ՆԱՀԱՆՋ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ…

0 0
Read Time:5 Minute, 8 Second

ԺՈՒԼԻԷԹ ԴԱՒԹԵԱՆ
Յունարէնը մեղմ է, հռոմէական լեզուն` հզօր, հոներէնը` ահաբեկող, ասորերէնը` աղերսական, պարսկերէնը` պերճ, ալաներէնը` գեղեցկազարդ, գոթերէնը` հեգնական, եգիպտերէնը` տափակախօս ու աւարաձայն, հնդկերէնը` ճռուողական, հայերէնը` քաղցր, որը միաժամանակ կարող է միւս բոլոր լեզուների յատկութիւններն ամփոփել իր մէջ: Եղիշէ (5րդ դար)
Ձե՛զ եմ ասում, ձեզ, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւին մատաղ, տասը լեզու սովորեցէ՛ք, բայց ձեր լեզուն, ձեր հաւատը հաստա՛տ պահեցէք: Խաչատուր Աբովեան (19րդ դար)
Մի՛ ամաչէք մեր լեզուից: Փողոցով անցնելիս բարձր խօսէ՛ք, որ ամէնքը` օտարներն էլ զգան, թէ հայ ժողովուրդը եւ հայոց լեզուն, ոչ մի բանով պակաս չէ ուրիշ լեզուներից: Ղազարոս Աղայեան (19րդ դար)
Հայ ժողովուրդի մշակութային գանձարանում ամէնամեծ եւ թանկագին հրաշալիքը հայոց լեզուն է: Նա մեզ այսօր ծառայում է նոյն յաջողութեամբ, ինչպէս ծառայում էր երկու հազար տարի սրանից առաջ…Այսօր մենք համոզւում ենք, որ իր ներքին խիստ տրամաբանական կառուցուածքի շնորհիւ նա կարող է գնահատուել որպէս գիտական լեզու` հեշտութեամբ եւ հակիրճ ձեւով արտայայտելով ժամանակակից գիտութեան ամէնաբարդ գաղափարները: Վիկտոր Համբարձումեան (20րդ դար)

Իբրեւ մօր նայել եւ իբրեւ մօր են պահել իրենց մայրենի լեզուն հայ ժողովուրդի մայրասէր ու մայրախնամ զաւակները` սկսած Մաշտոցից ու մեր առաջին թարգմանիչներից մինչեւ…Վարուժան, Չարենց ու Սեւակ:
Այդ լեզուն ‘‘մայրենի’‘ կոչելը մեծ պատիւ է: Այդ լեզւով խօսելն ու մտածելը մեծ բախտ է:
Մեր պատմութեան ճանապարհին թշնամիները շատ բան են խլել մեզանից` մեր հողերն ու մեր անդորրութիւնը, մեր սրբութիւններն ու մեր կեանքը, մեր հաւատն ու մեր հացը: Անկողոպտելի է մնացել միայն մի բան` մեր լեզուն, որ նաեւ մեր ազգային մտածողութիւնն է, մեր ոգու կաղապարը:
Տարիներ շարունակ տարբեր երկիրներ ապաստան գտած հայերը Սփիւռքը կազմեցին: Տքնաջան աշխատանքով եւ ֆինանսական ու բարոյական զոհողութիւններով, կառոյցներ ստեղծեցին` եկեղեցիներ, դպրոցներ, մշակոյթի տուներ եւ ակումբներ հայութիւնը նրանց շուրջ հաւաքելու եւ ազգը պահելու համար: Տարիներ սրբութեան պէս պահեցինք մեր ինքնութիւնը, մեր հայրենին, մեր լեզուն ու գիրը, մեր ոգեղէն նշխարհը: Իսկ այսօր սփիւռքի նոր սերունդները, որքանո՞վ են տէր հայ մշակոյթին, մեր ինքնութեան, մեր լեզուին: Հայախօ՞ս է նոր սերունդը, հայերէն է կարդո՞ւմ, գրո՞ւմ, հայերէն է մտածո՞ւմ:
Այսօր այս հարցերի նկատմամբ անտարբերութեամբ ապրող մի հսկայ զանգուած գոյութիւն ունի, որը հրաժարելով հայերէնից օտար լեզուների գործածութիւնը համարում է յառաջդիմութիւն: Ու ցաւօք կայ մտահոգ մի փոքրամասնութիւն միայն, որ տագնապում ու զգում է Հայերէնի այս ընկրկումը:
Հայկական Սփիւռքը ապրում է մոլորակային ամբողջականութիւն (integration), կամ էլ այսպէս կոչուած համաշխարհայնացում (globalization) որը իր տեխնոլոկիայական ու արհեստավարժական դիւրութիւններ ընծայելու հետ մէկտեղ, սերունդները մղում է դէպի անհետացում, ձուլում: Անհետանում են ազգային մտածողութիւններն ու սրա ամենախօսուն պատուանդանը` լեզուն: Իսկ ազգային մտածողութեան ու լեզուի կորուստը` անհետացման է տանում ազգերն ու ժողովուրդները:
Առկայ է հոգեբանական եւ մշակութային տարտղնում ուր առաջնահերթութիւնները շփոթուած են, արժէքները խեղճացած, նկարագիրները խզբզուած:
Ցարդ սփիւռքը ապրեց ու տոկաց այն երազով, որ մի օր հայրենիքը պիտի անկախանայ ու վերականգնի եւ սփիւռքի ու հայրենի հայութիւնը պիտի վերամիանայ: Սակայն այսօր իրականութիւնը տարբեր է: Այսօր սփիւռքահայութիւնը ապրում է այն մտավախութեամբ, թէ պիտի գոյատեւի, թէ՞ ոչ, որքան երկար պիտի գոյատեւի, կամ` ի՞նչ նկարագիրով:
Իսկ աւաղ անկախացած Հայաստանն էլ որին սփիւռքը տարիներ էր սպասել ու յոյսեր փայփայել, որ պիտի լինէր վահանը հայ լեզուի եւ մշակոյթի, հակառակ դիրքի վրայ մեզ յուսախաբ է անում:
Դեռ վերջերս Հայաստանի Խորհրդարանը դէմ գնալով հայրենի ու սփիւռքի մեծաթիւ մի հատուածի կամքին որոշում կայացրեց որ այժմ Հայաստանի դպրոցների մէջ կարելի է սովորեցնել եւ սովորել միայն օտար լեզուով, անարժէքացնելով եւ զիջելով հայ լեզուն: Ու այս որոշումը` Մայր հայրենիքի մէջ: Բաւական չէր 1922ից ի վեր մեզ պարտադրուած ուղղագրութիւնը, որն արդէն իր նպատակին ծառայելով իր ճեղքն է նետել հայրենի ժողովուրդի ու սփիւռքի մէջ…
Դեռ աւելին… մասամբ դառն ու մասամբ ծիծաղելի իրականութեան առջեւ ենք գտնում մենք մեզ, երբ հեռուստացոյցից եւ այլ առիթներով լսում ենք Հայաստանի մէջ խօսուած լեզուն, փողոցային, անճոռնի, տձեւ մի հայերէն խառնուած գլխաւորաբար ռուսերէնի ու երբեմն էլ հայերէն դարձած անգլերէնի հետ: Կամ երբ այցելում ենք հայրենիք ու տեսնում ենք հայատառ բայց անգլերէն կամ ռուսերէն անուններով պաստառներ:
Հայերէնը վտանգում ենք նաեւ, երբ համացանցով գրում ենք լատինատառ: Երբ տեխնոլոկիայի հետ համատեղ ու համաքայլ քայլ չառած հայերէնի փոխարէն օգտւում ենք միջազգային կամ լատիներէն բառեր: Երբ մերժում ենք հայերէնախօսութիւնը պատճառաբանելով որ մեր զաւակները օտար ափերի վրայ լաւագոյն ձեւով չեն կարողանում տիրապետել տեղական լեզուն, չեն կարողանում իւրացնել մշակոյթը: Այն ինչ գիտական փաստ է որ երեխան աւելի լաւ է ըմբռնում բազմալեզուականութիւնը քան չափահասը:
Ու ցաւօք Սփիւռքում առաջնահերթութիւն տուած Հայկական Ցեղասպանութեան ճանաչման հարցին ու Հայրենիքում դէմ հանդիման կանգնած սահմանային ապահովութեան եւ ներքին հասարակական, ընկերային եւ տնտեսական հսկայ խնդիրների մեզանից ոչ ոք մի պահ չի մտածում որ որքանո՞վ հայապահպանման ծառայած կը լինենք, որքանո՞վ մեր նպատակներին հասած կը լինենք, ի՞նչ շահած կը լինենք եթէ աշխարհը ճանաչի ցեղասպանութիւնը, ստանանք հատուցում, մեր հողերը, ապահովենք մեր սահմաններն ու հասարակական անդորրը ու մեր զաւակները կորցրած իրենց ինքնութիւնն ու լեզուն, իրենց մշակոյթը մտածեն ու խօսեն միայն անգլերէնով, ռուսերէնով, սպաներէնով…
Նահանջ ենք ապրում: ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՆԱՀԱՆՋՆ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ: Մեր ինքնութեան նահանջն ենք ապրում:
Հայութիւնն այսօր Ապրիլեան ջարդից աւելի մեծ ջարդ է դիմակայում: Այն միայն հետաքրքրուած իր կենսամակարդակի բարելաւումով, անցողիկ, առօրեայ արժէքներով տեղի է տուել օտարամոլութեան, պճճանքի, քաղքենիացման , օտարախօսութեան, որը դարձել է ընթացիկ ու սովորական…
Ուրեմն հրաշքի յոյսը կապում ենք հաւատաւորներին: Այն հաւատաւորներին որոնք ունեն կարողութիւնը լսելու ու ըմբռնելու մեր հանճարների պատգամները ու անսպառ աշխատելու այդ պատգամն իրականացնելու գծով:
Բարեբախտաբար դեռ կան սրտցաւ հայորդիներ, որոնք զոհողութիւնների գնով պատրաստ են ծառայելու հայ լեզուի գոյատեւման ու զարգացման համար, որպէսզի պատմութիւնը ու աւելին ապագայ սերունդները մեզ չմեղադրեն ու մեզ չասեն թէ ինչ սերունդ դաստիարակեցինք, ինչ հայրենիք պահեցինք եւ ինչ ժառանգ թողեցինք:
Մեզ մէկ մայր է տրուած, մէկ հայրենիք ու մէկ լեզու: Պահե՛նք ու պաշտպանե՛նք նրանց մեզ նուիրուած ամենասիրելի, ամենաթանկագին ծաղկեփունջի պէս:
Պոսթըն

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Դու մեր մեծ երթի գաւազանակիր,
Ու մեր պատմութեան մեծագոյն դիւան,
Մեր ազնուութեան գովասանագիր,
Մեր մտքի պահեստ, հոգու օթեւան:
Անցեալին պարզուած դու մեր լսափող,
Եւ մեր խօսափող գալիքին ուղղուած:
Դու մեր սրբութիւն կնքուած Մեսրոպով,
Նարեկացիով օծուած ու յուզուած:

Դաժան դարերի ամէն մի ժամին,
Շատ բան է խլել մեզնից թշնամին:

Բարդելով վէրքին վէրք ու անարգանք,
Հեծութեան վրայ մի նոր հեծութիւն‘
Խլել է մեզնից հանգիստ ու յարգանք,
Խլել է մեզնից փառք ու մեծութիւն,
Խլել կեանքը մեր… եւ կեանքից էլ թանկ
Մեր հո՛ղը, հողը,
Մեր սուրբ հայրենի՜ն:

Շատ բանից է մեզ զրկել վայրենին:
Մեր կերած հացին քսել է նա ժանգ,
Բայց եւ… դարաւոր բնիկ վայրերի,
Կորուստի լեղի կարօ՜տն է քսել,
Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի
Արցունքը, սակայն եւ արիւնը սեւ,
Բայց մենք չենք զրկուել… մեր բերնի համից,

Քաղցրացրել ենք մենք… մեր քաղցր բառով,
Մեր հայրենահամ անուշ բարբառով:

Շա՜տ բանից է մեզ զրկել թշնամին:

Պարոյր Սեւակ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles