Հ.Հ. ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՄԵԾԱՐԵՑ ՅՕՐԻՆՈՂ ԺԱՆ ԱԼՄՈՒԽԵԱՆԻՆ
ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ
Նիւ Եորք
Սփիւռքի տարածքում որեւէ հայ ազգի զաւակ իրեն հպարտ է զգում, երբ նա արժանանում է իր հայրենիքի, հարազատ մօր` Հայաստանի գնահատանքին:
Հոկտ. 6, 2012 թուի օրը բացառիկ մի երեկոյ էր Արժանթինահայ Կոմպոզիտոր եւ խմբավար` Ժան Ալմուխեանի համար: Այդ օրը Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարարութիւնը ձեռնարկել էր մի շատ գեղեցիկ յոբելենական համերգի հանդէս նուիրուած` նրա 80-ամեայ եւ երաժշտական գործունէութեան 55-ամեակի առթիւ:
Յոբելենական Համերգը տեղի ունեցաւ Երեւանի Արամ Խաչատրեանի Անուան Համերգասրահում: Ներկայ էին տեղացի երաժշտասէրներ, ծանօթներ եւ հարազատներ:
Յոբելենական համերգի յայտագիրն էր զարդարում Հայաստանի Պետական Ակադեմական Երգչախումբը, որի գլխաւոր եւ գեղարուեստական ղեկավարն է վաստակաւոր եւ անուանի խմբավար Յովհաննէս Չէքիճեանը: Յայտագիրը պարունակում էր մեներգներ դաշնամուրային մենակատարումներ եւ խմբային երգեր` Վ. Դաւթեանի, Դ. Վարուժեանի, Պ. Հաճեանի, Ա. Կաշեանի, Վ. Աճիմեանի Յ. Թումանեանի եւ նաեւ Ժան Ալմուխեանի ստեղծագործութիւններից: Համերգը չվերջացած Ժան Ալմուխեանը ղեկավարեց երգչախումբը, ներկայացնելով իր ստեղծագործութիւններից “Զարթօնք“ խմբերգը, որը դրսեւորում էր նախերգանքը հայ նահատակաց, վերածնունդ` մայիսեան պայծառ առաւօտ եւ Մայր Հայրենիքի անկախութեան յաղթանակը: Հզօր էր ու ազդեցիկ եռաժանրային ելեւէջներով ստեղծագործութիւնը: Վստահ ենք որ խոր ազդեցութիւն ու տպաւորութիւն ձգեց ներկաների վրայ:
Սոյն մեծարանքին Սփիւռքի Նախարարութիւնը Տիկ. Հրանուշ Յակոբեանը Մաէսթրօ Ժան Ալմուխեանին պարգեւատրեց նախարարութեան ոսկէ մետալով: Նաեւ այդ առումով ընթերցուեց Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառի Կոնդակը, շնորհաւորական նամակներ` Պուէնոս Այրէսի Հ.Յ.Դ.-Կ. Կոմիէտից, Ռամկավար Ազատական Կուսակցութիւնից, Հ.Մ.Ը.Միութիւնից, Հ.Օ.Մ.-ից, Հ.Բ.Ը.Միութիւնից, Հայ Կեդրոնից եւ Մարաշի Հայրենակցութեան Միութիւնից: “Համազգային“ի Կ.Վարչութիւնից (Պէյրութ) եւ “Համազգային“ի Նիւ Եորքի Մասնաճիւղի Վարչութիւնից:
Յօրինող եւ խմբավար ժան Ալմուխեանը ծնուել է 1932-ին Յունաստան: 1947 թուականին ընտանեօք հաստատուել է Արժանթին: Նա իր երաժշտական ուսումը կատարել է Արժանթինի ականաւոր վարպետների մօտ, ինչպէս Էմիլիօ Սամփիէթրօ (Տեսաբանութիւն), Քարլոս Թուքսէն Պանկ (Ներդաշնակութիւն), Փետրօ Վալէնթի Քոսթա (Խմբավարութիւն) եւ աշխարհահռչակ յօրինող Ալպերթօ Խինասթերայի մօտ (յօրինում եւ Գործիքաւորում):
1957-ին մի խումբ արուեստասէր ընկերների հետ հիմք է դնում “Հայ Երաժշտութեան Բարեկամներ“ի ընկերակցութիւնը եւ նրա “Արաքս“ երգչախումբը, որի հիմնադիրն ու գեղարուեստական խմբավարն է մինչեւ այսօր: “Արաքս“ երգչախումբը Պուէնոս Այրէսի սիրողական լաւագոյն խմբերից մէկն է մինչ այսօր եւ իր երգացանկը կը բաղկանայ աւելի քան 350 հայկական, արժանթինեան, եւ այլ ժողովուրդների խմբերգներից: “Արաքս“ երգչախմբի նպատակն է եղել միշտ հայ երաժշտութիւնը իր արժանի բարձունքի վրայ հնչեցնել եւ տարածել ո՛չ միայն հայ հասարակութեան, այլ նաեւ մեզ հիւրընկալող տեղացի ժողովուրդներին: Ճիշդ այդ առումով էլ արձանագրել է կարեւոր ձեռքբերումներ Արժանթինի պետական, քաղաքապետարանի եւ այլ կարեւոր ռատիօկայարանների կողմից: Յիշատակելի են իր համերգները ներկայացուած “Ունիվերսիտատ Մուսէօ Սոսիալ Արհնթինօ-ի (Արժանթինի Ընկերային Թանգարան) համալսարանի կողմից, ինչպէս նաեւ ելոյթներ ճարտարապետական համալսարանի, հրէաների, ճափոնցիների եւ այլ համայնքների մէջ: Անմոռանալի ձեռքբերում եղաւ երբ 1972-ին Պուէնոս Այրէսի մէջ տեղի ունեցաւ միջազգային մասնագէտ ձայնաբանների (Ֆոնիաթրի) հերթական համագումարը, բժշկական համալսարանի մէջ, ուր պիտի մասնակցէին 36 երկիրներ, որոնց կարգին Միացեալ Նահանգները, Սովետ Միութիւնը, Անգլիան, Ֆրանսան, Իտալիան, Սպանիան եւ այլն: Վերոյիշեալ համագումարի հանդիսութեան հրաւիրուեց “Արաքս“ երգչախումբը կատարելու բացումը, որը կատարուեց միջազգային դասական երաժշտութեամբ, իսկ փակումը` միայն արժանթինեան ստեղծագործութիւնով:
“Արաքս“-ը իր ելոյթներով հանդէս է եկել Պուէնոս Այրէսի կարեւորագոյն սրահների մէջ, ինչպէս “Քոլոն“ (պետական), “Սան Մարթին“ (պետական), “Սերվանթես“ (պետական), “Օտէօն“, “Սփլէնտիտ“, “Միսէրիքորտիա“ եւ այլն, արժանանալով Արժանթինի եւ հայ մամուլի բարձր գնահատանքին:
“Արաքս“-ը համերգներով հանդէս է եկել նաեւ Քորտոպա քաղաքի եւ Ուրուկուայի մէջ, ու ելոյթներ է ունեցել հեռատեսիլով:
1960թիւը Ալմուխեանի երաժշտական կեանքի մէջ բախտորոշ անկիւնադարձ եղաւ, երբ առաջին ճամբորդութիւնը կատարեց դէպի հայրենիք ուսումնասիրելու եւ շփման մէջ մտնելու հայրենի գեղարուեստական, ինչպէս նաեւ մտաւորական կեանքի հետ: Այդ երեք ու կէս ամսուայ ընթացքում կազմաւորւում ու աւելի է խորանում հայ երաժշտութեան արմատներն ուսումնասիրելու, եւ որը խորապէս հետքեր է թողնում հայ արուեստագէտի հոգու, նկարագրի ու գործունէութեան վրայ:
Այնուհետեւ, շարունակաբար Ալմուխեանը հրաւիրւում է “Սփիւռքահայութեան Կապի Կոմիտէ“ի կողմից 1968-ին, 1969-ին, 1970-ին եւ 1971-ին այցելելու հայրենիք ինչպէս նաեւ Միջին Արեւելք, եւ Եւրոպա. Թեհրան, Աթէնք, Պէյրութ, եւ Պոլիս, ղեկավարելու երգչախմբեր ու բանախօսելու: Իբրեւ յօրինող եւ խմբավար Ալմուխեանը լայն ճանաչում է գտնում ամենուրէք եւ այս առիթով էլ 1972-ին Մեծի Տանն Կիլիկիոյ (Պէյրութ) Խորէն Ա. Կաթողիկոսը պարգեւատրում է նրան “Ս. Մեսրոպ Մաշտոց“ի շքանշանով:
Դարձեալ 1979-ին “Սփիւռքի Կապի Կոմիտէ“ի հրաւէրով ճամբորդում է հայրենիք ելոյթ ունենալու եւ ղեկավարելու Հայաստանի Երգչախմբային Ընկերութեան “Արամ Տէր Յովհաննիսեան“ի անուան երգչախումբը հեղինակային համերգով, որն արձագանգում է արտակարգ յաջողութիւն. եւ ըստ “Սովետական Արուեստ“ հանդէսի կը վերածուի “Իսկական Տօնախմբութեան“:
Ալմուխեանը յօրինել է նշանակելի թւով գործեր` երգչախմբային, կամերային, սինֆոնիկ, մեներգներ, դաշնամուրային, որոնք կատարուել են Արժանթինի եւ այլ երկրների մէջ, ինչպէս` Իտալիա, Զուիցերիայ, Բոլիվիայ, Ուրակուայ, եւայլն: Նա անդամ է “Սատաիք“ի (Արժանթինի Կոմպոզիտորական Ընկերութիւն): Ալմուխեանի 25-Ամեայ երաժշտական գործունէութեան համար, 1982-ին երբ Ամենայն հայոց Կաթողիկոս Վազգէն Ա. հովուականայցելութեամբ Պուէնոս Այրէս ժամանեց, Ալմուխեանին է շնորհում “Սահակ Մեսրոպ“ շքանշանը:
Ալմուխեանը 1986, 1987, 1988 եւ 1989-ին Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Նիւ Եորքի Մասնաճիւղի կողմից հրաւիրւում է կազմաւորելու եւ խմբավարելու “Համազգային“ի երգչախումբը եւ համերգներ ներկայացնելու կազմակերպութեան հիմնադրութեան 25-ամեակի առթիւ: Յիշեալ համերգները տեղի ունեցան Նիւ Եորք, Պոսթըն, եւ Ուաշինկթըն. Միշտ արձանագրելով աննախընթաց յաջողութիւն ամենուրէք: Դարձեալ 1987 թուականին Հայաստանի Մշակութային Նախարարութիւնը եւ Կոմպոզիտորների Միութիւնը Ալմուխեանին են շնորհում “ԿՈՄԻՏԱՍ“ի բարձր շքանշանով:
2006-ին լրանում է Ալմուխեանի Երաժշտական գործունէութեան 50-Ամեակը, այդ առիթով Հոկտեմբերին Պուէնոս Այրէսի “Հաճըն Տան“ կազմակերպութեամբ տեղի է ունենում համագաղութային մի շքեղ միջոցառում մասնակցութեամբ բոլոր տեղի միութիւնների ու կազմակերպութիւնների: Իսկ 2007-ի Նոյեմբերին տեղի է ունենում “Արաքս“ երգչախմբի 50-Ամեակի յոբելինական համերգը ամբողջութեամբ Ալմուխեանի ստեղծագործութիւններով. հովանաւորութեամբ Հայաստանի Դեսպանի, Առաջնորդ Սրբազանի եւ յատուկ կազմակերպող յանձնախմբի: Այս առիթով եւս Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կոնդակով շնորհաւորում է խմբավարին եւ երգչախմբին:
2010թ. Արժանթինի 200-Ամեակի առթիւ Ալմուխեանը ելոյթ է ունենում երկու համերգներով: Յայտագիրը բաղկացած է լինում առաջին մասը Կոմիտասի իսկ երկրորդն Արժանթինեան երգերով մշակուած Ալմուխեանի կողմից: Առաջինը տեղի է ունենում “Հայ Կեդրոն“ի “Սիրանուշ“ սրահի մէջ, իսկ երկրորդը` մայրաքաղաքի կեդրոնը գտնուող հանրածանօթ “Կալերիա Կուէմէս“ի մէջ կազմակերպուած նոյն կալէրիի տնօրէնութեան կողմից: 2011-ին Հայաստանի Անկախութեան 20-Ամեակի առիթով, Սփիւռքի Նախարարութիւնը Ժան Ալմուխեանին պարգեւատրում է “ԿՈՄԻՏԱՍ“ի շքանշանով:
2012-ին Օգոստոս 28-ին Պուէնոս Այրէսի Դաշնակցութեան Կ. Կոմիտէն Ժան Ալմուխեանին է պատւում, կազմակերպելով Մեծարանքի Երեկոյ նրա 80-Ամեայ եւ երաժշտական գործունէութեան 55-Ամեակի առթիւ: Միեւնոյնժամանակ Նոյեմբեր 18-ին, Հայաստանից վերադառնալով Պուէնոս Այրէս, անմիջապէս Կեդրոնի “Սիրանուշ“ սրահի մէջ տեղի է ունենում յոբելինական հանդիսութիւն հովանավորութեամբ` Հայաստանեաց Առաքելական եկեղեցւոյ, Հայաստանի Դեսպանատան եւ Հայ Կեդրոնի, ուր ցուցադրւում է Մայր Հայրենիքում կայացած մեծարանքի երեկոյի խտասահիկը` ցուցադրուած Հայաստանի պետական հեռուստատեսութիւնից:
Այսօր 55 տարի անց, ամբողջ մի կեանք նուիրելով հայ երաժշտութեան ու արուեստին, Ժան Ալմուխեանը եւ “Արաքս“ երգչախումբը կը մնան որպէս հայ մշակոյթին ծառայող կարեւոր ազդակներից մէկը:
Հայ Ազգն ու Հայ Մշակոյթը կանգուն է, միայն Ձեզ նման ազգասէր ու նուիրելալ անձերի տքնաջան աշխատանքով ու զոհողութիւնով: Սիրելի Մաէսթրօ, վարձքդ կատար: