Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱՅ ՏԱՐԵԼԻՑԻ ՀՌՉԱԿԱԳՐԻՑ

0 0
Read Time:3 Minute, 39 Second

p4-5g  ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Հանրութիւնը դեռ չէր մարսել հանրապետութեան երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի հրապարակային յայտարարութիւնները երկրում ստեղծուած ներքաղաքական վիճակի մասին, երբ նմանատիպ, բայց, ըստ էութեան, զգայացունց նախաձեռնութեամբ հանդէս եկաւ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը: ,Չորրորդ իշխանութիւնե թերթի կայքում հրապարակուեց առաջին նախագահի` նրա ասելով դեռ Փետրուար 12-ին գրուած եւ գործող նախագահ Սերժ Սարգսեանին ուղղուած մի բաց նամակ, որով հեղինակը նախագահին առաջարկում է դէմ առ դէմ հանդիպել` քննարկելու համար Հայոց Ցեղասպանութեան հարցը միջազգային ասպարէզում հաւուր պատշաճի ներկայացնելու, Ցեղասպանութեան հարցում Հայաստանի դիրքորոշումը վերջնականապէս յստակեցնելու, բայց ամենակարեւորը` Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի բովանդակութիւնը վերախմբագրելու հարցը:

Այս նախաձեռնութիւնը, թէ՛ ինքնին Սերժ Սարգսեանին որեւէ առաջարկով դիմելու եւ թէ՛ նամակի բովանդակութեան իմաստով, խիստ հետաքրքրական է, ընդ որում` թէ՛ ներքաղաքական զարգացումների եւ թէ՛ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի հռչակագրի նշանակութեան առումներով: Տէր Պետրոսեանը Սերժ Սարգսեանին առաջարկում է հանդիպել` քննարկելու համար ոչ միայն հռչակագրի վերախմբագրման եւ, ինչպէս ինքն է բնորոշում, ,միջազգային իրաւունքի հիմքերին եւ պետութիւնների ու ժողովուրդների համակեցութեան սահմանուած կանոններին համապատասխանեցնելու“ նպատակով:

Առաջին նախագահը նաեւ ներկայացնում է այս խնդրի լուծման իր ,ճանապարհային քարտէսեը: Ըստ դրա` անհրաժեշտ է նախ ստեղծել խորհրդակցական յանձնաժողով, որը պէտք է վերանայի Հռչակագիրը, ապա դրա հիման վրայ յանձնաժողովը պէտք է հանդէս գա Մ.Ա.Կ.-ի գլխաւոր քարտուղարին, Ե.Ա.Հ.Կ. գործող նախագահին, Եւրամիութեան նախագահին եւ աշխարհի բոլոր պետութիւնների ղեկավարներին Հ.Հ. նախագահի անունից ուղղուած շրջաբերականով: Տէր Պետրոսեանը նոյնիսկ ոչ միայն այդ յանձնաժողովի անդամների կազմն է ներկայացնում, այլեւ յստակ առաջադրում այն սկզբունքները, որոնց շրջանակում պէտք է ստեղծուի հռչակագրի նոր տեքստը: Ըստ այդմ` ,ուղերձը պէտք է լիովին համապատասխանի Մ.Ա.Կ.-ի խարտիային, Հելսինքեան հռչակագրին եւ Հայաստանի կողմից միջազգային կոնուենցիաներով ստանձնած պարտաւորութիւններին, չպէտք է հակասի Հ.Հ. Սահմանադրութեանը. տուրք չպէտք է տայ երբեմնի պետականազուրկ ազգի աւանդական մօտեցումներին, որեւէ կերպ չպէտք է վնասի Հայաստանի առջեւ կանգնած կարեւորագոյն` հայ-թրքական յարաբերութիւնների եւ Արցախեան հակամարտութեան խնդիրների լուծմանը“:

Դատելով այս պայմանների առաջադրումից` Տէր Պետրոսեանն իրականում ոչ թէ հանդիպման առաջարկութիւն է անում, այլ նաեւ սահմանում հանդիպման օրակարգը, այսինքն` նախագահին նախապայմաններ առաջադրում: Բայց խնդիրը ոչ այնքան դա է, որքան բարի նկատառումների անուան ներքոյ համահայկական ընդգրկման Հռչակագիրն արժէզրկելու շատ կոնկրէտ միտումը: Մօտ մէկ շաբաթ առաջ նա ներկայացրեց Հռչակագրի վերաբերեալ իր նկատառումները` յայտարարելով, թէ դրանք հիմնուած են առաւելապէս մտահոգութիւնների, փաստաթուղթը բովանդակային առումով բարելաւելու ազնիւ ցանկութեան վրայ: Առնուազն զարմանալի, եթէ չասենք տարակուսելի է, թէ եթէ իսկապէս նպատակը դա էր, ապա ինչո՞ւ է Տէր-Պետրոսեանը որոշել Հռչակագրին անդրադառնալ դրա հրապարակումից եւ նախագահի կողմից հաստատուելուց յետոյ, եթէ կարող էր փորձել օգտակար լինել դեռեւս փաստաթղթի մշակման ընթացքում: Համաձայնենք, որ այնքան էլ տրամաբանական չէ առաջարկութիւններ անել մի փաստաթղթի վերաբերեալ, որն արդէն ընդունուած եւ շրջանառութեան մէջ է դրուած, թէկուզ այն պատճառով, որ այդ դէպքում որեւէ նոր առաջարկ դառնում է անիմաստ եւ անօգտակար: Միւս կողմից` ինչո՞ւ է Տէր Պետրոսեանն առաջ քաշում նոր յանձնաժողով ստեղծելու խնդիրը, երբ Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի կազմակերպման նպատակով յանձնաժողով կայ, այն գործում է դեռեւս 2011-ից եւ կարծես, բացի Տէր-Պետրոսեանից, Սփիւռքում եւ Հայաստանում այդ յանձնաժողովի ձեւաչափն ու լեգիտիմութիւնը որեւէ մէկը կասկածի տակ չի դրել:

Սրանք զուտ դիտեալներ չեն, այլ ամբողջացնում են ոչ միայն հռչակագրի քաղաքական եւ համահայկական նշանակութիւնը զրոյացնելու, այլեւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում նոր բաժանարարներ անցկացնելու միտումները: Այլ կերպ հնարաւոր չէ որակել, օրինակ, Սփիւռքից առանձին անհատների ներգրաւմամբ Ցեղասպանութեան հարցում Հայաստանի պաշտօնական դիրքորոշումը յստակեցնելու եւ այն համապատասխան ուղերձի միջոցով միջազգային հանրութեանը մատուցելու նրա գաղափարը: Նման խնդիր դնելն ինքնին նշանակում է օրակարգից հանել արդէն ընդունուած Հռչակագիրը, որովհետեւ այնքանով, որքանով նախագահը ստորագրել է այդ փաստաթուղթը, այն արդէն նաեւ Հայաստանի պաշտօնական դիրքորոշումն է: Երկրորդ` առանձին Հայաստանի տեսակէտը յստակեցնելու գաղափարն անգամ, էլ չասած` դրանից բխող որեւէ տեքստի մշակում, նշանակում է, որ Հայաստանի տեսակէտներն այդ հարցում Սփիւռքի մօտեցումներից տարբերւում են կամ պէտք է տարբերուեն: Ըստ այդմ` Սփիւռքը տուեալ դէպքում գործում է Հայաստանի շահերի դէ՞մ: Միւս կողմից` իբրեւ խորհրդակցական յանձնաժողովի պոտենցիալ անդամներ` Տէր Պետրոսեանը ներկայացնում է այնպիսի թեկնածութիւններ, որոնք կիսում են բացառապէս իր յայտնի եւ Սփիւռքի քաղաքական շրջանակներում մեծ մասամբ մերժելի գաղափարները: Որքան էլ հետաքրքրական է, այդ ցանկում Հ.Յ.Դ.-ն ներկայացնող որեւէ անուն չկայ` չնայած Սփիւռքում այդ կուսակցութեան մասշտաբային ներկայացուածութեանը եւ հսկայական քաղաքական դերակատարութեանը:

Հարց է առաջանում` ո՞րն է նման բծախնդիր ընտրողականութեան պատճառը: Այն, որ Տէր-Պետրոսեանն ի՞նքն է մերժում բոլորի տեսակէտը եւ յամառօրէն ձգտում բոլորի վզին փաթաթել սեփակա՞նը, թէ՞ մեծահոգաբար դա անելու իրաւունքը վերապահում է նախագահին: Տէր Պետրոսեանը չի կարող չհաշուարկել, որ իր առաջարկած ձեւաչափով որեւէ յանձնաժողովի աշխատանք դատապարտուած է ձախողման, քանի որ դժուար է հաւատալ, որ նման յանձնաժողովը կարող է համաձայնութեանի հասնել գաղափարական եւ սկզբունքային տարբերութիւնների պատճառով: Իսկ դա նշանակում է տապալել որեւէ կառուցողական գործընթաց եւ ազգային միասնականութեան դրսեւորման որեւէ հնարավարութիւն: Մնում է եզրակացութիւններ կատարել, թէ ինչո՞ւ է դրան ձգտում Տէր Պետրոսեանը:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles