
Արդէն աւանդոյթ է դարձել ամէն տարի Նիւ Եորքում կազմակերպել համերգ-մրցոյթ` հայ տաղանդաւոր երխաների ուժերով: Աւանդական երրորդ համերգը կայացաւ Մայիս 29-ին Նիւ Եորքի հանրաճանաչ “Մերկին“ համերգասրահում, որ նուիրուած էր Հ.Հ. Անկախութեան 20-րդ տարեդարձին:
Միջոցառման հեղինակ, դոկտոր` Սվետլանա Ամիրխանեանին եւ համերգի մասնակիցները շնորհաւորական ուղերձներ էին յղել` Ամերիկայի Արեւելեան թեմի Առաջնորդ` Խաժակ Արք. Պարսամեանը, Հիւսիսային Ամերիկայի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանը, Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան` Նիւ Ճըրզիի վարչութիւնը, “Թէքէեան“ Մշակութային Միութեան մեծագոյն Նիւ Եորքի մասնաճիւղի ատենապետ` Յակոբ Վարդիվառեանը, ռուս- ամերիկեան կազմակերպութեան նախագահ` Մարինա Քովալիովան, հայ-ամերիկեան մշակութային կապերի հիմնարկի նախագահ` Ռիթա Պալեանը , “Մեթրոփոլիթըն“ օփերայի նախկին մենակատար` Լուսին Ամարան, ամերիկահայ անուանի դաշնակահար` Շահան Արծրունին եւ այլ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:
Համերգային ծրագրում հնչեցին հայ ճանանչուած յօրինողների ստեղծագործութիւնները: Ուշագրաւ էր նաեւ համերգին, որպէս հիւր մասնակցում էր չին պատանի երաժիշտ` Ռայըն Չանը, որ մեծ վարպետութեամբ կատարեց Ա. Խաչատուրեանի “Թոքաթա“ն: Ներկաները ջերմութեամբ ընդունեցին Համազգային “Արեգակ“ մանկական երգչախումբի ելոյթը, մենակատարներ` Նայիրի Գաբրիէլեանի եւ Էլեն Օհանեանի, ղեկավար` Վաղարշակ Օհանեանի եւ երաժիշտներ` Սարին Նայիրի Պալեանի (սրինգ), Լիլիթ Վահրատեանի (ջութակ), Լուսինէ Մուսայէլեանի (թաւջութակ), Դանիէլ Մանուչարեանի, Դաւիթ Անթապեանի, Վաչէ եւ Վահէ Գաֆաֆեանների (դաշնամուր), Անի Մանուէլեանի, Շուշանիկ Թենքուրեանի (ձայնային) եւ շատ ուրիշների ելոյթները: Համերգի վերջում, պատանի երաժիշտներին Հ.Հ. Անկախութեան տօնի առթիւ շնորհաւորեց եւ գովասանք յանձնեց դոկտ. Սվետլանա Ամիրխանեանը:
Համերգին ներկայ էին` Մ.Ա.Կ.- ում Հ.Հ. Ներկայացուցիչ` դեսպան Կարէն Նազարեանը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Ա.Մ.Ն. Արեւելեան թեմի առաջնորդ` Օշական Արք. Չօլոյեանը, որոնք բարձր գնահատեցին երեխաների կատարողական արուեստը:
Հայ տաղանդաւոր երխաների Նիւ Եորքեան եզրափակիչ համերգը, որն անցաւ մեծ յաջողութեամբ` հանդիսականի կողմից ընդունուեց ջերմութեամբ:
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ