Հ.Յ.Դ. Բիւրոյի Յայտարարութիւնը՝ Գարեգին Բ. Կաթողիկոսին Դէմ Յարուցուած Գործին Առիթով

Սիրելի՛ հայրենակիցներ,
Առերեսւում ենք հայ ժողովրդի պատմութեան ամենաանպատուաբեր, պատմական նախադէպը չունեցող փաստին: Վարչախմբի կողմից Հայ առաքելական Սուրբ եկեղեցուոյ ծրագրաւորուած թիրախաւորումն ու հալածանքները հատել են բոլոր կարմիր գծերը: Ապօրինաբար յարուցուած քրէական վարոյթի շրջանակներում դատական գործընթաց է յարուցուել Ամենայն Հայոց վեհափառ հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.-ի եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների դէմ:
Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դարեր շարունակ եղել եւ մնում է հայ ժողովրդի հոգեւոր, ազգային եւ մշակութային ինքնութեան անսասան յենասիւնը, որն առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձութիւնների միջով, պահպանել է մեր Սուրբ հաւատքը, ազգային ինքնութիւնը, լեզուն եւ դարաւոր արժէքները:
Եկեղեցու հեղինակութեան եւ նրա հոգեւոր առաքելութեան դէմ ուղղուած Հ.Հ. իշխանութիւնների գործողութիւնները հակասահմանադրական են եւ հակազգային: Այսպիսով հիմնովին խարխլւում է պետութիւն-Եկեղեցի յարաբերութիւնների տարանջատման սահմանադրական սկզբունքը, ոտնահարւում հազարաւոր հաւատացեալների խղճի ազատութեան իրաւունքն ու հոգեւոր արժանապատուութիւնը, խորանում հանրային պառակտուածութիւնը, թուլանում մեր ինքնութեան հիմքերն ու նոր ցնցումների ենթարկւում պետական ու հասարակական կեանքը:
Որպէս Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հաւատաւոր զաւակներ` դատապարտում ենք իշխանութիւնների որդեգրած հակաօրինական գործողութիւնները, անսակարկ վստահութեամբ վերահաստատում ենք մեր լիակատար աջակցութիւնը Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ Ամենայն հայոց վեհափառ հայրապետին:
Կոչ ենք անում դատաիրաւապահ համակարգին` մնալ սահմանադրականութեան եւ Հ.Հ. օրէնքների շրջանակներում եւ չտրուել քաղաքական խարդաւանքների պարտադրանքին: Թեմերի կառավարման եւ առհասարակ կանոնական իրաւունքի ու ներքին ընթացակարգերի հետ կապուած հարցերը գտնւում են բացառապէս Եկեղեցու իրաւասութեան տիրոյթում, եւ ցանկացած միջամտութիւն անթոյլատրելի է:
Կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին` ազգային գիտակցութեամբ ու համերաշխութեան սկզբունքներով առաջնորդուելով, պահպանել ազգային միասնութիւնը, համախմբուել Հայ առաքելական Սուրբ եկեղեցու, նրա հոգեւոր առաքելութեան եւ Ամենայն հայոց վեհափառ հայրապետի շուրջ:
Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
7 Օգոստոս 2026

