, որ` միայն ներազգային համախմբումը կարող է ճանապարհ բացել մեր նպատակների իրականացման առջեւ: Առանձին-առանձին խմբաւորուած, մասնատուած ու ծուատուած մենք ոչնչի չենք կարող հասնել:

Մեզ առաւել քան անհրաժեշտ է ներազգային համախմբում յատկապէս իրադարձութիւնների ներկայ փուլում, երբ մեր հանդէպ ցեղասպանութիւն իրականացնողի կրտսեր եղբայրը նորից մեզ պատերազմ է պարտադրում: Իրեն բնորոշ ճղճիմ ու ողորմելի դաւադրութիւններով Ատրպէյճանը փորձում է շեղել աշխարհի ու իր հասարակութեան ուշադրութիւնը իր ներքին խնդիրներից եւ, ինչո՞ւ չէ, հէնց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցից: Թէ որքանով է դա նրան յաջողւում, այլ հարց է, բայց կարեւորն այն է, որ Ատրպէյճանի այդ թշուառ կեցուածքի պատճառով մենք պարբերաբար զինուորներ ենք կորցնում:

Այո՛, մեր զինուորները տալիս են իրենց կեանքը` պաշտպանելու համար մեր հայրենիքը: Իսկ ի՞նչ ենք անում մենք այստեղ: Ազգի համար այս ճակատագրական պահին ինչո՞վ ենք զբաղուած: Ո՞ւր են մեզ տանելու ինքնանպատակ բախում-պայքարները, որոնք առճակատման, ներքին պառակտման վերածելու ներուժ են պարունակում իրենց մէջ:

Երբեք դրա ժամանակը չէ, բայց առաւել եւս դրա ժամանակը չէ հիմա: Հիմա զգաստ կանգնելու ժամանակն է:

Այսօր մենք պէտք է ամէնուր դատապարտենք Ատրպէյճանին: Պէտք է միջազգային համայնքին ասենք, որ Ատրպէյճանը փաստացի սկսել է պատերազմ, մաշեցնող պատերազմ` Հայաստանի ու Արցախի դէմ: Յատկապէս համանախագահող պետութիւններից պէտք է պահանջենք սաստել Ատրպէյճանին, որպէսզի դադարեցնի իր կամայականութիւնները:

Բոլորս պարտաւոր ենք բացառել ներքին առճակատումը, երբ այն` առճակատումը առկայ է մեր սահմանի վրայ եւ մէկ մարդու պէս կանգնել պետութեան կողքին:

Սակայն պետութիւնն էլ իր հերթին պարտաւոր է հոգ տանել, որ այս բախտորոշ փուլում ժողովուրդն իրեն զգայ ոչ միայն պաշտպանուած արտաքին թշնամուց, այլեւ պաշտպանուած` ներքին ապօրինութիւններից, անարդարութիւններից ու կամայականութիւններից:

Երբ մենք միասնական ենք եղել, ունեցել ենք միմիայն յաղթանակներ: Նման միասնականութեան արդիւնք է եղել նաեւ մեր վերջին յաղթանակը:

Մենք սա ենք պարտաւոր ասել մեր ժողովրդին:

Ու մենք պարտաւոր ենք ասել, որ այս պահից եւ այսուհետ մենք միահամուռ ենք ու հաստատակամ` արտաքին վտանգը դիմագրաւելու հարցում, մեր ազգային իղձերն իրականացնելու խնդրում:

Եւ պարտաւոր ենք ասել այնպէս, որ ժողովուրդը մեզ հաւատայ ու վստահի:

Advertisement Subscribe Today!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button