Յօդուածներ

Միջազգային Իրաւունք․ Երբ Արժէքները Դառնում Են Ընտրովի

 

«Ապառաժ» – Խմբագրական

13 Յուլիս, 2026

Իրենց ժողովրդավար հռչակած պետութիւններն այսօր խօսում են ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների, օրէնքի գերակայութեան և համամարդկային արժէքների մասին։ Սակայն ներկա իրողութիւնները վկայում են, որ այդ արժէքները գործնականում պաշտպանւում են այնքան ժամանակ, քանի դեռ չեն բախւում քաղաքական, տնտեսական կամ աշխարհաքաղաքական շահերին։

Արցախի կորուստը դարձաւ դրա ամենացաւալի օրինակներից մէկը։ Տարիներ շարունակ Արցախի ժողովուրդը միջազգային հանրութեանը փորձում էր հասցնել իր հիմնարար պահանջը՝ ճանաչել իր պատմական հայրենիքում ապրելու, սեփական ինքնութիւնը պահպանելու և անվտանգ գոյութիւն ունենալու իրաւունքը։ Բազմաթիւ միջազգային կառոյցներ այս ամէնի մասին իրազեկուած էին, այցելութիւններ ունէին Արցախ, իրենց աչքով էին տեսնում։

Սակայն, երբ Արցախը ամիսներ շարունակ շրջափակուած էր, երբ հազարաւոր մարդիկ զրկուած էին սննդից, դեղորայքից և տարրական կենսապայմաններից, մարդու իրաւունքների ու ժողովրդավարութեան մասին բարձրաձայնող միջազգային կեդրոնները սահմանափակուեցին յայտարարություններով, աչք փակեցին սովի ու էթնիք զտման ենթարկուած ժողովրդի ճակատագրին։

Advertisement Subscribe Today

Այսօր Արցախում ոչնչացւում է ամենահին քրիստոնեայ ազգի մշակոյթը, Պաքուի բանտում մեր հայրենակիցները պայքարում են՝ դեռ պահպանելով հաւատը միջազգային իրաւունքի և արդարադատութեան նկատմամբ։ Սակայն կրկին անտարբերութութիւն և գործնական ոչ մի քայլ։

Լուռ է նաև այդ պահանջների իրաւատեր կողմը․ այսօր հարց է․ ո՞վ է միջազգային հարթակներում հետևողականօրէն պաշտպանելու Արցախի ժողովրդի իրաւունքները։ Հայաստանի ներկայ իշխանութիւնը հրաժարւում է ստանձնել այդ պարտաւորութիւնը, փակելով Արցախի էջը, մինչդեռ միջազգային իրաւունքը միայն այն դէպքում կարող է արդիւնաւէետ գործել, երբ դրա պահանջատէրը նաև պետութիւնն է։

Պէտք է փաստենք, որ տեղահանութիւնը չի վերացնում Արցախի ժողովրդի իրենց հայրենիքի, ինքնութեան, մշակութային ժառանգութեան, սեփականութեան, անվտանգութեան և հաւաքական վերադարձի հետ կապուած իրաւունքները։ Այդ իրաւունքները շարունակում են գոյութիւն ունենալ անկախ քաղաքական զարգացումներից։

Այս պայքարի նպատակը ոչ միայն պատմական արդարութեան վերականգնումն է, այլև միջազգային իրաւունքի այն հիմնարար սկզբունքների պաշտպանութիւնը, որոնք կոչուած են կանխելու ուժի կիրառմամբ ժողովուրդների իրաւունքների ոտնահարումը։ Եթէ աշխարհը համակերպուի այն մտքի հետ, որ էթնիք զտման և բռնի տեղահանութեան հետևանքները կարող են ընդունուել որպես անշրջելի իրողութիւն, ապա վտանգի տակ կը յայտնուեն նոյն այն արժէքները, որոնց մասին այսօր այդքան հաճախ խօսում են միջազգային հարթակներում։

Արցախի հարցը, հետևաբար, չի կարող համարուել փակ, քանի դեռ չեն ապահովուել արցախահայութեան հիմնարար իրաւունքները, չի տրուել արդար և իրաւական գնահատական տեղի ունեցած իրադարձութիւններին, և պատասխանատւութեան չեն ենթարկուել մարդու իրաւունքների կոպիտ խախտումների մեղաւորները։

Պայքարը շարունակւում է, քանի դեռ կայ ժողովուրդ, որը յիշում է իր Հայրենիքը, պահպանում է իր ինքնութիւնը և շարունակում է պահանջել արդարութիւն՝ հիմնուելով իրաւունքի վրայ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button