ՏԱՊԱԼՈՒՄ՝ ՏՈՒՇԱՆՊԷՈՒՄ ՀԱՒԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑ ԳՈՅՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԻ

0 0
Read Time:3 Minute, 52 Second

p4 dushanbe
ԳԷՈՐԳ ԱՂԱՊԱՊԵԱՆ
(յապաւումով)
Տուշանպէում աւարտուեց Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան խորհրդի նստաշրջանը, որին մասնակցում էր նաեւ նախագահ Սերժ Սարգսեանը: Թէեւ գագաթնաժողովն առաւելապէս ուղղուած էր կազմակերպութեան նախորդ տարուայ գործունէութեան արդիւնքների ամփոփմանը, սակայն Հայաստանի համար հանգուցային նշանակութիւն ունէր:
Սեպտեմբերի 7-ին Մոսկուայում Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսեանը հաւաստիացրել էր, որ պատրաստւում է Տուշանպէում բարձրացնել հայ-ազերի սահմանին եւ Արցախի ու Ատրպէյճանի շփման գծում տիրող լարուածութեան հարցը: Այս յայտարարութիւնը յոյս էր ներշնչել, որ պաշտօնական Երեւանը, ի վերջոյ, որոշել է Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութիւնում սրել Հայաստանի նկատմամբ կազմակերպութեան պարտաւորութիւնների հարցը եւ այն, իբրեւ ընդհանուր մարտահրաւէր, դարձնել Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան օրակարգի խնդիր: Փաստացի, Տուշանպէի գագաթաժողովը պէտք է պատասխանէր այն հարցին, թէ որքանով է դա յաջողուել Երեւանին, նաեւ` Հայաստանի սահմանների նկատմամբ Ատրպէյճանի վերջին շրջանի ռազմական գործողութիւնների առթիւ, որքանով կարելի է վստահել այդ կազմակերպութեանը` որպէս Հայաստանի անվտանգութեան համակարգի առանցքային բաղկացուցիչ:
Գագաթաժողովից յետոյ Սերժ Սարգսեանը յայտարարել է, որ այդ հարցն իսկապէս Տուշանպէում բարձրացրել է: ,Ես Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան անդամ պետութիւնների ղեկավարներին տեղեակ եմ պահել Հարաւային Կովկասում տիրող իրավիճակի մասին` շեշտը դնելով հայ-ատրպէյճանական սահմանին եւ Արցախ-ատրպէյճանական շփման գծում լարուածութեան աճի զգալի սպառնալիքի վրայ: Չեմ ուզում դարձեալ կանգ առնել այդ հարցի վրայ, միայն կ’ընդգծեմ, որ իրավիճակի սրմանն ուղղուած` ազերի փորձերը միջազգային հանրութեան համարժէք արձագանգի բացակայութեան պարագայում յղի են ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգովե,- ասել է նա: Սակայն դա, ըստ էութեան Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան որդեգրած կրաւորական դիրքորոշման վրայ գործնական որեւէ ազդեցութիւն չի ունեցել:
Հարցը միայն այն չէ, թէ ինչու էր նախագահն ընդամէնը Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան անդամ երկրների ղեկավարներին զուտ տեղեկացնելու խնդիր դրել: Չի բացառւում, որ նա աւելի սուր է դրել հարցը: Սակայն խնդիրը ներկայացուել է պատուիրակութիւնների ընդլայնուած կազմով նստաշրջանին նախորդած` նախագահների փակ հանդիպման ժամանակ: Այսինքն` Սերժ Սարգսեանի արած շեշտադրումների, դրան նախագահների արձագանգների մասին լայն հասարակայնութիւնն այդպէս էլ չի իմանայ: Օրինակ` որեւէ մէկը չի կարող ասել` արդեօ՞ք Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարպաեւը, ի պատասխան Սերժ Սարգսեանի ,իրազեկմանե, կրկին չի ընթերցել ,Ատրպէյճանի իր ընկերոջե` Իլհամ Ալիեւի հերթական նամակը, որը վերջինս նրան կարող էր փոխանցած լինէր Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան այս գագաթաժողովին նախորդած` Ասթանայում անցկացուած թրքալեզու պետութիւնների ղեկավարների գագաթաժողովի ընթացքում:
Փաստն այն է, որ Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան անդամ երկրների ղեկավարներից որեւէ մէկի, ինչպէս նաեւ կազմակերպութեան մակարդակով հայ-ատրպէյճանական շփման գծում ստեղծուած իրավիճակին որեւէ անդրադարձ, որեւէ գնահատական չի եղել: Նստաշրջանի վերաբերեալ Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան պաշտօնական կայքէջում զետեղուած պաշտօնական հաղորդագրութեան, ինչպէս նաեւ նստաշրջանի արդիւնքների վերաբերեալ նախագահների ընդունած յայտարարութեան բովանդակութիւնից կարելի է այնպիսի տպաւորութիւն ստանալ, որ ոչ միայն Հայաստանի սահմանների նկատմամբ վերջին շրջանում որեւէ ագրեսիայ չի եղել, այլեւ` որ Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան համար ղարաբաղեան սրուած հարց գոյութիւն չունի` առհասարակ:
Բանն այն է, որ Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան արձագանգել է վերջին շրջանում միջազգային հնչեղութիւն ունեցած բոլոր այն հակամարտութիւններին ու խնդիրներին, որոնք սահմանակցում են Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան վերահսկողութեան տակ գտնուող տարածաշրջաններին` սկսած Մերձաւոր Արեւելքում եւ Աֆղանիստանում ,իսլամական պետութեանե ծաւալած ահաբեկչական գործունէութեանը եւ բռնութիւններին հակազդելուց, ընդհուպ մինչեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնութիւնների ձեռքբերումը: Սակայն դրանց թւում Արցախի հակամարտութեան գօտում լարուածութեան աճի խնդիրը պարզապէս չկայ, եւ սա` նախագահ Սարգսեանի կողմից հարցը բարձրացնելու պայմաններում:
Աւելին` նախագահների համատեղ յայտարարութեան մէջ, ոչ աւելի, ոչ պակաս, նշւում է, թէ անդամ երկրների նախագահներն ակտիւօրէն հանդէս են գալիս… ,սպառազինման մրցավազքի կանխարգելման օգտինե: Եւ սա այն դէպքում, երբ ընդամէնը օրեր առաջ Հապկ-ի առանցքային դերակատար հանդիսացող Ռուսաստանը պաշտօնապէս հաստատեց Ատրպէյճանից ժամանակակից ռազմական հերթական խմբաքանակի մատակարարման պատուէր ստանալու մասին: Յետոյ է միայն հասկանալի դառնում, որ այս ձեւակերպումը յայտարարութեան մէջ տեղ է գտել Միացեալ Նահանգների կողմից Եւրոպայում հակահրթիռային պաշտպանութեան համակարգի ստեղծման նախաձեռնութեան դէմ, այսինքն` բխում է Ռուսաստանի շահերից: Յայտարարութեան մէջ նման ձեւակերպումները ցոյց են տալիս, որ կա՛մ Հայաստանի պնդումներ բանի տեղ չեն դրւում, կա՛մ պարզապէս կազմակերպութիւնում յամառօրէն ուզում են կոյր ձեւանալ Հայաստանի անվտանգութեան սպառնալիքների նկատմամբ:
Թւում է, թէ նման իրավիճակում Երեւանի դիրքորոշումը պէտք է աւելի արմատական դառնար, քանի որ նման վերաբերմունքի պարագայում Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան անդամակցութիւնը դառնում է ոչ թէ ինքնանպատակ, այլեւ նոյնիսկ վնասակար: Ի վերջոյ, կոնկրէտ պարտաւորութիւններով կաշկանդուած մնալով իր շահերը բացարձակապէս անտեսող երկրների հանդէպ, Հայաստանը չի ստանում որեւէ գործնական, նոյնիսկ` հոգեբանական շահաբաժին:
Մինչդեռ Հ.Հ. նախագահը Տուշանպէի գագաթաժողովի արդիւնքներն ամփոփելիս յայտարարում է. ,ընդհանուր առմամբ, մենք բաւարարուած ենք Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան զարգացման ընթացքովե: Թէ նման վերաբերմունքի պայմաններում յստակ ի՞նչն է բաւարարում Երեւանին, մնում է անհասկանալի:
Կարելի է ասել, որ Երեւանը տապալել է Տուշանպէի գագաթաժողովի միջոցով Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութեան ,ուշքի բերելու` իր մարտավարական խնդիրը: Աւելի ու աւելի է ամրապնդւում այն համոզմունքը, որ այդ կազմակերպութեան դերակատարութիւնը Հայաստանի անվտանգութեան ապահովման հարցում զուտ ձեւական բնոյթ ունի, եւ դրա անդամ երկրների մեծ մասը ոչ միայն Հայաստանի շահերի հետ զուգահեռուող հետաքրքրութիւններ չունի, այլեւ գործում է նրա շահերի դէմ: Նման պայմաններում առնուազն պէտք է բացատրել, թէ ինչո՞ւ պէտք է հայ զինուորները սեփական կեանքի գնով Տաճիկստանը պաշտպանեն Աֆղանիստանից ծայրայեղ իսլամականների հնարաւոր ներխուժումից, եթէ այդ կազակերպութիւնն ի զօրու չէ անգամ Հայաստանին սպառնացող արտաքին վտանգը զսպելու նպատակով հերթապահ քաղաքական յայտարարութիւն անել:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ԿԵԴՐՈՆԱԿԱՆՑԻ ԱՐՄԵՆԱԿ ԵՒ ԵՐԿԻՐՆԵՐՈՒ ՊԱՐՏՔԵՐԸ
Next post ԽՈՐՀՐԴԱՒՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ… ԻՆՉՈ՞Ւ Է ԱՇԽՈՒԺԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՆ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles