Յօդուածներ

Փոխնախագահը Արդեօք Կը Համարձակուէ՞ր

 

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Միացեալ Նահանգների փոխնախագահ` Ճէյ. Տի. Վենսը կը համարձակուէ՞ր սրբագրել հրեաների Ողջակիզումի կոթողին իր  պաշտօնական այցը Իսրայէլում, կամ` որեւէ այլ երկրում, անշուշտ ո՛չ:

Բայց կարողացաւ շատ հեշտօրէն դա անել հայ ժողովրդի դէմ գործադրուած մեծագոյն Ցեղասպանութեան յուշակոթողը այցելելուց յետոյ:

Ինչո՞ւ…

Թէեւ հարցս իր պատասխանն ունի, սակայն կրկին մնում է հարց` ուղղուած մեր հասարակութեանը:

Գիտենք, որ Հայաստանի ղեկավարը ինքը իր ողջ կազմով բացայայտօրէն ուրանում է իր ժողովրդի դէմ կատարուած Ցեղասպանութիւնը, թուրքերին պատասխան տալուց սարսափած իր պատմութեան անհերքելի փաստի յուշարձանին չի առաջնորդում իր երկիր ժամանած մեծարգոյ հիւրին (որի այցով պարծենում է ինքը` այն համարելով դարի եւ իր իշխանութեան մեծագոյն ձեռքբերումը), բնականաբար չէր կարող ծպտուն հանել, քննադատել մէկին, ում համար էլ բնական երեւոյթ է ցեղասպանութիւնները կոծկելը, ցեղասպաններին պաշտպանելը: Սակայն հասարակութիւնը, ժողովուրդը ինչո՞ւ լռեց, չէ՞ որ դա իր արիւնակիցների, իր հարազատների ապրած նախճիրի վկայութիւնն է, յիշեցումը` սերունդներին, դրա գոյութեամբ` թշնամու արարքը աշխարհին ներկայացնելու միջոցը: Ինչո՞վ արդարացնել յատկապէս մտաւորականների, պատմութեան ոլորտում աշխատողների անտարբերութիւնը, չէ՞ որ իրենց վրայ է դրուած երկրի պատմութիւնը չխեղաթիւրելու պատասխանատուութիւնը:

Սակայն ի՞նչ եմ պահանջում, երբ մի ողջ Արցախ համարուեց դարաւոր Ատրպէյճան, սահմանները առանց ծպտունի փոփոխուեցին, իսկ մեր պատմաբանները իրապէս «արժանապատուօրէն» պահեցին իրենց, ծպտուն չհանեցին:

Ե՞րբ է խախտուելու, վերանալու այս երեսապաշտութիւնը, համատարած լռութիւնը, սուտի եւ խեղաթիւրումների պաշտպանութիւնը, այս ողորմելի իշխանութեան քարոզչութեանը զոհ դառնալով` նրա իւրաքանչիւր քայլին հետեւելը, այն ընդունելը:

Դեռ քանի՞ դար ապրելու ենք այսպէս ոտնատակ, օտարների ողորմածութեան վրայ յոյս դնելով, նրանցից սպասելով մեր ձեռքից ինքնակամօրէն տուածի փրկութիւնը:

Հետեւում եմ մեր ժողովրդի ոգեւորութեանն ու սպասելիքներին փոխնախագահ Ճէյ. Տի. Վենսից, մարգարէներից հրաշք սպասողների նման, նոյնիսկ նրա այցելութեան հետեւող ոգեւորութեանը, նայում եմ իրեն շրջապատող մեր ողորմելի ղեկավարութեան դրամի խոստումով հարբած ագահ հայեացքներին եւ ճանապարհելուց յետոյ նրանց յաղթական կեցուածքներին, կարծես իրենք լինեն արդէն մի-մի Վենսեր, առաւել խղճահարութեամբ եմ լեցւում մեր ժողովրդի հանդէպ:

Ինչպէ՞ս եղաւ, որ այսպէս անգլուխ մնացինք, այսքան ոչնչացանք, որ անբարոյ իշխանութեան հետեւից 8 տարի ընկած, որն առաջնորդւում է միմիայն թշնամու շահերն ու նրանց հետագայ ծրագրերը իրագործելով, դեռ շարունակում է իշխանութեան մնալ, շարունակում է իր հետեւորդների բանակը բազմացնել:

Թէեւ կրկնութիւն է, բայց մեր գոյատեւման բացայայտ անկումը ինձ ստիպում է մեր հանրութեանը դիմել, զգաստանալու, լրջօրէն մօտենալու մեր հետագայ գոյութեանը` որպէս պետութիւն եւ որպէս ազգ:

Փոխանակ ներկայ վարձկան իշխանութեան կիրակնօրեայ եկեղեցական ստորացուցիչ երթեւեկին շարունակելու մաս կազմել, նրա գիշերային թմբուկի տակ խելակորոյս պարելու, ամերիկեան  «ներդրումների» երազանքով հարբելու, Ամենայն Հայոց վեհափառի ձերբակալութեանը մաս կազմելու, ժամանակն է, որ հետեւէք, թէ ի՛նչ ծրագրեր են մշակւում նոյն Ամերիկայի կողմից մեր տարածաշրջանի համար, մեր թշնամի երկրի հետ, եւ արդեօ՞ք մենք` որպէս անկախ երկիր, ասելիք ունենք ու տեղ ենք զբաղեցնում նրանց ծրագրերում, թէ՞ մեզ համարում են ոչ թէ պետութիւն, այլ` պարզ ճամբաբաժին, որի միայն փոշուց ենք օգտուելու, այն էլ` Ալիեւի ողորմածութեամբ:

Եթէ կտրուէիք` ձեր կերուխումերից, վեհափառին վերացնելու երթից, դեռ շարունակուող եւ գալիք ընտրապայքարում նոր թափ առած նախկիններին վարկաբեկելուց, Դաշնակցութեան դէմ վայրահաչելուց եւ մի փոքր հետեւէք տարբեր տեղերում, տարբեր առիթներով նոյն Վենսի ելոյթներին, նրա տուած հարցազրոյցներին, կը հասկանայիք իր երկրի որդեգրած գաղութատիրական, աշխարհաքաղաքական հայեացքները եւ կը գիտակցէիք, որ իրապէս մենք` որպէս պետութիւն, ոչինչ ենք ներկայացնում իրենց համար, յատկապէս` ներկայ իշխանութեամբ, որոնց աւելի շատ ընդունում են որպէս գործիք Թուրքիոյ հետ իրենց ապագայ ծրագրերի իրագործման համար, քան ընդունում` որպէս երկրի ղեկավարների: Մեր երկիրը ղեկավարւում է ոչ թէ իրենց, այլ` թուրքերի կողմից, ամերիկեան շահերի համար:

Դուք նոյնիսկ չէք հարցադրում, թէ ինչո՞ւ յանկարծ, յատկապէս` այս օրերին, երբ մեր հարեւան Իրանի դէմ մեծ  պատերազմի է պատրաստւում Ամերիկան, մեր երկիր է այցելում փոխնախագահը: Աւելի ճիշդ` վայրէջք է կատարում իր վերջնական նպատակակէտ Ատրպէյճան հասնելուց առաջ: Իսկ այդ կարճ, հապճեպ ժամանակում հասցնում է յայտնելու իր աջակցութիւնը իրենց հաւատարմօրէն ծառայած ներկայ նիկոլակազմին: Յուսամ` հիմա ժողովուրդը վերջնականօրէն հասկացաւ, թէ որոնք էին  այս թրքածիններին մեր գլխին կապողները, իշխանութեան բերողները եւ որոնք նոյն ջերմեռանդութեամբ, բայց արդէն բացայայտօրէն, աշխարհում հաստատած իրենց նոր օրէնքով (New oders), որի ջատագովն է նոյն ինքը Վենսը, առանց թաքցնելու, ամէն կերպ աշխատում են պահել իրենց հաւատարմօրէն ծառայած այս վոհմակին, մինչեւ իրենց ծրագրերի վերջնական իրականացումը:

Այնպէս որ, այս ընթացքով, ինչով շարունակում էք ապրել, յոյս չունենաք, որ կ՛ազատուէք ներկայ վարձկան իշխանութիւնից եւ  գոյատեւելու համար երկիր կ՛ունենաք: Վստահ եմ` կրկին թերահաւատօրէն էք ընդունելու այս ամէնը, այնպէս, ինչպէս ընդունեցիք 8 տարի առաջ մեր բացայայտումը այն մասին, թէ ո՛վ իշխանութեան բերեց այս ազգակործաններին, որոնց գուրգուրանքով պահեցիք, նուիրուածութեամբ ընդունեցիք բացայայտ խարդախութեամբ իր վերընտրութիւնը եւ երկիրը կործանած իր բոլոր գործողութիւնները:

Հզօրագոյն երկրի փոխնախագահը, ումից սպասում էք ձեր փրկութիւնը, յայտարարում է իր քրիստոնեայ լինելը, նոյնիսկ շեշտում է մեր որպէս ազգ առաջին քրիստոնէութիւն ընդունած լինելը, բայց որպէս ջերմեռանդ հաւատացեալ` ոչ միայն չի տեսակցում Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, նոյնիսկ չի այցելում Էջմիածին` տեսնելու այդ հնագոյն վկայագիրը, իսկ մենք ականջներս կախ լսում ենք, մեզ հպարտ զգում, որ նա գիտէ մեր մասին, բայց ցոյցի չենք ելնում ու գոռում, որ ներկայ իշխանութիւնը, որին թիկունք էք կանգնում, յարգարժա՛ն փոխնախագահ, պայքարի է դուրս եկել մեր հաւատքի դէմ, փորձում է վերացնել այն, մինչեւ իսկ վեհափառի դէմ  քրէական վարոյթ է սկսել: Փոխարէնը` հետեւում ենք այս ողորմելի բանակին ոչնչացնելու հայոց կաթողիկոսութիւնը:

Սա նոյնպէս մեր ստրկացած վիճակի փայլուն ապացոյցներից մէկն է: Մենք ձայնազուրկ ազգ ենք ոչ միայն օտարների առաջ, այլ նաեւ` ինքներս մեր ներսում, ամէն ինչում: Մենք սիրով ենք պահպանում բռնապետներին ու թուրքերի կամքը կատարողներին:

Վերջերս Աւստրալիա այցելած Իսրայէլի նախագահ Իցհակ Հերցոկի դէմ, որը պաղեստինցիների ոչնչացման, նրանց ցեղասպանութեան, սովամահութեան մատնած մեծագոյն պատասխանատուներից մէկն է, որն անպաշտպան պաղեստինցի երեխաների եւ անօթեւան ժողովրդի վրայ նետուող ռումբերի վրայ հպարտօրէն էր ստորագրում, աւստրալացիները ցոյցի ելան` պահանջելով նրա անմիջական հեռացումը իրենց երկրից, չհանդուրժելով, մեղադրելով նրան պաղեստինցիների հանդէպ գործած ցեղասպանութեան մէջ: Պաղեստինցիները աւստրալացիների ի՞նչն են, որ նոյնիսկ խստօրէն արգելուած ցոյցի համար դատարան դիմելով` ցոյցի իրաւունք են պահանջում, տասնեակներով էլ ձերբակալւում են, բայց իրենց բողոքն ու պահանջն են պնդում, բացայայտում, դատապարտում են ցեղասպաններին:

Իսկ մենք` որպէս ժողովուրդ, այնքան ենք ստրկացել, որ երկրի ղեկավարը մեր ցեղասպանների կողմից թրքական մրցանակի է արժանանում, մենք առանց բողոքի ընդունում ենք ե՛ւ իրեն ե՛ւ այդ մրցանակը` առանց անդրադառնալու, որ դա` որպէս հատուցում, մեր  ոչնչացման համար է տրուած:

Անշուշտ այս դէպքում զարմանալն է զարմանալին, երբ դաւադիր պատերազմ կազմակերպած եւ երկրի տարածքներ թշնամուն յանձնած, մնացածն էլ աճուրդի հանած ղեկավարը այժմ էլ իր դիրքը ապահոված, բռնապետ դարձած` դեռ իշխում է, եւ քանի որ խոնարհաբար ծառայում է Արեւմուտքի թրքամէտներին, կատարում նրանց բոլոր պահանջները, երկիր ժամանած փոխնախագահը շեշտում է նրա վերընտրութեան անհրաժեշտութիւնը իրենց համար, քանի որ դեռ աւարտին չի հասցրել իր ծառայութիւնը:

Ինչպէս գիտէք, Արեւմուտքը այլ երկրների ընտրութիւններին միջամտելու փայլուն փորձառութիւն ունի եւ ամենեւին այլեւս չի թաքցնում, յատկապէս իրենց համար կարեւոր է այնպիսի մէկը, ինչպիսին մեր ոչնչութիւնն է, որ մի ողջ երկրամաս յանձնեց թշնամուն, հարիւր հազարաւոր բնիկ ժողովուրդ տեղահանեց իր հողից, տասնեակ գերիներ Պաքուի բանտերում իրենց վճիռը ստացան իր մատնումով, եւ հիմա իր ողջ երկիրն է տրամադրում նրանց, սրանից աւելի յարմար թեկնածու որտեղի՞ց կրկին գտնեն: Թէեւ իրենց վարձատրումով շատ հեշտ է գտնելը, յատկապէս` մեր երկրում, բայց դրանց վերապատրաստելու համար ժամանակ է հարկաւոր, իսկ աշխարհի «նոր օրէնք» ստեղծողների համար ժամանակը դրամի կորուստ է:

Ահա թէ ինչո՛ւ մենք երբեք մեծ երկիր չդարձանք, քանի որ մենք գիտենք դաւաճաններին երկրպագել, շահի բերումով հաւատքը ուրանալ, իրար մատնել, ուժի առաջ սողալ, յատկապէս թուրքի առջեւ մենք գիտենք նուաստանալ, մենք գիտենք խեղճանալով կեանքի իրաւունք մուրալ օտարներից, գիտենք ներել ե՛ւ ցեղասպաններին ե՛ւ դաւաճաններին:

Մենք կորցրել ենք պայքարի մեր կամքը, ոչնչութիւնների մի խումբ կարողացաւ անել այն, ինչ չկարողացան անել սուլթաններն ու երիտթուրքերը: Մի ողջ սերունդ քերեցին ու տարան, եւ հիմա ազգը անգլուխ, անբազուկ խեղճանում է թուրքերի շահերը պաշտպանող զրահաւորուած պատնէշ դարձած ներկայ ողորմելի, ցնցոտի իշխանութիւնը պահողների առաջ:

Ո՞ւր են մեր արտաքին աշխարհի յարաբերութիւնների հաստատութիւնները, տասնեակ անհասկանալի անուանումներով ձրի յատկացումներ ստացողները: Ատրպէյճանը կատարեալ ճարպկութեամբ կարողանում է ազդել նոյնիսկ Ողիմպիական խաղերի օրէնքների վրայ դուրս նետել տալով Արցախ բառը` որպէս երաժշտութեան անուանում, ելոյթ ունեցողների յայտագրից, իսկ մենք` նուաստներս, գոհանում ու պարծենում ենք, որ այդ երաժշտութիւնը, այնուամենայնիւ, հնչեց: Սա ենք մենք` մեր հարստութիւնը ինքնակամ զիջող, դրա փշրանքներով բաւարարուող:

Ատրպէյճանն արդէն շրջիկ խմբեր է ուղարկում, որոնք ուղղակի ցամաքային տարածքով մուտք են գործում մեր երկիր, մենք ուրախութեամբ ենք ընդունում նրանց` որպէս խաղաղութեան առաջին ծիծեռնակների:

Շատ շուտով Ալիեւը` որպէս խաղաղութեան վերջնական հաստատման գրաւական, իր մի քանի հազար ատրպէյճանցիներին մշտական բնակութեան կ՛ուղարկի, իսկ մենք, Ալեն Սիմոնեանի ղեկավարութեամբ, գրկաբաց կ՛ընդունենք եւ Նիկոլին կը գնահատենք, որ վերջնական խաղաղութիւն հաստատեց երկրում, երկրի անունն էլ անտարբերօրէն կը դարձնենք «Արեւմտեան Ատրպէյճան», որ պահպանենք մեծահոգաբար մեզ բաշխուած «խաղաղութիւնը»:

Ես ափսոսում եմ մեր սերունդին, որ բազում զրկանքներով ու պայքարով անկախ երկիր հաստատեց, մեծ սպասելիքներով այն յանձնեց շարունակող սերունդին, որը, պարզւում է, արժանի չէր երկիր ունենալու մեծագոյն պատուին:

Armenian Weekly Magazine Armenian Weekly Magazine

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button