Հայ Դատի Եւրոպայի Գրասենեակի Յայտարարութիւնը ԵՄ-Հայաստան Գագաթնաժողովի Վերաբերեալ
Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը նկատի է ունենում Երեւանում անցկացուած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի պատմական նշանակութիւնը։ Եւրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լէյենի ներկայութիւնը ազդարարում է եւրոպական ղեկավարութեան ողջունելի պատրաստակամութիւնը՝ անմիջականօրէն ներգրաւուելու հայ հասարակութեան հետ։ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը, այնուամենայնիւ շեշտում է, որ դիւանագիտական ներկայութիւնը այժմ պէտք է վերածուի կոնկրետ (յստակ) գործողութիւնների, որոնք կը պաշտպանեն Հայաստանի ինքնիշխանութիւնն ու նրա ժողովրդի իրաւունքները։
Մինչ գագաթնաժողովը ՀՀ-ԵՄ յարաբերութիւններում արձանագրեց «նոր գլուխ», մենք ԵՄ ղեկավարներին յիշեցնում ենք, որ այս յարաբերութեան հիմքը՝ Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրը (CEPA), ենթադրում է դատական խստապահանջ բարեփոխումներ, ինստիտուցիոնալ (համակարգային) դիմակայունութիւն եւ ժողովրդավարական արժէքների ամրապնդում։ Որպէսզի «Հայաստանի ապագան որոշուի ազատ եւ ժողովրդավար ձեւով՝ իր քաղաքացիների կողմից», անհրաժեշտ է իրականացնել համապարփակ փոփոխութիւններ՝ ապահովելու ընտրական ամբողջականութիւնը, ընդդիմութեան իրաւունքները, լրատուամիջոցների անկախութիւնը եւ ընտրական գործընթացի ընթացքում արտաքին միջամտութիւններից պաշտպանութիւնը՝ մի հասկացութիւն, որը, ցաւօք, այս նոյն գագաթնաժողովի ընթացքում որոշ եւրոպացի ղեկավարների կողմից չկիրառուեց։
Համատեղ հռչակագիրը ընդգծում է համագործակցութեան երեք հիմնական ուղղութիւն՝ էներգետիկա (ուժանիւթ), կապակցուածութիւն եւ թուային ենթակառուցուածք։ Թէեւ այս տնտեսական յենասիւները կարող են կենսական լինել երկարաժամկէտ աճի համար, եթէ կիրառուեն ռազմավարական կերպով եւ ներքին բարեփոխումների հետ համադրաբար, Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը հարց է բարձրացնում, թէ ինչպէս այս նախագծերը կ՛ուժեղացնեն Հայաստանի անմիջական անվտանգութիւնը, եթէ դրանք չուղեկցուեն տարածաշրջանային բռնարարքների դէմ յստակ դիրքորոշմամբ։
Կարեւոր է նկատել, որ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը խոր մտահոգութիւն եւ հիասթափութիւն է արտայայտում գագաթնաժողովի պաշտօնական քննարկումներից Արցախի ամբողջական բացակայութեան վերաբերեալ, չնայած Եւրոպական խորհրդարանի յստակ լիազօրութեան (2026ի Ապրիլի 30ի բանաձեւ), որը բացայայտօրէն՝
1. Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան ցեղային զտումը,
2. Պահանջում է Պաքւում պահուող հայ պատանդների եւ ռազմագերիների անյապաղ ազատ արձակում,
3. Կոչ է անում պաշտպանել եւ միջազգային հսկողութեան ենթարկել Ատրպէյճանի կողմից ներկայումս ոչնչացուող հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութիւնը։
Գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը լուռ մնաց այս գոյաբանական խնդիրների վերաբերեալ։ Այս բացթողումը կտրուկ հակասութիւն է Եւրոպական խորհրդարանի կոչին՝ արդարութեան եւ միջազգային երաշխիքների ներքոյ Արցախի տեղահանուած ժողովրդի վերադարձի իրաւունքի վերաբերեալ։
Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը համաձայն է Եւրոպական խորհրդարանի հետ, որ «ժողովրդավարական դիմակայունութիւնը» չի կարող գոյութիւն ունենալ պարապութեան մէջ։ Եթէ ԵՄն պէտք է լինի իրական ռազմավարական գործընկեր, ապա այն պէտք է գործի իր իսկ ժողովրդավարական սկզբունքների հիման վրայ։ Մենք կոչ ենք անում Եւրոպական յանձնաժողովին դուրս գալ ենթակառուցուածքային ծրագրումի շրջանակներից եւ ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ Ատրպէյճանին իր յանցագործութիւնների համար պատասխանատուութեան ենթարկելու ուղղութեամբ։ Ռազմավարական կապակցուածութիւնը չպէտք է իրականացուի իրենց հայրենական տներից ցեղային զտման ենթարկուած 150,000 հայերի համար արդարութիւն ապահովելու հաշուին։
ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
6 Մայիս 2026

