Հ.Յ.Դ. Բիւրոյի Ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի Տարեմուտի Խօսքը

0 0
Read Time:8 Minute, 6 Second

Ընկերնե՛ր, տարին վերջանում է, նոր տարի է սկսւում, առջեւում էլ խորհրդարանական ընտրութիւններ են: Բնականաբար, բոլորի ասելիքն այսօր առնչւում է ընտրութիւններին: Բայց իրականում` ինչ որ մենք մտածում ենք, ինչ որ ասում ենք, ինչ որ ապրում ենք, կապւում է Հայաստանի հետ, մեր ժողովրդի հետ եւ մեր ժողովրդի ապագայի հետ` անկախ ընտրութիւնների իրողութիւնից:

Այս առումով մենք ունենք երեք առաջնահերթութիւն, որոնք միայն կուսակցական առաջնահերթութիւններ չեն. դրանք մեր ազգի առաջնահերթութիւններն են: Երեք օրակարգ ունենք: Երեք օրակարգ, որոնք պայմանաւորուած են մէկը միւսով, այսինքն` եթէ մէկը յաջողի, կը յաջողի նաեւ միւսը, եթէ ձախողենք մէկը, կը ձախողենք նաեւ միւսը: Այնպէս որ դրանք մեզ համար նոյն չափ կարեւոր եւ նոյն չափով անհրաժեշտ են:

Առաջին օրակարգը. մենք վերջապէս պէտք է ստեղծենք մի Հայաստան, որն ունենայ զարգանալու` բոլոր երկրների հետ համաչափ կարելիութիւն: Զարգացող Հայաստան պէտք է ունենանք բոլոր առումներով` տնտեսական, մշակութային, քաղաքակրթական եւ միւս առումներով: Զարգացող Հայաստանի պատկերացումը զանազան մարդկանց մօտ տարբեր է: Մէկն ասում է` Հայաստանը կը զարգանայ, եթէ Ղարաբաղը տանք: Ղարաբաղն է նրանց համար խնդիրը. Ղարաբաղը տանք` Հայաստանը կը զարգանայ: Միւսն էլ ասում է` ոչ, մարդուց է կախուած, մարդիկ են վատը, այս մարդկանց փոխենք մեզանով` Հայաստանը կը զարգանայ: Մէկն էլ ասում է, որ մենք պէտք է դուրս գանք ռուսական ճամբարից, գնանք Արեւմուտք, որ Հայաստանը զարգանայ:

Բազմաթիւ մօտեցումներ կան, բայց մենք, արդէն երկու տասնամեակից աւելի, մի ուղղութիւն ենք որդեգրել եւ այդ ուղղութիւնը շարունակում ենք: Մենք ասում ենք` Հայաստանի խնդիրները համակարգային են եւ համակարգային փոփոխութիւններ են անհրաժեշտ: Մենք այդ փոփոխութիւնների հիմքը դրել ենք նոր Սահմանադրութեամբ: Դեռ շատ-շատերը չեն զգում, թէ այս Սահմանադրութիւնն ի՛նչ էական դեր կարող է ունենալ Հայաստանի կեանքում: Ընտրութիւններից յետոյ մենք կը տեսնենք, որ սահմանադրութեամբ պայմանաւորուած համակարգային փոփոխութիւնները որքա՛ն էական են եւ որքա՛ն խորքային: Մենք այդ համակարգային փոփոխութեան դրօշակակիրն ենք եղել, ջատագովն ենք եղել, գաղափարախօսն ենք եղել, պահանջողն ենք եղել 1991 թուականից սկսած: Այդ թուականից սկսած` մենք մենակ ենք հետապնդել փոփոխութեան այդ պահանջը, որ տեղի ունեցաւ միայն անցեալ տարի: Մենք մենակ ենք եղել, վերջում են մեզ միացել գրեթէ բոլորը:

Մենք ասել ենք` ընտրական օրէնսգիրքը պէտք է փոխուի այնպէս, որ հէնց օրէնքը երաշխաւորի ընտրութիւնների արդարութիւնը: Այսօր ես կ՛ասեմ` կարեւոր չափով այդ հարցը լուծուած է: Այսինքն, առնուազն թւում է, որ ընտրատեղամասերում խախտումները բացառուած են: Եւ սա մենք ենք արել, սրա պահանջը մենք ենք ունեցել: Միւսներն ամէն ինչ պայմանաւորել են անձերի փոփոխութեամբ: Մենք ամէն ինչ պայմանաւորել ենք համակարգային փոփոխութեամբ:

Մենք, իրականում, ընկերնե՛ր, յաջողել ենք մեր քաղաքական ուղղուածութեան առումով, մեր քաղաքականութեան մէջ, մեր ուղեգծի մէջ` յաջողել ենք: Չկայ պահանջ, որ մենք դրած լինենք 1991 թուականից եւ այսօր լուծուած չլինի: Սակայն խնդիր կայ: Խնդիր կայ, թէ այս գարնանը` ապրիլին ո՛ր ուժն է յաղթելու: Արդեօ՞ք այն ուժը, որ հասկանում է այս սահմանադրութեան կարեւորութիւնը, որ իրականացնելու է այս խորքային փոփոխութիւնները, աշխատելու է, որ անարդարութեան արմատը վերանայ այս երկրում, հասնելու է նրան, որ մեր երկրում որակը գնահատուի եւ ոչ փողը: Կը կարողանա՞յ այդ ուժն այս ամէնը առաջ տանել: Թէ՞ կը գայ մի ուժ, որը կը ձախողի այս աշխատանքը:

Ես հաւատում եմ, անկեղծ եմ հաւատում, որ համակարգային փոփոխութիւնների ուժը մենք ենք: Այս սահմանադրութեան ակունքներում կանգնած ենք եղել մենք: Մենք հաւատացած ենք արել` ինչ որ արել ենք: Մենք քաղաքական, կուսակցական ինչ որ շահ հետապնդելու առումով չէ, որ գնացել ենք այս փոփոխութիւններին: Կարող է նաեւ, մեզ հետ եղել են մարդիկ, որ հակառակն են մտածել: Բայց մենք մտածել ենք` անել մի բան մեր երկրի համար, որը մեր կարծիքով ճիշդ է, որ, կարծում ենք, հիմնական փոփոխութիւն կարող է բերել, որ նոր ուղի կը բացի մեր երկրի առջեւ: Եւ մենք այդ առումով արել ենք մեր գործը: Մնում է, որ մենք կարողանանք մեր գործը շարունակել:

Մեր երկրորդ օրակարգը Ղարաբաղն է: Զարգացող Հայաստանը գլխաւոր երաշխիքն է Ղարաբաղի` Ղարաբաղի պայքարի մէջ յետդարձ չունենալու, նահանջ չունենալու, վերջնական դարձնելու մեր յաջողութիւնները: Ղարաբաղի պայքարը խոչընդոտ չէ, երբեք խոչընդոտ չի եղել Հայաստանի զարգացման համար: Այլ երեւոյթներ են պատճառ դարձել, որ մեր զարգացումը դանդաղել, աւելի նուազ թափ է ունեցել: Բայց երբեք Ղարաբաղը չի եղել պատճառը, որովհետեւ պատերազմը չարիք է, եթէ դու այն չգիտակցելով ես դիմագրաւում: Իսկ եթէ դու գիտակցում ես, որ դա լինել-չլինելու հարց է, գիտակցում ես, որ դա քո արժանապատուութեան հարցն է, ապա քո երկիրն էլ այնպէս ես կազմակերպում, քո տնտեսութիւնն էլ այնպէս ես կազմակերպում, քո բանակն էլ այնպէս ես կազմակերպում, որ կարողանաս թէ՛ զարգանալ, թէ՛ յաղթել: Եւ ես կարող եմ շատ այդպիսի երկրներ ասել, որ, պատերազմի մէջ լինելով, կարողացել են զարգացում ապահովել:

Վերջապէս անընդունելի է, որ կան մարդիկ, որ երկար, շատ երկար տարիներ այս երկրում անընդհատ մտածում են Ղարաբաղի հարցից ձերբազատուելու մասին: Ես չեմ ասում, թէ նրանք հակաղարաբաղեան դիրքորոշում ունեն: Բայց նրանք մտածում են, որ Ղարաբաղի հարցը խոչընդոտ է, դա դժուարութիւն է, որը պէտք է ոչ թէ յաղթահարել, այլ դրանից ձերբազատուել: Սա թոյլ մարդու, մարդկանց թոյլ տեսակի մօտեցում է: Չասելու համար ապազգային, չասելու համար այլ որակումներ, այսքանն ասեմ` թոյլ մարդու մօտեցում է, իսկ թոյլ մարդը չի կարող դերակատար լինել երկրի զարգացման եւ հզօրացման գործում: Ուժեղ կամքի տէր, հայրենասէր մարդն է, որ կարող է հայրենիքի զարգացման խնդիրը դարձնել իր կեանքի նպատակը: Եւ ով դարձրել է Հայաստանի զարգացումն իր կեանքի նպատակը, նրա համար պարտադիր է նաեւ Ղարաբաղի յաղթանակը, Ղարաբաղի վերջնական ազատագրումը: Այլ կերպ չի կարող լինել: Եթէ մարդը չի մտածում Ղարաբաղի պայքարը յաղթանակի տանելու մասին, չի կարող մտածել նաեւ Հայաստանի զարգացման մասին: Նման մօտեցումն անընդունելի է: Մեզ համար կարեւոր է, որ Ղարաբաղի պայքարը մենք տանենք մինչեւ յաղթանակ: Որովհետեւ դա էլ է երաշխիք Հայաստանի զարգացման համար: Յաղթող ուժն է, որ կարող է կարեւորութիւն տալ բարոյական արժէքներին, յաղթող ազգն է, որ կարող է արժանապատուութիւն ունենալ եւ տէր կանգնել իր արժանապատուութեանը, որ կարող է մի երկիր կառուցել, որ օրինակելի դառնայ:

Եթէ մարդն այդ արժէքներին չի հաւատում, նա չի կարող հաւատալ նաեւ միւս արժէքներին: Եթէ ես լաւ մարդ եմ, անպայման նաեւ ընտանիքի լաւ հայր եմ. չի կարող այլ կերպ լինել: Մարդը չի կարող տեղ-տեղ լաւը, իսկ տեղ-տեղ վատը լինել: Ղարաբաղի հարցում, ես հաւատում եմ, դժուարութիւններ շատ կան, բայց ամենամեծ դժուարութիւնը, ամենադժուար յաղթահարելին ներքին տկարութիւնն է, ներազգային ընկճումն է: Եւ դա է, որ մենք պէտք է թոյլ չտանք եւ հէնց այդ պատճառով մենք այս ընտրութիւններում պէտք է յաջողենք: Պէտք է յաջողենք ոչ թէ մեզ համար, այլ Ղարաբաղի համար, Հայաստանի համար: Պէտք է յաջողենք Հայաստանի եւ Ղարաբաղի վաղուայ օրուայ համար եւ ոչ թէ մեր անձնական ասպարէզին ու բարօրութեան համար:

Ես հաւատում եմ այդ յաջողութեանը: Ձեզնից շատերի հետ մենք Ղարաբաղում ենք եղել: Նոյն մղիչ ուժը, որ մեզ մղում էր Ղարաբաղում դժուարութիւններ յաղթահարելու, կռուելու, այսօր մեզ պէտք է մղի այս ընտրութիւններին յաջողելու, որովհետեւ դրանով է պայմանաւորուած Հայաստանի եւ Ղարաբաղի վաղուայ օրը: Եթէ մենք այդպէս չմտածենք, եւ այդ նուիրուածութեամբ այդ պայքարին չմղուենք, նշանակում է սուտ է, մեր դաշնակցական լինելն էլ սուտ է, մեր անցեալի պայքարն էլ սուտ է: Լեզուս չի դառնում ասելու` մեր զոհուած ընկերների յիշատակը մենք դրանով կը տրորենք-կ՛անցնենք: Մեր զոհուած ընկերների գործի շարունակութիւնն ասում է` հիմա մենք պէտք է խրամատում լինենք, այն խրամատում, որ ապահովելու է Ղարաբաղի յաղթանակը եւ Հայաստանի զարգացումը: Սրանք իրարից անջատ երեւոյթներ չեն, միմեանց մասնաւորաբար հակադրուող երեւոյթներ չեն, ընդհակառակը` մէկը միւսով պայմանաւորուած երեւոյթներ են: Եւ դա մենք պէտք է կարողանանք անել:

Երրորդ օրակարգը, որ մենք ունենք, որ, ես կարծում եմ, առաջինի եւ երկրորդի չափ կարեւոր է, արտաքին միջամտութիւնների բացառումն է մեր երկրում: Մեր ժողովուրդն իր իմաստնութեամբ, մեր ժողովուրդն իր համոզմունքներով, իր պատմութեամբ, Ղարաբաղում կերտած յաղթանակով, աշխարհին պէտք է ապացուցի, որ կարող է ինքն իր գլխի տէրը դառնալ, եւ ժամանակաւոր դժուարութիւնները երբեք ու երբեք պէտք չէ պատճառ լինեն, պատրուակ դառնան արտաքին միջամտութեան: Ես հասկանում եմ, այսօր աշխարհում շատ-շատ երեւոյթներ իրար հետ փոխկապակցուած են: Անկախութիւնը չի նշանակում առանձնացում: Ես հասկանում եմ` պէտք է ապրել աշխարհի հետ, բայց պէտք է մեր ազգային շահի առումով բացառել արտաքին միջամտութիւնը մեր երկրում: Ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Արեւելքը, ո՛չ Հիւսիսը եւ ո՛չ Հարաւը իրաւունք չունեն մեր երկրում վիճակ ստեղծել մեր դէմ, աւելի ճիշդ` մերոնց միջոցով մեր դէմ վիճակ ստեղծել: Մենք դա պէտք է բացառենք: Այլ խօսքով դրան ասում են 5-րդ շարասիւն: Ես չեմ ասում, որ բոլոր արտաքին ուժերը մեր թշնամիներն են, բայց բոլոր արտաքին ուժերն էլ ունեն ազգային շահի իրենց գիտակցութիւնը, որտեղ մեր շահի գիտակցութիւնը յարաբերութեան մէջ կարող է շատ թոյլ լինել: Որեւէ պետութեան համար Լաչինը, Քելբաջարը, Զանգելանը ի՞նչ արժէք ունեն: Մեզ համար է, որ դրանք արժէք ունեն, որովհետեւ դա հայրենիք է, եւ նաեւ մեր անվտանգութեան երաշխիքն է: Իրենց համար դա ի՞նչ արժէք ունի` կարելի է տալ Ազրպէյճանին, դրա դիմաց ինչ-որ բան շահել: Կարելի է, իրենք այդպէս են մտածում: Իրենք մեղաւոր չեն, մեղաւորը մենք կը լինենք, եթէ թոյլ տանք, որ նրանք մեր մէջ եղանակ ստեղծեն: Մենք պէտք է բացառենք արտաքին միջամտութիւնները: Եթէ չկարողացանք բացառել դա` Հայաստանը չի զարգանայ, Ղարաբաղում յաղթանակ չենք ունենայ:

Մենք պէտք է դառնանք այս երկրի ապահովութեան, անվտանգութեան երաշխիքը: Այդ երաշխիքը միայն սահմանին կանգնելն ու կռուելը չէ: Այդ երաշխիքը պէտք է ապահովենք նաեւ նրանով, որ թոյլ չտանք մեր մէջ օտարը ոտքի տեղ ունենայ, կարողանայ մեր մէջ եղանակ ստեղծել, վիճակ ստեղծել: Մենք ո՛չ մի երկրի հետ էլ թշնամի չենք, ո՛չ մէկի վատն էլ չենք ուզում, բայց մենք մեր լաւի գիտակցութիւնն ունենք: Պէտք է գիտակցենք, որ այն, ինչ մենք անում ենք օտարին դուր գալու համար կամ օտարին միջամտելու հնարաւորութիւն տալու համար` անընդունելի է, եւ մենք դա պէտք է բացառենք: Դա պէտք է բացառուի, որպէսզի մեր երկիրը զարգանայ, որպէսզի Ղարաբաղում մենք նահանջ չարձանագրենք: Սրա համար պէտք է մենք այս ընտրութիւններում յաջողենք: Մենք ընտրութիւններին պէտք է յաջողենք ոչ թէ առանձին-առանձին մեր անձի համար աւելի լաւ պայմաններ ստեղծելու համար, այլ Հայաստանի եւ Ղարաբաղի համար, մեր հայրենիքի համար, մեր ժողովրդի համար:

Հաւատացած եմ, դրա երաշխաւորը Դաշնակցութիւնն է: Հաւատացած եմ, մենք այսօր էլ` նախորդ ընտրութիւններում ունեցած քուէների չափից շատ աւելի մեծ դերակատարում ենք ունեցել այս երկրում եւ շատ աւելի մեծ գնահատանքի ենք արժանացել: Բայց տարբեր է լինելու, եթէ մենք կարողանանք իրապէս, մեր քուէների առումով, մեր բաժինը մեծացնել երկրում:

Ընկերներ, այս գիտակցութեամբ է, որ մենք պէտք է պատրաստուենք եկող տարուան, այլապէս մենք մեր կրաւորականութեամբ, անգործութեամբ, տատանումներով, հանգստասիրութեամբ, կամայ-ակամայ մեր երկրին ու մեր ժողովրդին վնասած կը լինենք: Մենք պէտք է կարելին անենք, կարելին անենք հէնց այն հասկացողութեամբ, որ եթէ ճակատում լինէինք եւ թշնամու դէմ կռուէինք, կ՛անէինք: Մենք մեր ներքին այս մրցակցութեան մէջ մեր առաւելագոյնը պէտք է ներդնենք, որպէսզի կարողանանք յաջողութեան հասնել:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles