
Հայ Դատի մօտիկ բարեկամ, Թուրքիոյ Մարդկանց իրաւունքներու եւ Հասարակութեան պատմութեան հիմնադրամի հիմնադիր, Միջազգային PEN կազմակերպութեան Թուրքիոյ կեդրոնի անդամ, նաեւ տեղւոյն գրողներու միութեան անդամ եւ հրատարակիչների միութեան ու հրատարակութիւններու ազատութեան միջազգային հիմնադրամի յանձնաժողովի անդամ, եւ “Պելկը“ հրատարակչութեան սեփականատէր Ռակըփ Զարաքօլուն, Ատրպէյճանի մէջ, հայկական ջարդերու մասին “Քարէ երազներ“ գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիի նկատմամբ իշխանութիւններու կողմէն ծայր առած զանգուածային հետապնդումներու կապակցութեամբ, հանդէս եկած է կոչով մը` “Տէր կանգնենք խիղճը չկորցրած ատրպէյճանցիին“:
Ստորեւ այս կոչը, որ հրապարակած է թրքական aykiridogrular.com կայքը .–
Խիղճը մարդկութեան կարեւորագոյն արժանիքներից է: Խիղճ ունեցողներ, ուղղամիտներ, ճշմարտախօսներ… Ինչ անուն ուզում էք տուէք, ի վերջոյ դրանք են հանդիսանում ցանկացած ժողովրդի եւ երկրի իրական հպարտութիւնը: Իսկ կացին բռնողները` երբեք: Ազերի մի գրող, ով պէտք է դառնար սեփական երկրի պարծանքը, վերջին օրերին յայտնուել է մահուան սպառնալիքի առաջ: Եւ այդ սպառնալիքի աղբիւրն անձամբ այդ յետխորհրդային երկրի աւտորիտար նախագահն է: Նա գրողին զրկել է պետութեան կողմից շնորհուած “Ժողովրդական գրող“ կոչումից, նրա ստացած պետական այլ պարգեւներից, անհատական թոշակից, նրա կնոջն ու որդուն հեռացրել են աշխատանքից:
Գրող, սցենարիստ եւ թատերագիր Աքրամ Այլիսլին այն ստեղծագործողներից է, ովքեր իւրացրել են խորհրդային մեծ գրող Մաքսիմ Գորկու քարոզած ժողովուրդների բարեկամութեան փիլիսոփայութիւնը` դեռեւս Մոսկուայի Մաքսիմ Գորկու անուան Գրականութեան ինստիտուտում սովորելու տարիներին: 75ամեայ Այլիսլին բազմաթիւ յօդուածների, պատմուածքների, սցենարների եւ վէպերի հեղինակ է, 2005 թ.ին ընտրուել է Ատրպէյճանի խորհրդարանի պատգամաւոր: Գրական ասպարէզ է մուտք գործել 1959 թուականին հրատարակած բանաստեղծութիւնների գրքոյկով: Բազմաթիւ ստեղծագործութիւնների հեղինակը ատրպէյճաներէն է թարգմանել Կապրիէլ Գ. Մարքէսի, Տուրքենեւի, Չինկիզ Այթմաթովի եւ այլոց ստեղծագործութիւնները: Նրա հեղինակած սցենարով ներկայացումներ են բեմադրուել նախկին խորհրդային բազմաթիւ քաղաքներում, այդ թւում` Երեւանում:
Այն, ինչին ժամանակին նման կերպ մենք ականատես էինք եղել Մարաշում եւ Սեբաստիայում, այսօր նրա տան մօտ է կուտակւում գրողին լինչի դատաստանի ենթարկելուն պատրաստ խաժամուժը:
“Վերցրու կացինդ ու արի“, -այս կոչով են նրանք դիմում ազերի սպայ Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թուականին Պուտափեշթում հայրենիք վերադառնալուց 20 օր առաջ կացնով գլխատել է քնած հայ սպայ Գուրգէն Մարգարեանին, որի հետ նա համատեղ մասնակցում էր ՆԱԹՕի` “Գործընկերութիւն յանուն խաղաղութեան“ ծրագրի շրջանակում կազմակերպուած դասընթացներին:
Երբ 2009 թուականին Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ ստորագրուել էին յարաբերութիւնների կարգաւորմանն ու սահմանների բացման ուղղուած արձանագրութիւնները, մի շարք ատրպէյճանցի պատգամաւորներ շտապել էին մեկնել Անգարա եւ հանդիպումներ ունեցել Թուրքիոյ խորհրդարանի խօսնակ Քեօքսալ Թօփդանի, գլխաւոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան առաջնորդ Տենիզ Պայքալի եւ Ազգայնական շարժում կուսակցութեան նախագահ Տեւլեթ Պահչելիի, ինչպէս նաեւ իշխող “Արդարութիւն եւ Զարգացում“ կուսակցութեան պաշտօնեաների հետ եւ յաջողացրել խափանել Արձանագրութիւնների վաւերացումը: Ահա, այդ ազերիների շարքում էր նաեւ Մալահաթ Իպրահիմքըզըն, որն Ատրպէյճանի խորհրդարանում ունեցած իր կարծր ելոյթում յայտարարել էր, որ “իր այս քայլով Այլսիլին վիրաւորանք է հասցնում ոչ միայն ատրպէյճանցիներին, այլ ամբողջ թուրք ազգին“` սրանով փորձելով լինչի դատաստանի արշաւը տեղափոխել նաեւ Թուրքիա: Ատրպէյճանի խորհրդարանում նոյնիսկ գրողին ծինային փորձաքննութեան ենթարկելու եւ Ատրպէյճանի քաղաքացիութիւնից զրկելու կոչեր են հնչել:
Եւ այս բոլորի համար առիթ է հանդիսացել 75ամեայ Աքրամ Այլիլսիի “Stone Dreams“ (Քարէ երազներ) վէպը, որը լոյս է տեսել ռուսական “Տրուժբա Նարոտով“ (Ժողովուրդների բարեկամութիւն) գրական հանդէսում: Այն նոյնիսկ ատրպէյճաներէն չի հրատարակուել: Այն բանից յետոյ, երբ այս մասին տեղեկացան մամուլում, գազազած ամբոխը հաւաքուել է գրողի տան առջեւ եւ սկսել այրել նրա գրքերն ու ճակատին խաչ պատկերուած նկարները, վանկարկելով` “ամաչիր, դաւաճան“ կարգախօս:
Վէպի թեման երկու ազերի տղամարդկանց պատմութիւնն է, ովքեր փորձում են բռնարարքներից պաշտպանել իրենց հայ հարեւաններին: Բարեխիղճ ինքնաքննադատութեան սահմաններում գրողն անդրադառնում է նաեւ Սումկայիթում եւ Պաքւում տեղի ունեցած հայկական ջարդերին, որոնք հայ-ատրպէյճանական յարաբերութիւններում թշնամանքով լի մի ժամանակշրջանի սկիզբ հանդիսացան: Իրականում այս վէպն աւարտուել է 2007 թուականին, սակայն, միայն հինգ տարի անց այն հրատարակուել է ռուսերէնով:
Հետաքրքիր է, որ համարեայ միաժամանակ հայ գրողներից մէկը նոյնպէս խղճի տեսանկիւնից անդրադարձել է հայ-ազերի հակամարտութեանը եւ արժանացել Ատրպէյճանի Հանրապետութեան մրցանակին: Գրողների միութիւնը, որի անդամն էր հանդիսանում այս գրողը, վերջինիս դատապարտել է այդ մրցանակը ստանալու (այլ ոչ թէ պատմուածքը գրելու) համար, գրողն էլ, ի նշան բողոքի, դուրս է եկել կազմակերպութեան շարքերից: Սակայն, նրա դէմ ատելութեամբ լի կարգախօսներով հալածանքներ չեն կազմակերպուել, ինչպէս դա այժմ արւում է Պաքւում:
Հրապարակախօս Սարգիս Հացպանեանը նշում է, որ հայ գրող Լեւոն Ջաւախեանը 2008-ին յայտարարել է, որ ատրպէյճանցիներն իր թշնամին չեն, եւ հրատարակել է իր “Քիրվա“ պատմուածքը: Իսկ Աքրամ Այլիսլին, ով 5 տարի անց Լեւոն Ջաւախեանի պէս հնչեցրել է “հայերն իմ թշնամին չեն“ կարգախօսը, այժմ կանգնած է լինչի դատաստանի սպառնալիքի առաջ: Ի պատասխան Արեւմուտքից եւ Ռուսաստանից ստացուած հրաւէրների, Աքրամ Այլիսլին հպարտ կեցուածք է ընդունում եւ յայտարարում. “Սա իմ հայրենիքն է եւ ես չեմ պատրաստւում լքել այն“:
Կոչ եմ անում միջազգային հանրութեանը, Թուրքիայի եւ Ատրպէյճանի ժողովրդավարական ուժերին համախմբել իրենց ջանքերը Աքրամ Այլսիլիին պաշտպանելու գործում եւ թոյլ չտալ, որպէսզի կրկնուի Հրանդ Տինքի սպանութեան պատմութիւնը: