ԲԱՐԻ ԵՂԷՔ` ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԻՑ ՀԵՌՈՒ ԽԱՂԱԼ

0 0
Read Time:3 Minute, 3 Second

dzarougian

ԷՏԻԿ ԱՆՏՐԷԱՍԵԱՆ
(յապաւումով)

Սպասելի էր, որ սահմանադրական բարեփոխումների հարցում Հ.Յ.Դաշնակցութեան դիրքորոշումը, վաղ թէ ուշ, հաւասարակշռութիւնից հանելու է եռեակին: Ամէն ինչ սկսուեց թեթեւ ճռուողիւնով, որն այս օրերին արդէն վերածուել է աղմուկի: Վաղը, միւս օրը սկսելու են իրենց ձախողումները բացատրել Դաշնակցութեան դիրքորոշմամբ եւ, Աստուած մեղք չհամարի, “դաւաճանութեամբ“:
Դրա համար էլ այսօրուանից պէտք է ասել նրանց` Դաշնակցութիւնից հեռու խաղացէք:
Մինչ եռեակից հնչող առանձին արտայայտութիւնների անդրադառնալը, հարկ ենք համարում նշել, որ եռեակ ձեւակերպումը խիստ յարաբերական ենք գործածում, քանզի “ժառանգութիւն“ը, ի պատիւ իրեն, տուտուկչիների այդ համերգին չի մասնակցում, ինչը շատ աւելի ցցուն է դարձնում այն, ինչ դուրս են տալիս “Քոնկրէս“-“Բարգաւաճ Հայաստան“ական լրատուամիջոցները:
Եռեակի` Հոկտեմբեր 10-ի հանրահաւաքում Լեւոն Տէր Պետրոսեանը երկու խօսքով ասաց, որ ինքը յարգանքով է վերաբերւում Դաշնակցութեան որոշմանը` մասնակցել սահմանադրական բարեփոխումների քննարկմանը:
Թւում էր` թեման սրանով փակուեց: Բայց, ինչպէս երեւում է, եռեակի գաղափարական վերնախաւի եւ եռեակին սպասարկող լրատուամիջոցների “Տը ֆաքթօ“ ղեկավարների միջեւ լուրջ խզում կայ, եւ ուղեղի ձախ կիսագունդը տեղեակ չէ, թէ ինչ է մտածում աջը: Վստահաբար, դա արդէն Դաշնակցութեան մեղքով չէ:
7or.am-ը գրում է. “առայժմ միայն Հ.Յ.Դ.-ի վերնախաւից են լսւում հիացական գնահատականներ սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալէ: Միտումն ակնյայտ է` ցանկանում են այդ կերպ միամիտ խալխին հասկացնել, թէ Հ.Յ.Դ. վերնախաւն ու շարքերը այլ մօտեցում ունեն սահմանադրական բարեփոխումների վերաբերեալ: Միտումից զատ, երեւում է նաեւ Դաշնակցութեան մասին տարրական պատկերացումներ չունենալը: Հ.Յ.Դ. շարքերի համար շատ հետաքրքիր է, թէ ինչո՞ւ է եռեակը դէմ սահմանադրական բարեփոխումներին, եթէ յայտարարում է համակարգային փոփոխութիւններ անելու` իր ցանկութեան մասին: Ասում են` մենք որ գանք իշխանութեան, համակարգը կը փոխենք: Տօ լաւ է… Նոյն 7or.am-ը գրում է. “Սարգսեանը շատ լաւ հասկանում է Հ.Յ.Դ. վերնախաւի հետ հեռուն չես գնա“: Էլի` վերնախաւ: Սա արդէն հիւանդութեան ախտանշան է: Բայց այստեղ յատկանշական մէկ այլ բան կայ: Բանն այն է, որ Սերժ Սարգսեանը շատ աւելի հեռուն կարող է գնալ սահմանադրական բարեփոխումների հանդէպ իր դիրքորոշումը պաշտպանող “Քոնկրէս“ի եւ “Բարգաւաճ Հայաստան“-ի հետ:
Իրականում Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւն-“Քոնկրէս“-“Բարգաւաճ Հայաստան“ եռեակն է, որ դէմ է կառավարման խորհրդարանական կարգին եւ ոչ թէ Հ.Յ.Դ.-ն կամ Հ.Յ.Դ. վերնախաւը, ինչպէս իրենք են ասում: Ու եթէ սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական կուսակցութիւնների կոնսոլիդացիայ չառաջանայ, հէնց այդ երեքն են լինելու հիմնական մեղաւորները: Սահմանադրական բարեփոխումների տապալումը հաւասարազօր է լինելու համակարգային փոփոխութիւններից հրաժարուելուն եւ երկիրը յետամնացութեան, ֆէօտալական հասարակական յարաբերութիւնների գրկում թաղելուն:
Աւելի լաւ յաճախորդութիւն Սերժ Սարգսեանին չէր էլ կարելի երեւակայել: Ամէն քաղաքական ուժ ինքն է որոշում իր անելիքը, ազատ է ինքնուրոյն որոշումներ կայացնել: Պէտք է սովորել յարգանքով վերաբերուել դրանց: Օրինակ` մենք յարգանքով ենք վերաբերւում այն քաղաքական ուժին, որը հարթակներից յայտարարում է. “Սերժ Սարգսեանը պէտք է հեռանայ“: Մենք նոյնիսկ այդ միտքը հնչեցնող կուսակցութեան խորամանկութեանն ենք յարգանքով վերաբերւում: Այն, ինչ բնական է, բնական է, իհարկէ, Սերժ Սարգսեանը պէտք է հեռանայ, բա հոյ չի մնալու: Մինչեւ հիմա ո՞վ է մնացել, որ Սերժ Սարգսեանը մնայ: Բայց, նման բան յայտարարողի հանդէպ մեր յարգանքով հանդերձ, մենք նաեւ հասկանում ենք, որ չի կարելի այսքան լղոզուած լինել ու մի բան էլ ուրիշին մեղադրել հարթակային այդ մեյմունութեանը չմասնակցելու մէջ:
Ուստի առանձին կուսակցութիւնների վերնախաւից կտրուած լրագրական շարքերին խորհուրդ կը տայինք աւելի շատ մտածել իրենց ու իրենց վերնախաւի կտրուածութեան մասին: Որպէսզի 7or.am-ի մեր գործընկերները յետագայում էլ անիմաստ ջանք չթափեն Հ.Յ.Դ. “վերնախաւի“ եւ շարքերի կտրուածութեան մասին յիմարութիւններ հնչեցնելու ուղղութեամբ, ասենք նրանց, որ բաւականին դժուար է Դաշնակցութեան կառոյցը ընկալել, մանաւանդ` եթէ այն պատկերացնում ես, օրինակ, “Բարգաւաճ Հայաստան“-ի ձեւով: Դրանք այնքան տարբեր են իրարից, որ էլ չասելու:
Ես ընդամէնը մէկ տարբերութիւն կ’ասեմ, իսկ դուք արէք ձեր հետեւութիւնները: Հ.Յ.Դ.-ում “վերնախաւ“ (մարմիններ) են ընտրում շարքերը, իսկ “Բարգաւաճ Հայաստան“-ում` շարքերն են ընտրւում “վերնախաւ“ի կողմից: Ես չեմ համարձակուի ասել` որն է լաւ, որը` վատ, բայց յայտնի բան է` երբ ասում ես կուսակցութիւն, պէտք է հասկանաս` կուսակցութիւն եւ ոչ թէ անձ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles