ՅԱՂԱԳՍ ZOOM-Ի ԵՒ ՈՐ WiFi-Ը ՉԷՐ ԱՇԽԱՏՈՒՄ…

0 0
Read Time:7 Minute, 20 Second

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ

Հոկտեմբեր 2022 

2020 թուական: Փետրուար ամիս: Դպրոցներում ահազանգուեց համավարակի բօթը: Աշակերտները, ուսուցիչները, դպրոցական ողջ անձնակազմը տուն ուղարկուեցին: Դպրոցի թափուր միջոցում ուրուականի նման վերջին անգամ շրջապտոյտ կատարեց COVID-19-ի բօթաբեր շունչը եւ փակուեցին դասարանների դռներն ու դպրոցի գլխաւոր մուտքը: Տիրեց համաճարակային ամայութիւն:

* * *

Տասնմէկերորդ դասարանի աշակերտ Յարութը անցեալ շաբաթ համադասարանցիների հետ մասնակցել էր Zoom-ով դասարանային պարապմունքներին հետեւելու հանդիպմանը, որը կազմակերուել էր դպրոցի կողմից՝ համաճարակի ընթացքում հեռակայ կարգով ուսուցչին միանալու  եւ Zoom-ային դասարան ունենալու  ուղղութիւններին ծանօթանալու համար:

Հանդիպման ընթացքում Յարութը ակամայից տարօրինակ ուրախութիւն եւ բաւականութիւն ապրեց: «Ինչպէ՞ս թէ հեռակայ կարգով ուսուցիչներին միանալու եւ դասին հետեւելու հնարք է դա»,- մտածեց նա: «Դասարանում շատ յաճախ հազիւ թէ լսում եմ ուսուցչին, հիմա, որ հեռուից հեռու, այն էլ համացանցով ու Zoom-ով պիտի մտիկ անեմ իրեն, ի՞նչ է ստացուելու»,- ինքն իր մէջ խնդաց Յարութիկն ու խորամանկատիպ հայեացք նետեց իր միւս դասընկեր-դասընկերուհիներին: Նրանք էլ նոյն հայեացքներով կամացուկ նայեցին միմեանց ու լուռ հեռացան հանդիպումից:

Երկուշաբթի առաւօտեան ուշացումով արթնացաւ Յարութը եւ չկամութեամբ բացեց համակարգիչն ու Zoom-ով միացաւ դասարանին: Համադասարանցի տղաներն ու աղջիկները, բոլորն, այնտեղ էին: Այնտեղ էր նաեւ ուսուցիչը, ով արդէն շարունակում էր պարապել անցեալ շաբաթուայ դասանիւթը՝ Ծերենցի մասին: «Ա՛յ, էս Ծերենցով ծերացրեց մեզ ուսուցիչը: Մի նոր նիւթի մասին թող խօսի էլի, հա՛ Ծերենց, հա՛ Ծերենց: Էդքան գրողներ ու մրողներ ունենք, պարոնը ինչ է կպել Ծերենցին ու պոչը բաց չի թողնում: Յոգնեցնում է բոլորիս»,- մտքի մէջ ինքն իրեն մռթմռթաց Յարութը եւ փորձեց աննկատ տրորել քնակարօտ աչքերը: Գիշերը ուշ էր քնել: Մտածելով, որ կարող է փետրուարեան անձրեւային ցուրտ եղանակը Zoom-ային խանգարումներ առաջացնել, անցեալ գիշեր իր առանձնասենեակում բջջային հեռախօսի վրայ էլեկտրոնային խաղերով էր տարուել ու այդպէս էլ անկողնում արթուն էր մնացել մինչեւ վաղ առաւօտեան ժամը երեքը: Յետոյ յոգնած քնել էր սենեակի լոյսերը չանջատած: Մայրը միայն առաւօտեան ներս էր մտել սենեակը, անջատել լոյսերը եւ արթնացրել Յարութին:

– Յարութի՛կ, էլի գիշերը ուշ ես քնել: Վերջը էդ ձեռքիդ հեռախօսը վերցնելու եւ թաքցնելու եմ, որ դրանով էդ անիմաստ ու յիմար խաղերով քունդ չփախցնես: Դաս ու դասարանից էլ յետ մնացիր: Ա՛յ, կը տեսնես, թէ քեզ ի՞նչ եմ անելու..,- վրդովուած ու բարկացած ասել էր մայրը:

Համակարգչի լուսապաստառի վրայ Յարութը հետաքրքրութեամբ նայեց Zoom-ային դասարանում ներկայ իր դասընկեր-դասընկերուհիներին: Յետոյ իր տրամադրութիւնը փոխելու եւ դասի մթնոլորտից դուրս գալու չարաճճիկ միտք ծագեց իր մէջ: «Ուսուցիչը հօ չի կարող տեսնել, թէ ես տանը համակարգչիս առջեւ նստած, ի՞նչ եմ անում»,- մտածեց նա եւ համակարգչով սկսեց զրուցել,- իր բառերով «թէքս-մէսէջ» ուղարկել,- դասընկերոջը՝ Սիմոնին:

– Հելլօ Սիմոն, ինչպէ՞ս ես:

– Յարո՛ւթ, ի՞նչ հելլօ ասելու ժամանակ է, տեսնում ես դաս ենք անում,- համակարգչով պատասխանեց Սիմոնը,- մի՛ արա, պարոնը կիմանայ:

– Ո՞նց թէ կիմանայ: Չիմանայ: Ինչպէ՞ս կարող է իմանալ, թէ ես ու դու տանը նստած ի՞նչ ենք անում մեր համակարգիչներով: Նայիր, այսօր դասերից յետոյ կարո՞ղ ես գալ մեր տուն: «Սելֆոնիս» վրայ նոր «գէյմ» եմ գտել: Կարող եմ ցոյց տալ քեզ:

– Ոչ, չեմ կարող գալ: «Թեքսթ» մի՛ ուղարկիր,- պատասխանեց Սիմոնը:

Այդօրուանից Zoom-ով դասարանը Յարութի համար դարձաւ ուրախ ժամանցի եւ ընկեր-ըկերուհիների հետ ազատ զրուցարանի հաճելի հնարաւորութիւն: Իսկ երբ յոգնում, ձանձրանում էր մաթեմատիկայի, գիտութեան, անգլերէն լեզուի կամ ցանկացած դասապահի պարապմունքներից, համակարգչին միացրած ականջակալով լսում էր իր սիրած երաժշտութիւնը:

Յաճախ քնից ուշ արթնանալու պատճառով դասարանին միանում էր անկողնուց, բարձը մէջքին դնելով եւ համակարգչի տեսասարքը կենտրոնացնելով միայն իր ճակատի ու յօնքերի վրայ, որպէսզի խառն մազերն ու քնատ աչքերը չերեւան: Անկողնում դասարանին միանալը եւ տեսասարքով միայն ճակատն ու յօնքը կամ երբեմն էլ իր սենեակի առաստաղը ցոյց տալը շատ աւելի հանգստաւէտ երեւոյթներ էին Յարութի համար, որովհետեւ այդ ցուցաձեւերով կարողանում էր աննկատ ուտել նաեւ տատիկի պատրաստած նախաճաշը: «Յարութիկս պիտի մի բան ուտի, որ լաւ լսի ու հասկանայ դասը»,- ասում էր տատիկը:

Յարութը շատ գոհ էր համավարակի պատճառով դպրոց չգնալու եւ Zoom-ային դասարանին միանալու համար: Նկրտում էր, որ այդ իրավիճակը երկարաձեւի, որ համավարակը երկար տեւի,- գոնէ մինչեւ ուսումնական տարուայ աւարտը,-  որպէսզի լաւ պատրուակ ստեղծուի տանը մնալու ու անկողնուց հետեւելու  դասերին: «Ի՜նչ լաւ բան է Zoom-ը: Շատ «ֆան» է»,- մտածում էր Յարութը:

Իսկ ամենից զաւեշտականը Յարութի տնային աշխատանքներն ու Zoom-ով իր գրաւոր ու բանաւոր քննութիւններն էին:

Բանաւոր քննութեան օրը (որը հիմնականում հասկացւում էր ընթերցանութեան եւ ընթերցած հաստուածի մեկնաբանման եւ վերլուծման քննութեան օր եւ որը տեղի էր ունենում Zoom-ային դասարանում), հենց որ հերթը հասնում էր Յարութին եւ ուսուցիչը տալիս էր Յարութի անունը, որպէսզի կարդայ եւ մեկնաբանի դասարանին յանձնարարուած ընթերցանութեան առաջադրանքը, Յարութը ճարպկօրէն անջատում էր իր համակարգչի WiFi-ը եւ անյետանում էր դասարանի Zoom-ային համայնապաստառից:

– Պարոն, անջատուել է Յարութի WiFi-ը: Յարութի WiFi-ը չի աշխատում,- ուսուցչին յիշեցնում էին Յարութի մտերիմ ընկերները եւ թաքուն քմծիծաղում՝ նրա արածի վրայ:

Եւ այսպէս, նրա WiFi-ը չէր աշխատում ցանկացած ժամանակ: WiFi-ը չէր աշխատո՞ւմ:  Ո՞վ կարող էր մեղադրել կամ այպանել Յարութին: Ո՛չ ոք, ո՛չ ուսուցիչը, ո՛չ որեւէ մէկը չէր կարող ապացուցել, որ Յարութը դիտաւորեալ անջատել է WiFi-ը, որպէսզի փախուստ տայ բանաւոր քննութիւնից: Պարզապէս WiFi-ը չէր աշխատում: Չէր աշխատում ու վե՛րջ:

Իսկ ինչ վերաբերում էր գրաւոր քննութիւններին, դա արդէն աւելի զաւաշտական էր քան բանաւոր քննութիւնը: Օրինակ, Zoom-ային դասարանում մաթեմատիկայի քննութեան էլեկտրոնային հարցաթերթիկը ստանալուց յետոյ, Յարութը արագ հայեացք է նետում ուսուցչի տուած հարցերին ու թուաբանական խնդիրներին եւ զգում, որ իր ընդունակութիւններից եւ հասկացողութիւն վեր է դրանց պատասխանելը, քանի որ նախորդ գիշեր կամ նախորդ օրերին անփութութեան հետեւանքով չէր սովորել դասը: Իսկ հիմա, ի՞նչ պիտի անի: Զրօ կամ «F» հօ չպիտի ստանայ:

– Հէ՛յ, Սիմ, վիճակդ ո՞նց է: Հարցերի պատասխանները գիտե՞ս,- քննութեան պահին «թէքս-մէսէջ» ուղարկելով ընկերոջը՝ Սիմոնին, հարցնում է Յարութը:

– Վիճակս այնքան էլ փայլուն չէ: Հարցրու Նաթին, նա Math-ից լաւ է,- «թէքս-մէսէջ»-ով պատասխանում է ընկերը:

– Նաթ ջան, կարո՞ղ ես ինձ օգնել,- Յարութը դիմում է Նաթալիին:

– Ուզածդ ի՞նչ է,- հացնում է Նաթալին:

– Էս անտէր քննութեան հարցերի պատասխանները: Գլուխ չեմ հանում:

– OK, ուղարկում եմ: Բայց որեւէ մէկին չասես, հա՜:

– Խենթ հօ չեմ Նաթ ջան:

– OK, ուղարկեցի: Էլ թեքսթ չուղարկես,- բարկացած պատասխանում է Նաթալին:

Եւ Յարութը իրեն երջանիկ զգալով ընդօրինակում է Նաթալիի ուղարկած պատասխանները եւ «ձերբազատւում» մաթեմատիկայի քննութեան գլխացաւից: Երկու օր անց, ստանում է գերազանց գնահատական:

Իսկ տնային աշխատանքները ամենադիւրին եւ ամենահասարակ առաջադրանքներն էին Յարութի համար: «Ի՛նչ տանը աշխատելու մասին է խօսքը»,- մտածում էր Յարութը: «Առաւօտեան դասարանին միանելուց առաջ, Փաթիլից

կը խնդրեմ, որ իր կատարած անգլերէնի տնային աշխատանքի մի օրինակը, իսկ Լիզայից կուզեմ, որ գիտութեան դասի հարցերի իր պատասխաանները ուղարկեն ինձ. Ես էլ դրանք copy-paste կանեմ ու կուղարկեմ ուսուցիչներին: Ո՞վ կիմանայ, թէ իմը չեն դրանք: Չէ, որ բոլորն էլ նոյն ձեւով են կատարում իրենց տնային աշխատանքները»,- վճռում ու հարցը փակուած էր համարում Յարութը:

Եւ ո՞վ գիտի, այլ դպրոցների ու դասարանների Յարութանմանները, հաւանաբար, այդպէս էլ աւարտեցին համավարակի ուսումնական տարին:

 

* * *

Հիմա, երբ կրթաշրջանի հրահանգով վերաբացուել են դպրոցներն ու դասարանները, երբ ուսումնական կեանքը գնալով վերագտնում ու վերադառնում է իր բնականոն աշխատաձեւին, երբ ամէն օր առաւօտեան բոլոր աշակերտները ճշտապահօրէն պիտի դպրոց ու դասարան ներկայանան, Յարութի ու Յարութանմանների կեանքը, չասենք անտանելի, բայց խիստ դժուարակամ է դարձել:

Հիմա Յարութը ստիպուած է գիշերը շուտ քնել: Առաւօտեան կանուխ արթնանալ: Նախաճաշը չաւարտած շտապ հագնուել ու իրեն դպրոցի հանրակառքին հասցնել: Եթէ ուշանայ, փողոցում իրեն սպասելիս դպրոցական հանրակառքը

կը մեկնի եւ ինքը անօգնական կը մնայ, իսկ հայրիկն ու մայրիկը վաղուց արդէն իրենց ինքնաշարժերով տանից մեկնել ու աշխատանքի են գնացել:

Ժամանակին դպրոց յաճախելը մի կողմից, իսկ դասն ու ուսումը լուրջի առնելը, միւս կողմից, առաւել գերխնդիր դարձան Յարութի համար: Թէեւ նախկին տարիներին նա միշտ գնահատուել էր որպէս ոչ առաջադէմ, ոչ ուսումնասէր եւ երբեմն էլ թոյլ ու միջակ մակարդակի աշակերտ, բայց համավարակի հետեւանքով Zoom-ային համակարգով ուսումնառութիւնը պատճառ էր դարձել, որ շեշտակօրէն նուազի, տկարանայ իր սովորելու, հասկանալու, աշխատելու, ուսանալու կարողականութիւնը: Դառնայ անընդունակ: Չկարողանայ հասկանալ մաթեմատիկայի նոր դասափուլը, քանի որ նախորդ տարի, Zoom-ային դասարանում չէր հետեւել ու խաղի էր վերածել մաթեմատիկայի դասանիւթը եւ հիմա դժուարանում է քայլ պահել նորի հետ: Եթէ Zoom-ային դասարանը նախորդ տարի «ֆան» էր իրեն համար, հիմա իրական դասարանը վերածուել էր պատժարանի, տանջարանի: Աւարտական տարի էր այժմ: Յարութը պիտի շրջանաւարտ դառնայ ու նախապատրաստուի բարձրագոյն, համալսարական կրթութեան: Բայց ինչպէ՞ս: Ի՞նչ երաշխիքներով: Արդեօք կը յաջողի՞ այս տարի աւարտել տասներկուամեայ ուսումնառութիւնն ու ստանալ դիպլոման: Ի՞նչ վստահութեամբ: Անիծում էր Zoom-ին ու Zoom ստեղծողին, WiFi-ին ու WiFi ստեղծողին, որոնք իրեն այս օրը հասցրեցին: Մտածում էր, թէ ինչպէ՞ս կարող է փրկել իրեն այս տարուայ նոր պատժարանից: Ո՛չ Սիմոնը, ո՛չ Նաթալին, ո՛չ Փաթիլը, ո՛չ Լիզը այլեւս իր հարային չէին կարող հասնել: Ո՞վ էր յանցաւորը: Այդպէս էլ Յարութը չհասկացաւ, որ յանցաւորը ո՛չ Zoom-ն էր, ո՛չ WiFi-ը, ո՛չ ուսուցիչը եւ ո՛չ էլ ընկեր-ընկերուհիները: Յանցաւորը ի՛նքն էր ու ի՛նքը: Այդպէս էլ չհասկացաւ:

Չհասկացաւ նաեւ, որ Zoom-ային տառապանքով տուժեցին նաեւ ոչ միայն ինքն ու իր նմանները, այլ` աշխարհի շատ ու շատ անհատներ, ովքեր չարաշահեցին Zoom-ային հնարաւորութիւնը: Այդ անհատների թւում անպակաս չեղան նաեւ համալսարանական, մասնագիտական, գործարարական ոլորտների ուսանողներ ու աշխատողներ, որոնց WiFi-ները եւս երեւի չաշխատեցին կամ անջատուեցին քննութեան կամ պատասխանատու յանձնարարութեան ժամանակ:

Մի խօսքով, համավարակը ո՛չ միայն առողջապահութեան, այլ կրթական ու այլ բազմաթիւ կարեւոր ոլորտների վրայ ունեցաւ իր բացասական ու վնասակար ազդեցութիւն, ինչի հետեւանքը հաւանաբար դեռ կրելու ենք եկող տարիներին:

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles