Հ.Հ. նախագահ Արմէն Սարգսեան Հրաժարեցաւ
ԵՐԵՒԱՆ.- Կիրակի, Յունուար 23-ի թուակիր յայտարարութեամբ մը, Հ.Հ. նախագահ Արմէն Սարգսեան ներկայացուց իր հրաժարականը: Ստորեւ, նախագահի պաշտօնական կայքին մէջ տեղադրուած յայտարարութիւնը.-
1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխութիւնների հետեւանքով մեր ժողովրդին մեծագոյն հնարաւորութիւն ընձեռուեց ստեղծել իր անկախ պետութիւնը: Մեր առաքելութիւնը ոչ թէ մի դրօշը մէկ ուրիշով փոխարինելն էր, այլ` կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կ՛ապահովի հայերի անվտանգութիւնը, առաջընթացը եւ բարգաւաճումը:
Ընդգծում եմ` անկախ պետութեան գոյութեան հիմնական իմաստը պատասխանատուութիւն ստանձնելու ու կրելու կարողութիւնն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպէս մէկ միասնական մարմին, սեփական յաղթանակներ կերտողը եւ սեփական պարտութիւնների մեղաւորը:
Նման պատմական հնարաւորութեամբ ոգեւորուած` ես, ինչպէս եւ իմ շատ հայրենակիցներ, նուիրուեցի այդ առաքելութեանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցութեան ակտիւութիւնը փոխւում էր, բայց ես չէի դադարում հաւատալ մեր վերջնական համազգային յաջողութեանը: Եւ հէնց դա էր Հայաստանի նախագահի պաշտօնը զբաղեցնելու առաջարկութեանը համաձայնելու իմ գլխաւոր շարժառիթը:
Ընդունելով այդ կարեւոր որոշումը` ես ելնում էի ինձ արուած առաջարկութիւնից, ըստ որի` նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ եւ հնարաւորութիւններ` ազդելու արտաքին քաղաքական եւ տնտեսական, ներդրումային քաղաքականութեան վրայ, Սփիւռքի հետ յարաբերութիւնների վրայ, ինչպէս նաեւ միջազգային ասպարէզում համազգային շահերն առաջ մղելու եւ նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձեւաւորելու համար:
Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018-ի Ապրիլ-Մմայիսեան իրադարձութիւնները…
Կարող է հարց ծագել` ինչու՞ ես հրաժարական չտուեցի այդ պահին: Պատասխանն ակնյայտ է` այն պատասխանատուութեան պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրայ` ստանձնելով Հանրապետութեան նախագահի պաշտօնը: Ես պարտաւոր էի անել ինձնից կախուած ամէն ինչ` բացառելու ներքին պառակտման յետագայ խորացումը, հնարաւոր բախումները, որոնք կարող էին յանգեցնել չափազանց բացասական հետեւանքների: Ես նաեւ ձգտում էի իմ երկարամեայ աշխատանքի շնորհիւ ձեռք բերած հեղինակութիւնը, կապերը եւ իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ եւ կայուն պետականութեան կառուցմանը:
Կրկին կարող է հարց առաջանալ, թէ ինչու՞ Նախագահը չկարողացաւ ազդել այն քաղաքական իրադարձութիւնների վրայ, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնյայտ է` համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտօնեայի օժտում է բացառապէս մէկ փաստաթուղթ` Սահմանադրութիւնը: Հէնց գործող Հիմնական օրէնքի մէջ են թաքնուած մեր որոշ կարեւոր խնդիրների արմատները:
Մենք ունենք փարատոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպուած է պետականութեան երաշխաւոր լինել` փաստացի չունենալով որեւէ իրական գործիք: Սահմանադրութիւնը նաեւ ենթադրում է մէկ ինստիտուտի գերակայութիւն միւսի նկատմամբ, Սփիւռքի յայտնի մասնագէտների համար ստեղծում է խոչընդոտներ` պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, եւ այլն:
Մենք խորհրդարանական հանրապետութիւն ենք ձեւով, բայց ոչ բովանդակութեամբ: Իմ առաջարկութեան իմաստը եւ նպատակը եղել է ոչ թէ կառավարման մի ձեւից միւսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ` զսպումների եւ հակակշիռների վրայ հիմնուած պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժուար է խօսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի եւ յաջողութեան հնարաւոր է հասնել միայն կանխատեսելի եւ ներդաշնակ համակարգի պայմաններում:
Ուրախ եմ, որ ստեղծուել է սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողով, ինչի համար շնորհակալութիւն եմ յայտնում կառավարութեանը: Ես յոյս ունեմ, որ, ի վերջոյ, սահմանադրական փոփոխութիւնները տեղի կ’ունենան, եւ յաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կը կարողանան աշխատել աւելի հաւասարակշռուած եւ համակարգուած միջավայրում:
Մենք ապրում ենք իւրատեսակ իրականութեան մէջ, իրականութիւն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին եւ խաղաղութեանը վերաբերող հարցերի վրայ:
Իրականութիւն, երբ նա չի կարող վեթօ կիրառել այն օրէնքների վրայ, որոնք համարում է պետութեան եւ ժողովրդի համար ոչ նպատակայարմար:
Իրականութիւն, երբ Նախագահի հնարաւորութիւններն ընկալւում են ոչ թէ որպէս առաւելութիւն պետութեան համար, այլ` տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկւում են որպէս իրենց սպառնացող վտանգ:
Իրականութիւն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Իրականութիւն, որտեղ աշխարհը գտնւում է մշտական տուրբուլենտութեան գօտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի` օգնելու իր երկրին:
Իրականութիւն, որտեղ պետութեան գլուխը եւ երբեմն նաեւ նրա ընտանիքը թիրախաւորւում են տարբեր քաղաքական խմբաւորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրուած չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացուած ձեռքբերումներով, որքան իմ անցեալով, դաւադրութեան զանազան տեսութիւններով ու միֆերով: Իմ անձի հանդէպ այդ «մտահոգուածութիւնը» դուրս է գալիս նաեւ բարոյականութեան սահմաններից` վերջնական արդիւնքում ուղղակիօրէն բացասաբար ազդելով առողջութեան վրայ:
Ես շատ երկար եմ մտածել եւ որոշել եմ մօտ չորս տարի ակտիւ աշխատելուց յետոյ հրաժարական տալ Հանրապետութեան նախագահի պաշտօնից:
Այդ որոշումը բացարձակապէս էմոցիոնալ չէ եւ բխում է որոշակի տրամաբանութիւնից:
Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի եւ ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին եւ արտաքին քաղաքականութեան արմատական գործընթացների վրայ:
Մեր պետութեան համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնութիւն, նախագահական ինստիտուտը չպէտք է դառնայ բամբասանքների ու դաւադրութեան տեսութիւնների թիրախ` դրանով իսկ շեղելով հասարակութեան ուշադրութիւնը կարեւորագոյն խնդիրներից:
Այսօր, ինչպէս երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածուած,կշռադատուած եւ բովանդակալից գործողութիւններ: Այլապէս մենք` ողջ աշխարհի հայութիւնը, չենք հասնի մեր առաքելութեան նպատակին եւ կը յայտնուենք պատմութեան լուսանցքում:
Մենք այլեւս սխալուելու իրաւունք չունենք:
Վերջում ցանկանում եմ առանձնակի երախտագիտութիւն յայտնել մեր քաղաքացիներին եւ Սփիւռքի մեր հայրենակիցներին` երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամութիւն, տոկունութիւն, համբերատարութիւն եւ արիութիւն ցուցաբերելու համար:
Առանձնայատուկ շնորհակալութիւն մեր քաջարի բանակի զինուորներին եւ սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կեանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին:
Շնորհակալ եմ նաեւ Հանրապետութեան նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին եւ պետական կառոյցների իմ գործընկերներին` համատեղ արդիւնաւէտ աշխատանքի համար:

