ՄԱՀՈՒԱՆ 22-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ.- ՅԻՇԵՆՔ ԱՐԺԱՆԱՒՈՐՆԵՐԻՆ՝ ԲԺԻՇԿ ՎԱՐԴԳԷՍ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ (1917-1993)
ԳՐԻԳՈՐ Ա. ԳՐԻԳՈՐԵԱՆ
Մարտ 11, 1993-ին, 76 տարեկան հասակում, Լոս Անճելըսի հիւանդախնամ բուժարաններից մէկում, մահացաւ, Իրանի անուանի բժիշկ եւ միաժամանակ ազգային, հասարակական եւ Դաշնակցական անբասիր գործիչ՝ տոքթ. Վարդգէս Նահապետեանը:
Մասնագիտութեամբ բժիշկ էր, բայց իր գործունէութեան կարեւոր բաժինը յատկացնում էր ազգային աշխատանքների:
Հիմնադիրներից էր Իրանի Հայ համալսարականների ընդհանուր միութեան, եւ մեծ ներդրում էր ունեցել, նոյն միութեան բուժարանի ստեղծման մէջ:
Բուժարանը Երկար տարիներ, ծառայել է Թեհրանի խոնարհ խաւերի բժշկական կարիքներին:
Տոքթ. Նահապետեանի գործունէութեան կարեւոր մասը, կեդրոնացած է եղել, Թեհրանի ազգային բարձրագոյն մարմնում՝ Թեմական Խորհրդում, որպէս անդամ, նախագահ կամ փոխ-նախագահ, միշտ Կեդրոնական դէմք է եղել: Ուժեղ անհատականութեամբ, վճռական ու անփառատենչ բարոյական հաւատամքով:
Իր ընտանեկան անմիջական պարագաները արտասահման փոխադրուած լինելով, խնդրում են Տոքթ. Վարդգէսին միանալ իրենց:
Բայց միշտ մերժողական պատասխան են ստանում:
Տոքթ. Նահապետեանը ելնելով իր բնաւորութեան եւ ըմբռնումի թելադրանքից հաւատում էր Հ. Յ. Դաշնակցութեան այն որոշման, թէ Դաշնակցական անդամները չպիտի լքեն Միջին Արեւելքի երկրները այլ պիտի մնան ժողովրդի հետ եւ ծառայեն նրան:
Վարդգէսը հաւատարիմ մնաց կուսակցութեան այդ որոշման, մինչեւ այնքան ժամանակ որքան թոյլատու էր իր առողջութիւնը, սակայն ելնելով առողջական աննպաստ վիճակից, կուսակցութեան համաձայնութեամբ եւ թելադրանքով միացաւ իր ազգականներին արտասահմանում:
1978 թուից Իրանում տեղի ունեցած ցոյցերի եւ նրանից յետոյ տեղի ունեցող, վարչակարգի փոփոխութեան անցուդարձերի ընթացքին, պէտք էր օրուայ համապատասխան հեռատես եւ ճկուն քաղաքականութիւն վարել:
Իսլամական Իրանի նոր ղեկավարութիւնը եւ ժողովուրդը, պիտի զգար եւ հաւատար, որ հայ Ժողովուրդը հաւատարիմ եւ վստահելի փոքրամասնութիւն է հիւրընկալ Իրանում:
Այդ օրերին, Վարդգէս Նահապետեանը, որպէս Թեմական խորհրդի, նախագահ, մեծ դեր ունեցաւ այդ քաղաքականութեան յաջող իրագործման մէջ:
Պարսկաստանի ազգային-հասարակական այն գործիչները որոնք առիթ են ունեցել, աշխատելու, Տոքթ. Վարդգէս Նահապետեանի հետ, յարգանքով են յիշում այդ համեստ, վճռական, ու անփառատենչ գործիչին:
Յարգանք իր յիշատակին:


