ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՐՑԵՐԻ ՏԷՐԸ.- “ԴՐՕՇԱԿ“Ի ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

0 0
Read Time:5 Minute, 24 Second

 2012 թուականի խորհրդարանական ընտրութիւնները աննախադէպ էին ընտրակաշառքի եւ ընտրակեղծիքների զանգուածային կիրառման առումով: Սրանով հանդերձ ոչ մի ընտրութեան շուրջ խօսակցութիւններն ու քննարկումները այնքան արագ չէին մարել, որքան որ դա տեղի ունեցաւ այս դէպքում: Փոխարէնը լայն քննարկումների առարկայ դարձաւ օրինակ միասեռականների ակումբի հրկիզման միջադէպը: Յետընտրական շրջանում աշխուժութիւն ապրեց հակադաշնակցական քարոզչութիւնը:

Եթէ Հայաստանում ունենայինք իրապէս ազատ ու անկախ տեղեկատուական դաշտ, թերեւս հնարաւոր լինէր մտածել, թէ այն ինչ կատարւում է ունի ինքնաբուխ բնոյթ: Ոչ ոքու համար գաղտնիք չէ, սակայն, որ լրատուական դաշտը մեզանում գլխաւորաբար մենաշնորհացուած է եւ գոյատեւում է հովանաւորութիւնների շնորհիւ: Ինչ վերաբերում է քարոզչութեան հիմնական թիրախներից մէկին` Դաշնակցութեանը, ապա ի հարկէ, այս երեւոյթը առաջին անգամ չէր նկատւում: Անկախ Հայաստանի գոյութեան առաջին իսկ շրջանից հակադաշնակցական ջղագարութիւնը յատկապէս բորբոքուել է կուսակցական ժողովների նախօրեակին: Որքան էլ, որ ցանկութիւնները չիրականանան, այնուամենայնիւ ոմանց չի լքում Հ.Յ.Դ. ժողովների ընթացքի ու տրամադրութիւնների վրայ ազդելու գայթակղութիւնը: Առաջին հայեացքից Դաշնակցութեան շուրջ ապատեղեկատուութիւններ տարածելու փորձերը ծիծաղելի կարող են թուալ, սակայն ծիծաղելի այն մարդկանց համար, ովքեր կուսակցութեան հիմնական անցուդարձերի հետ քիչ թէ շատ առնչութիւն ունեն: Պատկերացնենք, սակայն, որ շատերը տեղեակ չեն եւ պարտաւոր էլ չեն մանրամասնօրէն իմանալ, թէ ամէն օր ինչ է անցնում-դառնում կուսակցական խոհանոցում: Առաւել եւս ոչ կուսակցականների պարագայում, երբ բնականաբար մարդիկ աղօտ պատկերացում ունեն քաղաքական այս կամ այն ուժի ներքին խնդիրներից: Եւ պատկերացնենք, որ նման մարդիկ գրեթէ ամէն օր հանդիպում են պատուէրով գրչակների հրապարակած նիւթերի ուր, “ներսի“ գործերին իրազեկուածութեան տպաւորութիւն ստեղծելով, տարածւում են ամենաստայօդ ու անհեթեթ տեղեկութիւններ: Մանաւանդ, երբ նոյն հիմնաւորումները եւ ընտրուած թիրախները կրկնւում են այլ հեղինակների մօտ եւ այլ լրատուամիջոցներով (Եւս մէկ փաստ, որ վկայում է դրանց կազմակերպուած լինելու մասին): Ու այսպէս ամիսներ շարունակ` իւրաքանչիւր Աստծոյ օր:

Հակադաշնակցական քարոզչութիւնը միշտ մի առանձնայատկութիւն է ունեցել, այն հիմնականում արւում է, այսպէս կոչուած, դաշնակցութեամբ “մտահոգուածների“ եւ “լաւը ցանկացողների“ անունից: Վերջիններս իրենց պարտքն են համարում ահազանգել այն մասին, որ Դաշնակցութիւնը շեղուել է ուղեգծից, Դաշնակցութիւնը չի անում այն` ինչ պէտք է անի: Օրինակ գտնում են, որ Դաշնակցութիւնը պէտք է ունենայ կոշտ ազգայնական կեցուածք եւ միաժամանակ լինի իրենց պատկերացումներին համապատասխան ժողովրդավար ու ժամանակակից, ցանկանում են պարտաւորեցնել աւելի կարծր դիրքորոշում ունենալ Ղարաբաղի եւ հայ-թրքական յարաբերութիւնների հարցերում եւ միաժամանակ որդեգրել օրինակ ամերիկամէտ կողմնորոշում: Որոշում են, թէ կուսակցութիւնն ում ընտրի ու չընտրի իր ժողովներում եւ ում պէտք է սատարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահական ընտրութիւններում: Իսկ եթէ իրենք իրենց ուժերով այդ բաները չեն կարող անել, անգամ դրսից ներգրաւեն Դաշնակցութիւնից լաւ Դաշնակցութեան անելիքն իմացող “մտահոգ“ ու “հայրենասէր“ մարդկանց: Որոշում են, որ գալիք կուսակցական ժողովում ղեկավար մարմնի փոփոխութիւն տեղի կ՛ունենայ, ինչը կը վկայի, որ հասունացել է շարքերի կողմից ներքին յեղաշրջում իրականացնելու պահը, եւ յաջորդ օրը գրում են, թէ ղեկավարութեան փոփոխութիւն չի լինի, ինչը նշանակում է թէ կուսակցութիւնը կարծրացել է:

Ի հարկէ այս ամէնի մէջ ակնյայտ են ե՛ւ անհեթեթութիւնը, ե՛ւ հակասութիւնները, սակայն դա չի կաշկանդում նպատակին տանող միջոցների ընտրութեան հարցում: Օրինակ ներսից, թէ դրսից Դաշնակցութեանը քիչ ծանօթ իւրաքանչիւր ոք հրաշալի գիտէ, որ Հայաստանում վերահաստատման օրերից ցայսօր, կուսակցութեան մէջ երբեք չեն դրսեւորուել, այսպէս կոչուած, տարբեր թեւերը: Սրանով հանդերձ, տարիներ շարունակ փորձ է արւում հանրութեանը համոզել չեղած բանի մէջ, թատրերգական դիպաշարեր են մոգոնւում, թէ ով ում է դէմ, ով ում հետ է, եւ հետեւութիւններ են արւում, թէ ինչու այս կամ այն դիրքորոշումը որդեգրուեց ու դեռ ինչ զարգացումներ են սպասւում: Յանուն հետաքրքրութեան ինչ-որ մէկը կարող է մի քանի տարուայ կտրուածքով ուսումնասիրել, թէ ի՛նչ “բացայայտումներ“ ու “կանխատեսումներ“ են կատարուել Դաշնակցութեան վերաբերեալ, որոնք հետագայում չեն հաստատուել եւ տեղի չեն ունեցել: Այնուամենայնիւ կայ պատուէր եւ այդ պատուէրը կատարւում է առանց բարոյական կաշկանդումների:

Եթէ ճշմարիտ լինէր այն ամէնը` ինչի մասին գրւում էր վերջերս տեղի ունեցած Գերագոյն ժողովից առաջ, ապա այսօր արդէն Դաշնակցութիւնը ապրած պէտք է լինէր ներքին յեղաշրջիչ ցնցումներ, պառակտուէր ու բաժանուէր տարբեր մասերի: Այնինչ ժողովը տեղի ունեցաւ ու անցաւ ինչպէս բոլոր մնացած ժողովները` հաստատեց առաջիկայ գործունէութեան բանաձեւերը, որոնք արտացոլուեցին նաեւ միաձայն ընդունուած յայտարարութեան մէջ: Յայտարարութեամբ Հ.Յ.Դ. Հայաստանի կազմակերպութեան բարձրագոյն ժողովը հաւաստեց.

Գերագոյն ժողովն ընթացաւ միասնականութեան եւ համախմբուածութեան մթնոլորտում: Կուսակցութիւնը վճռական է Դաշնակցութեան աւանդոյթների, յեղափոխական, ընկերվարական, ժողովրդավարական, ազգային ծրագրային յենասիւնների վրայ խարսխուած իր գործունէութիւնը ծաւալել երկրում` ազատութեան ու արդարութեան, ազգային մեր խնդիրների լուծման համար պայքարում: ՀՅԴ հայաստանեան կազմակերպութիւնը, համահայկական կառոյցով շարունակելու է իր երթը մեր երկրի ազգային ռազմավարական խնդիրների լուծման, ծառացած մարտահրաւէրների յաղթահարման, հայութեան արդար դատի յաղթանակի համար` մերժելով պարտուողական կեցուածքները, պարտադրելով վերջնականապէս հրաժարուել հայ-թրքական նուաստացուցիչ արձանագրութիւններից:

Ոչ մեծ այս մէջբերումն իսկ պատասխան է, թէ՛ կուսակցութեան վիճակի, թէ՛ քաղաքական դաշտում նրա տեղի եւ անելիքների վերաբերեալ:

Եւ ինչ, լռեցի՞ն կեղծարարները: Ի հարկէ ոչ եւ ակնյայտօրէն յաջորդ հանգրուանը նախագահական ընտրութիւններն են: Որպէսզի հասկանալի լինի, թէ ի՛նչ նպատակ են հետապնդում այս ամէնի ետեւում կանգնած ուժերը, թռուցիկ անդրադառնանք Դաշնակցութեան քաղաքական ու գաղափարական հիմնական ուղենիշերին: 2008 թուականից Դաշնակցութիւնը Հայաստանում հանդէս է գալիս, որպէս իշխանութեան քաղաքական, տնտեսական գործունէութեան կոշտ քննադատող` խորհրդարանում մի քանի անգամ բարձրացրել է կառավարութեանը վստահութիւն յայտնելու հարցը, որդեգրել է համակարգային իշխանափոխութեան ծրագիր: Դաշնակցութիւնը հիմնական այն ուժն է, որը ազգային շահերից բխող յստակ ու հաստատակամ կեցուածք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հարցում եւ չի ընդունում ազգային շահերը վտանգող զիջումների հեռանկարը, դէմ է հրապարակ իջեցուած հայ-թրքական արձանագրութիւններին, երկու հարեւան երկրների միջեւ բարի դրացիական յարաբերութիւնների հաստատման իրական հնարաւորութիւն է տեսնում ցեղասպանութեան համընդհանուր ճանաչման եւ դատապարտման դէպքում` ի հարկէ երբ դրան կը միանայ նաեւ Թուրքիան: Նկատի ունենալով Դաշնակցութեան հետապնդած նպատակները, արժէ մտածել, թէ ու՞մ են խանգարում ազգային կուսակցութեան այսպիսի նպատակադրումները: Ովքե՞ր կարող են ցանկանալ ՀՅԴ-ին տեսնել թոյլ, որպէս ծայրայեղական ուժ լուսանցք նետուած, կամ թէ դարձած այս կամ այն արտաքին ուժի դրածոն: Ովքե՞ր են, որ վարկաբեկելով, ընտրութիւններից ու այլ առիթներից օգտուելով, կը ցանկանան հանրութեան աչքում նուազագոյնի հասցնել կուսակցութեան հեղինակութիւնը: Եւ որովհետեւ շատ վաղուց յայտնի է, որ Դաշնակցութեանը անհնար է դրսից կոտրելը, կը ցանկանան պառակտումի սերմեր ներարկել ՀՅԴ-ի օրկանիզմ, կը փորձեն կուսակցութեան մէջ ստեղծել դժգոհութիւնների ու պառակտումների մթնոլորտ:

Անաչառութիւնից չխուսափելու համար անդրադառնանք նաեւ, թէ արդեօ՞ք ասուածը նշանակում է, որ Դաշնակցութեան ներսում ամէն ինչ անթերի է: Ի հարկէ այդպէս չի կարող լինել որեւէ ապրող ու գործող հաւաքականութեան մէջ: Չի կարող տեսակէտների բախում չլինել, երբ կուսակցութիւնը ունի հաւաքական քննարկումների եւ որոշումների կանոնագրային ու բարոյական աւանդոյթ եւ չի ձեւաւորուել մէկ անձի շուրջ: Այս դէպքում էլ իր բոլոր ներքին խնդիրները կազմակերպութիւնը, ներքին բացախօսութեամբ, քննարկել է անցած Գերագոյն ժողովից առաջ, ինչպէս եւ ժողովի ժամանակ: Ի դէպ այդ իրավիճակը չթաքցուեց նաեւ հանրութիւնից, երբ նման հարցերով դիմեցին լրագրողները: Ուրեմն ո՞րն է խնդիրը: Խնդիրն այն է, որ Դաշնակցութեան հարցերը իր հարցերն են եւ ոչ երբեք ուրիշներինը: Դաշնակցութիւնն է տնօրինում ու լուծում իր հարցերը, այլապէս եթէ փորձի ականջ կախել “բարին ցանկացող“ խորհրդատուներին 123 տարեկան ազգային ինքնուրոյն կուսակցութիւնը կը վերածուի խամաճիկի: Հաւանաբար հէնց սա են ցանկանում ոմանք, բայց հէնց Գերագոյն ժողովը ապացուցեց, բոլոր այս ճիգերի սնանկութիւնն ու անհեթեթութիւնը: Իսկ վերջին ժողովում, ինչպէս նշուեց, դաշնակցականները հաւաքուեցին, առանց խնայելու քննադատեցին իրար, յետոյ ընդունեցին որոշումներ եւ գնացին իրականացնելու ոչ ուրիշի, այլ միմիայն իրենց որոշումները: Այլ կերպ չի կարող լինել:

 

Յուլիս 18, 2012

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles