
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ “ԴՐՕՇԱԿ“Ի
Վերջին շրջանում, տարբեր նախարարներ, ու այլ պաշտօնեաներ ներկայացնում են տպաւորիչ ցուցանիշներ Հայաստանի տնտեսութեան տարբեր ոլորտներում արձանագրուող աճի վերաբերեալ: Հաւատանք ներկայացուող տոկոսային թռիչքին, մանաւանդ որ մեր թոյլ տնտեսութեան դէպքում այս ցուցանիշը պէտք է գնահատել համեմատութեան մէջ:
Արձանագրենք, որ թուային տեսքով ձեռք բերուած արդիւնքը 501 միլիար դրամ է, որը արտարժութային յարաբերակցութեամբ կազմում է մօտ 125 միլիոն տոլար:
Միաժամանակ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, ընթացիկ տարուայ Յունուար–Յուլիս ամիսներին, անցած տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ, գնաճը նոյնպէս երկնիշ թիւերով է արտայայտուել, տարբեր մթերքների գծով զգալիօրէն գերազանցելով տնտեսական աճի ցուցանիշները:
Ուրախութեամբ կարելի էր կիսել կառավարութեան ներկայացուցիչների ոգեւորութիւնը, եթէ զգալի լիներ այդ տնտեսական աճի դրական ազդեցութիւնը` պարզ քաղաքացու կենսամակարդակի վրայ: Ցաւով նշենք, որ առաջին դէպքը չէ, երբ այս երկուսը չեն աղերսւում իրար: Աւելին: Դարձեալ վկայաբերելով պաշտօնական վիճակագրութիւնը արձանագրենք, նաեւ այն փաստը, որ նոյն ժամանակահատուածում Հայաստանում աշխատավարձերը բարձրացել են ընդամէնը 6%-ով: Կրկին համեմատութեանը դիմելով տեսնում ենք, որ սա ամենացած ցուցանիշն է Ա.Պ.Հ. երկրների շարքում:
Այստեղ ընդհատենք տնտեսական պատկերին անդրադարձը, քանի որ մեր նպատակը այդ չէ, այլ` դրա կոնկրէտ հետեւանքները: Այս դէպքում ցանկանում ենք անդրադառնալ տուեալ շղթայի օղակներից մէկին, որ կոչւում է ժողովրդագրութիւն: Եթէ խիստ վատատես չենք պէտք է հաւատանք, որ ի վերջոյ կը գայ ժամանակը, երբ մեր երկրում էլ կը յաղթահարուի անվերջանալի թուացող աղքատութիւնը: Ի հարկէ հայի համբերութիւնը կարող է ձգուել անսահմանօրէն, իսկ կարո՞ղ է արդեօք անսահմանօրէն սպառուել երկրի մարդկային ներուժը:
Մեղմ կը լինի ասուած, եթէ փաստենք, որ ժողովրդագրական անկումը մեզանում ընդունել է սպառնալի չափեր: Այն այլեւս ազգային անվտանգութեան առաջնահերթ խնդիր է, որի լուծումը յետաձգել չի կարելի: Մէկ անգամ եւս դիմենք թուերի օգնութեանը , որպէսզի վերը ներկայացուած գնահատականը չափազանցուած չթուայ: Հարկադրուած ենք արձանագրել, որ երկրից արտագաղթը նոյնպէս անընդհատ է ու թռիչքաձեւ աճի սկզբունքով: Եթէ օրինակ 2008 թուականին այն կազմել է մօտ 21 հազար մարդ, ապա 2009-ին դարձել է մօտ 25.000, 2010ին մօտեցել է 30.000-ին, իսկ 2011-ին միանգամից հասել է գրեթէ 50.000-ի: 2012 թուականի առաջին կիսամեակի տուեալները ահազանգում են, որ տարուայ վերջում կունենանք հեռացողների զգալի աճ` արդէն 11 թուականի համեմատութեամբ: Նկատենք, որ զուգահեռաբար անկում է ապրում ծնելիութիւնը, աւելանում է մահացութիւնը, պակասում են ամուսնութիւնները եւ այլն:
Բնականաբար մարդկային ներուժի անկումը երկրի կենսագործունէութեան վրայ թողնում է շօշափելի ազդեցութիւն: Դատարկւում են սահմանամերձ ու լեռնային գիւղերը, պակասում է աշխատող, բարիք ստեղծող ձեռքը: Քատրերի նոսրացում, որակեալ մասնագէտների տեֆիցիտ եւ մրցունակութեան անկում է ձեւաւորւում կրթութեան ու գիտութեան, մշակոյթի ու արհեստների, սպորտի ու առողջապահութեան եւ միւս` գրեթէ բոլոր ոլորտներում: Որպէս հաւելում, սրան էլ գումարենք այն, որ նոյն վիճակագրութեան համաձայն ժողովրդի մի զգալի հատուած իր ապագան չի տեսնում Հայաստանում: Այսքանից յետոյ արդեօ՞ք արտագաղթի երեւոյթը չպէտք է դիտարկել որպէս հարցերի հարցը եւ համարել անյետաձգելի լուծումներ պահանջող գերակայ խնդիր:
Մանաւանդ որ այս իրավիճակում տնտեսական աճի ցուցանիշները չեն կարող ներկայացուել, որպէս մտահոգութիւններ փարատող հակափաստարկ: Փաստն այն է, որ որեւէ կերպ չի մեղմւում երկրի ապագան մթագնող սպառնալիքը: Առանցքային այս հարցի մեխն էլ երիտասարդութեան հեռանկարի խնդիրն է: Ակտիւ կեանք մուտք գործելու տարիքում այս սերունդը փնտրում է դրսեւորման հնարաւորութիւններ եւ շատերն այդ հեռանկարը չեն տեսնում հայրենիքում: Վերջին տարիներին Հայաստանի կառավարութիւնը հանդէս եկաւ մի շատ կարեւոր նախաձեռնութեամբ` արտասահմանեան մօտ երկու տասնեակ առաջատար բուհերում հայ երիտասարդների ընդունուելու դէպքում կառավարութիւնը, (“Լոյս“ հիմնադրամի օժանդակութեամբ) ստանձնեց ուսման վարձերի վճարումը: Զարմանք եւ դառնութիւն է հարուցում, սակայն այն հանգամանքը, որ երկրի ապագայ մտաւոր ներուժը կազմող այս հատուածի առջեւ չի դրւում աըարտելուց յետոյ վերադառնալու եւ առնուազն որոշակի ժամանակահատուած ձեռք բերած գիտելիքները հայրենիքին ծառայեցնելու պայմանը: Աւելին, այնպիսի տպաւորութիւն է կարծես խրախուսւում է արտասահմանում յաջող գործ գտնելու եւ արտերկրի հետ ապագան կապելու հեռանկարը: Եւ սա բացատրւում է նրանով, որ պետութիւնը միեւնոյն է չի կարող աշխատատեղեր երաշխաւորել նրանց համար: Նման երաշխիքներ չկան նաեւ բարձրագոյն կրթութիւն ստացած կամ չստացած երիտասարդութեան բոլոր միւս հատուածների համար: Վերն ակնարկուած պատճառներով մեզանում ամուսնութեան տարիքը աճել է մինչեւ երեսունին մօտ, մեծացել է չամուսնացող տղաների ու աղջիկների թիւը, իսկ ծնուող երեխաների թուաքանակը մօտ է երբեմն եղած քանակի կէսին:
Աշխատանքով ապահովումը, հիմնական հանգամանք է, որ կարող է լուծել երիտասարդութեան եւ մեր երկրի ապագայի հարցը: Ուրեմն եւ Հայաստանը այլ ելք չունի քան երիտասարդութեան հիմնահարցը գերխնդիր հռչակելը եւ համապատասխան ռազմավարական ծրագրերի մշակումը: Եկէք յիշենք, որ երկրի համար շատ աւելի վատ իրավիճակներում գերխնդիր են հռչակուել աղէտի գօտու վերականգնման, Հայաստանի ու Արցախի ենթակառուցուածքների զարգացման եւ մի քանի այլ հիմնահարցեր: Այդ նպատակների կենսագործման համար կազմուեցին ծրագրեր, ստեղծուեցին զանազան հիմնադրամներ, որոնց մէջ իր գործունէութեամբ առանձնանում է ի հարկէ “Հայաստան“ համահայկական հիմնադրամը: Վերջինիս միջոցների գոյացման համար Հայաստանում եւ սփիւռքում ամէն տարի անց են կացւում հեռուստամարաթոններ: Եւ այսօր կարող ենք արձանագրել, որ ինչ–ինչ թերութիւններով հանդերձ առաջադրուած խնդիրները հիմնականում յաջողուել է լուծել: Նկատի ունենալով հարցի առանձնայատկութիւնն ու անյետաձգելիութիւնը ինչո՞ւ չպէտք է նման վերաբերմունքի արժանանայ երիտասարդութեան հիմնահարցը, կամ եթէ աւելի ստոյգ ձեւակերպենք երիտասարդութեանը աշխատանքով ապահովելու նպատակը:
Ի հարկէ միամիտ կը լինի ենթադրել թէ խնդիրն ունի հեշտ լուծում եւ չհասկանալ, որ այն համալիր լուծումներ պահանջող հիմնահարց է: Այն պէտք է ներառի օրենսդրականից մինչեւ, գիտութեան եւ արտադրութեան ոլորտներում նորանոր անելիքների նախաձեռնումը, եւ սրան գումարած բարոյա–հոգեբանական համապատասխան մթնոլորտի ձեւաւորումը: Խնդիրը պահանջում է թիրախային լուծումներ, նկատի առնելով օրինակ երիտասարդութեան ամրապնդումը լեռնային ու սահմանային բնակավայրերում, անհրաժեշտ մասնագէտների ուղղորդումը հեռաւոր բնակավայրեր, մեր իրականութեան մէջ պահանջարկ վայելող անհրաժեշտ արհեստների գծով միջին մասնագիտական կրթութեան կազմակերպումը, ինչպէս եւ համալսարանական կրթութիւն ստացողների համար, նիւթական առումով, գրաւիչ հնարաւորութիւնների ապահովումը: Սա իրաւամբ պէտք է դառնայ համահայկական գործ, որին մասնակցելով, աշխարհի որեւէ անկիւնում ապրող հայը, յստակօրէն կը տեսնի թէ իր ներդրած լուման կոնկրէտ ինչ գործի է ծառայելու եւ մեծ հաշուով դրանից ազգային ինչ շահ է ստացուելու տեսանելի ապագայում:
Նման նախաձեռնումների պարագայում համերաշխօրէն կարող են իշխանութեան հետ գործակցել եւ կուսակցութիւնները եւ հոգեւոր ու այլ հաստատութիւնները եւ այլազան միութիւնները: Սա նեղ շահերից, առաւել եւս քաղաքական մրցակցութիւնից վեր նպատակ է, որը կարող է դառնալ իրական միասնութեան առիթ: Ի հարկէ այս գաղափարը երազանք կը մնայ, եթէ բեռան տակ չմտնի Հայաստանի կառավարութիւնը: Ասուած է, որ ի սկզբանէ բանն էր: Ուրեմն պէտք է սկսել քննարկումներից, իսկ յետոյ խօսքը վերածել գործի:
Սեպտեմբեր 4, 2012