
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերին երկարատեւ բանակցութիւններից յետոյ կարծես թէ յաջողւում է համաձայնութեան գալ վարչապետին անվստահութիւն յայտնելու հարց առաջադրելու շուրջ, եւ այս առումով յառաջիկայում խորհրդարանում կարող են հետաքրքրական գործընթացներ ծաւալուել:
Առաջին հայեացքից թւում է, թէ վարչապետ Տիգրան Սարգսեանի ներկայիս գործունէութեան եւ նրա անձնակազմի խղճուկ արդիւնքների վերաբերեալ ունեցած միասնական բացասական կարծիքի պարագայում նրան անվստահութիւն յայտնելը առանձնակի դժուարութիւն չպէտք է ներկայացնէր եւ հարց չպէտք է առաջանար: Սակայն խնդիրը ոչ թէ բուն անվստահութիւն յայտնելու մէջ է, այլ դրան յաջորդելիք քայլերի: Կարծես թէ ընտրուել է ամենատրամաբանական տարբերակը` վարչապետի այլընտրանքային թեկնածու եւ այլընտրանքային “փլաթֆորմ“ առաջարկելու: Հակառակ դէպքում վարչապետին հեռացնելու նախաձեռնութիւնը դառնում էր ինքնանպատակ: Բայց միւս կողմից` ոչ իշխանական ուժերը դեռեւս չեն յստակեցրել` արդեօք կառավարութեանն անվստահութիւն յայտնելն իրենց համար վերջնանպատա՞կ է, թէ՞, այնուամենայնիւ, ընդամէնը տակտիկական առաջադրանք, աւելի հեռահար խնդիր` ամբողջական իշխանափոխութիւն իրականացնելու համար: Եթէ անգամ ոչ հրապարակայնօրէն, գոնէ ընկալում ձեւաւորելու համար այս հարցի պատասխանը պէտք է տրուի փաթեթային, քանի որ դրա պատասխանից է կախուած` գործընթացները զարգանում են զուտ իշխանական “քօալիցիա“ մտնելու եւ գործող իշխանութեան համար պատասխանատուութիւն ստանձնելու տրամաբանութեա՞մբ, թէ՞ համակարգային փոփոխութիւններ իրականացնելու: Այս խնդրի անյստակութիւնը իշխանութեան ձեռքին կարող է դառնալ կարեւոր խաղաքարտ եւ բանեցնելու հնարաւորութիւն:
Բանն այն է, որ այդ պարագայում իշխանութեանը հնարաւորութիւն է տրւում Կառավարութեանը քաւութեան նոխազ դարձնելով եւ վարչապետին “զոհաբերելով“` պահպանել կարեւորագոյնը` իշխանական գերիշխանութիւն: Իսկ որոշուած բեմագրութիւնը շատ պարզ է: Վարչապետին “զոհաբերելը“ նախագահը կարող է մատուցել որպէս հասարակական պահանջին ընդառաջելուն, քաղաքական ճգնաժամի հասունացումը կանխելուն ուղղուած զիջում: Դրանից յետոյ նա ունենալու է երկու տարբերակ: Առաջին` նոր կառավարութիւն ձեւաւորել` կրկին Հանրապետականների եւ Օրինաց Երկրի մասնակցութեամբ` պահպանելով քաղաքական ուժերի ներկայիս յարաբերակցութիւնը, որի համար նրան անհրաժեշտ կը լինի ստանալ ոչ իշխանական ուժերի համաձայնութիւնը: Սա գրեթէ անհաւանական է, որովհետեւ ընդդիմութեան համար նշանակելու է ընդամէնը պարզ փոխատեղում, որը ընկերային-տնտեսական քաղաքականութեան վերանայում չի ենթադրելու, այսինքն` վարչապետի անվստահութեանը հասնելը դառնալու է ինքնանպատակ: Երկրորդ` նախագահը կարող է ընդդիմութեանն առաջարկել ձեւաւորել միասնական կամ այսպէս կոչուած ազգային համաձայնութեան կառավարութիւն` ընդլայնելով կօալիցիան: Սա արդիւնաւէտ կարող է լինել միայն մէկ դէպքում. եթէ նոր “քօալիցիա“ն ձեւաւորւում է ընդդիմութեան առաջարկելիք եւ իշխանութեան հետ համաձայնեցրած միասնական օրակարգի կամ “փլաթֆորմ“ի շուրջ, այլ ոչ թէ Հանրապետականների եւ անձամբ գործող նախագահի անձի: Հայաստանեան փորձը, սակայն, ցոյց է տալիս, որ նման կոնսօլիդացիոն պրոցեսները երբեք տեղի չեն ունենում ծրագրերի եւ գաղափարների շուրջ: Անգամ եթէ դրւում է այդ նպատակը, ժամանակի ընթացքում դա ձեւախեղւում է եւ ստացւում է համաձայնութիւն` յանուն իշխանութեան մաս լինելու: Դրա վառ օրինակը եղել է 2008-ի քաղաքական ճգնաժամի յաղթահարման ժամանակ, երբ չորս քաղաքական ուժեր` “Հանրապետական“ներ, “Բարգաւաճ Հայաստան“, “Հ.Յ.Դ.“ եւ “Օրինաց Երկիր“, “քօալիցիա“ կազմեցին համատեղ ստորագրուած եւ կառավարութեան գործունէութեան հիմքը կազմելիք յուշագրի շուրջ: Սակայն շատ արագ յուշագիրը քաղաքական օրակարգից դուրս մղուեց, եւ արդիւնքում ստացուեց, որ “քօալիցիա“ի երեք ուժերը միայն դերեր են ստանձնում Հանրապետական կառավարութիւնում` իրականացնելու մեծամասնութեան եւ նախագահի ընդունած քաղաքական որոշումները: Իսկ պատճառն այն էր, որ խորհրդարանում Հանրապետականներ ունէին բացարձակ մեծամասնութիւն եւ ցանկացած դէպքում պահպանում էին որոշումները փաստացի միանձնեայ ընդունելու բացառիկ իրաւունքը: Նման յարաբերակցութեան պարագայում համաձայնութեան մասին խօսք լինել չէր կարող, մինչդեռ այդ յուշագրի դրոյթները հնարաւոր էր կենսագործել միայն կոնսենսուսային որոշումների եւ լուծումների պարագայում: Եթէ ոչ իշխանական ուժերը հիմա այդ փորձը հաշուի չառնեն, պատմութիւնն, անկասկած, կրկնուելու է: Իսկ հաշուի առնելը նշանակում է հասնել խորհրդարանական նոր, այնպիսի ընտրութիւնների, որ դրա արդիւնքում Հանրապետականներ այլեւս մեծամասնութիւն ձեւաւորելու հնարաւորութիւն չունենան: Մինչդեռ ոչ իշխանական ուժերից ոչ ոք խորհրդարանական նոր ընտրութիւններ անցկացնելու պահանջ չի առաջադրում: Եւ կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ Հանրապետական կարկառուն գործիչ Գալուստ Սահակեանի այն միտքը, թէ ոչ իշխանական քառեակն ընդամէնը պաշտօններ է ուզում, դառնայ նրա հերթական պայծառատեսութիւնը:
Այս իմաստով, անկախ ամէն ինչից, քառեակը վաղ թէ ուշ բախուելու է համապետական ընտրութիւններ անցկացնելու եւ դրա միջոցով փոփոխութիւնների հասնելու գաղափարին` դուրս գալով զուտ Կառավարութեան փոփոխութեան մակերեսային խնդրի շրջանակից: Հարցն այն է` խօսքը վերաբերելու է հերթակա՞ն, թէ՞ արտահերթ համապետական ընտրութիւններին: Դրանցից որ տարբերակն էլ ընտրուի, միեւնոյն է` ամէն ինչ կախուած է լինելու նրանից, թէ որքանով ընդդիմութիւնը կը կարողանայ կանխել “հին ու բարի աւանդոյթներով“ ընտրութիւնների անցկացումը, որը ցանկացած պարագայում յանգեցնելու է իշխանութեան վերարտադրութեան: Նոր կառավարութեան կազմ մտնելը տրամաբանական ու հասկանալի է դառնում, եթէ նպատակը այնպիսի վարչական լծակների ձեռքբերումն է, որոնք ընտրութիւնների ընթացքը լիարժէք վերահսկելու հնարաւորութիւն են տալիս: Հետեւաբար, միասնական “փլաթֆորմ“ ներկայացնելիս պէտք է հաշուի առնուի նաեւ այս պահանջը:
Բոլոր դէպքերում նկատելի է, որ ոչ իշխանական ուժերի ներկայիս գործողութիւնների հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսեանը նորից նախագահի պաշտօնում առաջադրուելու հնարաւորութիւն չի ունենալու: Լաւագոյն դէպքում քաղաքական ուժերը գործ են ունենալու նրա “ժառանգորդի“ հետ: Սա մասնաւորապէս Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան ղեկավարին ազատում է Սերժ Սարգսեանի հետ յարաբերութիւնների ներկայիս պարիտետը պահպանելու կաշկանդումներից, որը միւս ուժերի կողմից Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան եւ Ծառուկեանին վստահելու բաւարար պայման է ստեղծում: Եթէ “ֆորս–մաժոր“ային անկանխատեսելի խոչընդոտներ չառաջանան, միակ հնարաւոր խնդիրը, որին կարող են բախուել այլընտրանքային “Բարգաւաճ Հայաստան“ կուսակցութիւնն ու ընդդիմադիր միւս երեք կուսակցութիւնները, արդէն մեկնարկած սահմանադրական բարեփոխումների միջոցով Սերժ Սարգսեանի համար իշխանութեան մնալու նոր մեխանիզմների սահմանում է: Եւ եթէ նրանք իսկապէս համակարգային փոփոխութիւններ եւ ամբողջական, բովանդակային իշխանափոխութիւն իրականացնելու նպատակ ունեն, ներկայումս համաձայնեցուող “փլաթֆորմ“ի հիմնական կէտերից մէկը պէտք է այդ խողովակի ստեղծման բացառումը լինի: Արդեօք ընդհանուր ճակատ կազմող ուժերն այս “մանրուքներ“ը հաշուի են առնում` պարզ կը լինի այն ժամանակ, երբ նրանք հրապարակեն այդքան սպասուած ընդհանուր “փլաթֆորմ“ը: