
Մենք` հայերս, յաճախ ենք մեզ հարցնում, թէ ինչպէ՞ս եղաւ, որ հազարամեակների մէջ չոչնչացանք մեր երկրի վրայ արշաւող թշնամիների անհաշիւ զարկերից: Ո՞րն է մեր յարատեւութեան գաղտնիքը, ինչպէ՞ս ապրեց մի ժողովուրդ, ով ինչքան սնուցեց աշխարհին, այնքան շահեց նրա նախանձն ու չկամութիւնը: Ժողովուրդ, ով ի հեճուկս ճակատագրի դառը հարուածների` արարչական կամքով իր յաւերժական գոյութիւնն է տանում գալիք` հայեացքը յառած իր նպատակի լերան ալեհեր գագաթին: Իւրաքանչիւր հայ իր հոգու խորքում գիտի` ինչու է իր հայրենիքը փռուած այստեղ` Արարատ լերան փէշին, եւ միշտ զգում է անբացատրելի ուժի, վեհութեան ու ոգեղէնութեան զգացումը, որ տալիս է Արարատը հային: Երեւի մեր եւ Արարչի միջեւ անխախտ ուխտի յաւերժական այս վկայի գոյութիւնն է մեզ ստիպել մտածել, որ Արարատեան աշխարհում հայը չապրելու իրաւունք չունի, քանի դեռ վսեմաշուք Արարատը, դարերի խորհուրդն իր մէջ, կանգնած է աշխարհի վրայ` այսքան գոռ ու տիրական: Մարդու անցեալն անօտարելի ժառանգութիւն է, իսկ ազգի անցեալը` հարստութիւն: Անցեալ, որի մէջ կերտուել է ազգի ոգին:
Հայերիս մէջ այսօր դրուած է այն էութիւնը, որ արարուել է մեր ամենահեռաւոր անցեալում, եւ մենք նոյն ժողովուրդն ենք, ինչ մարդկութեան մանկութեան ժամանակ, երբ Հայկ նահապետի շուրջ խմբուած գնում էինք ճակատամարտ տալու ընդդէմ բռնակալութեան: Գնում էինք փոքրաթիւ ուժերով մի մեծ բանակի դէմ: Ուշադրութիւն դարձնենք. դեռ այն ժամանակ` մեր պատմական երթի արշալոյսին, մեր զօրքը եղել է փոքրաթիւ, թշնամունը` մեծաթիւ: Եւ այդպէս եղաւ գրեթէ միշտ, մինչեւ Արցախեան պատերազմի մեծ ու փոքր մարտերը: Սա պատմութեան անէ՞ծք համարենք, թե՞ հակառակը` ապացուցումն է այն բանի, որ զօրութիւնը ոչ թէ զանգուած է քանակի մէջ, այլ` հոգեւոր ու մտային խորութեան: Խորէնացու վկայութեամբ` փոքրաթիւ լինելու հանգամանքը Հայկին ստիպում է ճակատամարտ տալ լեռներում:
Պատմահայրը գրում է. «Բելի բազմակի ամբոխի անկարգ հրոսակը, որ յանդուգն յարձակումով ցիր ու ցան վազվզում էին երկրի երեսի վրա…է: Ճակատամարտում Հայկի լայնալիճ աղեղը խոցեց ու սպանեց Բելին: Հայոց քաջարի Նահապետը օտար նուաճողին սպանեց մեր հողի վրայ, եւ այնուհետեւ հազարամեակներ շարունակ մեր ոսոխին մենք խփել ենք մեր հողի վրայ, որովհետեւ մի Բելով չվերացաւ բռնակալութիւնը մեր վրայից: Յետագայ դարերում հեռուից ու մօտիկից արշաւեցին, եկան նորերը… Հայոց արարչական յոյզերի ծովում ծնունդ առած էպոսում Դաւիթը նոյնպէս Մելիքին սպանում է իր երկրում, երբ մեծաթիւ զօրքով եկել էր Դաւթի ազատութիւնը վերցնելու: Երէկուայ Արցախեան կռւում էլ թշնամուն խփում էինք մեր հողի վրայ, մեր տան շեմին… 4500 տարի առաջ Հայկն արձակեց իր նետը:
Այդ նետը միայն իր ու իր որդոց փրկութեան համար չէր արձակուել: Այն ծակելով Բելի կուրծքը` ստրկութեան անարգ թաղանթը, դուրս էր եկել` որպէս ազատ ու անկախ ընթացք դէպի գալիք ժամանակները: Հայկի նետը մեզ համար նշանակում էր շարժում եւ նպատակ, նշանակում էր բազկի ուժ, գիտելիք, ձգտում` առ ոգի, այն խորհրդանշում էր հայերիս կեանքն ու ներկայութիւնը երկրի վրայ` ընթանալով ժամանակից ժամանակ: Այդ նետը կանգ չունի. այն մեր գոյութիւնը խառնում է մոլորակի շարժմանը, ազգերի յաւէրժական ընթացքին: Այն մեր յարատեւ պայքարի, յաղթանակի խորհրդանիշն է… 1918 թուականի յունուարի վերջին թուրք նուաճողները, խախտելով Երզնկայի զինադադարը, անցան յարձակման: Նրանք կարճ ժամանակամիջոցում գրաւեցին ամբողջ Արեւմտեան Հայաստանը եւ գարնանը սկսեցին բախել Անդրկովկասի դռները:
Թրքական յարձակման եւ ձմրան դաժան ցրտերի պատճառով տեղի ունեցան արեւմտահայութեան նոր կոտորածնէր ու գաղթ: Արեւմտեան Հայաստանը հայաթափուեց… 1918 թուականի Մարտի վերջին ընկաւ Սարիղամիշը: Ապրիլի կէսերին Անդրկովկասեան կառավարութեան նախագահ Չխենկելիի դաւաճանական վարքագծի հետեւանքով գրեթէ առանց դիմադրութեան թուրքերին յանձնուեց լաւ ամրացուած Կարսը: Մայիսի 15-ին թրքական զօրքերը յանկարծակի յարձակումով գրաւեցին Ալեքսանտրապոլը եւ առաջ շարժուեցին երկու հիմնական ուղղութիւններով: Թուրքական զօրքերի մի խմբաւորում Ալեքպոլից շարժուեց դէպի Արարատեան դաշտ` Երեւանը եւ Էջմիածինը գրաւելու, իսկ միւսը Ղարաքիլիսա-Ղազախով ռազմավարական ուղղութիւն վերցրեց դէպի Պաքու: Հայկական ազգային զօրամասերն անկարող էին երկարատեւ դիմադրութիւն ցոյց տալ զաւթիչներին: Հայ ժողովրդի գլխին նորից կախուեց ֆիզիքական բնաջնջման վտանգը:
Թուրքերին դիմակայելու համար կատարուեց հայկական զինուած ուժերի վերադասաւորում: Ստեղծուեց երեւանեան զօրախումբը, որի հրամանատարն էր Մովսէս Սիլիկեանը: Արարատեան դաշտ ներխուժած թուրք ասկեարները Մայիսի 21-ին գրաւեցին Սարդարապատ գիւղն ու կայարանը: Հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի ելաւ, ուր վճռուելու էր նրա լինել-չլինելու հարցը: Արարատեան դաշտի ինքնապաշտպանութեան ոգին Երեւանի «տիկտատոր» Արամ Մանուկեանն էր: Նրա աննկուն կամքի եւ հմուտ կազմակերպչական ջանքերի շնորհիւ հայ ժողովուրդը յաղթանակ տօնեց: Ականատեսը այդ օրերի եւ Արամի մասին գրում է. «1918 թուականի Մայիսի 17-ի երեկոյեան 7-8 հազար հայ զինուորներ եւ դրանց միացած բազմահազար ժողովուրդ` հաւաքուած Երեւանի Ազգային Խորհրդի մուտքի առաջ, կ՚ընդդիմանային ճակատ գնալու: Դեռ աչքիս առջեւ է այն րոպեն, երբ Արամը պատշգամ ելաւ եւ ասաց. – Կա՛մ այստեղ ինձ կը խփէք, կա՛մ բոլորդ կը գնաք կռուի դաշտ: Այս երկու խօսքը բաւական եղաւ, որ զինուորների մէջ բռնկուէր հայրենասիրութեան կամքը, եւ բոլորը միակամ որոշեցին մեկնել ռազմաճակատ»:
Մայիսի 19-ի առաւօտեան զօրավար Սիլիկեանը ուղիղ հեռագրաթելի մօտ է կանչում Արամին. «Արամ բարեւ, մեր դրութիւնը վճռական է, մենք առանց կռուի նահանջում ենք դէպի Զեյուայ, թշնամին գերազանց ուժեր ունի, իմ զօրամասը քայքայւում է` շնորհիւ թիկունքի ընդհանուր քայքայման, դասալքութիւնը բազմացել է: Մտածում եմ` թէ ստիպուած եմ նահանջել…»:
«Զօրաւա՛ր, Ձեր խօսակցութիւնից եզրակացնում եմ, որ Դուք մտադիր էք նահանջել դէպի Երեւան, եւ նոյնիսկ մայրաքաղաքը ենթարկել ռմբակոծման»: «Ամէն ինչ հնարաւոր է»:
«Այդ չի լինի: Ասացէք անմիջապէս` ինչ է պէտք Ձեզ յարձաԯողականի անցնելու եւ նախօրօք դրուած խնդրի իրագործման համար»:
«Փամփուշտներ, մարդիկ, հաց, տեղափոխութեան միջոցնէր, իսկ գլխաւորը` թիկունքի ոգեւորութիւնը, եւ յաղթանակը երաշխաւորում եմ»:
«Պահեցե՛ք, զօրաւա՛ր, դիրքերը երկու օր, եւ ամէն ինչ կը լինի»:
Արամը իբրեւ շարժական ոգի, ամէն տեղ էր` հրապարակներում, շուկայում, տներում, եկեղեցիներում… եւ կ՚ոգեւորէր իր խօսքերով, ու կը ներշնչէր ամէնքին, եւ գործը եռաց: Բոլորն էլ աշխատում էին: Խրամատներ կը փորէին ե՛ւ շրջանային դատարանի նախագահը, ե՛ւ դպրոցական երեխան, ե՛ւ երիտասարդ գեղեցկուհի երեւանցին, ե՛ւ 60 տարեկան վանուհին… Եւ վերջապէս, հասաւ վճռական գօտեմարտի պահը: Սիլիկեանը հաղորդեց, որ ինքն ամէն ինչ ունի եւ լրացուցիչ օգնութեան կարիք չունի: Սարդարապատի տակ ահեղ մարտերն ընթացան մի քանի օր շարունակ: Մայիսի 26-ի երեկոյեան Ազգային Խորհուրդը հաւաքուել էր եւ սրտատրոփ սպասում էր ճակատամարտի ելքին: Ստացուեց Զօրավար Սիլիկեանի զեկուցումը: Յիշում է Աւետիս Ահարոնեանը.
«Սարդարապատ, Սարդարապատ… Ազգային Խորհրդի պատշգամի առջեւ, հազարաւոր ամբոխը հեւում էր անհանգստութիւնից: Յաղթութեան ձայներ էին շշնջում իրար:
Հաւատալ… Յոյսի, երջանկութեան դողոցք ամէն կողմում: Ահա Արամը երեւաց պատշգամում` շրջապատուած գործակիցներով: Հայեացքները դարձան նրան… Հեռագիր կար նրա ձեռքին: Յուզմունքից գունատ է, բայց ժպիտ կայ երեսին: Այդ մռայլ մարդը ուրախ է իր ձեռքի խորհրդաւոր թերթիկով` որպէս մանուկն իր բռնած թռչնիկով: Քար լռութիւն… Բազմութիւնն ասես իսկ շնչելուց դադարել էր: Ամբողջ այդ գորշ, եռուն զանգուածը դարձել էր մի հատ աչք, լսողութիւն: «ժողովուրդ հայոց, լսեցե՛ք մեր քաջարի հրամանատար, զօրավար Սիլիկեանի հեռագիրը. հինգ օրից ի վեր տեւող ճակատամարտը վերջացաւ թշնամու կատարեալ պարտութեամբ…»: Բոլորի աչքերի մէջ արցունքներ երեւացին, յաղթանակն ապահովուած էր… Սարդարապատի յաղթանակը ոչ միայն հայոց ոգու փրկութիւնն էր, այլեւ նրա ապագայի յուսալի երաշխիքը:
Մայիսեան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի անկախութեան համար: Եւ հէնց մայիսի 28-ին էլ հռչակուեց Հայաստանի անկախութիւնը: Այսօր էլ շատերիս համար առեղծուածային է թւում այն հարցի պատասխանը, թե՞ ինչպէս սոված ու լլկուած, հազար կողմից բզկտուած ժողովուրդը կարողացաւ իր մէջ ուժ գտնել ու կերտել այդ յաղթանակը: Տարիներ այց Տարօնականութեան ռահվիրա Հայկ Ասատրեանը, խօսելով Մայիս 28-ի մասին, ասաց. «Ոչ մի ուժ չի կարող այնպէս խռովել ժողովուրդների ոգին, ինչպէս ցեղօրէն սպառուելու վտանգը, որ օրհասական վայրկեաններում դառնում է հաւատի ահարկու աղաղակ: Մեր պատմական կեանքի բոլոր զգացումներն էին կուտակուած նրանում, եւ այդ էր պատճառը, որ նրա թափը մայիսի 28-ին դարձաւ տարերային: Իսկ ուր տարերքն է շարժւում, այնտեղ ոգիների օւկիանն է ալեկոծւում: Ուր ոգիների ալեկոծ խռովք կայ, այնտեղ պատմութիւնը նորատիպ փաստեր է արձանագրում»: Եւ պատմութիւնն արձանագրեց այդ փաստը… Մայիսեան հերոսամարտը դարձաւ հայոց նոր ժամանակների Աւարայրը: Եւ, դեռ աւելին:
Սա լոկ բարոյական յաղթանակ չէ՛ր, այլ իսկական մի յաղթանակ, որ իր խաղացած դերով ու նշանակութեամբ, յիրաւի, հայ ժողովրդի պատմութեան ամենահերոսական դրուագներից է, եթէ ոչ` ամենահերոսականը: Յաղթանակ, որ իր դրոշմը դրեց մեր ինքնութեան ու մեր տեսակի վրայ: Այդ յաղթանակող ոգին ուղիղ 74 տարի անց, նոյն մայիսին, նոր հրաշքներ էր գործել` թրքական գերութիւնից ազատագրելով հայոց հինաւուրց բերդաքաղաքը, կամ այլ կերպ ասած` արեւելեանց կողմանց մարգարիտ Շուշին… 1918 թուականի Մայիսի 28-ին էր, որ վեր խոյացաւ ՀԱՅՈՑ Եռագոյնը… Այդ օրից սկսած` եթէ հետհաշուարկ անենք, ապա պիտի նկատենք, որ հայ ժողովրդին ճիշտ 600 տարի էր բաժանում Կիլիկեան Հայաստանի վերջին թագաւոր Լեւոն Զ-ի պողպատեայ սրից, որ դէպի երկինք էր պարզել յանուն ազատութեան` ի շահ իր ազգի, եւ ի նպաստ` բարօրութեան: Այդ սուրը պատեան չտեսաւ, մինչեւ որ հայ ռազմիկը Սարդարապատի ճակատամարտում այն նորից պարզեց, ու ապա եռագոյնով փաթաթեց:
Մայիսի 28-ի խորհուրդը մտքում` մօտ մէկ դար փայփայեց հայ ժողովուրդը, մինչեւ որ հասաւ բաղձալի պահը, մինչեւ որ նորից կարողացաւ ծածանել ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՅՆԸ` հայ ժողովրդի բազմադարեան երազանքն ու փափագը: Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, չնայած իր կարճ ընթացքին, ունեցաւ շատ ու շատ նշանակալից, ոգեւորիչ, ուսանելի ու գնահատանքի արժանի փայլուն օրէր` ապագային որպէս դաստիարակութիւն փոխանցելու: Առաջին Հանրապետութեան անկումը ծնունդ էր այսօրուայ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, սակայն ցաւով պիտի նշեմ` Ո՛չ ՄԻԱՑԵԱԼ Հայաստանի… Ասում են` երբ Առաջին Հանրապետութեան վերջին վարչապետը` Սիմոն Վրացեանը, կառավարման վերջին օրը դուրս եկաւ իր աշխատասենեակից ու կողպեց դուռը, բանալիները ի պահ յանձնեց կառավարութեան շէնքի պահակին ու այսպէս խօսեց. «այս ԲԱՆԱԼԻՆԵՐՆ ԱՄՈՒՐ ՊԱՀԻՐ, ՄԵՆՔ ՄԻ ՕՐ ԱՆՊԱՅՄԱՆ ՀԵՏ ԵՆՔ Գալու… Մարգարէութիւ՞ն էր սա, թէ՞ լիակատար սրտի ցանկութիւն, որ հնչեց այդ օրերի առասպելական, բայց եւ հողեղէն մարդու շուրթերից, որ մի օր վճռել էր քայլել Կարմիր Սուլթանի դէմ… »: