Ի՞նչ է Սա, Եթէ Ոչ` Պատերազմ

0 0
Read Time:3 Minute, 57 Second

p4-5 hggfhh

Գէորգ Աղապապեան
(յապաւումով)

Արդէն տեղեկացրել ենք, որ այսօր առաւօտեան Ատրպէյճանական բանակի յատուկ նշանակութեան ստորաբաժանումները յարձակում են իրականացրել Տաւուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղութեամբ: Պաշտօնական տեղեկատուութեամբ` ծաւալուած մարտերի ընթացքում, որոնց արդիւնքում յաջողուել է հակառակորդին ետ շպրտել ելման դիրքեր, հայկական կողմը երկու զոհ եւ վիրաւորներ է տուել: Այս գիշերը հակառակորդը գործողութիւններ է իրականացրել նաեւ Արցախի եւ Ատրպէյճանի զօրքերի շփման գծի արեւելեան եւ հիւսիս-արեւելեան ուղղութիւններով, որոնք եւս կասեցուել են: Արցախի Պաշտպանութեան Բանկը յայտնել է, թէ, նախնական տեղեկութիւններով, հակառակորդը երեք զոհ ունի:
Յունուար 2, 2015-ից առ այսօր Ատպէյճանի սանձազերծած պատերազմի հետեւանքով հայկական կողմը տաս զոհ է տուել: Իրավիճակը ծայրայեղ լարուած է հայ-ատրպէյճանական շփման գծի ամբողջ երկայնքով, եւ Ատրպէյճանը չի թաքցնում, որ այն խորացնելու միտումներ ունի: Եթէ մինչեւ հիմա այդ երկրի պաշտպանութեան նախարարութիւնը հերքում էր իր կողմից ռազմական որեւէ գործողութեան իրականացման իրողութիւնը, ապա վերջին շրջանում ուղղակիօրէն ասում է, որ նման պատժիչ գործողութիւններ կատարելու են այնքան ժամանակ, քանի դեռ հայկական ուժերը Արցախից եւ «հարակից» տարածքներից դուրս չեն բերուել: Հետաքրքրական է, որ Պաքուն սահմանագծին իր «յաջողութիւնները», փաստարկում է հայկական կողմի կորուստների մասին` Հ.Հ. Պաշտպանութեան Նախարարութեան եւ Արցախի Պաշտպանութեան Բանակի յայտնած տեղեկութիւններով: Այսինքն` այն քիչ, թէ շատ բաց տեղեկատուա-քարոզչական մարտավարութիւնը, որը կիրառում են հայկական զինուած ուժերը, ակամայ սկսել է սնել Ատրպէյճանի քարոզչութիւնը եւ սնապարծութիւնը: Ատրպէյճանի կողմից վիճակն անշեղօրէն սրելու նոր մարտավարութեան հիմնական վկայութիւնը մարտական գործողութիւնների բնոյթի փոփոխութիւնն է` տեղական յարձակումներից աստիճանաբար անցնում են աւելի ու աւելի մասշտաբային գործողութիւնների: Տաւուշում այսօր առաւօտեան ձեռնարկուած յարձակումը բոլորովին էլ յարձակման բնոյթ չի ունեցել, քանի որ նախ` տեղի է ունեցել օրը ցերեկով, ապա` ուղղուած է եղել միանգամից մի քանի հայկական դիրքերի դէմ` միաժամանակ ուղղակի յարձակման ձեւով:p4-5-armenia-azerbaijan-border_4
Դա այլ բան չէ, քան հայկական դիրքերը գրաւելուն, սահմանային այդ հատուածում բնագիծն առաջ մղելուն ուղղուած մարտավարական գործողութեան իրականացում, ինչն էլ, ցաւօք, զոհեր ու վիրաւորներ տալու գնով, համեմատաբար երկարատեւ մարտ մղելու անհրաժեշտութիւն է առաջացրել: Հետաքրքրական է, որ Տաւուշում ձեռնարկուած այս աննախադէպ գործողութեան յաջորդել է, փաստօրէն, Արցախի սահմանագծի հիւսիսային եւ հիւսիսարեւելեան ճակատում դիւերսիոն գործողութիւնների իրականացմանը: Սա աւելի շատ, կարծես, շեղող մանեւրի տպաւորութիւն է ստեղծում: Եթէ իսկապէս այդպէս է, ապա չի բացառւում, որ այս գործողութիւնները նաեւ հայկական առաջապահ ուժերի խոցելի կէտերը բացայայտելու, յետագայում, անհրաժեշտութեան դէպքում, աւելի խոշոր ռազմական օպերացիայ ձեռնարկելու եւ յարձակման ուղղութիւնները շտկելու փորձարկումներ լինեն:
Իր սլաքներն ուղղելով դէպի Հայաստանի սահմանները եւ կեդրոնանալով դրա թերեւս ամենաթոյլ կէտի` Տաւուշի մարզի վրայ,Ատրպէյճանը փորձում է ստիպել Հայաստանին` դիմել պատասխան պատժիչ կամ կանխարգելիչ աւելի հուժկու գործողութիւնների, այսինքն` ներքաշել ռազմական մի մեծ արկածախնդրութեան մէջ, որը կարող է լայնամաշտապ պատերազմի տեղի տալ: Հայկական ուղղաթիռը ղարաբաղա-ատրպէյճանական սահմանագծին ոչնչացնելու`առաջին խոշոր սադրանքին հայկական կողմը չտրուեց` չնայած Արցախում զինավարժութիւնների համար կեդրոնացած ռազմական կոնտինգենտը, տեխնիկան տալիս էին այդ հնարաւորութիւնը:p4-5 nkr_soldiers-azerbayjan-border
Հասկանալով, որ այդ ճակատում անգամ նման սադրանքին Հայաստանը չի տրւում, այժմ թիրախ է դարձուել հէնց Հայաստանի սահմանը, որի անվտանգութեան ապահովումը գտնւում է ոչ միայն հայկական ուժերի, այլ նաեւ Ռուսաստանի պատասխանատուութեան դաշտում: Աստիճանաբար ուժեղացնելով ճնշումները հէնց Հայաստանի նկատմամբ, աւելի բազմազան դարձնելով մարտական-մարտավարական գործողութիւններն այս հատուածում` Ատրպէյճանը փորձում է հասկանալ, թէ մինչեւ ի՞նչ աստիճանի սրման պարագայում Ռուսաստանը եւ Հասարակապետութիւնները կ՚արձագանգեն կամ կարձագանգե՞ն, առհասարակ, թէ՞ ոչ:
Եւ փաստը, որ չնայած Տաւուշում արդէն հայկական կողմից չորս զոհ եւ մի քանի վիրաւորներ ունենալու, հայկական դիրքերն ու գիւղերը նաեւ փոքր տրամաչափի հրետանային համակարգերով գնդակոծելու իրողութեանը, ո՚չ Ռուսաստանը, ո՚չ էլ նոյնիսկ ԵԱՀԿ-ն եւ Մինսքի խումբը չեն արձագանգում, էլ աւելի է լկտիացնում իր զինուորների կեանքին գրոշի արժէք չտուող Ատրպէյճանին: Բայց խնդիրը ոչ միայն միջազգային այդ կառոյցների եւ Ռուսաստանի տարօրինակ լռութիւնն է, այլ նաեւ Հայաստանի Արտաքին Գործնախարարութեան կողմից հերթական անգամ դրսեւորուող բացարձակ անգործութիւնը եւ անմեղսունակութիւնը, որը, առանց վարանելու կարելի է ասել, հայ զինուորների կորստի հիմնական պատասխանատուն է:
Որոշ փորձագէտներ շարունակում են պնդել, թէ, չնայած ստեղծուած այս վիճակին,Ատրպէյճանը պատերազմի չի գնայ: Բայց Պաքուն արդէն պատերազմում է, որովհետեւ միայն պատերազմող կողմը կարող է իրեն թոյլ տալ սեփական կորուստները չհաշուելու եւ դրանց հետ հաշուի չնստելու շռայլութիւնը: Այս վիճակը կտրուկ քայլեր ձեռնարկելու հրատապ անհրաժեշտութիւն է առաջացնում` ոչ թէ Ատրպէյճանի սադրանքին տրուելու, այլ նրան վախեցնելու, վերջապէս` Ադրբեջանի հասարակութեան աչքերը բացելու իմաստով: Հ.Հ. Պաշտպանութեան Նախարարութիւնը տրտնջում է, թէ Ադրբեջանն իր կորուստների մասին տեղեկատուութիւնը թաքցնում է, բայց չի բացատրում, թէ` ինչու, երբ Յունուար 11-ին Տաւուշի ուղղութեամբ ձեռնարկուած հերթական ներթափանցման փորձի ժամանակ Ատրպէյճանի զինուժի յատուկ ստորաբաժանումները դիակ թողեցին միջսահմանային գօտում, հապճԷպօրէն այն հանելու եւ դրա մասին տեղեկութիւն փակելու հնարաւորութիւն տուեցին հակառակորդին: Որեւէ մէկը կարո՞ղ է, ի վերջոյ, բացատրել, թէ ո՞ւր են կորչում շարունակաբար հակառակորդին ծանրագոյն, կործանիչ հարուածներ հասցնելու մասին յոխորտանքները, դրանք, ի վերջոյ, օ՞դ են, թէ՞ յստակ գործողութիւններ, որոնց արդիւնքը ոչ մի կերպ հասարակութիւնը չի տեսնում: Մի՞թէ զուտ լայնամասշտապ պատերազմից խուսափելու հրամայականն արդարացնում է օրական մէկ-երկու զոհ տալու գնով դիւերսիոն յարձակումներին դիմակայելու եւ դրանով դէմքին շնչող պատերազմի ուրուականը չնկատելու այս մարտավարութիւնը: Եթէ սա հիմնաւորուած է ու տրամաբանական, եթէ մարտավարութեան մաս է կազմում, ապա հասարակութեանը գոնէ որոշակի դրական իմպուլսներ պէտք է հաղորդել, որովհետեւ այս վիճակի շարունակումը կարող է խուճապային այնպիսի իրավիճակ ստեղծել, որ դրա դէմն առնելու քայլերը կարող են այլեւս ուշացած լինել:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles