Ի՞ՆՉ ԵՆ ՍՏԻՊՈՒՄ ԶԻՋԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

0 0
Read Time:3 Minute, 26 Second

p1 khemp  ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Մինսքի խումբի ամերիկացի համանախագահ Ճէյմս Ուորլիքի կողմից Մատրիտեան սկզբունքները յիշեցնելուց, աւելի ճիշտ՝ դրա լոյսի ներքոյ Հայաստանին Արցախի հարցում հաստատուած գոյավիճակը փոխելու պահանջ առաջադրելուց յետոյ ո՛չ համանախագահը, ո՛չ դեսպան Հեֆըրնը, ո՛չ էլ պաշտօնական Ուաշինկթընը որեւէ խօսք չասացին այն մասին, թէ, ի պատասխան հայկական կողմից տարածքներ յանձնելու հարցում ակնկալուող զիջումների, ի՞նչ է պարտաւոր անել կամ զիջել Ատրպէյճանը: Վերջին շրջանում ամերիկացի դիւնագէտների դրսեւորած վարքագիծը, յայտարարութիւններից փչող պարտաւորեցնող տօնը տպաւորութիւն են ստեղծում, թէ Արցախի խաղաղ կարգաւորման հեռանկարը, այսինքն՝ պատերազմի վերսկսումից խուսափելու միակ հնարաւորութիւնը կախուած է բացառապէս հայկական կողմի զիջումներից: Ամերիկեան այս դիւանագիտական արշաւին, Մինսքի Խումբի երեք համանախագահները, օգտագործելով Արցախեան հրադադարի հաստատման քսանամեակի առիթը, հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, որն, ըստ էութեան, Ուորլիքի ուղերձների կրկնութիւնն էր: “Կարգաւորումը պէտք է ընդգրկի տարրեր, որոնք պարունակւում են համանախագահ երկրների նախագահների 2009-2013 թուականների արուած յայտարարութիւններում, որոնք ընդգրկում են Արցախի շրջակայ տարածքների վերադարձը, Արցախի միջանկեալ կարգավիճակը, անվտանգութեան եւ ինքնորոշման երաշխիքներ, Հայաստանը Արցախին կապող միջանցք, ինչպէս նաեւ Արցախի վերջնական կարգավիճակի մասին որոշում, բոլոր ներքին տեղահանուածների եւ փախստականների վերադառնալու իրաւունք եւ անվտանգութեան միջազգային երաշխիքներ, այդ թւում՝ խաղաղապահ ուժեր: …Մենք կողմերին կոչ ենք անում կառուցողական, բարեխիղճ բանակցութիւններ վարել, որոնք խաղաղ համաձայնութեան կը յանգեցնեն‘ այդ տարրերի հիման վրայ հիմնախնդիրը կարգաւորելու նպատակով“, ասւում է համանախագահների համատեղ յայտարարութեան մէջ: Առանձին վերցրած՝ յայտարարութիւնը որեւէ արտառոց բան իրենից չի ներկայացնում: Նման գրութիւններ համանախագահները հրապարակում են տարին առնուազն 67 հատ: Բայց այս մէկը, Ուորիլիք յայտարարութիւնների եւ Միացեալ Նահանգների կողմից կարգաւորման գործընթացում նախաձեռնողականութիւնը խլելու յաւակնութիւննների գործընթացում, կարեւորութիւն է ստանում յատկապէս երեք պատճառով: Նախ‘ Մինսքի Խմբում Ռուսաստանի ներկայացուցիչը եւս ստորագրել է, ինչն առնուազն նշանակում է, որ Մոսկուան չի առարկում Միացեալ նահանգների կողմից բանակցութիւնները հունաւորելու յաւակնութեանը: Դա առաջին հայեացքից տարօրինակ է թւում, քանի որ, հանդէս գալով Արցախի հիմնահարցի կարգաւորման վերաբերեալ առանձին դիրքորոշմամբ, Ուաշինկթընն առաջին հերթին անուղղակի անվստահութիւն արտայայտեց հակամարտութիւնը խաղաղ կարգաւորելու հարցում Ռուսաստանի շահագրգռութեան նկատմամբ: Մոսկուան, փաստացի, չնկատելու է տալիս այս ակնարկը, ինչը նշանակում է, որ մի կողմից չի հաւատում, թէ Ուաշինկթընին կը յաջողուի բէկում մտցնել բանակցութիւններում, միւս կողմից‘ որ դրա արդիւնքում առկայ գոյավիճակը տարածաշրջանում կը փոխուի: Դրանով Մոսկուան փորձում է հասկացնել Ուաշինկթընին, թէ Հարաւային Կովկասում հողն իր ոտքերի տակից քաշելու գաղափարը դատապարտուած է ձախողման: Երկրորդ՝ հետաքրքրական է համանախագահների յայտարարութեան այն հատուածը, որտեղ նրանք կողմերին կոչ են անում բանակցութիւններ վարել նշուած տարրերի հիման վրայ հիմնախնդիրը կարգաւորելու եւ արդիւնքում խաղաղ համաձայնութեան յանգելու նպատակով: Ուշադրութիւն դարձնենք, որ խօսքը, ըստ էութեան, գնում է ոչ թէ այդ տարրերը համաձայնեցնելու, այլ դրանց հիման վրայ խաղաղութեան համաձայնագրի շուրջ բանակցութիւններ սկսելու մասին: Սա նշանակում է, որ, ըստ համանախագահների, կարգաւորման սկզբունքների համաձայնեցման փուլն աւարտուած է, եւ նրանք փորձում են սկսել յաջորդ‘ այդ տարրերը կենսագործելու մեքանիզմների, յաջորդականութեան եւ մանրամասների յստակեցման փուլը: Եթէ իսկապէս այդպէս է, ապա այն ամբողջութեամբ համապատասխանում է խաղաղութեան մեծ պայմանագրի համաձայնեցմանն անցնելու՝ Ատրպէյճանի պահանջին: Ի դէպ, օրեր առաջ Ճէյմս Ուորլիքի արած բացայայտումներիէ ողջ իմաստն իրականում եւս ուղղուած էր դրան: Չնայած այստեղ եւս տպաւորութիւն է ստեղծւում, թէ Մոսկուան եւս շահագրգռուած է բանակցութիւնների առարկան սկզբունքների համաձայնեցման հարթութիւնից պայմանագրի ձեւակերպման փուլ անցնելու հարցում, բայց սա կարող է խաբուսիկ տպաւորութիւն լինել: Բանն այն է, որ իրականում խնդիրը ոչ այնքան կարգաւորման հիմնարար մարիտեան սկզբունքների մէջ է, որոնց համաձայնութիւն են տուել Հայաստանի թէ՛ երկրորդ եւ թէ՛ երրորդ նախագահները, այլ դրանց կենսագործման մեխանիզմների ու մանրամասնութիւնների, որոնց շուրջ փոխըմբռնման հասնելը շատ աւելի բարդ է: Թերեւս դա է պատճառը, որ Ռուսաստանն այստեղ՝ կարգաւորման նկատմամբ վերահսկողութեան իմաստով իր համար առանձնապէս լուրջ վտանգ չի տեսնում: Բայց սա հայկական կողմի համար ունի չափազանց կարեւոր, ընդհուպ՝ ճակատագրական նշանակութիւն, որն առնչւում է յայտարարութեան կարեւորութեան երրորդ պատճառին: Բանն այն է, որ վերջնական համաձայնութիւնների հասնելու կոչը համանախագահները հնչեցնում են Հայաստանին եւ Ատրպէյճանին, ինչն առնուազն նշանակում է, որ, ըստ նրանց, Արցախի Հանրապետութիւնը նաեւ այդ փուլում հնարաւորութիւն չի ունենալու, որպէս կողմ, ներգրաւուել բանակցութիւններում: Ներկայիս Արցախի կարգավիճակը, անցած քսան տարիների արդիւնքում ծնուած նոր իրականութիւնը որեւէ արտացոլում բանակցութիւններում, ըստ համանախագահների, չպէտք է ունենայ: Փաստօրէն, Հայաստանից պահանջում են հակամարտութեան իրական կողմի՝ Արցախի փոխարէն որոշել ոչ միայն նրա տարածքների ճակատագիրը, այլեւ սեփական ձեռքերով ջրելէ 1991ի անկախութեան հանրաքուէի արդիւնքները: Եթէ Երեւանը համաձայնում է դրան, ապա հաստատում է, որ ագրեսոր է, եւ որ Արցախի հիմնահարցը ոչ թէ ինքնորոշման, այլ տարածքային վէճի նիւթ է: Խաղաղութեան վերջնական համաձայնագրի շուրջ բանակցութիւններին անցնելը գոյավիճակի փոփոխութեան չի յանգեցնում: Բայց առանց Արցախի՝ բանակցութիւնների մէջ ներգրաւուելու դրան անցնելը կը նշանակի պաշտօնականացնել Արցախի ինքնորոշման իրաւունքը Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան ապահովմանը ստորադասելու եւ դրա ներքոյ ճանաչելու՝ հայկական կողմին պարտադրուող լուծումը:

“Երկիր“

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles