«ՄԱՍԿՈՒԱՅԻ ԳՈՐԾՆ Ա»…
Սարօ Նազարեան / Լոս Անճելըս — Քալիֆորնիա
«Հայրենիք» – Բացառիկ Դեկտեմբեր 2025
Անգլիոյ գաղութատիրական քաղաքականութեան տարիներին, Իրանում լոզունգային սովորական արտայայտութիւն էր դարձել, որ երկրի քաղաքական, հասարակական կեանքում տեղի ունեցող վնասակար, չարանենգ, չարամիտ ու ձախողուած ծրագրերն ու միտումերը մարդիկ վերագրում էին Անգլիային:
«Անգլիացիների գործն է»,- ասում էին իրանցիները երկրի անվտանգութեան ու շահերի դէմ կատարուած իրադարձութիւններին անդրադառնալիս:
Տարիներն ու տասնամեակներն անցան, սակայն մարդկանց ուղեղներում մեխուած մնաց նմանօրինակ սխալատիպ գնահատականներ այլ ձեւակերպումներով: Ակնյայտօրէն այդպէս է լինում, երբ տեղի է ունենում հակադիր հայեացքների, անհաւասար ուժերի առճակատումը եւ երբ անզօրը փորձում է կատարուած կամ կատարուելիք չարիքի ողջ պատասխանատուութիւնն ու յանցանքը բարդել իրենից աւելի հզօրի վրայ: «Եղած-չեղածը այսինչների կամ այսինչ երկրի գործն է»,- մարդիկ փորձում են հաշուեյարդարի նստել չարիքի ու տհաճ իրադարձութիւնների հետ: Այդպիսիներից էր եօթանասուներկու ամեայ Արկադի Վլադիմիրի Չեռնիկեանը իր շրջապատին ծանօթ՝ «Մասկուայի գործն ա» արտայայտութեամբ, որը տեղի-անտեղի կրկնում էր տեղի ունեցող փորձանքներն ու իրադարձութիւնները բնութագրելիս: Կենսաթոշակի անցած Արկադին ապրում էր մայրաքաղաք՝ Վաշինգտոնում, միայնակ ու ամուրի, վարձակալական մի փոքրիկ յարկաբաժնում: Միջահասակ, կարճ ու գիրուկ մատներով, ճակատի կնճիռները մինչեւ յօնքերը տարածուած ու մշտապէս չորս կողմը որոնող աչքերով ինքնավստահութիւնը կորցրած մարդ էր Արկադին, որ ձմեռ թէ ամառ փողոց իջնելիս մշտապէս կրում էր ռուսական բրդեայ գլխարկ՝ ճաղատ գլուխը ծածկելու եւ տաքուկ պահելու համար: «է՜հ, ծերանում եմ, էն ջահել վախտի ուժն ու արագութիւնը չունեմ էլի, շուտ եմ յօգնում»,- կրկնում էր ինքն իրեն կամ պատահական ծանօթի հանդիպելիս:
Արկադին Խորհրդային Միութիւնից Ամերիկա էր արտագաղթել խորհրդային նախկին եւ վերջին ղեկավար՝ Միխայիլ Գորբաչովի յայտարարած «գլաստնոստ»-ի (հրապարակայնութեան) եւ «պերեստրոյկա»-ի (վերակառուցման) քաղաքականութեան օրերին, երբ նախկին խորհրդային հանրապետութիւններից մարդիկ օգտուելով առիթից հնարաւորութիւն ունեցան արտագաղթել կամ այլ կերպ ասած՝ ծլկել ու տարածուել աշխարհի ազատամէտ ու ժողովրդավարամէտ երկրներում:
Արկադին թէեւ կարողացել էր մի կերպ դուրս գալ ու ձերբազատուել խորհրդային բռնապետական հասարակարգից, սակայն, ինչպէս ինքն էր բնութագրում «սովետի փոշին» դեռ չէր թօթափուել ու վերացել իր էութեան վրայից ու ուղեղից: «Սովետի տարիների ահն ու վախն ու կասկածն ու սարսափը հըլա դեռ մէջումս ա»,- կրկնում էր միշտ:
Ամերիկա գալուց ի վեր գրեթէ ամէնօրեայ սովորութեամբ առաւօտեան նախաճաշից յետոյ իջնում էր փողոց եւ մօտակայ ծանօթ կրպակից գնում էր օրուայ թերթերը եւ տուն բերելով ամբողջ օրը կարդում եւ ինքն իրեն վերլուծում էր աշխարհի քաղաքական իրադարձութիւնները: Սովետից ժառանգած իր համոզումով ինչ որ չարանենգ ու մարդավնաս, ժողովրդավնաս, սարսափազդու դէպքեր ու իրողութիւններ էին տեղի ունենում աշխարհում, ապա դրանք անկասկած նախագծւում եւ իրագործւում էին Մոսկուայի,- իր բառերով,- «Մասկուայի» կողմից: Եւ այդպէս, ընկերների հետ բուռն խօսքի բռնուելիս լրջանում էր ու պնդում, թէ եղած-չեղածը «սաղ Մասկուայի գործն ա»:
Աներկբայ հաւատացած էր, որ 1988 թուականի Հայաստանի աղէտալի երկրաշարժը «Մասկուայի գործն էր» եւ որ Մոսկուան,- իր բառերով,- «սովետի վախտ» Հայաստանի հիւսիսային շրջանների լեռներում արհեստական անձաւներ էր փորել, ուր տեղադրել էր գաղտնի զինարաններ ու զինապահեստներ եւ որ դրանց անակնկալ ու յանկարծակի ահռելի պայթիւնը կործանիչ դղրդոց էր առաջացրել ու իր բառերով,- «երկիրը ահաւոր ժաժ էր էկել ու աւերուել: Նորից եմ ասում,- համոզումով պնդում էր շրջապատին,- էդ ամէն ինչը սաղ Մասկուայի գործն էր»:
– Խելքդ գլուխդ հաւաքիր Արկադի՛, էդպիսի դատարկամիտ բաներ մի՛ ասա: Ամերիկայից, Եւրոպայից մարդիկ եկան տեսան, երկրաշարժի պատճառներն ու հետեւանքները քննեցին, ոնց թէ՞ Մոսկուայի գործն էր,- ասում էին ընկերները:
– Խի՞ չէք հաւատո՞ւմ, իմ ասածներին,- վրդովուած կարճ էր կապում Արկադին,- է՜, ոչի՛նչ, յետոյ կիմանաք:
Եթէ բնական աղէտներ էին տեղի ունենում՝ Ճապոնիայում, տորնադօ էր լինում, Կոլումբիայում կործանարար հրաբուխ էր ժայթքում, երկիր մոլորակի մի այլ վայրում ջրհեղեղը տներ ու քաղաքներ էր ոչնչացնում,- միեւնոյնն էր Արկադիի համար, անկասկած այդ բոլորը «Մասկուայի գործն էր»:
Մի տարի էլ խիստ ձիւն եկաւ մայրաքաղաք Վաշինգտոնում եւ խանգարուեցին քաղաքային երթեւեկն ու փոխադրամիջոցները, փակուեցին հանրային ծառայութեան հաստատութիւնները, դպրոցները տուն ուղարկեցին երեխաներին, մարդիկ խուճապահար լցուեցին նպարատները եւ գնեցին դարակներում ինչ որ կար ու չկար (կարծես աշխարհի վերջն էր եկել), տներն ու փողոցները ծածկուեցին թանձր ձիւնի ներքեւ, ձիւնասահքերի պատճառով ճանապարհներում ու փողոցներում շատացան ինքնաշարժային մեծ ու փոքր վթարներ, եղան տուժածներ, մի խօսքով, կիսաքաոսային ահաւոր վիճակ ստեղծուեց քաղաքում: Իրավիճակից խիստ սարսափած Արկադին կուչ էր եկել տան չորս պատերի մէջ եւ հեռախօսազանգելով ընկերներին շարունակ ահազանգում եւ կրկնում էր միեւնոյն յանկերգը՝ «ասում էի չէ՞, չէիք հաւատում ասածների՞ս, տեսա՞ք հիմա, քաղաքում ահռելի վիճակ ա: Ու դեռ չէք ընդունո՞ւմ , որ էս ամէն ինչը «Մասկուայի գործն ա»:
– Ո՞նց թէ Մոսկուայի գործն է, Արկադի, նորից երեւակայական, անիրական մտքերի մէջ ես ընկել: Որտեղի՞ց քեզ այդ անհեթեթութիւնները ,- քմծիծաղով պատասխանում էին ընկերները:
– Էդ մէկը ոչ ոք, բացի Մասկուան, չի կարա իմանայ,- դողացող ձայնով կրկնում էր ընկալուչը ձեռքին,- Մասկուան երկնքում շատ գաղտնի գործիքներ ունի, որ ուզի, կարա անձրեւ բերի, կարա հեղեղ բերի, կարա ձիւն բերի, ինչ աղէտ ասես կարա երկնքից ցած բերի: Ծովերի տակում էլ գաղտնի նաւեր ունի, որ կարա փոթորիկ բերի, կարա ցունամի բերի: Կարա սարերի գագաթները ծակի ու ու հրաբուխ բերի սաղիս գլխին: Դուք չգիտէք: Ես գիտեմ: Էդ ամէնը ինքը կարա անի, իրա սատանայական գործն ա, Մասկուայի գործն ա,- եւ յետոյ բարկացած ու վրդովուած, շրխկոցով անջատում էր հեռախօսը:
Քաղաքամայր Վաշինգտոնում ամէն տարի, աւանդաբար, Մարտ ամսի 20-ից մինչեւ Ապրիլի 13-ը «Բալենիների ծաղկման փառատօն» է հռչակուած քաղաքի Փոթոմաք գետի եզերքին գտնուող շուրջ 3800 բալենիների ծաղկման առիթով, ընդ որում երկրի զանազան նահանգներից, մինչեւ անգամ՝ աշխարհի բազմաթիւ երկրներից աւելի քան մէկ միլիոն այցելուներ եւ զբօսաշրջիկներ են համախմբւում մայրաքաղաքում՝ ծաղկաշքերթներով, երգ ու պարով, տիկնիկային ներկայացումներով ու կեր ու խումով, խնջոյքներով գեղատեսիլ բալենիների բողբոջախիտ ծաղկումը տօնելու եւ այդպիսով տարուայ գարնանամուտը ցնծութեամբ ողջունելու համար: Այցելուները հոգեպարար, հոգեզմայլ անմոռանալի օրեր են ապրում վաշինգտոնեան գարնանամուտի այդ շաբաթներին:
Մի տարի սակայն, գարնանը խիստ ցրտեց եղանակը, երկնակամարը ծածկուեց թուխպ ու մռայլ ամպերով, տեղատարափ անձրեւները հեղեղեցին քաղաքի փողոցներն ու արուարձանները: Բալենիները, որ հազիւ էին սկսել բողբոջել քամիների, անձրեւների հետեւանքով խստօրէն վնասուեցին ու ծաղկաթափուեցին ծառերը: Բալենիների փառատօնը կարճուեց ու այցելուները յուսախաբ տուն վերադարձան:
Ստեղծուած իրավիճակը առիթ հանդիսացաւ, որ Արկադին աւելի անյողդողդ ու հաստատամիտ մնայ իր համոզումներում:
– Մասկուայի սատանայական գործերի մասին անդադար ասում էի բոլորիդ, ասում էի բոլորիդ եւ դուք չէիք հաւատում ինձ: Տեսա՞ք, համոզուեցի՞ք, որ ճիշտ էի ասում: Բալենիների փառատօնի խանգարուելը սաղ Մասկուայի գործն էր, Մոսկուայի…
– Եւ դու այդ բոլոր ասածներիդ հաւատո՞ւմ ես Արկադի:
– Բա ո՜նց: Բա, հաւատալու բան չի՞: Տեսաք թէ ի՜նչ եղաւ:
– Այո՛, տեսանք: Է՛, յետո՞յ:
– Ու դեռ չէ՞ք հաւատո՞ւմ:
– Ի՞նչը հաւատանք: Անսովոր եղանակի փոփոխութեան պատճառով Բալենիների փառատօնի խանգարուելը ի՞նչ կապ ունէր Մոսկուային: Արկադի բաւական է, խելքդ կարգին կորցրցել ես: Գնա՛, հոգեբանի մօտ, այսպէս որ շարունակուի, կը գժուես: Գժանոց կը գնաս,- խրատում եւ յորդորում էին ընկերները, որ վերջ տայ իր ցնորամտութիւններին:
– Գիժը հենց դուք էք, որ չէք հաւատում ինձ,- վրդովուած պատասխանում էր Արկադին եւ յօնքերը կիտած հեռանում՝ ընկերներից:
Արկադիի տարօրինակութիւնները չափ ու սահման չունէին: Դեռ աւելին, ըստ իրեն, աշխարհում տեղի ունեցող հասարակական, քաղաքական, տնտեսական, ընկերային, նոյնիսկ՝ կրօնական բոլոր իրադարձութիւնների թելը Մոսկուայի ձեռքումն էր: «Մասկուան կարա Աստուծու գործերի մէջ մտի, Աստծու գործերը խանգարի, երկրների գործերը տակն ու վրայ անի: Ինչ ուզի, կարա անի էս աշխարհում»,- ասում էր նա, իսկ երբ, ասենք, նախագահական ընտրութիւններ էին տեղի ունենում այս կամ այն երկրում, աներկբայօրէն հաստատում էր, թէ՝
– Ախպէրս, ոնց չես հասկանում, Մասկուան գիտի ով պիտի նախագահ լինի, ով չպիտի,- էդ ամէն ինչը իրա գիտելիքն ա:
– Արկադի լսե՞լ ես, որ Միացեալ Նահանգների Կոգրէսում Հանրապետականների ու Դեմոկրատների միջեւ սուր ընտրապայքար է գնում եկող տարուայ համար,- ձեռ առնելու միտումով հարցնում էին ընկերները:
– Ոնց թէ չեմ լսել, էդ մասին կարդացել եմ, հաստատ գիտեմ, որ սաղ Մասկուայի մատը կայ էդ խաղերի մէջ:
– Արկադի լսե՞լ ես Գերմանիայի կանցլերը, Զիմբաբուէի, Թայուանի, Ֆրանսիայի նախագահները ուզում են հրաժարական տալ ու մէկ ընդ միշտ հեռանալ երկրի քաղաքական դաշտից,- կիսալուրջ դէմքով ասում էր միւս ընկերը:
– Բա ոնց, թէ չեմ լսել: Էդ մասին կարդացել եմ: Լուրջ եմ ասում, Մասկուան ա ստիպել, որ հրաժարուեն:
– Բայց ինչո՞ւ:
– Գլուխ մի՛ ցաւցնի ախպէր ջան: Էդ մէկը իմ ու քո իմանալիքը չի: Մասկուայի գործն ա: Մասկուան գիտի, թէ ինչպէս խաղցնի ու պարացնի աշխարհի մեծերին:
Ինչ վերաբերում էր հասարակական, ընկերային, միջազգային հարցերին, միւնոյնն է Արկադին խոր համոզում ունէր, որ ամենուր յարուցուող դժուարութիւնների, խոչընդոտների դժբախտութիւնների մէջ խառն է Մասկուայի մատը:
– Մասկուայի դէմ թող վատ չխօսեն, թերթերը թող վատ բաներ չգրեն: Վնասը մեզ կը հասնի: Վայ թէ իմանայ, որ իր դէմ գործեր են կատարւում աշխարհում: Վրէժ կը լուծի: Կը յարձակուի սաղիս վրայ,- միամիտ երկիւղաւածութեամբ ասում էր Արկադին,- եղբա՛յր, գիտունները թող Հրատ չգնան մարդ չուղարկեն էնտեղ: Մասկուան, որ իմանայ վատ կը լինի: Մասկուան արդէն Հրատում մեծ շէնքեր ու քաղաքներ է շինել: Իր մարդիկը արդէն Հրատում նստած ուտում-խմում, քէֆ են անում: Թող որ ուրիշները չխանգարեն իրենց:
Փաստօրէն յայտնի չէր, ինքն էլ չէր հասկանում, թէ համակրում եւ կամ՝ հակակրում էր,- իր «Մասկուայի գործերը»:
Եւ այսպէս անցան տարիներ ու Արկադին անյողդողդ մնաց իր համոզմունքների աշխարհում: Եւ եղաւ այնպէս, որ մահացու անյայտ հիւանդութեամբ գամուեց իր փոքրիկ յարկաբաժնի անկողնում: Բժշկական բազմաթիւ քննութիւններից ու տարաբաղադրութիւններից յետոյ բժիշկները յստակօրէն չկարողացան յայտնաբերել, թէ ինչ էր Արկադիի հիւանդութեան բուն պատճառը: Իսկ ինքը միամիտ վստահութեամբ հիւանդատես այցելու ընկերներին ասում էր, թէ իր հիւանդութիւնը թելադրուած էր Մոսկուայից:
– Այդ անաստուածները (ակնարկը համայնավարների մասին էր) հասկացել էին, որ ես գիտեմ իրենց գաղտնիքները, գիտեմ, թէ ինչ անիրաւութիւններ են անում սաղ աշխարհում ու էս հիւանդութիւնը Մասկուայից ուղարկեցին ինձ,- ծերացած ու հիւանդագին դժգունած դէմքով ասում էր իր ընկերներին ու գլուխը դարձնելով դէպի պատ լուռ մղկտում էր: Արկադին Մոսկուայից վախւորած երազներով ու սարսափազդու մղձաւանջներով ապրեց իր ամբողջ կեանքը:
– Արկադի եղբայր, կառողջանաս, ցաւդ կանցնի ու ոտքի կելնես շուտով, մի՛ մտահոգուիր,- ընկերները փորձում էին մխիթարել ու ամոքել նրա հոգեկան ծանր վիճակը:
– Չէ՜, ախպէր ջան, էս իմ վերջն ա, էս ամէն ինչը ասել եմ ու պիտի ասեմ՝ «Մասկուայի սատանայական գործն էր»,- արցունքոտ անքուն աչքերով ասում էր Արկադին:
Եւ մի մռայլ երեկոյ 78-ամեայ Արկադին ընդմիշտ փակեց աչքերը Մոսկովեան չարիքներն անիծելով:
Մահուանից առաջ, ընկերներից խնդրել էր, որ իր շիրմաքարի վրայ քանդակուի հետեւեալ տողերը.-
ԱՍՏ ՀԱՆԳՉԻ ԱՐԿԱԴԻ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՉԵՌՆԻԿԵԱՆ, ՈՐ ՅԱՒԻՏԵԱՆՍ ՆԶՈՎԵՑ ԶԳՈՐԾՍ ՄԱՍԿՈՎԵԱՆ
Ընկերները զարմացած իրար էին նայել, թէ դա ինչ տարօրինակ խնդրանք է կատարում Արկադին:
– Ախպէր ջան, որ գերեզմանաքարիս գրէք էդ տողերը հոգիս «էն աշխարհում» հանգիստ կը լինի եւ պէտք էլ չի լինի հոգեհանգստեան արարողութեան:
Ընկերները Ակադիին հողին յանձնեցին քաղաքի ծայրամասային հանգստարաններից մէկում: Քառասուն օր անց, ի յիշատակ իրենց ընկերոջ, նրանք կրկին հաւաքուեցին Արկադիի շիրմաքարի շուրջ եւ քահանայից խնդրեցին քառասունքի առթիւ կատարի հոգեհանգստեան արարողութիւն:
Այնուամենայնիւ, «էն աշխարհում» Արկադիի հոգին այդպէս էլ չիմացաւ, որ արդեօք ի կատար ածուե՞ց իր խնդրանք-կտակը…

