Կրկին Յիշեցին Դաշնակցութեանը

0 0
Read Time:3 Minute, 55 Second

droshak

ԴՐՕՇԱԿ
Խմբագրական
Յունուար 27, 2015

Վերջին շաբաթներին Դաշնակցութիւնը կրկին յայտնուել է որոշ քարոզչամիջոցների թիրախում: Սովոր ենք, որ ծանօթ ուժեր, իրենց ենթակայ լրատուամիջոցների խօսափողով, պարբերաբար, իսկ երբեմն էլ գրեթէ ամենօրեայ հետեւողականութեամբ, հակադաշնակցական քարոզչութեան հերթական ալիքը բարձրացնեն: Եթէ ուշադիր հետեւենք, թէ «հերթական ալիքներ»ը երբ են փոթորկւում` կարելի է գտնել դրանց կապը կոնկրէտ փաստերի եւ իրադարձութիւնների հետ: Օրինակ դժուար է յիշել նորանկախ Հայաստանում տեղի ունեցած Դաշնակցութեան որեւէ ժողով, որին նախորդող ժամանակահատուածում եւ դրա ընթացքում համապատասխան քարոզչական աղմուկ չբարձրանայ: Ինչ-որ մարդիկ ունենում են այն ակնկալիքը, թէ մի քիչ ցախ գցեն կրակի վրայ ու գուցէ այս անգամ Դաշնակցութեան ժողովը դառնայ վերջինը կամ վերջին միասնական ժողովը: Որ դա այդպէս է կարելի է պարզապէս անդրադառնալ հէնց ներկայ ժամանակահատուածին, որը Դաշնակցութեան համար կարեւոր իրադարձութեամբ յատկանշուեց: 2015 թուականի Յունուարի 16ից 24-ը տեղի ունեցաւ կուսակցութեան Ընդհանուր ժողովը, որը գումարւում է չորս տարին մէկ անգամ:
Նոր աւանդոյթի համաձայն բարձրագոյն ժողովները կազմակերպւում են Հայաստանում, եւ ըստ կուսակցութեան կանոնագրի դրանց մասնակցում են Հ.Յ.Դ. աշխարհասփիւռ բոլոր կառոյցների ներկայացուցիչները: Ահա եւ ժողովին նախորդող ժամանակահատուածում սնկի պէս լոյս աշխարհ եկան զանազան հրապարակումներ, որոնց մէջ աչքի էր ընկնում այն «տեղեկութիւն»ը, թէ կուսակցութեան մէջ մրցակցութիւն կայ նոր ղեկավարութեան ձեւաւորման հարցում: Փորձ նախաձեռնուեց սեպ խրելու այն ճեղքի մէջ, որն իբրեւ թէ կուսակցութեան տարբեր շրջանների գործիչների միջեւ գոյացել էր: Գուցէ, թէ հնարաւոր դառնար դրսից բորբոքելու ժողովականների տրամադրութիւնները եւ վերջապէս ականատեսն ու մասնակիցը դառնալ Դաշնակցութեան պառակտման եւ կազմալուծման: Ժողովն աւարտուեց ինչպէս յայտնի է, եւ արդիւնքներից ու համապատասխան յայտարարութիւնից ելնելով կրկին անգամ փաստուեց միակ համահայկական կազմակերպութեան միասնականութեան մասին: Այսինքն այս անգամ էլ ի դերեւ եղան անհեթեթեթ յոյսերը:
Սպասենք յաջորդ ժողովին:
Այս ընթացքում, սակայն հակադաշնակցական քարոզչութիւնը կարծես թէ դադար առնելու միտում չի դրսեւորում:
Որպէսզի հասկանանք երեւոյթի շարժառիթը պէտք է դարձեալ հայեացք գցենք մեր շուրջը տեղի ունեցող իրադարձութիւններին: Իսկ դրանցից ամենացայտունը ընդդիմադիր դաշտում կատարուող գործընթացներն են: Յայտնի է, որ աշնանը ընդդիմադիր քառեակը վերածուեց եռեակի, երբ իշխանափոխութեան օրակարգով այս ուժերից երեքը հրապարակ դուրս եկան: Կողմ լինելով հանրահաւաքային ակտիւ գործունէութեանը Դաշնակցութիւնը համաձայն չէր իշխանութեան դէմ պայքարի թիրախներից մէկը դարձնել նախապատրաստուող սահմանադրական բարեփոխումների հարցը:
Այն ժամանակ սկիզբ առաւ տեսական բանավէճ սահմանադրական բարեփոխումների կողմնակիցների եւ այն մերժող ու արագ իշխանափոխութիւն պահանջողների միջեւ:
Դաշնակցութեան հասցէին մեղադրանքներ հնչեցին իշխանութեան հետ համագործակցելու մէջ, այն դէպքում, երբ դեռ այս իշխանութեան կառավարման շրջանից շատ առաջ Դաշնակցութիւնը խօսել էր քաղաքական համակարգի համապատասխան բարեփոխումների մասին, տարիների ընթացքում մշտապէս տաք էր պահել հարցը:
Եւ այս դէպքում էլ Դաշնակցութիւնը հակադարձում էր, որ առանց քաղաքական համակարգի բարեփոխման իշխանափոխութիւնը այլ արդիւնք չի ունենայ, անձերի փոփոխութիւնից բացի:
Հետաքրքիր է, որ երբ Դաշնակցութիւնը, յատկապէս ներխորհրդարանական ձեւաչափով, համագործակցում էր ընդդիմադիր միւս ուժերի հետ, հին ծանօթ քարոզչամիջոցները Դաշնակցութեան դէմ չէին ամբաստանութիւններից զերծ էին մնում:
Այնուհետեւ վերադարձան հոգեհարազատ թեմային ու կրկին նոր թափ են հաւաքել: Ընդ որում չի զարմացնում այն, որ «հին ծանօթները» իրենց մաղձը դրսեւորելու մէջ ոչ չափի զգացում ունեն, ոչ պարկեշտութիւն ու բարոյականութիւն: Յիշենք ինչպէս տարբեր ժամանակներում, «փաստագրական նիւթ»ի հիման վրայ, նոյն շրջանակը անգամ փորձ է արել ապացուցել, թէ Հայոց ցեղասպանութեան մեղաւորը Դաշնակցութիւնն է` իր «արկածախնդրական» գործունէութեան պատճառով: Իհարկէ իր պատմութեան ընթացքում Դաշնակցութիւնը շատ ցեխարձակումներ է տեսել եւ այս մի ցեխն էլ չի կպչի, բայց ցեխարձակողները մտածե՞լ են արդեօք, որ ծանր մեղքի մէջ մեղադրելով ազգային կուսակցութեանը անուղղակիօրէն արդարացնում են թուրքերին, կամ առնուազն, թեթեւացնում են նրանց մեղքը:
Նման պարագայում ինչու զարմանալ, որ կարող են նիւթեր հրապարակել Վահան Յովհաննիսեանի դէմ, երբ վերջինիս շիրմաթմբի ծաղիկները դեռ չեն թօշնել:
Վերադառնանք, սակայն կիսատ մտքին:
Իհարկէ քաղաքական ու քաղաքագիտական վերլուծութիւններով միշտ կարելի է սեփական ճշմարտացիութիւնը «ապացուցել»: Բայց ամենափայլուն մտավարժանքներով անգամ հնարաւոր չէ կռուել իրականութեան դէմ:
Ինչպէս յայտնի է իշխանափոխութեան մասին ընդդիմադիր եռեակի բարձրագոչ յայտարարութիւններից յետոյ «թէժէ աշնանը տեղի ունեցան երկու համատեղ հանրահաւաքներ եւ դրանով աշունն աւարտուեց: Առանց չարախնդութեան եւ մանաւանդ առանց հրճուանքի կարելի է արձանագրել, որ ընդդիմադիր եռեակը հազիւ թէ միասնաբար շարունակի իր ճանապարհը: Անելիքի անորոշութեան մթնոլորտում տեղի է ունեցել մասնաւոր շահերի բախում: Ակնյայտ է դարձել, որ այս անգամ եւս անիրականանալի է օր առաջ իշխանափոխութեան երազանքը:
Միւս կողմից, կարծես թէ ակնյայտ է դառնում սահմանադրական բարեփոխումների հարցում իշխանութիւնների տրամադրութիւնների լրջութիւնը: Անկախ թէ ով է յղացել գաղափարը, ով է այն պաշտպանել կամ իրականացրել, նման քայլը Հայաստանի քաղաքական դաշտը լրջօրէն կը վերափոխի, դարձնելով այն աւելի ժողովրդավարական ու հակակշռելի, ընտրութիւններն ու քաղաքական միւս գործընթացները պայմանաւորուած կը լինեն գլխաւորաբար ոչ թէ անձերի այլ օրէնքի թելադրած պահանջներով:
Այսինքն ստացւում է, որ ճիշտ էր Դաշնակցութիւնը: Եւ զարմանալի չէ, որ այս փաստն ու հնարաւոր արդիւնքները կատաղեցնում են նոր ֆիասկոյի առջեւ յայտնուած հին ծանօթներին:
Չենք յաւակնում պնդելու թէ ներկայացրել ենք Դաշնակցութեան դէմ ձեռնարկուած նոր յարձակումների եղած ճշմարիտ պատճառները: Գուցէ այլ պատճառներ եւս կան, գուցէ բոլորովին ուրիշ շարժառիթներ են գերակայում:
Գուցէ շարժառիթներ էլ գոյութիւն չունեն:
Չզսպելով գայթակղութիւնը եւ վերն ասուածին փոքր ինչ հակասելով, յիշենք պարսկական առածը: Առածն ասում է կարիճը կծում է ոչ քինախնդրութիւնից դրդուած, պարզպես նրա բնոյթն է այդպիսին: Իհարկէ երբ մէկի մէջ երկար ժամանակ մի բան արմատաւորւում է բնոյթի էլ կը վերածուի` սովորութեան էլ, կեանքի նպատակի էլ: Մեզ մնում է առանձնապէս ուշադրութիւն չդարձնել մանր խայթոցներին եւ շարունակել այն գործը, որին հաւատում ենք:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles