
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Նիւ Եորք
Լուսանկարները` հեղինակի
Մասնաւոր այցով Նիւ Եորքում գտնուելով, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ը, Նոյեմբեր 8-ին, Ա.Մ.Ն.-ի Արեւելեան թեմի Առաջնորդ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանի հետ, հանդիպեցաւ Նիւ Ճըրզիի Յովնանեան եւ Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց քոյր վարժարանի սաների հետ: Վեհափառ Հայրապետին աշակերտները դիմաւորեցին աղ ու հացով: Հանդիսաւոր ցերեկոյթը բացեց Յովնանեան վարժարանի տնօրէնուհի Շաքէ Թաշճեանը: Շնորհակալական խօսք ասաց նաեւ Սրբոց Նահատակաց վարժարանի տնօրէնուհի Սեդա Դաւթեան-Մկրեանը: Հիւրերին ողջունեց նաեւ Յովնանեան վարժարանի հոգաբարձուների խորհրդի ատենապետ` Նազար Ալթունը:
Այնուհետեւ ներկայացուեց գեղարուեստական յայտագիր, որտեղ երկու վարժարանի սաները արատասանեցին հայ գրողների բանաստեղծութիւններ, կատարեցին խմբակային երգեր: «Մեր բոլորի համար օրհնութիւն է , ուրախութիւն է վայելել Վեհափառի ներկայութունը այստեղ: Եւ ես կ՚աղօթեմ, որ դուք բոլորդ ալ առիթ ունենաք երթաք Հայաստան, այցելէք Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:…Ահաւասիկ մենք ուրախ ենք, բախտաւոր ենք , որ այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածինէն,Վեհափառ Հայրապետը եկած է ձեզ օրհնելու, որի համար մեր խորին շնորհակալութիւնը կը յայտնենք», յայտնեց Առաջնորդ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը իր օրհնութեան խօսքն ու պատգամը փոխանցեց բոլորին.- «Սիրելիներ, մենք մասնաւոր այցով ենք եկել Միացեալ Նահանգներ` Նիւ Եորքում գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով անցկացնելու: Այդ միջոցառումների շարքին ներկայացուեց նաեւ մեր այցը Յովնանեան վարժարան: Ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, որ առիթ ունեմ իմ սէրն ու օրհնութիւնը բերելու ձեզ ամէնքին:
Այս հաստատութիւնը լեցուն է մեր սրբազան հայրերի օրհնութեամբ: Այստեղ ձեզ հետ խօսում եւ օրհնում է Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթեւը, Վարդան Զօրավարը, Անդրանիկը: Այստեղ բիւրն է մեր մեծերի, ովքեր կերտել են մեր ժողովրդի փառքը, ովքեր կերտել են գանձարանը մեր մշակոյթի : Իրապէս մեծ պատիւ է, որ դուք այս հաստատութեան մէջ էք սովորում: Միայն այստեղ դուք կարող էք ճանաչել ձեր երկիրը, ձեր Հայրենիքը` Հայաստան դրախտավայրը: Ու այսօր մենք հպարտութեամբ լծուած ենք վերստին մեր կեանքի շինութեան գործին, ինչպէս Սփիւռքում, մեր Հայրենիքում եւ Արցախում: Մենք դիմագրաւելով բոլոր դժուարութիւնները, կերտում ենք մեր Հայրենիքը», ըսաւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ը :