ԿԱՆԽԵԼ ԹՐՔԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹԻՒՆԸ

0 0
Read Time:2 Minute, 35 Second

 kurd1  Խմբագրական “Դրօշակ“ի

Յունուար 12, 2013

  2013 թուականի Յունուարի 10-ին, Փարիզի քրտական կեդրոնում, յայտնաբերուեցին հրազէնով սպաննուած երեք քիւրտ կանանց դիակներ: Սպաննուածներն էին` Քրտական ազգային քոնկրէսի հիմնադիր անդամ Սաքինէ Ճանսըզը, Պրիւքսէլում Ք.Ա.Կ.-ի ներկայացուցիչ Ֆիտան Տողանը եւ երիտասարդ գործիչ Լէյլա Սէօյլեմեզը: Քաղաքական այս սպանութիւնները լայն արձագանգ ունեցան միջազգային լրատուամիջոցներում: Թէ՛ ֆրանսայում եւ թէ՛ ֆրանսայից դուրս միանշանակ գնահատականն այն էր, որ ահաբեկչութեան ետեւում կանգնած է թուրքական պետութիւնը: Այս առթիւ քրտական կազմակերպութիւնները նախաձեռնեցին մեծ ցոյցեր` Ֆրանսայի իշխանութիւններից պահանջելով արագօրէն բացայայտել յանցագործութիւնը:

Թուրքիոյ քիւրտ փոքրամասնութեան իրաւունքների համար պայքարող կազմակերպութիւնների եւ հասարակութեան ներկայացուցիչների դէմ, տասնամեակներ ի վեր գործադրուող հալածանքներն ու պատժամիջոցները, վերջիններիս ազգային ու մարդկային իրաւունքների անտեսումն ու բռնաբարումը այն հիմքն են, որ շատերի համար պարզորոշ են դարձնում, թէ ո՛վ կարող էր շահագրգռուած լինել այս վերջին ահաբեկչութեան հարցում:

Միթէ՞ նոյն թուրք իշխանութիւնը չէ, որ հէնց ներկայ շրջանում հետապնդում է մի շարք քիւրտ խորհրդարանականների պատգամաւորական անձեռնմխելիութիւնից զրկելու հարցը` հետագայ քրէական հետապնդում նախաձեռնելու նպատակով:

Արդեօ՞ք որոշակի վերաբերմունքի մասին չի խօսում միայն վերջին մի քանի տարուայ ընթացքում, մօտ տաս հազար քիւրտ քաղաքական գործիչների ձերբակալութիւնը, որոնց մէջ դարձեալ փոքր թիւ չեն կազմում պաշտօնեաները` եւ այդ շարքում բազմաթիւ գործող քաղաքապետեր: Վերջապէս Թուրքիոյ քրտաբնակ եւ լեռնային շրջաններում անցնող մի քանի ամիսներին թրքական կանոնաւոր զօրքերը նոր թափով ռազմական գործողութիւններ են իրականացնում` սեփական իրաւունքները պաշտպանելու պատճառով հալածեալ դարձած ապստամբների դէմ:

Երեւոյթն աւելի կոշտ գնահատականներ է պահանջում, երբ իշխանութեանն անցանկալի քաղաքացիների դէմ ձեռնարկուող պետական ահաբեկչութիւնը արտահանւում է այլ երկրների տարածքներ: Իսկ, որ հէնց նման դէպքեր արձանագրուել են ոչ մէկ անգամ, նոյնպէս փաստ է:

Աւելացնենք, որ իշխանութիւնների հովանաւորութեամբ այդ երկրի ներսում ձեւաւորուած անհանդուրժողականութեան, փոքրամասնութիւնների նկատմամբ այլատեացութեան մթնոլորտը արդէն իսկ ենթահող են ստեղծում նման ոճրագործ գործելակերպի համար: Յիշենք ինչպէս նոյն այդ մթնոլորտի զոհը դարձած Հրանդ Տինքի դէմ, ժամանակին թուրքական ինքնութիւնը վիրաւորելու մեղադրանքով խայտառակ դատավարութիւն իրականացրած դատաւորներից մէկը, 2012 թուականին նշանակուեց Թուրքիայի Մարդու իրաւունքների պաշտպան: Պատասխան չունի այն հարցը, թէ վերջին քսան օրերին ի՞նչ դրդապատճառով են Թուրքիայում տեղի ունեցել ազգութեամբ հայ անձանց երեք սպանութեան դէպքերը:

Այնպէս, որ եթէ անգամ ընդունենք մի շարք թուրք վերլուծաբանների տեսակէտը, թէ վերջին սպանութիւնը իրականացուել է Թուրքիայի, այսպէս կոչուած, խորքային պետութեան կողմից, ապա միեւնոյն է, հիմնական մեղքը մնում է իր երկրի ներքին խնդիրները հալածանքի եւ ահաբեկչութեան մեթոտով լուծել փորձող իշխանութիւնների վրայ:

Այս ամէնից յետոյ մտահոգիչ չէ՞ արդեօք, որ սեփական ժողովրդի դէմ ներքին պատերազմ մղող պետական համակարգի հանդէպ միջազգային համապատասխան դիրքորոշում որդեգրելու փոխարէն, կարելի է վերջինիս առաջ կանաչ լոյս վառել` խաղաղարար միջնորդի անուան տակ կոպտօրէն միջամտելու համար այլ երկրների, եւ մասնաւորապէս Սիրիայի ներքին գործերին: Աւելի՛ն, օրինակ “Փաթրիոթ“ տիպի հրթիռային համակարգեր տրամադրել, իբրեւ թէ պաշտպանական նկատառումներով, երբ Թուրքիան ինքն է դարձել Քայիտայի եւ նմանատիպ այլ կազմակերպութիւնների զինելու եւ նրանց զինեալներին Սիրիայի տարածք մուտքը ապահովելու խարիսխ:

Ժամանակն է, որ միջազգային հանրութիւնն ու շահագրգիռ ուժերը, պետական ահաբեկչութեամբ զբաղուած ուժին հովանաւորելու մեղադրանքից զերծ մնալու նպատակով որդեգրեն նրա նկատմամբ գործուն ու սկզբունքային մօտեցում:

Այս դէպքում մասնաւորապէս, անհրաժեշտ է անդրադառնալ թրքական պետութեան ներսում մարդկային, ու ազգային իրաւունքների ոտնահարման փաստերին, վերաբերմունք արտայայտել միջազգային խնդիրներում եւ յատկապէս օտար հակամարտութիւնների մէջ միջամուխ լինելու առնչութեամբ: Ֆրանսայի իշխանութիւնները անհրաժեշտ ամէն ճիգ պէտք է գործադրեն կատարուած ահաբեկչութեան շուտափոյթ բացայայտման ուղղութեամբ: Նման երեւոյթները կանխելու առումով ոչ պակաս կարեւոր է միջազգային հանրութեան համարժէք արձագանգը եւ զօրակցութիւնը` Թուրքիայում իր տարրական իրաւունքների համար պայքարող քիւրտ ժողովրդին:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles