ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԹՈՒՐՔԻՈՅ ՇՈՒՐՋ
Տիգրան Չանտոյեան
Երեւան
Էրտողան յայտարարել է, կառավարութեան օրէնսդիր եւ դատական ճիւղերը զօրացնելու նպատակով, 2023 թուականին կատարուելիք բարեփոխումների մասին, երբ երկրում կ’անցկացուեն պետութեան ղեկավարի եւ խորհրդարանի յաջորդ ընտրութիւնները: Այս մասին Էրտողան ասել է Պոլսոյ Տոլմապահչէ պալատում` իսլամական աշխարհի սահմանադրական իրաւունքին նուիրուած համաժողովում: «Յաջորդ տարի Թուրքիայում նախատեսւում են նոր բարեփոխումներ` ուղղուած իշխանութեան ճիւղերի բարելաւմանը: Բարեփոխումները կը բարձրացնեն գործադիր իշխանութեան արդիւնաւէտութիւնը, ինչպէս նաեւ կը նպաստեն օրէնսդիր եւ գործադիր համակարգերի աշխատանքին»,- ասել է Էրտողանը:
Չյստակեցնելով բարեփոխումները` նա յաւելել է, որ վերջին տարիներին ձեռնարկուած քայլերը հնարաւորութիւն են տուել սահմանադրական մակարդակով երաշխաւորել ոչ միայն թրքական դատական համակարգի անկախութիւնը, այլեւ անաչառութիւնը, ինչը վերացրել է երկրի իրաւական համակարգի բացը: «Իհարկէ, այս գործընթացում կարող են լինել քննարկումներ ինչ-որ իրադարձութիւնների վերաբերեալ, որոնց ուշադրութեամբ հետեւում են հասարակական կարծիքի տարբեր շերտեր: Այնուամենայնիւ, մենք կարծում ենք, որ այս քննարկումներից իւրաքանչիւրը կը լուծուի եւ կ’աւարտուի օրէնքի գերակայութեան սկզբունքին համապատասխան»,- ասել է Էրտողանը:
Այս տարի սպասուող ընտրութիւններին ընդառաջ նման յայտարարութիւնների պակաս կարծես չի զգացւում. նպատակը մէկն է` ընտրութիւններին նախօրէին հնարաւորինս բարձրացնել Էրտողանի եւ նրա խմբակիցների վարկանիշը:
Ասուածի մէկ այլ օրինակ է Թուրքիոյ իշխանութիւնների յայտարարութիւնը` նուազագոյն աշխատավարձը 55 տոկոսով բարձրացնելու մասին` կենսական ծախսերի հետ կապուած ճգնաժամին եւ սղաճին: Այս քայլը նպատակ ունի մեղմել կենսական ծախսերի աւելացման հետեւանքները, սակայն վտանգներ կան, որանք կը յանգեցնին յետագայ սղաճի: Երկրում սղաճի պաշտօնական մակարդակը ներկայումս գտնւում է վերջին 24 տարում ամենաբարձր մակարդակի վրայ` 84,4 տոկոս: Էրտողանը յայտարարել է, որ 2023 թուականից սկսած նուազագոյն ամսական աշխատավարձը կը բարձրանայ 8500 լիրայի (455 տոլար): Վիճակագրական տուեալներով` Թուրքիոյ աշխատուժի աւելի քան 30 տոկոսը նուազագոյն աշխատավարձ է ստանում եւ նրանք Էրտողանի ընտրարշաւին մաս են կազմում:
+
Սեւ ծովի թրքական հատուածի «Սաքարիա» կազահանքի բնական կազի ապացուցուած պաշարները հասնում են 710 միլիառ խորանարդ մեթրի, ինչը բաւական է Թուրքիոյ բնակչութեան պահանջմունքները 33 տարով բաւարարելուն, ասել է Թուրքիոյ ելեկրուժի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Տոնմեզը: Ըստ նրա` առաջադրուած է չորս տարում Սեւ ծովում կազի արդիւնահանման առաւելագոյն մակարդակի հասնելու նպատակ, ինչը թոյլ կը տայ կրճատել կապոյտ վառելիքի ներմուծումը 30 տոկոսով: «Ցամաքային հատուածում աշխատանքներին մասնակցում է մօտ 6 500 մարդ, իսկ ծովային հատուածում` եւս 2 500 մասնագէտ: Նախագծի իրականացման շրջանում 18 օտարերկրացի Ճարտարագէտնիներ ստացել են թրքական քաղաքացիութիւն»,- նշել է Տոնմեզը: Սաքարիայի հանքավայրի կազը այս տարուայ Մարտի վերջից կը միացուի ազգային ցանցին եւ կ’օգտագործուի բնակելի տներում:
Անդրադառնալով թրքական BOTAŞ-ի կողմից ռուսական կողմին պարտքի վճարումն ուշացնելուն` Թուրքիոյ ելեկտրոյժի նախարարն ասել է, որ բանակցութիւններն այդ հարցի շուրջ շարունակւում են: «Ներկայ պահին վճարումները յետաձգելու հարց չկայ: Մենք Ռուսաստանի հետ բանակցութիւններ ենք վարում բազմաթիւ ուղղութիւններով: Կանգ կ’առնենք թրքական կողմի համար առաւել շահաւէտ տարբերակի վրայ: BOTAŞ ուղիղ բանակցութիւններ է վարում «Կազփրոմ»-ի հետ»,- նշել է նախարարը:
«Կազփրոմ»-ի ղեկավար Ալեքսէյ Միլերը յայտարարել է, որ արդէն սկսուել է կազային հանգոյցի նախագծի գործնական իրականացումը Թուրքիայում: «Այժմ մենք Թուրքիոյ հետ միասին սկսել ենք այս երկրում կազային հանգոյցի նախագիծ մշակել: Այս որոշումն ընդունուել է երկու պետութիւնների ղեկավարների մակարդակով, եւ մենք արդէն սկսել ենք դրա գործնական իրականացումը»,- ասել է Միլերը: Նրա խօսքով, գազային հանգոյցը կ’օգնի ապահովել բնական գազի շուկայում թափանցիկ եւ արդար գնագոյացումը:
Հոկտեմբեր 12-ին Փութինն առաջարկել էր Թուրքիայում «խոշորագոյն կազային հանգոյց» ստեղծել` Եւրոպա մատակարարումների համար: Նա առաջարկել է վառելիքը, որը նախկինում Երևոմիութիւնն էր մատակարարւում «Հիւսիսային հոսք» կգազատարով, վերաուղղել Թուրքիոյ տարածքով: Էրտողանը պաշտպանել էր Փութինի նախաձեռնութիւնը:
+
Պուլկարիան հասանելիութիւն է ստացել Թուրքիոյ կազափոխադրման ցանցի նկատմամբ` երկարաժամկէտ գործարքի շրջանակում, որը կ’օգնի երկրին փոխարինել Ռուսաստանի կողմից աւելի վաղ իրականացուող մատակարարումները: Պուլկարական «Պուլկարկազ» պետական կազային ընկերութիւնը եւ թրքական BOTAŞ ընկերութիւնը ստորագրել են 13-ամեայ համաձայնագիր, որը Պուլկարիոյ հնարաւորութիւն է տալիս մուտք գործել Թուրքիոյ հեղուկացուած բնական կազի կեդրոններ:
Պուլկարիոյ ելեկտրոյժի ի նախարար Ռոզէն Խրիստովի խօսքով` համաձայնագիրը լուծում է Բուլղարիայում հեղուկացուած բնական կազի բեռնաթափման համար բաւարար ենթակառուցուածքների բացակայութեան խնդիրը: Պուլկարիան, որը մինչեւ Ուքրայինայում ռազմական գործողութիւնների սկսուելը գրեթէ ամբողջութեամբ կախուած էր ռուսական կազից, փնտռում է կազի այլընտրանքային մատակարարումներ ողջամիտ գներով այն բանից յետոյ, երբ Ռուսաստանը դադարեցրեց մատակարարումները Ապրիլին, քանի որ Սոֆիան հրաժարուել էր վճարել ռուբլիով: Ներկայումս Պուլկարիան Ատրպէյճանից տարեկան 1 միլիառ խորանարդ մեթր կազ է ներկրում եւ հոգում է իր մնացած կարիքները` տարեկան մօտ 3 միլիառ խորանարդ մեթր, հարեւան Յունաստանից հեղուկացուած բնական կազի ներկրման հաշուին:
Թուրքիոի ելեգտրոյժի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Տոնմեզը չի բացառել Պուլկարիոյ տարածքով կազի մատակարարումը Եւրոպայի այլ երկրներ: «Թուրքիան ներդրում է կատարում Պուլկարիոյ մէջ: Ընդհանուր առմամբ պայմանագրի շրջանակում խօսքը 20 միլիառ խմ. կազի մասին է: Եթէ անհրաժեշտ պայմաններ ձեւաւորուեն, Թուրքիան կը կարողանայ կազի առեւտուրը կազմակերպել Պուլկարիոյ միջոցով, այսինքն` ծածկել կազի հարցում երրորդ երկրների կարիքները»,-ասել է Տոնմեզը:
+
Անգարան, Մոսկուայում Թուրքիոյ, Սուրիոյ եւ Ռուսաստանի պաշտպանութեան նախարարների հանդիպումից յետոյ, համաձայնել է իր զօրքերը դուրս բերել Սուրիոյ տարածքից: Ռուսաստանի, Սուրիոյ եւ Թուրքիոյ պաշտպանութեան նախարարներն այս շաբաթ Մոսկուայում եռակողմ բանակցութիւններ են անցկացրել` քննարկելու սուիրիական ճգնաժամի կարգաւորման ուղիները: Նախարարութիւնը պարզաբանել էր, որ հանդիպումից յետոյ կողմերը նշել են այս ձեւաչափով անցկացուող երկխօսութեան կառուցողական բնոյթը եւ այն շարունակելու անհրաժեշտութիւնը` Սուրիայում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի յետագայ կայունացման շահերից ելնելով: Մոսկուայում ռազմական գերատեսչութիւնների ղեկավարների բանակցութիւնները 11 տարուայ ընթացքում առաջին պաշտօնական բանակցութիւններն էին Անգարայի եւ Դամասկոսի միջեւ: Երեք երկրների նախարարների` Մոսկուայում կայացած հանդիպման արդիւնքներից մէկը եղել է Թուրքիայի համաձայնութիւնը` Սուրիոյ հիւսիսում իր գրաւած տարածքներից ամբողջական դուրս գալու վերաբերեալ: Կողմերը քննարկել են նաեւ Սուրիոյ հիւսիսում M4 մայրուղու վերաբերեալ 2020 թուականի համաձայնագիրը:
Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Մեւլիւթ Չաւուշօղլուն ասել է, որ Անգարան առաջարկել է Յունուարի երկրորդ կէսին Թուրքիոյ եւ Սուրիոյ արտաքին գործոց նախարարների հանդիպում անցկացնել, հնարաւոր է` երրորդ երկրում: Հանդիպման վայրը դեռեւս պարզ չէ, նշել է, որ կարող է լինել Մոսկուան կամ երրորդ երկիր մը:
+
2022 թուականին Թուրքիան եւ Ատրպէյճանը 12 համատեղ զօրավարժութիւն են անցկացրել: Այս մասին Էրտողանը գրել է Twitter-ի իր էջում: «Ատրպէյճանի հետ 12 համատեղ զօրավարժութիւններ անցկացնելով` մենք մեծացրել ենք մեր ռազմական հնարաւորութիւնները»,- ասել է Էրտողանը:
Դեկտեմբերի սկզբին ատրպէյճանցի եւ թուրք զինուորականները համատեղ վարժանքներ են անցկացրել Պաքւում եւ Ատրպէյճանի երեք շրջաններում` Աստարայում, Ճապրայիլում եւ Իմիշլիում: Զօրավարժութիւններին ներգրաւուել են տարբեր տիպի զօրքերի անձնակազմ, մարտական եւ ճարտապետական նորութիւններ, ինչպէս նաեւ երկու երկրների օդուժը, որոնք համատեղ իրականացնում են մարտական պատրաստութեան տարբեր առաջադրանքներ: Մասնաւորապէս, կիրառւում է հրետանի, աւիացիայ, գետերի վրայով կամուրջների կառուցում, ինչպէս նաեւ զօրքերի վայրէջքը կեղծ թշնամու խորքեր: Զօրավարժութիւններին մասնակցող անձնակազմի քանակը չի նշւում: Այս զօրավարժութիւնների թիրախը ոչ միայն Հայաստանն է, այլ նաեւ Իրանը:


