Հ.Հ. ՆԱԽԱԳԱՀ Ս. ՍԱՐԳՍԵԱՆԻ ԵԼՈՅԹԸ Մ.Ա.Կ.-Ի ԳԼԽԱՒՈՐ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

0 0
Read Time:6 Minute, 48 Second

Serj_UN

Ստորեւ, լոյս կ՛ընծայենք Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսեանի խօսքը, Մ.Ա.Կ.-ի Խորհրդաժողովի 69րդ Նստաշրջանին, որ կատարուեցաւ Նիւ Եորքի մէջ, Սեպտեմբեր 24-ին.-
Ընթացիկ նստաշրջանը տեղի է ունենում մարդկութեան համար բեկումնային իրադարձութիւնների՝ Առաջին աշխարհամարտի 100ամեակի եւ գալիք տարի նշուելիք 2րդ համաշխարհային պատերազմի աւարտի 70ամեակի ժամանակահատուածում: Շուրջ եօթ տասնամեակ առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտին ստեղծուած Միացեալ Ազգերի Կազմակերպութեան առաքելութիւնն այն նոր քաղաքակրթական միջավայրի ու մշակոյթի ձեւաւորումն էր, որը կը բացառէր անցեալի ողբերգական էջերի կրկնութիւնը:
2015 թուականը յատուկ նշանակութիւն ունի ողջ աշխարհի հայութեան համար: Ապրիլի 24ին աշխարհասփիւռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմութեան ամենաողբերգական էջի՝ Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցը: Պատմութեան մէջ նախադէպը չունեցող՝ մի ողջ ժողովրդի սպանդի եւ հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործութիւնը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վէրք: 1915թ. Ցեղասպանութիւնը քաղաքակրթութեան եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւն էր, իսկ դրա ոչ լիարժէք դատապարտումը՝ նոյնօրինակ զանգուածային ոճրագործութիւններ ծնող երեւոյթ:
Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի տարում, ելոյթ ունենալով այս բարձր ամբիոնից, որը ես կը կոչէի Պատուոյ եւ Պատասխանատուութեան ամբիոն, բարձրաձայն ասում եմ.
Շնորհակալութի՛ւն Ուրուկուայ, Ֆրանսա, Ռուսաստան: Շնորհակալութի՛ւն Իտալիա, Պելճիքա, Հոլանտա, Զուիցերիա, Շուէտ: Շնորհակալութի՛ւն Գերմանիա, Լեհաստան, Լաթվիա, Յունաստան, Սլովաքիա, Կիպրոս: Շնորհակալութի՛ւն Լիբանան, Արժանթին, Վենեզուելա, Չիլի, Գանատա, Վատիկան:
Շնորհակալութիւն Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու եւ դատապարտելու համար՝ անկախ այդ ճանաչման ձեւաչափից եւ օգտագործուած ձեւակերպումներից:
Շնորհակալութիւն ԱՄՆի, Եւրոպական Միութեան, շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միաւորներին կամ կազմակերպութիւններին, որոնք վստահօրէն ի լուր աշխարհի իրերն իրենց անունով են կոչում: Դա իսկապէս խիստ կարեւոր է, քանզի ժխտումը ցեղասպանութեան յանցագործութեան փուլերից մէկն է:
Արդէն շուրջ մէկ դար ոչ միայն աշխարհասփիւռ հայութիւնը, այլեւ ողջ առաջադէմ միջազգային հանրութիւնը սպասում են, որ Թուրքիան ի վերջոյ քաջութիւն կը գտնի առերեսուելու սեփական պատմութեանը եւ ճանաչելու Հայոց Ցեղասպանութիւնը՝ դրանով իսկ ազատելով յետագայ սերունդներին անցեալի ծանր բեռից: Աւաղ, փոխարէնը հնչեցւում են երկիմաստ, սքօղուած ուղերձներ, որոնցում զոհին հաւասարեցնում են դահճին, խեղաթիւրում անցեալի իրադարձութիւնները:
Հայաստանը երբեւէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման համար: Յայտնի է, որ պաշտօնական Երեւանի նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը հասաւ մինչեւ Ցիւրիխեան արձանագրութիւնների ստորագրում: Այդ արձանագրութիւններն արդէն տարիներ շարունակ դարակներում են՝ սպասելով Թուրքիայի խորհրդարանի վաւերացմանը: Պաշտօնական Անկարան բացայայտ հռչակում է, որ կը վաւերացնի այդ արձանագրութիւնները միայն, եթէ Լեռնային Ղարաբաղը՝ Ազատ Արցախը, հայերը յանձնեն Ատրպէյճանին: Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ յաճախ արձագանգում են շատ պարզ. “գրողի ծոցը վաւերացնէք“: Ժողովրդական լեզուով արտայայտուած այս բառերի մէջ մի ողջ ազգի դարաւոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրայ առուծախ անողներին անառարկելիօրէն բացատրում է՝ Հայրենիքը սուրբ է, եւ ձեր առուծախը հեռու տարէք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտօնական Երեւանը լրջօրէն քննարկում է հայ-թուրքական արձանագրութիւնները խորհրդարանից յետ կանչելու հարցը:
Այսօր էլ բոլորիս աչքի առջեւ են Սուրիայում եւ Իրաքում տեղի ունեցող ցաւալի իրադարձութիւնները, երբ կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնները դառնում են ատելութիւն դաւանող խմբերի թիրախ: Երկու օր առաջ ահաբեկիչների կողմից ականապատուեց եւ պայթեցուեց Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած, Մեծ Եղեռնի բազմաթիւ նահատակների մասունքներն ամփոփող Տէր Զօրի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Նման բարբարոսութիւնը պարզապէս յանցաւոր անաստուածութիւն է, որը որեւէ հաւատքի հետ կապ ունենալ չի կարող: Սուրիայում եւ Իրաքի հիւսիսում ստեղծուած աղէտալի իրավիճակն ահագնանում է օր-օրի, եւ այսօր արդէն ուղղակի վտանգի տակ են հարիւր հազարուոր խաղաղ մարդիկ, այդ թւում նաեւ Հալէպի տասնեակ հազարաւոր հայերը: Սա հէնց այն վտանգաւոր իրավիճակներից է, որը պէտք է դիտարկուի մարդկութեան դէմ ուղղուած ոճրագործութիւնները կանխարգելելու մեր համատեղ յանձնառութիւնների շրջանակում: Հայաստանը բարձրաձայնել է Սուրիոյ հայ բնակչութեան եւ Իրաքի հիւսիս-արեւմուտքում բնակուող եզիտի բնակչութեան պաշտպանութիւնն ապահովելու անհրաժեշտութիւնը, եւ քաջալերուած ենք տեսնելու միջազգային համայնքի միասնական դիրքորոշումն այս հարցում:
Համաշխարհային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանութիւնը մեր կազմակերպութեան ստեղծման եւ գոյութեան իմաստն է: Վերջին տարիներին Հայաստանը հետեւողականօրէն ամրապնդել է իր խաղաղապահ կարողութիւնները՝ նախապատրաստելով մեր երկրի առաւել ընդգրկուն ներգրաւումը միջազգային խաղաղութեան եւ կայունութեան ապահովմանը: Շատ մօտ ապագայում հայ խաղաղապահները կը տեղակայուեն Լիբանանի հարաւում՝ Մ.Ա.Կ.ի հովանու ներքոյ իրականացուող ԵՈՒՆԻՖԻԼ առաքելութեան շրջանակներում: Դա հնարաւոր դարձաւ մեր իտալացի գործընկերների հետ սերտ համագործակցութեան շնորհիւ: Վստահ եմ, որ հայ զինծառայողները արժանապատուօրէն եւ բարձր արհեստավարժութեամբ կ՛իրականացնեն իրենց առաքելութիւնն՝ օգտագործելով նաեւ արդէն մէկ տասնամեակի ընթացքում Քոսովոյում, Իրաքում, Աֆղանիստանում ձեռք բերուած հարուստ փորձը:
Յարգելի՛ գործընկերներ,
Արդէն 20 տարուց աւելի է, որ ղարաբաղեան հակամարտութեան արդար եւ խաղաղ կարգաւորման ուղղութեամբ միջազգային հանրութեան ջանքերը վիժեցւում են մեր հարեւանի ապակառուցողական եւ առաւելապաշտական կեցուածքի պատճառով: Ատրպէյճանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ յայտարարութիւններին ու տարաբնոյթ սպառնալիքներին միջազգային պատշաճ գնահատականի բացակայութիւնը յանգեցրել է այսօրուայ ամենաթողութեանը. Ատրպէյճանի նախագահը ողջ հայ ժողովրդին որակում է որպէս “թիւ մէկ թշնամի“, իսկ այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում համարւում է յանցագործութիւն, Ատրպէյճանում դիտարկւում է որպէս հերոսութիւն:
Չնայած այն հանգամանքին, որ իւրաքանչիւր հակամարտութիւն առանձնայատուկ է՝ միջազգային յարաբերութիւններում հետեւողականօրէն առաջ են մղւում մարդու հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները, այդ թւում՝ ժողովուրդների ազատ կամարտայայտութիւնն ու ինքնորոշումը: Օրեր առաջ Սկովտիայում տեղի ունեցած հանրաքուէն կրկին ապացուցեց, որ հէնց հանրաքուէի հիմնարկումն է ներկայում հետեւողականօրէն դառնում էթնիկ խնդիրների խաղաղ կարգաւորման կարեւորագոյն իրաւական գործիքներից մէկը: Եւ պատահական չէ, որ ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգաւորման յենասիւնը եւս հանրաքուէի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրաւունքն է:
Խօսելով Արցախի հիմնախնդրի կարգաւորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ Մ.Ա.Կ.-ի Ազգային Խորհուրդի կողմից պատերազմի տարիներին ընդունած 4 բանաձեւերին, որոնք պարբերաբար շահարկւում են Ադրբեջանի իշխանութիւնների կողմից՝ որպէս իրենց ապակառուցողական քաղաքականութեան հիմնաւորում:
Խօսքն այն բոլոր չորս բանաձեւերի մասին է, որտեղ որպէս առաջնային եւ անվերապահ պահանջ նշւում էր ռազմական եւ թշնամական գործողութիւնների դադարեցումը, ինչը չիրականացուեց Ատրպէյճանի կողմից: Հէնց Ատրպէյճանի կողմից սոյն բանաձեւերի հիմնարար պահանջները չկատարելու հետեւանքով էր, որ անհնարին դարձաւ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձեւերում կոչ էր արւում դադարեցնել խաղաղ բնակչութեան ռմբակոծութիւններն ու օդային հարուածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրաւունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ատրպէյճանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչութեանը՝ տարբերութիւն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջեւ՝ կոպտօրէն խախտելով միջազգային հումանիտար իրաւունքի բոլոր իրաւական եւ բարոյական բնագաւառները:
Եւ այսօր Ատրպէյճանն առանց ամաչելու յղում է կատարում այդ բանաձեւերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրուած մեկնաբանում դրանք՝ որպէս խնդրի կարգաւորման նախապայման: Մ.Ա.Կ.-ի ԱԽ բանաձեւերի համարժէք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրուած պահանջների աստիճանակարգի ճիշդ ընկալման:
Բանաձեւերում ամրագրուած պահանջներից են նաեւ՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցութեան ուղիների եւ էներգետիկ կապերի վերականգնումը (853 բանաձեւ), հաղորդակցութեան ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (874 բանաձեւ): Գաղտնիք չէ, որ հակամարտութեան հէնց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ կիրառում են շրջափակում: Ադրբեջանի նախագահն իր ելոյթներում նոյնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրութեանը խոստանալով, որ այդ ուղղութիւնը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնը:
Անվտանգութեան խորհրդի նշուած բանաձեւերում կոչ է արւում Ադրբեջանի իշխանութիւններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ատրպէյճանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում Արցախի հետ, որն, ի դէպ, 1994թ. հրադադարի եւ մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրաւահաւասար կողմ է, այլեւ թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդէպ, որին իբր թէ ցանկանում է տեսնել իր պետութեան կազմում:
Ոչ մի բանաձեւում Հայաստանը չի նշուել որպէս հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղուած կոչերում միայն խօսւում էր “շարունակել ազդեցութիւն գործադրել“ ԼՂ հայութեան վրայ (853, 884) հակամարտութիւնը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժէք իրականացրել է, եւ նաեւ դրա շնորհիւ 1994թ. կնքուել է զինադադար: Բոլոր բանաձեւերում Արցախն յստակօրէն ճանաչուել է հակամարտող կողմ:
Վերոնշեալից ակնյայտ է, որ հէնց Ատրպէյճանի իշխանութիւններն են, որ չեն իրականացրել Մ.Ա.Կ.-ի ԱԽ հիմնարար պահանջները՝ այդ թւում նաեւ մարդասիրական բնագաըառների իրագործումն ու պահպանումը: Ի դէպ՝ այս պահանջը եւս պարբերաբար եւ կոպտօրէն խախտւում է Ատրպէյճանի կողմից, երբ գերեւարուած հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերւում, որը շատ յաճախ նրանց մահուան պատճառ է հանդիսանում: Թէեւ, կարծում եմ, զարմանալն աւելորդ է. չէ՞ որ խօսքը մի պետութեան մասին է, որտեղ սեփական ժողովուրդն ինքն է ենթարկւում ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի: Դրա վառ վկայութիւնն էր օրեր առաջ Մ.Ա.Կ.ի Կտտանքների դէմ ենթակոմիտէի առաքելութեան աշխատանքի ընդհատումը՝ պաշտօնական Պաքուի կողմից դրսեւորուած վարքագծի հետեւանքով:
ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութիւնը միակ մասնագիտացուած կառոյցն է, որ երկու տասնամեակ է, ինչ զբաղւում է ղարաբաղեան հիմնախնդրով՝ միջազգային հանրութեան կողմից ստացուած մանդատով: Ատրպէյճանը, քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թիւր տեղեկատուութիւն հրամցնել խնդրի էութեան մէջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգաւորումը տեղափոխել այլ հարթակներ՝ փորձելով խնդրին հաղորդել տարածքային վէճի բնոյթ կամ շահարկելով կրօնական համերաշխութեան գործօնը: Դրանք կատարեալ անհեթեթութիւններ են: Իսկ Հայաստանն աւանդաբար ջերմ յարաբերութիւններ է ունեցել իսլամ դաւանող ժողովուրդների հետ՝ ի դէմս արաբական աշխարհի կամ օրինակ՝ մեր անմիջական հարեւան Իրանի:
Բարձր գնահատելով Մ.Ա.Կ.ի անփոխարինելի դերը կայուն զարգացման նպատակների մշակման եւ իրականացման գործում՝ վստահ եմ՝ “2015թ. յետոյ“ զարգացման նոր օրակարգի միջոցով կը շարունակենք հազարամեակի զարգացման նպատակներից բխող ընդհանուր խնդիրներին լուծումներ գտնելու ու մարտահրաւէրներին դիմակայելու մեր ջանքերը՝ սահուն անցում կատարելով դէպի կայուն զարգացման նպատակներ:
Եզրափակելով ընդգծեմ, որ Մ.Ա.Կ.ի շրջանակներում մենք միասին զգալի ճանապարհ ենք անցել “Յետ-2015 թուականը զարգացման օրակարգի“ ձեւաւորման ուղղութեամբ եւ շարունակելու ենք ջանքեր գործադրել՝ ճկունութիւն ցուցաբերելով այդ գործընթացն իր տրամաբանական աւարտին հասցնելու համար:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles