ՍԽԱԼՈՒԵԼՈՒ ՍԱՀՄԱՆՆ ԱՒԱՐՏՒՈՒՄ Է…

0 0
Read Time:3 Minute, 30 Second

p4-5 eurasia  Գէորգ Աղապապեան

(յապաւումով)
«Երկիր»

Եւրասիական Տնտեսական Միութեան անդամակցելու գործընթացն այլեւս Հայաստանից կախուած չէ, որովհետեւ այն, ինչ դրա համար պահանջւում էր Հայաստանից, արդէն արուած է: Պատմական, գուցէ ճակատագրական նշանակութեան քայլերը, կապուած Սահմանադրական Դատարանի կողմից սահմանադրական ճանաչուելու եւ Ազգային ժողովի կողմից վաւերացուելու հետ, արդէն արուած են, եւ չկայ ոչ մի ներքին գործօն, որը կարող է ընդհատել այս ընթացքը: Ազգային ժողովում պայմանագրի վաւերացման քուէարկութեան պատկերը ցոյց տուեց, որ այս հարցում գրեթէ կատարեալ միասնականութիւն է, որը հիմնւում է հանրութեան լայն հատուածների լուռ համաձայնութեան վրայ: Ամէն ինչ հիմա կախուած է Եւրասիական միութեան անդամ երեք երկրներից երկուսի` Ղազախստանի եւ Պելառուսի խորհրդարաններից, այդ երկրների իշխանութիւնների ցանկութիւնից եւ առաւելապէս Ռուսաստանի հետ նրանց յարաբերութիւններից: Եւրասիական Տնտեսական Միութեան Հայաստանի անդամակցութեան առջեւ կանաչ լոյս վառելու իրաւասութիւնն այնպիսի լուրջ գործիք է Ասթանայի ու Մինսքի ձեռքին, որ կարող են կիրառել ցանկացած պահի` օրինակ, յետաձգելով համապատասխան պայմանագրի վաւերացումը խորհրդարաններում: Եւ այստեղ ձեռք բերուած քառակողմ բանաւոր համաձայնութիւնը` մինչեւ Դեկտեմբերի 23-ը բոլոր 4 երկրներում աւարտել պայմանագրի վաւերացման փուլը, էական որեւէ նշանակութիւն չունի, քանի որ անցած մէկ տարուայ ընթացքում Պելառուսը, բայց յատկապէս` Ղազախստանը բազմիցս են խախտել նմանատիպ պայմանաւորուածութիւնները, ինչի պատճառով Հայաստանին զրկեցին Եւրասիական Տնտեսական Միութեան հիմնադիր անդամ դառնալու հնարաւորութիւնից եւ սկսեցին Երեւանի առջեւ նոյնիսկ նախապայմաններ դնել:
Բոլոր դէպքերում գնդակն այլեւս մեր դաշտում չէ, ու մնում է ընդամէնը սպասել, թէ Եւրասիական Տնտեսական Միութեան անդամ երկրները որքանով կը մնան այդ պայմանաւորուածութիւնների շրջանակում: Մնում է յուսալ, որ սա իսկապէս չարեաց փոքրագոյնի սկզբունքով արուած ընտրութիւն էր: Ազգային ժողովում, դրանից դուրս բոլորը քննարկում են բացառապէս այս որոշման նպատակայարմարութեան հարցը` ճիշտ է, սխալ է, օգտակար է, վնասակար է, մահացու է կամ առողջարար: Եւ ինչպէս գրեթէ բոլոր հարցերում է, ամէն ինչ մատուցւում է ծայրայեղութիւնների մէջ, «ֆաթալիզմ»ի տրամաբանութեամբ` հանրութեանը ինչ-որ բան բացատրելու, հասկանալի դարձնելու փոխարէն նրան աւելի խճճելով, աւելի մատնելով յուսահատութեան:
Բայց այս ամբողջ թոհուբոհի մէջ այդպէս էլ պատշաճ ուշադրութեան չարժանացաւ, թերեւս, ամենակարեւորը հարցը` ինչո՞ւ հասանք այս վիճակին եւ հնարաւո՞ր էր խուսափել այսպիսի ելքից: Ի՞նչ էր կախուած մեզանից, ի՞նչն էր, որ այդպէս էլ չարեցինք կամ արեցինք դրա հակառակը: Այդ ինչպէ՞ս պատահեց, որ Հայաստանին ընտրութիւն պարտադրելու` ընկերային, տնտեսական, քաղաքական բոլոր լծակները բոլոր լծակներն այդքան սահուն յայտնուեցին մի երկրի ձեռքերում, արդեօ՞ք դա մտածուած ու հետեւողական քաղաքականութեան հետեւանք էր, թէ՞ պահի տակ կայացուող որոշումների: Այս հարցադրումներն գործնական չեն ինքնին Եւրասիական Տնտեսական Միութեան միանալու նպատակայարմարութեան կամ անհրաժեշտութեան հարցի քննութեան գործընթացում: Որովհետեւ գնացքն արդէն գնացել է: Բայց դրանք գործնական են ապագայի համար` ապագան կառուցելու եւ երէկ ու այսօր կատարուած սխալները, որոնք, փաստօրէն, ի վերջոյ, նստեցրին կոտրած տաշտակի առջեւ, չկրկնելու հրամայականից ելնելով: Այդ հարցերին պատասխանելն այնքան էլ դիւրին չէ, որքան թւում է առաջին հայեացքից, որովհետեւ ուղղակիօրէն առնչւում է պատասխանատուութեան եւ ինքնապատասխանատուութեան դասակարգներին:
Այն ժամանակ, երբ Հ.Յ.Դաշնակցութիւնը հրապարակայնացրեց դեռեւս 1994-ին վաւերացուած` Ռուսաստանի հետ տնտեսական միութիւն ստեղծելու մտադրութիւնների մասին պայմանագիրը, թւում էր, թէ, ի վերջոյ, քննարկումների հունը կը տեղափոխուի նաեւ պատճառների բացայայտման եւ քաղաքական պատասխանատուութեան հարթութիւն: Բայց այդ պայմանագիրը բացարձակապէս ոչ մի տրամաբանութիւն չյառաջացրեց, աւելին` ըստ էութեան, միտումնաւոր այն դուրս մղուեց օրակարգից ու մոռացութեան մատնուեց: Ու թերեւս հասկանալի է, թէ ինչու, որովհետեւ այն ցանկութեան նպատակ ունէր ու յստակօրէն ցոյց էր տալիս, թէ ինչ նպատակ էր դրուած եղել դեռեւս 1994-ին, եւ այն զարգացումները, որոնք տեղի ունեցան դրանից յետոյ հայ-ռուսական յարաբերութիւններում, որքանով էին բխում այդ նպատակից ու ծառայում դրա իրականացմանը: Եւ երբ խնդիրը դիտարկում ենք այս հարթութիւնում, ապա ստացւում է, որ հայաստանեան երեք իշխանութիւններից իւրաքանչիւրն իր չափով նպաստել է այսօրուայ ելքի հասունացմանը, իւրարքանչիւրն իր չափով է մօտեցրել այս օրը եւ այնքանով, որքանով քաղաքական ներկայիս համակարգը, ըստ էութեան, եղել է դրա մասնակիցը, բոլորն էլ դառնում են համապատասխանատու: Իսկ ինչպէս յայտնի է, խմբային պատասխանատուութիւնը, դրա առանձին տարրերի կտրուածքով, միշտ էլ հիմնուած է անպատասխանատուութեան վրայ, սեփական դերակատարումը նեղացնելու, հնարաւորութեան դէպքում` չէզոքացնելու վրայ: Ճիշտ այնպէս, ինչպէս խմբային յանցագործութեան պարագայում է դժուար դառնում …իւրաքանչիւրի մեղաւորութեան աստիճանի որոշումը եւ պատիժն էլ, ըստ դրա, սահմանելը:
Եւ հէնց դա է պատճառը, որ թացը խառնւում է չորին, ճշմարիտը կեղծիքին: Որովհետեւ դա բխում է բոլորի շահերից, որովհետեւ դա է պատասխանատուութիւնից խուսափելու յարմար տարբերակը: Եւ այնպէս, ինչպէս յանցագործութեան անպատժելիութիւնն է ապագայ նոր յանցագործութիւնների կատարման հիմնական երաշխիքը, այնպէս էլ անցեալում ու ներկայում կատարուող սխալները չսրբագրելու, այս սխալների համար իրաւական, քաղաքական ու բարոյական պատասխանատուութիւն չկրելն է երաշխիքներ ստեղծում վաղը գուցէ աւելի ծանր ու անդառնալի սխալներ կատարելու համար:
Բայց խնդիրն այն է, որ սխալուելու սահմանն էլ է վերջանում, ու կարծես, շատ ենք մօտեցել այդ ճգնաժամային սահմանագծին, որից այն կողմ անդունդ է, պետականութեան լիակատար կորուստ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles