ՀԱՅՐԵՆԻՔ ԿԱՄ ՄԱՀ

0 0
Read Time:4 Minute, 55 Second

ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Հայոց մեծագոյն Ցեղասպանութիւնը բառերի վերածելու համար սահմռկել է անգամ Յ. Օշականի նման բառեր արարող հսկան` շեշտելով, որ «Բառերը պէտք է հաւասար ըլլան կատարուածի տարողութեանը: Իսկ կատարուած Ցեղասպանութիւնը սովորական բառերու նշանակութենէ դուրս երեւոյթ է»:

Մեր երկրում տիրող վերջին 8 ամիսների ցեղասպանութիւնը` հայրենի իշխանութեան ձեռքով կատարուած, անշուշտ առանց համեմատելու մեր դէմ կատարուած առաջին անպարագրելի ցեղասպանութեան հետ, մեզնից շատերին այսօր կանգնեցրել են նոյն սահմռկեցուցիչ դժուարութեան առջեւ:

Մեր օգտագործած բառերից ոչ մէկը այլեւս համարժէք չէ այն իրավիճակի նկարագրութեանը, որը տիրում է մեր երկրում այս պահին:

Մենք օգտագործեցինք մեր բառարաններում տեղ գտած մեր անհամաձայնութեան, մեր բողոքի, մեր արդար ընդվզումի ողջ բառապաշարը, մեր տարածքների յանձնման ստորագոյն եղելութեան, մեր ազգի դիմագիծն ու էութիւնը օրէօր էլ աւելի խեղաթիւրող, դեռ շարունակուող ցեղասպանութեան, մեր հետագայ ոչնչացման ծրագիրը իրականացնող տիրող իշխանութեան հանդէպ:

Մենք մեր անկարողութեան պոռթկումը, ցասման ահռելիութիւնը, մեր ատելութիւնն ու հոգեկան, մտային ծանրագոյն ապրումները փորձեցինք ամենազուսպ բառերից մինչեւ ամենաանզուսպ, ամենահասարակով ճչալ, արտայայտել, սակայն չկարողացանք ո՛չ երկիրը, ո՛չ էլ մեզ փրկել:

Իր ազգին թշնամի ներկայ իշխանութիւնը յաղթականօրէն դեռ տիրում է երկրում, դեռ շարունակում է թշնամու հետ իր գործարքը ի վնաս մեր երկրի, դեռ ատելութիւն ու թոյն տարածելով, պատժամիջոցների դիմելով, բռնութեան ջղագար ճիչերի, փողոցային ամենավերջին հայհոյանքների ու խելակորոյս աղաղակների սարսափ տարածելով, փորձում է կրկին իշխանութեան մնալ:

Յատկապէս այսօր, երբ թուրքը իր էժանագին յաղթանակն է տօնում մեր երկրի վեհագոյն տարածքում` Շուշիում, երբ ոչ միայն դարերով, այլ ընդամէնը 30 տարի առաջ, ընդդէմ այդ նոյն թշնամու դէմ է պայքարել մեր ժողովուրդը եւ փառաւոր յաղթանակով ազատագրել այդ նոյն տարածքը, որը մի պատահական ստահակի ձեռքով նուիրաբերուեց թշնամուն, հիմա մեր ժողովրդի մի զգալի զանգուած ուզում է իր ժողովրդին ոչնչացրած թշնամուն գրկաբաց ընդունել, յանուն այդ նոյն ստահակ իշխանաւորի երկարակեցութեան:

Իսկապէս հայոց բառարաններում տեղ գտած համեմատականներն ու ածականներն անզօր են այդ զանգուածին եւ կատարուած երեւոյթը, մտածելակերպը բնութագրելու:

Գուցէ պէտք է իրապէս լուռ ողբալ մեր ազգի այսչափ այլասերման, ազգասպաննման համար, որովհետեւ սա նոյնքան որեւէ արդարացման չենթարկուող, մարդկային մտքի ու զգայարանների մէջ չտեղաւորուող իրավիճակ է, որքան ներկայ իշխանութեան գործած ծրագրուած դաւաճանութիւնը:

Չէ՞ որ այն ինչ կատարուեց ու դեռ շարունակում է կատարուել մեր երկրում, մարդկային երեւակայութիւնից, պետութիւնների պատմութիւնից դուրս եղելութիւն է:

Բարեբախտաբար մեր անզօրութեանը կեանքի անբացատրելի շրջադարձն է օգնութեան հասնում:

Բոլորս ականատես ենք այն երեւոյթին, որ երկուս ու կէս տարի առաջ «հպարտ յեղափոխականը», իր յաղթանակի ճառում, իր համախոհների երջանիկ ծափերի տարափի տակ, աղբաման էր նետում մեր առաջին Հանրապետութիւնը ստեղծած ու մեզ յանձնած 131-ամեայ կուսակցութեանը` ՀՅԴ-ին:

Այսօր այդ նոյն ՀՅԴ-ի անխոնջ, ազգանուէր հետեւորդները, կրկին արթնացած, տէր են կանգնում իրենց երկրին ու ժողովրդին, ահ ու սարսափի մատնելով իրենց աղբաման նետողների անկարող խմբակին, ինչպէս ժամանակին ահ ու սարսափի էին մատնել նոյն ջանասիրութեամբ իրենց ոչնչացնել ցանկացող թալէաթներին ու թուրք պարագլուխներին:

Կեանքի շրջադարձի մէկ այլ փայլուն ապացոյց է նաեւ այն, որ նոյն ինքնակոչ «յեղափոխական»-ը, այսօր` ազգային յանցագործ դարձած, ամենաստորագոյն միջոցներով փորձում է իշխանութեան մնալ, մինչդեռ նոյն «յեղափոխականի» դաւադիր ծրագրով մեղադրուած, երկու տարուց աւել մեծ արժանապատուութեամբ իր անօրէն կալանաւորում-բանտարկութիւնը կրած ու իր անմեղութիւնը նոյնքան արժանապատուօրէն հաստատած Ռոպերթ Քոչարեանը, այսօր` կրկին իր մարդկային բարձրութեան վրայ մնալով, վաստակած քաղաքական փորձառութեամբ, հաստատած երկաթէ կամքով, երկիրը փրկելու ձեռք է մեկնում:

Եւ աւելի հետաքրքիրն այն է, որ այդ «յեղափոխականների» երկու մղձաւանջային ատելի թշնամիները` Ռոպերթ Քոչարեանն ու ՀՅԴ-ն, միասնաբար դաշինք կազմած, խորտակելու են իրենց այն դաւաճան ինքնիշխանութիւնը, որն ամէն կերպ դեռ փորձում են պարտադրել ժողովրդին:

Բոլորովին պատահական չէ նաեւ Քոչարեան եւ ՀՅԴ դաշինքը: Շատերն են յիշում, երբ ներկայ դաւաճան իշխանութեան հոգեւոր հայրը` ԼՏՊ-ն հայրենիքից արտաքսեց հայրենիք կերտած կուսակցութեանը, 1994-ին, յատուկ հրամանագրով կասեցրեց ՀՅԴ գործունէութիւնը:

1998-ին Ռ. Քոչարեանը իշխանութեան գալով պատուով ետ ընդունեց ու վերականգնեց կուսակցութեան գործունէութիւնը:

ԵՍ ՄԻՇՏ ՇԵՇՏԵԼ ԵՄ ԵՒ ԿՐԿԻՆ ԵՄ ՇԵՇՏԵԼՈՒ, ՈՐ ՄԻԱՅՆ ՀՅԴ-Ն ԿԱՐՈՂ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՓՐԿԵԼ ԵՐԿԻՐԸ, ԱՅԼ ՆԱԵՒ ՍՏԵՂԾԵԼ ԱՄՈՒՐ, ԱԶԳԱՆՈՒԷՐ ԵՐԿԻՐ, ՈՐ ՄԻԱՅՆ ԱՅՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՄԷՋ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՍԵՐՄԱՆԵԼ:

Դա կրկին հաստատուեց, երբ նոյեմբեր 9-ի դաւաճանութեան պարտուողական համաձայնագիրի յայտնաբերուելուց յետոյ ՀՅԴ-ն առաջինը արձագանգեց դաւաճանի հրաժարականը պահանջող իր ցոյցերով: Սակայն աւաղ, այն ջլատուեց, յաղթեց մեր ժողովրդի պառակտող յատկութիւնը:

Անցած 8 ամիսների ընթացքում մենք շատ ցաւալի բացայայտումների ականատես եղանք` հասարակ ժողովրդի իրար դէմ թշնամութիւնից սկսած, ոստիկանութեան ծառայողների գազանութիւնից, զինուորական բարձրաստիճան անձանց անողնաշարութիւնից, մինչեւ անգամ հայրենիքի համար իրենց կեանքերը զոհաբերածների մարմինների հանդէպ արհամարհանք տեսանք եւ յուսալքուած երբեմն ճչացինք, երբեմն երկար լռեցինք:

Մի քանի օր առաջ ես լսում էի իսրայէլցի Աւներ Գվարեահու անունով մի երիտասարդի, պաղեստինցիներին ահաբեկելու համար ծառայած յատուկ գնդում, որը որոշել էր միջազգային հանրութեան եւ համապատասխան օրէնսդիր մարմիններին ներկայացնել այն գազանութիւնները, որոնք օգտագործում են պաղեստինցի հասարակ ժողովրդին ահաբեկելու, նրանց նուաստացնելու, նրանց ամէնօրեայ վախի մէջ պահելու համար: Որ նրանք երբեք ապահով չզգան իրենց, մոռանան, որ իրենք են այդ հողի տէրը:

Նա խոստովանում էր, որ մարդկայնօրէն այլեւս անկարող է շարունակել կատարել իրենց հրամայուող ոճիրները:

Ես լսում էի ու մտածում մեր մասին, որ շուտով մեր երկրում է նոյն վիճակը տիրելու, եթէ մենք շարունակենք հետեւել այս այլանդակ իշխանութեանը:

Եւ միաժամանակ մտածում էի, մեր այն այսպէս կոչուած զօրավարների եւ բարձրաստիճան զինուորականների մասին, որոնք մասնակից են եղել մեր երկրի վաճառքին եւ մինչեւ օրս, մինչեւ այս յոյժ ճակատագրական պահին անգամ դեռ լուռ են:

Մտածում էի, հպատակի հնազանդութեամբ դաւաճան ստահակին հսկող ու փայփայող ոստիկանների, կարմիր բերետաւորների մասին ու մտածում` կը գա՞յ այն օրը, երբ նրանք ուշքի գան, սթափուեն, որ իրենց անմարդկային բռնութիւններով խորտակում են նաեւ իրենք իրենց կեանքը:

Ես չեմ հաւատում նրանց ոչ մէկի զարթօնքին, քանզի եթէ նրանք այդ յատկութիւնը ունենային, ապա 8 ամիս առաջ այդ քայլին կը դիմէին:

Ես միայն հաւատում եմ ՀՅԴ կազմած «Հայաստան» դաշինքին եւ յուսամ, մեր ժողովրդի գոնէ գիտակից հատուածը լրջօրէն կը մօտենայ իր ապագային, որ այս Դաշինքում կը տեսնի այն ուժը, որը կարող է երկիրը ետ ոտքի կանգնեցնել, փրկել նոյնիսկ Արցախը, ինչպէս դա արուեց Քոչարեանի օրօք, իր գլխաւորութեամբ:

Գիտեմ նաեւ, որ ներկայ դաւաճանապետը եւ իրեն գործուղողները դիմելու են ամէն միջոցի, մինչեւ իսկ բախումների ու ահաբեկումի, որ շարունակեն մնալ իշխանութեան եւ աւարտին հասցնեն իրենց կէս թողած պատուէրը:

Այս բոլորը իմանալով, մեր ժողովուրդը այս վերջին շաբաթում պիտի մեծ լրջութեամբ ու խոհեմութեամբ, միասնաբար գործի, թիկունք կանգնի, վստահի, հաւատայ, առանց տատանուելու եւ մտածուած ու արդարացի իր ձայնը տայ «Հայաստան» դաշինքին:

Վստահի Հ.Յ.Դ.-ի զինանշանին, որը երբեք չի խաբել, ոտնատակ չի տուել իր ժողովրդին ու նրա ստեղծած արժէքները, երբեք չի դաւաճանել իր սկզբունքներին, որն է`

ՀԱՅՐԵՆԻՔ ԿԱՄ ՄԱՀ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles