
Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց Ամէնօրեայ վարժարանում, Երկուշաբթի, Մայիս 6, 2013-ին Գալուստեան Սրահին մէջ տեղի ունեցաւ “Ժառանգութիւնների Շաբաթ“, նուիրուած` Եղեռնի 98-րդ տարելիցին: Աշակերտների մուտքով վարժարանի քայլերգի հնչիւնների ներքոյ երեկոն բացուեց, որից յետոյ Դրօշակի արարողութեամբ հնչեցին Միացեալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետութեան օրհներգները:
“Նախկրթարանի տարիքի աշակերտներուն հետ, այս դպրոցի պարագայում մենք ցանկանում ենք մեր նոր ծլած, նոր սերունդով յարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի յիշատակին մեր աշակերտների տաղանդները հրամցնելով մեր համայնքին: Մէկ անգամ եւս Թալէաթներին ասելու, որ կա՛նք, կը մնա՛նք եւ կը շատանա՛նք: Թուրքերի ցանկութիւնն էր` մնար մէկ հայ այն էլ թանգարանի համար: Ահաւասիկ մենք նոր սերունդ կ՛աճեցնենք իրենց տաղանդներով փայլելու եւ աշխարհին իրենց ասելիքը ասելու“. երեկոն բացելով ասաց վարժարանի տնօրէնուհի` Զարմինէ Պօղոսեանը:
Տիկին Պօղոսեանը ներկաներին ուշադրութեանը հրաւիրեց “Ժառանգութիւնների Շաբթուայ“ առթիւ դասարաններից ներս կատարուած աշխատանքներին, որոնք գեղեցիկ ձեւով սրահը կը զարդարէին: Մանկամսուրի երեխաները իրենց անուան սկզբնատառերը նկարել էին, Մանկապարտէզը` Հայկական տարազներ նկարել ու գունաւորել էին, առաջին դասարանը պատրաստել էր ընտանեկան ծառեր, երկրորդ դասարանը այցելել էին Հայաստանի տեսարաժան վայրեր, չորրորդ եւ հինգերորդը` նշանաւոր ամերիկահայերի մասին- միաժամանակ սորվելով եւ թարգմանելով հայկական ասացուածքները Անգլերէնից Հայերէնի: Հայերէն դասապահերից գրի առել էին ինչ որ սովորել էին Ուիլսոնեան Հայաստանի քարտէսին եւ Սեւրի Դաշնագրի մասին:
Համերգի ծրագրին մասնակցեցին վարժարանի մանկապարտէզէն մինչեւ 6-րդ դասարանի աշակերտները: Աւարտական դասարանի աշակերտները Սայեաթ Նովայի երաժշտութեամբ պարելով մուտք գործեցին, ապա բեմ բարձրացան եւ “Գիր Սիրէ, Ղալամ Սիրէ, Տաֆթար Սիրէ“ արտասանելով նշեցին Սայեաթ Նովայի 300-ամեակը:
Երգչախմբի խմբավար Անահիտ Պօղոսեանի ղեկավարութեամբ, տարբեր տարիքի երեխաների երգչախմբերը կատարեցին հայ եւ միջազգային կոմպոզիտորների ստեղծագործութիւնները` դպրոցի դաշնակահար Նուարդ Տատուրեանի նուագակցութեամբ: Սրահի խուռներամ հանդիսատեսի համար հաճելի էր փոխն ի փոխ լսել մանուկների կատարումով “Լուսին Ելաւ“, “Տօ, Րէ, Մի“, “Տարուան Եղանակները“, “Ալագեազ“, “Երազանք, Էտըլուայզ,“ “Մայ Ֆէյվերեթ Թհինկզ“,“Հայ Ապրինք“- երգերը:
Յաջորդաբար ելոյթ ունեցան ՍՆԱՎ-ի աշակերտները անհատական կատարումներով, դաշնամուրի, ջութակի նուագներով` ինչպէս եւ մեներգներով Խաչատուրեան, Պրահմս, Պէթհովէն: Մի քանի աշակերտուհի իրենց տաղանդը ցուցադրեցին պարարուեստով –(Իրլանտական- մարմնամարզ): Տպաւորիչ էր ջութակահարների անսամպլի ելոյթը` Տիանա Վասիլեանի ղեկավարութեամբ:
Երեկոյի Պատուաւոր հիւրն էր, արեւմտահայ անուանի գրող` ցեղասպանութիւնից վերապրող` Արամ Հայկազի դուստրը` Այրիս Հայկազի – Չեքենեանը, որին ներկաները ընդունեցին յոտընկայս ծափահարութիւններով:
Սրբոց Նահատակաց Ամէնօրեայ վարժարանի յաջորդ հանդէսներն են ունենալու Յունիս 7-ին` Մանկապարտէզի վկայականների բաշխում, իսկ Նախակրթարանի 31-րդ հունձքին վկայականաց բաշխումը` Ուրբաթ, Յունիս 14-ին:
Համերգի աւարտից յետոյ Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ հովիւ` Արժ. Տ. Աբրահամ Քհնյ. Մալխասեանը իր գոհունակութիւնն ու շնորհակալութիւնը յայտնեց վարժարանի, ուսուցչական կազմին, տնօրէնութեան եւ ծնողներին:
Գրեց` ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Լուսանկարները` հեղինակի – Նիւ Եորք
Նկարների համադրուած էջը`Լեւոն Զաքարեանի