Յօդուածներ

Արցախի Ժողովուրդը Չի Կարող Ընդունել Մի Թեզ, Որ Մերժում Է Իր Գոյութիւնը

«Ապառաժ»
Խմբագրական

Արցախեան շարժումը հայ ժողովրդի նորագոյն պատմութեան յաղթական էջերից է: Այն միայն տարածքային պայքար չէր, այլ` ինքնութեան, արժանապատուութեան եւ պատմական արդարութեան վերականգնման վճռական քայլ:

Շարժումը ձեւաւորեց մի սերունդ, որը հաւատում էր, որ սեփական ճակատագիրը կարելի է կերտել միասնական կամքով եւ ազգային նպատակների շուրջ համախմբմամբ:

Սակայն այսօր, երբ Հ.Հ. իշխանութիւնների կողմից հնչում են հրաժարման, զիջման եւ «փակուած էջեր»-ի մասին յայտարարութիւններ, առաջանում է պայքար` անցեալի եւ ներկայի միջեւ: Իշխանութիւնը փաստացի հրաժարւում է Արցախից` ներկայացնելով դա որպէս անխուսափելիութիւն կամ «խաղաղութեան գին»:

Առաւել մտահոգիչ է այն հանգամանքը, որ յաճախ խուսափում են Արցախի ժողովրդի հետ ուղիղ առերեսումից: Արցախցիների ձայնը, նրանց ապրումները եւ պահանջները մղւում են երկրորդ գիծ: Սա ոչ միայն քաղաքական սխալ է, այլ նաեւ բարոյական խնդիր. պետութիւնը չի կարող անտեսել այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ եղել են նոյն պայքարի առաջնագծում, ովքեր նուիրուել, զոհել են իրենց կեանքը յանուն Արցախի ազատագրութեան: Եւ հէնց դա էր արցախցի կնոջ պոռթկման պատճառը, ինչը բազմաթիւ արցախցիների սրտից էր բխում:

Արցախեան շարժումը չի կարող վերացուել որեւէ քաղաքական յայտարարութեամբ: Այն շարունակում է մնալ հայ ժողովրդի ինքնութեան կարեւոր յենասիւներից մէկը: Իսկ իւրաքանչիւր փորձ այն ներկայացնելու որպէս անցեալում մնացած «սխալ» կամ «բեռ»` դատապարտուած է դիմադրութեան:

Advertisement Subscribe Today

Խաղաղութիւնը չի կարող լինել պարտադրուած: Այն չի կարող կառուցուել կորստի, անվտանգութեան բացակայութեան եւ ինքնութեան ուրացման հաշուին: Այն առաջին հերթին պէտք է ապահովի անվտանգութիւն, արժանապատիւ կեանք եւ սեփական հայրենիքում ապրելու իրական հնարաւորութիւն: Հետեւաբար, Արցախի ցեղային զտման ենթարկուած ժողովուրդը չի կարող ընդունել մի թեզ, որ մերժում է իր գոյութիւնը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button