

դոկտ. Տիգրան Գազանճեան, Կարինէ Քոչարեան,Արեւիկ Գաբրիէլեան,
Արժ. Տ. Մեսրոպ Քհնյ. Լագիսեան, Աստղիկ Սեւակ, Պերճուհի եւ Յովհաննէս Եսայեաններ
ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ
Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Նիւ Եորքի մասնաճիւղը Յունուար 31, 2014 թուին իր յարգանքի տուրքը մատուցեց հայ ազգի անուանի դերասան, թատերագիր, բեմադրիչ Սօս Սարգսեանի (1929 – 2013) յիշատակին:
Յուշ երեկոն տեղի ունեցաւ Հայ Կեդրոնի հանդիսասրահում. ներկայ էին Սբ. Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ Արժ. Տ. Մեսրոպ Քհնյ. Լագիսեանը, “Համազգային“ի Շրջանային Վարչութիւնից ատենապետ Դք. Տիգրան Գազանճեանը եւ անդամուհի` Արեւիկ Գաբրիէլեանը: Վաստակաւոր բեմադրիչ, դերասան-մտաւորական դոկտ. Հրանդ Մարգարեանը, Հ.Օ.Մ.-ի եւ Հ.Յ.Դ.-ի կազմը, եւ սրահը լեցուն հանգուցեալին մօտիկիկից ու հեռուից ծանօթներ:
“Համազգային“ի փոխ ատենապետուհի Աստղիկ Սեւակը իր խօսքի մէջ ցաւ յայտնեց մեծ վարպետի կորուստի համար, բայց եւ յիշեցրեց ներկաներին նրա թողած անսակարկ նուիրական վաստակը, հայ մշակոյթի պատմութեան փայլուն էջերում:
Յուշ երեկոյի բուն բանախօսն էր Կարինէ Քոչարեանինը, որին ներկայացրեց դոկտ. Արա Գաբրիէլեանը:
Կարինէ Քոչարեանը հայրենիքում եղել է ճանաչուած առաջատար դերասանուհի: Սկսեալ Գիւմրիի պետական թատրոնից մինչեւ Սունդուկեանի անուան թատրոնը` խաղացել է բազմաթիւ գլխաւոր դերեր: Նիւ Եորք է հաստատուել 1994 թուին եւ 1995-2010թ. գլխաւոր դեր է ունեցել ստեղծելու “ԱՐՁԱԳԱՆԳ“ Հեռուստատեսութիւնը: 2010-ին առանձին հիմնադրել է “Սփիւռքի Ձայնը“ հեռուստաընկերութիւնը հետապնդելով սփիւռքահայութեան կեանքը, նրա ազգային-մշակութային գործունէութիւնը: 2002թ-ից ներկայացուցիչն է “Ամերիկայի Ձայնը“ հայկական բաժնի` Նիւ Եորքի եւ շրջանի: Կարինէ Քոչարեանը մօտիկից ծանօթ եւ համագործակից լինելով Սօս Սարգսեանին ամենայն հարազատութեամբ, գեղեցկօրէն լուսաբանեց մեծ վարպետի կեանքն ու գործունէութիւնը` Սօս Սարգսեանը նախ , որպէս մարդ եւ որպէս` դերասան:
Սօս Սարգսեանը ծնուել է 1929 թուականի Հոկտեմբեր 24-ին Լոռու մարզի, Ստեփանաւան քաղաքում: 1948-ին տեղափոխուել է Երեւան եւ աշխատել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպէս դերասան: 1954թ. աւարտել է Երեւանի գեղարուեստա-թատերական հաստատութեան դերասանական համալսարանը: 1954-1991 թուականներին Եղել է Երեւանի Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոնի դերասան:
1991-ին նա առաջիներից մէկն էր, որ անդամագրուեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերին եւ միեւնոյն ժամանակ դաշնակցութեան կողմից առաջադրուեց նրան որպէս Հ.Հ. Նախագահի թեկնածու: Ու երբ Սումկայիթից եկան առաջին փախստականները, Սօս Սարգսեանը գործօն մարդը եղաւ. դրամահաւաքի աջակցութիւն ցուցաբերեց նրանց օգնութեան խնդրում, իր բնակարանը յատկացրեց շտապ օգնութեան վայրի, ուր ամէն օր հաւաքւում էին բազմաթիւ փախստականներ: Եւ երբ բարեգործական նախաձեռնութեան շնորհիւ Խորհրդային Միութեան տարբեր երկրներից տնակներ ուղարկեցին Հայաստան, դրանք տեղադրուեցին Ստեփանակերտում փախստականներին մշտական բնակութիւն հաստատելու համար, որն գնալով աւելի առիթ ստեղծուեց դերասանին յաճախակի այցելելու Ղարաբաղ: Եւ դարձեալ երբ հիմնուեց “Ղարաբաղ“ կոմիտէն, ու դրան կից ստեղծուեց “Աւագների Խորհուրդ“ը, անդամակցող մտաւորականների թւումն էին Սօս Սարգսեանը եւ Սիլվա Կապուտիկեանը: Սօսը Ղարաբաղի ազատագրութեան իսկական մարտնչող նահապետն եղաւ, հացադուլի միջոցով նա պայքարեց իր հայրենիքի համար: Օրերով ու շաբաթներով էր մնում Ղարաբաղում Սարգիս Մուրադեանի եւ Զօրի Բալայեանի հետ, վերջինս իր մի յօդուածում գրում է “Այդ նա էր, որ 1990 թուականի Մարտի 5-ին Խորհրդային Միութեան Գերագոյն Խորհրդի ամպիոնից հնչեցրեց իր մի ելոյթում, խօսեց Սումկայիթի եւ Պաքուի մասին, Ղարաբաղի ողբերգութեան եւ ցաւի մասին“:
Ինչպէս վերը նշեցինք, 1991թ. Սօս Սարգսեանը հիմնադրել է “Համազգային“ թատրոնը եւ մինչեւ իր կեանքի վերջին օրերը եղել է թատրոնի գեղարուեստական ղեկավարը, ուր սովորել , յղկուել ու հմտացել են բազմաթիւ դերասաններ, որտեղ բեմադրուել են բարձր մակարդակի ներկայացումներ որ կարծես մի տեսակ դպրոց է ծառայել նաեւ հանդիսատես թատերասէրներին: “Համազգային“ թատրոնը իր կեանքի կոչման օրունից չի ունեցել իր անձնական թատերասրահը, եղել է վարձակալ. վարպետի երազանքներից էր իրականացնել Համազգային պետական թատրոնի սեփական շէնքն ու բեմ ունենալու խնդիրը, բայց դժբախտաբար նա չտեսաւ այդ շէնքի իրականացումը:
1997-2006 թթ. Նա եղել է Երեւանի թատրոնի եւ շարժապատկերի կինոյի պետական հաստատութեան ղեկավարն: 2006-ից` հաստատութեան կառավարական խորհրդի նախագահը:
Սօս Սարգսեանը համարւում է հայ ազգի ամենահեղինակաւոր դերասաններից մէկը, հայ թատերական անդաստանի կառկառուն դէմքերից մէկը. հետաքրքիր է, որ նա մի առիթով ասել է, թէ իր կեանքի ամենամեծ զաւեշտը, դերասան դառնալն էր “Ես շատ ամաչկոտ եմ, եթէ կողքիս չորս մարդ է լինում, կաշկանդւում եմ: Եւ այսքանից յետոյ ճակատագիրն ինձ դարձրեց դեարասան` անկախ իմ կամքից: Ես կը գերադասէի շինական դառնալ հօրս նման. բազմիցս ցանկացել եմ հեռանալ թատրոնից, սակայն չի ստացուել . . . Աստուծոյ մատը խառն էր“ կատակել է նա:
Մեծ վարպետի նկարահանուած քառասունից աւելի ժապաւէններից են “Մենք ենք մեր սարերը“, “Նահապետ“, “Խաթաբալա“, “Ձորի Միրոյ“, “Սոլարիս“, “Առանց Ընտանիք“, “Միխայլոյ Լոմոնոսով“, “Եռանկիւնի“, “Նուագախմբի Տղաները“ եւ շատ ուրիշ: Կարինէ Քոչարեանը պաստառի վրայ ցուցադրեց մի քանի հատուածներ յիշեալ ժապաւէններից:
Սօս Սարգսեանը արժանացել է Հ.Հ. ժողովրդական արտիստի, Խ.Ս.Հ.Մ. ժողովրդական արտիստի կոչումին, պարգեւատրուել է Մեսրոպ Մաշտոցի անուան շքանշանով, պետական մրցանակի եռակի դափնեկիր է նա: Մահացել է 2013 թուականի Սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումի երկար հիւանդութիւնից յետոյ: Նրա քաղաքական հոգեհանգիստը տեղի է ունեցել “Համազգային“ թատրոնում, վերջին հրաժեշտի արարողութիւնը` Սեպտ. 29-ին, Օփերայի եւ Պալետի Ազգային Ակադեմական Թատրոնում, յուղարկաւորութիւնը` նոյն օրը, Կոմիտաս Այգու Պանթէոնում:
Վարձքդ ի կատար Վարպետ
Խաղաղութիւն քո հայրենաշունչ հոգուն