“ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՏ ՈՒ ՇԱՏ ԲԱՆԵՐ ՍՏՈՒԵՐԱՅԻՆ ԵՆ“ ԿԸ ՅԱՅՏՆԷ ԱՂՈՒԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ
Ստորեւ, լոյս կ՛ընծայենք, հարցազրոյց մը, Հ.Յ.Դ. Ազգային Ժողովի խմբակցութեան քարտուղար Աղուան Վարդանեանի հետ, կատարուած Դերենիկ Մալխասեանի կողմէ.
Հ. 2012ը ձեզ համար` որպէս քաղաքական գործիչի, ի՞նչ ձեռքբերումների եւ ի՞նչ բացթողումերի տարի էր:
Պ. Ձեռքբերումների մասին չեմ կարող շատ բան ասել, որովհետեւ իրականում, քաղաքական առումով` մեզ համար 2012ը անյաջող տարի էր: Անյաջող տարի էր, քանի որ խորհրդարանական ընտրութիւններում մենք աւելի քիչ ձայն հաւաքեցինք, քան նախորդ ընտրութիւններին:
Բայց այստեղ մէկ այլ խնդիր կայ: Ցաւօք, խորհրդարանական այս ընտրութիւններն իրականում ստուերային ընտրութիւններ էին: Ինչպէս Հայաստանում շատ ու շատ բաներ` ստուերային տնտեսութիւնից սկսած, քաղաքականմարդկային յարաբերութիւններով վերջացրած, այնպէս էլ այս տարուայ ընտրութիւններն առաջին անգամ ստուերային էին: Իսկ առաջին անգամ ստուերային ասելով` հասկանում ենք այն, որ չկար քաղաքական մրցակցութիւն, չկար գաղափարների, ծրագրերի մրցակցութիւն, եւ պարզւում է, որ ամբողջ ընտրութիւնները տեղի էին ունեցել ընտրութիւններից առաջ, այլ վայրերում ընտրակաշառքի պաշարների օգտագործմամբ: Ընտրութիւնների այս բնոյթը, բնականաբար, քաղաքական ուժերի իրական յարաբերակցութիւնը չէր արտացոլում: Այս տեսանկիւնից` դժուար եւ ծանր տարի էր: Ծանր էր նաեւ այն գիտակցումը, թէ ինչպէ՛ս է հնարաւոր ձեռնածման ենթարկել ժողովրդի կամքը:
Հ. Հետաքրքիրն այն է, որ իւրաքանչիւր տարեվերջի, երբ ամփոփւում է տարին, ձեռքբերումների մասին չի խօսւում եւ անընդհատ խօսւում է անյաջողութիւնների մասին:
Պ. Չեմ կարծում: Մեր կառավարութեան անդամները մամլոյ ասուլիսներ կը տան եւ բոլորը կը խօսեն բազմաթիւ ձեռքբերումներից: Կը խօսեն նաեւ նոյն այս տարուայ խորհրդարանական ընտրութիւնների ձեռքբերումներից, օրինակ` ինչպիսի հրաշալի ըտնրութիւններ տեղի ունեցան, ինչպիսի՛ առաջընթաց եղաւ եւ այլն: Սրա մասին էլ անպայման կը խօսեն: Այնպէս որ խօսողներ շատ կը լինեն: Մեծ հաշուով, ես 2012թ. ձեռքբերումներ` պետութեան մասշտաբով, հասարակութեան մասշտաբով, չեմ տեսնում: Տեսնում եմ միայն կորուստներ, քանի որ հասարակութիւնը շատ աւելի չէզոքացւում է, անտարբեր է դառնում:
Զուտ մեր խմբակցութեան համար կարող եմ ասել, որ մենք կարողացանք հաւատարիմ մնալ մեզ, փորձեցինք քաղաքական գաղափարը իսկապէս քաղաքական դարձնել ու հրապարակային դարձնել այդ յարաբերութիւնները: Բայց առայսօր մեծ յաջողութիւններ չեն գրանցուել: Կարծում եմ` խորհրդարանում դրական էր թէ՛ մեր խմբակցութեան, թէ՛ այլ ընդդիմադիր խմբակցութիւնների աշխատանքը, որովհետեւ անկախ մեր թուաքանակից, անկախ որոշումների վրայ ազդելու հնարաւորութիւնից, մենք աշխատեցինք, փորձեցինք իսկապէս ներկայացնել մեր դիրքորոշումերը իւրաքանչիւր խնդրի վերաբերեալ: Կարծում եմ` հասարակութիւնը տեսնում է այս մօտեցումները եւ այս վերջին փոքրիկ յաջողութիւնը դրա վկայութիւնն է:
Հ. Հայաստանում խօսւում է քաղաքականութեան մասին, բայց բովանդակային առումով դա քաղաքականութիւն չէ: Խօսւում է ժողովրդավարութեան մասին, որը նոյնպէս ժողովրդավարութիւն չէ: Կարելի է ասել, որ կան տերմիններ եւ ինչ որ հասկացութիւններ, որոնք Հայաստանում աղճատւում են: Եւ դրա պատճառով‘ մենք կարծես թէ ապրում ենք երկու իրականութեան մէջ: Ի՞նչն է պատճառը:
Պ. Իրօ՛ք, մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ունենք երկու իրականութիւն‘ յայտարարուածը եւ կեանքը: Գիտէք, մեր բոլոր գործիչները եւ ընդհանրապէս մեր տեսակը շատ ստեղծագործ տեսակ է: Այսօր պէտք է համակերպուել եւ յարմարուել աշխարհին: Այսօր պէտք է ասել ժողովրդավարութիւն, մարդու իրաւունքներ, եւ թէ մարդը բարձրագոյն արժէք է: Մենք սա հանգիստ ասում ենք` նշելով, որ այդ ուղղութեամբ ենք գնում: Սակայն իրական կեանքում բոլորովին այլ բան ենք անում` ցոյց տալով միայն երեսը, շղարշը, արտաքին մակերեսը: Մենք ասում ենք, որ տնտեսութիւնը աճ է արձանագրում, մեր ցուցանիշները գնահատւում են միջազգային կազմակերպութիւնների կողմից: Բայց իրականում աղքատութիւնն է աճում, ստուերներն են աճում, անընդհատ նոր մեթոտներով քաղաքացիներից գումարներ են հաւաքւում, եւ այդ գումարները գնում են մասնաւոր, նեղ շրջանակների գրպանները: Այս առումով` մենք իսկապէս իւրօրինակ ժողովուրդ ենք: Սակայն սա ի վերջոյ անսահման չի կարող ձգուել: Ցանկացած բան, որ ձգւում է, մի տեղ կտրւում է: Այս համատարած յուսալքութիւնն ու անվստահութիւնը վաղուայ օրուայ հանդէպ, ինչպէս նաեւ այս անտարբերութիւնը կը յանգեցնեն երկու բանի: Առաջինը, որի նշաններն ակնյայտ են` այն է, որ իշխանութիւնը գնում է բացարձակ մենաշնորհի եւ վստահ է, որ իրեն ամէն ինչ թոյլատրելի է: Այստեղից էլ սկսւում է դրա դեգրադացիան, որը կը բերի վերջինիս ինքնաքայքայմանը, ներքին հակասութիւններին: Երկրորդն այն է, որ այս մտածողութիւնն ի վերջոյ նաեւ բերում է մարդկանց` պայմանականօրէն ասած` քաղաքական էլիտայի, մի այնպիսի փոքրիկ, բայց լուրջ ճգնաժամային զանգուածի ստեղծման, որն իսկապէս թելադրում է քաղաքական օրակարգ, ճիշդ ուղղութիւն, եւ որի շուրջ ձեւաւորւում է հասարակական համախոհութիւն: Այն, ինչ այսօր փորձում է անել Հ.Յ.Դաշնակցութիւնը, հէնց դա է:
Հ. Ի՞նչն է պատճառը, որ հիմա քաղաքական ընտրանին քայքայուած է: Եւ մարդիկ, որոնք իրենց մէջ կրում են իրական արժէքներ եւ գործում են հասարակակենտրոն նպատակներով, չեն ընկալւում քաղաքական դաշտի կողմից, եւ կարծես թէ` լուսանցկայնացւում են:
Պ. Կայ երկու խնդիր: Առաջինը` մեր կեանքի չափից աւելի նիւթականացումն է, նիւթապաշտութիւնը, ինչպէս նաեւ անկախութեան քսան տարիների անընդհատ կորուստներն ու նահանջները: Երբ թուացել է, թէ պէտք է մի նոր ալիք բարձրանայ, նահանջ է տեղի ունեցել, որը մարդկանցհիասթափեցրել է, եւ մարդիկ դարձել են շատ աւելի յարմարուող ու անվստահ այն հարցում, որ հնարաւոր չէ որեւէ բան փոխել: Եւ սա մարդկանց մեծ շրջանակ է ներառում: Բայց ես նաեւ վստահ եմ, որ կա՛յ մարդկանց այն խումբը, որ սկզբունքային է… մարդիկ, որոնք իսկապէս իրենցից կախուած ամէն բան պէտք է անեն: Մենք ունենք պրոբլեմ. այդ` մարդկանց ընդհանուր դաշտում կամ նոյն արժէքային համակարգի վրայ համախմբելն է: Այս հարցը մենք ունենք երկու առումով: Մէկը, որ հնարաւոր բոլոր նման համախմբերի առջեւ սկսւում է հակառակ աշխատանք` ամենատարբեր եւ ամենացածրարժէք մեթոտներով: Երկրորդ` մենք ունենք սերնդափոխութեան լրջագոյն խնդիր, քանի որ այսօրուայ մեր քաղաքական “ընտրանին“` իր 8090 տոկոսով` 20 տարուայ մաշուածութիւն ունի: Եւ ամենավտանգաւորն այն է, որ ընդհանուր այս մթնոլորտի յարմարուողականութեան կամ այս ճանապարհի ներսում ձեւաւորում է այն երիտասարդութիւնը, որի ակնյայտ մեծամասնութիւնը զուրկ է ուղենիշներից, սկզբունքներից, քաղաքական կամքից: Եւ ի վերջոյ, այս երկրի հետ մշակութաբանական արմատներով կապուածութիւնից…
Մենք յաճախ “էլիտա“ ասելով` նկատի ունենք միայն քաղաքական կուսակցութիւններին, խորհրդարանին կամ կառավարութեանը: Սակայն պետութեան էլիտան շատ աւելի բազմազան պէտք է լինի: Պէտք է լինի մշակութային, տնտեսական, ռազմական, հոգեւոր եւ այլ ոլորտների էլիտաներ: Այս բոլորի միաւորումը պէտք է բերի 100150, միգուցէ աւելի քիչ` 50 կամ սկզբում թէկուզ 15 տարբեր ոլորտների արժէքներով համակարգային մտածող մարդկանց մի խումբ, որի համար այս արժէքների պահպանումը շատ կարեւոր է, եւ միայն արժէքների պահպանմամբ կարելի կը լինի որեւէ բանի հասնել:
Ես կարծում եմ, որ ուզենք թէ չուզենք` մէկ է, մենք գնալու ենք այդ ճանապարհով, մենք մեր երկրում ստեղծելու ենք ինստիտուտներ, համակարգեր, որոնք անպայման աշխատելու են: Ուղղակի ափսո՛ս այս քսան տարիներն ու ժամանակը, երբ մենք շարունակում ենք աշխարհից հետ մնալ: Մի վտանգաւոր բան եւս, որ ես նկատում եմ, այն է, որ այսօր իշխանութիւնը դառնում է գրեթէ բացարձակ, որի պատճառով` նա դադարում է պատասխանատու լինել: Նախկինում թէ՛ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ, թէ՛ կառավարութիւնների ծրագրերում, թէ՛ նախագահների նախընտրական ծրագրերում, կային յստակ նպատակներ, ցուցանիշներ, թիրախներ ու արդիւնքներ: Վերջին բոլոր փաստաթղթերը` ե՛ւ 2012թ. կառավարութեան ծրագիրը, ե՛ւ 2013թ. պիւտճէի նախագիծը, ե՛ւ հանրապետութեան նախագահի ելոյթը ՀՀԿ նախընտրական համագումարում, բացարձակապէս զուրկ են կոնկրետութիւնից, նպատակներից, ցուցանիշներից. եւ չգիտես, թէ ի՛նչ է լինելու: Սա արդէն վտանգաւոր նախադէպ է դառնում, որը, ըստ իս` 2012թ. խարաններից մէկն է:
Հ. Աւարտելով` փորձենք, 2012ին բացթողումները հաշուի առնելով հասկանալ, թէ ի՞նչ է տեղի ունենալու 2013ին կամ դրանից յետոյ: Այսինքն` ինչպիսի՞ պոտենցիալով (կարողականութեամբԽմբ.) ենք մենք մտնում 2013թ. եւ անձամբ դուք ի՞նչ կը ցանկանայիք:
Պ. Մենք լաւ նախադրեալներով չենք մտնում 2013թ.: Բայց ես յոյսով եմ եւ աւելին` վստահ եմ, որ մենք ի վերջոյ հասել ենք այս անկման բարձրակէտին` ե՛ւ արժէքների առումով, ե՛ւ մտածողութեան: Կարծում եմ` արդէն կայ այն միտքը, այն կամքը, որ ձեւաւորելու է մի ընդհանուր օրակարգ, որի շուրջ հասարակութիւնը համախմբուելու է: Դաշնակցութիւնն առնուազն սա է անում եւ շարունակելու է անել: Մենք վստահ ենք, որ մեր նշած արժէքները, սկզբունքները, օրակարգը դուռ են բացելու այս երկրի, հասարակութեան, մեր քաղաքացիների համար:
Շնորհաւորում եմ ձեզ, ձեր կոլեկտիւի եւ մեր հանրութեան Սուրբ Ծնունդն ու Ամանորը:

