
Արագածոտնի մարզի Ուշի գիւղի դպրոցի հետ իմ կապերն աւելի քան ջերմ են. Ն. Աղբալեանի անուան կրթօճախի գրադարանը կրում է Համաստեղի անունը (յաւելենք` հանդիսութիւնների սրահը Լ. Շանթի անունով են կոչել):
Ուշի աւելի յաճախ գնում եմ Համաստեղին նուիրուած միջոցառումներին մասնակցելու, չնայած չեմ խուսափում նաեւ միւս հրաւէրներից: Խոստովանեմ` Երեւան-Ուշի ճանապարհն առաւել հաճելի է անցնել գարնանն ու աշնանը, երբ գոյների խաղից աչքդ, հոգիդ լիանում են, լցւում խնդութեամբ:
Լինել Ուշիում, նշանակում է կամայ թէ ակամայ դառնալ Շարապխանեան ամուսինների հիւրը. Գանատայից Ուշի տեղափոխուած այս մարդիկ սիրով հիւրընկալում են դպրոցի հիւրերին, խօսում գիւղի ու գիւղացիների հոգսերից, պատմում իրենց հերթական անելիքների մասին: Մէ՛կ դպրոցի բակն են ցանկապատում, մէ՛կ նորոգման աշխատանքներ են սկսել, մէ՛կ ծրագրել են նորոգել մշակոյթի տունը… Գիւղի կարիքները շատ են, ուրեմն` անելիքներ շատ կան:
Տարիներ առաջ, Շարապխանեանների հիւրասենեակում նստած, զրուցում էինք ու նայում հեռուից երեւացող վանական համալիրին: Առաջին անգամ երբ խօսեցի համալիրը վերականգնելու եւ դէպի եկեղեցի տանող ճանապարհը նորոգելու համար հիմնադրամ ստեղծելու հնարաւորութեան մասին, թուաց` հէքիաթ է: Քննարկեցինք, վիճեցինք, մի քիչ էլ նեղսրտեցինք, որ հարկաւոր միջոցները չունենք, բարձրացանք բլուրը, Ս. Սարգիս եկեղեցում մոմ վառեցինք, դիտեցինք պեղումների հսկայ տարածքն ու գլխիկոր լքեցինք եկեղեցին: Ծանր զգացում ունէինք. կարծես մենակ էինք թողել ծանր հիւանդ հարազատի: Ս. Սարգիսի տօնին եկեղեցում Պատարագ էինք մատուցում, աղօթում ու երազում ինչ-որ բան անել մեր անհնարին թուացող ծրագրերն իրագործելու հնարաւորութիւնների մասին: Անցան տարիներ…
Ամիսներ առաջ ընկերներիցս մէկը` Հ.Հ. Գ.Ա.Ա. հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի աշխատակից Սարգսեան Համլետը ծանօթացրեց տիկին Ֆրինա Բաբայեանի հետ, որին գիտէի որպէս Ուշիի Ս. Սարգիս եկեղեցուն նուիրուած գրքոյկի հեղինակի:
Ծնուեց մի լաւ բարեկամութիւն, եւ մեր զրոյցների հիմնական թեման դարձաւ Ս. Սարգիս եկեղեցին: Տիկին Ֆրինան անթաքոյց հրճուանքով էր դիտում եկեղեցու վերանորոգման ճարտարապետական նախագծերը (հեղինակներ` ճարտարապետներ Գրիգոր եւ Կորիւն Ղաֆադարեաններ) ու պատմում երեք տարի շարունակ կատարած պեղումների մասին, որոնց ընթացքում պարզապէս դարձել է գիւղի բնակիչ. բոլորին ճանաչում է, բոլորին բարեւում է ու երկար զրուցում:
Ծնուեցին նոր ծրագրեր, գործին աջակցեցին Ուշիի գիւղապետ Համլետ Աթոյեանը, դպրոցի ուսուցչական անձնակազմը, ու կատարուեց անհնարին թուացողը` Նոյեմբերի 13-ին Ուշիում տեղի ունեցաւ գիտաժողով` նուիրուած հայ տպագրութեան 500-ամեակին եւ Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրին: Հ.Հ. Գ.Ա.Ա. հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտը, Ե.Պ.Հ. Հայ եկեղեցու պատմութեան եւ եկեղեցաբանութեան ամպիոնը, Հ.Հ. Մշակոյթի նախարարութեան “Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն“ ՊՈԱԿ-ը համատեղեցին իրենց ջանքերը` յանուն այս բացառիկ գիտաժողովի:
Գիտաժողովի մասնակիցները եղան պեղումների վայրում, լսեցին տիկին Ֆրինայի մեկնութիւնները եւ հաւաքուեցին դպրոցի հանդիսութիւնների սրահում: Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տէր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշեանի օրհնութեան խօսքով սկսուեցին գիտաժողովի աշխատանքները: Ողջոյնի խօսքով հանդէս եկան Հ.Հ. Գ.Ա.Ա. հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի տնօրէն, պատմ. գիտ. թեկնածու Պ. Աւետիսեանը, Հ.Հ. մշակոյթի նախարարութեան “Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութան ծառայութիւն“ ՊՈԱԿ-ի տնօրէն Վլ. Պօղոսեանը:
Հետաքրքիր, գիտական բանավէճի ու մտորումների տեղիք տուող զեկուցումները լսուեցին, քննարկուեցին աշխատանքային, համագործակցութեան ջերմ մթնոլորտում: Պ.գ.թ. Ֆրինա Բաբայեանի, պ.գ.դ. Աշոտ Փիլիպոսեանի, պ.գ.թ. Համլետ Սարգսեանի, պ.գ.դ. Սամուէլ Մկրտչեանի, պ.գ.թ. Աշոտ Մանուչարեանի, պ.գ.դ. Արծրուն Սահակեանի, Լիլիթ Սիմոնեանի, զեկուցումների նիւթը ոչ միայն վանական համալիրին ու Սուրբ Սարգիսի տօնին առնչուող ազգագրական, պատմական ու բանահիւսական նիւթերն էին, Ոսկան Երեւանցու գործունէութիւնը, երջանկայիշատակ Շահէ Աճէմեանի հովանաւորութեամբ կատարուած պեղումները, այլեւ պեղուած նիւթերը յաւուր պատշաճի ներկայացնելու ան-հրաժեշտութիւնը, Ուշիում Ս. Սարգիսի տօնակատարութեան կազմակերպման ծրագրերը, դէպի եկեղեցի տանող ճանապարհի նորոգման, համալիրի վերականգման հնարաւոր միջոցների որոնումը: Դժուար չէ պատկերացնել, թէ զբօսաշրջութեան ինչ հիանալի հնարաւորութիւններ կարող է ընձեռել այս համալիրը համապատասխան նախապատրաստական աշխատանքներ կատարելու դէպքում:
Ուշիի Ս. Սարգիս եկեղեցին ու վանական համալիրն ուղղակիօրէն առնչւում են մի քանի պայծառ անունների հետ` Մեսրոպ Մաշտոց, Ոսկան Երեւանցի, որոնց կողքին պատուով կանգնած են Ն. Աղբալեանի, Համաստեղի, Լ. Շանթի անունները: Մեր օրերում յաճախ ենք շփոթում իսկական մտաւորականին ու պարզապէս բարձրագոյն կրթութեան վկայական ունեցող մարդկանց, բայց կեանքը յստակ տարբերակում է մէկը միւսից: Համոզուած եմ` ամէն տարի մի քանի անգամ եկեղեցում Պատարագ մատուցող հոգեւոր հայրերը, հողի տիրոջ պատասխանատուութեամբ ապրող ու արարող ամէն մի ուշեցի իսկապէս մտաւորական է. նրանք տէր են հողի, երկրի, պատմութեան ու պատրաստ են ամէն տեսակ գիտակցուած զոհաբերութեան` յանուն նրա, որ Ուշին վաղը լինի աւելի շքեղ, աւելի հմայիչ, իսկ դէպի վանական համալիր տանող ճանապարհը քիչ-քիչ մօտեցնի վերանորոգուած վանական համալիրին:
Հաւատում եմ եւ մաղթում, որ երազանք թուացող այս ծրագիրը շուտով իրագործուի: Վկան` գիտաժողովի հաւաքուած մարդիկ էին, որոնց աղօթքի, համատեղ ջանքի շնորհիւ հնարաւոր է շատ ծրագրեր կեանքի կոչել: