
2014 թուականի Յունուարի 30-ի նիստում, այլ որոշումների կողքին, Հ.Հ. կառավարութիւնը հաւանութեան է արժանացրել “Սեւանայ լճի կենսոլորտային համակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին“ օրէնքում փոփոխութիւններ կատարելու նախագիծը: Ազգային ժողովի կողմից կառավարութեան այս նախագծին օրէնքի ուժ հաղորդելու պարագայում մինչեւ 2019 թուականի Յունուարի 1-ը Սեւանայ լճից տարեկան բաց կը թողնուի մինչեւ 240 մլն խորանարդ մեթր ջուր: Ըստ պաշտօնական հիմնաւորման` այս ընթացքում կը լուծուի Սեւջուր գետի եւ Արարատեան դաշտավայրի ստորգետնեայ աւազանի սակաւաջրութեան խնդիրը եւ կ՛իրականացուեն առաջնահերթ ջրամբարաշինութեան միջոցառումներ:
Ըստ նոյն պաշտօնական տեղեկատուութեան` վարչապետը որոշման առիթով ասել է, թէ հարցը պէտք է պատշաճ ձեւով ներկայացնել զանգուածային լրատուամիջոցներին. “Սա նուրբ թեմա է եւ հասկանալի է, որ հետաքրքրելու է բազմաթիւ հասարակական կազմակերպութիւնների: Անհրաժեշտ է մանրակրկիտ այդ ամէնը բացատրել“:
Վարչապետի խօսքը կարելի է հասկանալ նաեւ այս կերպ. խնդրի առնչութեամբ, ամենայն հաւանականութեամբ, հերթական անգամ հասարակական դժգոհութիւն եւ ընդվզում կ՛առաջանայ, հետեւաբար` անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան քարոզչական դիմակայութիւն:
Յիշեցնենք, որ 2002 թուականի Յունուարի 1-ից գործող վերոնշեալ օրէնքի համաձայն‘ սահմանուել է, որ ոռոգման նպատակով իւրաքանչիւր տարի Սեւանայ լճից թոյլատրւում է բաց թողնել մինչեւ 170 մլն խորանարդ մեթր ջուր: Ժամանակին այս որոշումը կայացուել էր` կանխելու համար երկրի քաղցրահամ ջրի գլխաւոր շտեմարանի անխնայ ու կամայական շահագործումը: Բնապահպանական ու շատ աւելի մեծ նշանակութիւն ունեցող լճի դանդաղ վերականգնման նպատակով: Սեւանը ճահճացումից փրկելու, բնական անհրաժեշտ կենսագործունէութեան մակարդակի հասցնելու համար, տուեալ օրէնքի համաձայն, լճի մակարդակը կը բարձրանայ տարեկան 22 սանթիմեթրով, եւ 2031 թուականին, ընդհանուր հաշուով, կ՛ապահովուի անհրաժեշտ 6 մեթր բարձրացնելու խնդիրը: Այդ ժամանակ Սեւանի մակարդակը կը հասնի 1903,5 մեթր նիշին: Վերջին տարիների առատ տեղումների արդիւնքում հնարաւորութիւն ստեղծուեց ոչ միայն ապահովելու տարեկան 22 սանթիմեթր բարձրացումը, այլեւ կուտակելու աւելին, եւ հնարաւորութիւն ստեղծուեց առաջադրուած նպատակին հասնել շատ աւելի վաղ: Այստեղ ահա շատ մարդիկ, ովքեր Սեւանը եւ նրա ափամերձ տարածքները դարձրել էին սեփական եկամտի աղբիւր, իրարով անցան: Բանն այն է, որ լճի մակարդակի բարձրացման հետ ջրի մէջ յայտնուելու հեռանկարի առջեւ են յայտնւում Սեւանի ափին կառուցուած 4714 շինութիւնները, որոնցից 481-ն են գրանցուած, իսկ մնացածը անօրինական կ՛առոյցնէր են, եւ, ի դէպ, սրանց ապամոնտաժման դէպքում պետութիւնը փոխհատուցում չի նախատեսել: Միաժամանակ, թէեւ անհրաժեշտ նիշի մօտաւորապէս կէսն է դեռեւս ապահովուած, սակայն արդէն շատ շինութիւններ յայտնուել են ջրածածկ լինելու վտանգի առաջ, իսկ մօտ 450-ը արդէն իսկ ապամոնտաժուել են:
Եւ ահա վերջին տարիներին կառավարութիւնը յաճախակի խորհրդարան էր բերում համապատասխան որոշումներ` նախատեսուած 170-ի փոխարէն զգալիօրէն աւելի մեծ քանակ բաց թողնելու առաջարկով: Իհարկէ, պատճառաբանութիւնը միշտ լինում էր ոռոգման ջրի սակաւութիւնը, երբ միւս կողմից ակնյայտ է տեղումների մեծ քանակը: Իհարկէ, ամէն անգամ բնապահպանների, հասարակայնութեան տարբեր շերտերի մօտ այս քայլը դժգոհութեան տեղիք էր տալիս, իսկ ընդդիմութիւնը առաջարկի դէմ պայքար էր ծաւալում խորհրդարանում: Այս անգամ արդէն կառավարութիւնը որոշել է միանգամից խնդիրը լուծել 5 տարուայ համար: Նախ` այդ դէպքում անհրաժեշտ չի լինի ամէն տարի նոյն գլխացաւանքի մէջ յայտնուելւ, միւս կողմից` տարէցտարի հասարակական ակտիւութեան նոր ալիք է հզօրանում, եւ յայտնի չէ` հնարաւոր կը լինի՞ ամէն անգամ գլուխ բերել հերթական հակաժողովրդական ծրագիրը, թէ՞ ոչ:
Իհարկէ, երբ Տիգրան Սարգսեանի գլխաւորած կառավարութիւնը մեծահարուստների շահերից բխող եւ հիմնականում ժողովրդի համար անընդունելի հերթական նախագիծն է բերում խորհրդարան, նա կասկած չունի, որ այն ընդունելու համար խնդիրներ չեն առաջանայ: Չէ որ ընտրութիւնների ժամանակ հարազատ թիմը կաշուից դուրս է գալիս բացարձակ մեծամասնութեան մանդատները ձեռք գցելու համար: Անշուշտ, եղել են դէպքեր, երբ այս կամ այն նախագիծը դժուարամարս է եղել նոյն խորհրդարանական մեծամասնութեան համար, եւ նոյնիսկ ներկուլիսային խօսակցութիւններ են եղել, թէ նախագիծը կը բարեփոխուի կամ առհասարակ դուրս կը բերուի օրակարգից: Յանկարծ, սակայն, նոյն դէմ տրամադրուածների տրամադրութիւնը գլխիվայր շուռ է եկել եւ հէնց նրանք դարձել են իրենց իսկ համար անընդունելի օրէնքների կատաղի պաշտպաններ: Այլ խօսքով` Տիգրան Սարգսեանը առ այսօր խնդիր չի ունեցել ցանկալի օրէնքը խորհրդարանում ընդունել տալու հարցում: Վերջին ժամանակներում միայն, երբ իշխանութիւնից դժգոհութիւնը ժողովրդի կոկորդին է հասել, յատկապէս երիտասարդ սերունդը քաղաքացիական ակտիւութիւն է դրսեւորում, խորհրդարանական ընդդիմութեան հետ հնարաւոր է դառնում բողոքի ալիք բարձրացնել փողոցներում ու հրապարակներում: Սա էլ լրջօրէն անհանգստացնում է իշխանութեանը, որքան էլ փորձի ինքնավստահ երեւալ:
Բայց, ինչպէս ասում են, կարմիր կովը կաշին չի փոխի, մանաւանդ, երբ մէջտեղում մեծ շահեր կան: Արդէն քանի տարի է` քաղաքական, տնտեսական, բնապահպանական եւ այլ բնոյթի անընդունելի նախաձեռնութիւնները, աւելանալով եղածների վրայ, կարծես փորձարկում են հասարակութեան համբերութիւնը: Ահա եւ հնարաւոր հերթական առիթը: Եւ ինչպէս միշտ բերւում են բազմաթիւ հիմնաւորումներ` քայլն արդարացնելու համար: Ինչպէս եղել է նախորդ տարիներին: Միաժամանակ նշւում են այն միջոցառումները, որոնք ձեռնարկուելու են, որպէսզի 2019 թուականից ապահովուի ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակ (նոր ջրամբարների կառուցում, պոմպակայանների ու ջրատար համակարգերի վերանորոգում ու նորերի կառուցում եւ այլն): Այսպիսի խոստումներ տրուել են նաեւ անցած տարիներին, իսկ 2001 թուականին ընդունուած “Սեւանայ լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին“ օրէնքում արձանագրուած է այդ միջոցառումների ծրագիրն ու ժամանակացոյցը: Ելնելով դառը փորձից` քիչ հաւանական է, որ առաջիկայ հինգ տարում խնդիրը կը լուծուի, բայց հաւանաբար կառավարութեանը դա չի մտահոգում, որովհետեւ այդ ժամանակ իրենց ժամկէտն աւարտուած կը լինի:
Վերջում աւելացնենք, որ նոր ծրագրում ասւում է նաեւ. “Ծրագրի իրականացման ընթացքում առկայ են Սեւանայ լճի ջրային բացասական հաշուեկշռի հնարաւոր վտանգներ“: Սրան էլ աւելացնենք, որ, օրինակ, հէնց այս տարի, 22 սանթիմեթրի փոխարէն ապահովուել է ջրի մակարդակի 9 սանթիմեթր բարձրացում: Ստացւում է, որ առանց օրէնքի փոփոխութեան էլ կառավարութիւնը չի կատարում նոյն օրէնքով սահմանուած պարտականութիւնը: Տեսէք, սակայն, որ նա փրփուրը բերանին, պնակալէզների թիմի փաստաբանութեամբ, փորձում է հաւաստիացնել, թէ տասնամեակներ անց, որպէս կենսաթոշակ, մարդկանց կը վերադարձնեն նրանցից այսօր պահուող գումարները: Ինչ կայ որ` ոչ առաջին խոստումն է, ոչ` վերջին: Կարեւորը, որ հաշուետուութիւն տաս ինքդ քեզ եւ վստահ լինես պատասխանատուութիւնից խուսափելու հարցում: