«Դատող Կողմի Համար Այս Դատավարութիւնը Տապալուած Է», Կը Յայտնէ Դաւիթ Իշխանեան

Պաքուի վերաքննիչ դատարանին մէջ աւարտեցաւ Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարութեան դէմ յարուցուած շինծու դատավարութեան հերթական փուլը: Պաքուի բանտէն Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դաւիթ Իշխանեան հերթական անգամ ուղերձ յղեց շեշտելով, որ դատավճիռը վաղուց իսկ կանխորոշուած է։ Ան նշեց, թէ պաշտպանութեան կողմին հիմնական նպատակը գործը միջազգային իրաւական ատեաններ հասցնելն է։ Այս գծով, Իշխանեան կը յայտնէ․-
Խաղաղութեան դատավարութեան հերթական փուլը կարելի է համարել աւարտուած: Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցութեան, բայց, ինչպէս դատարանում ենք ասել, բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացուած է, եւ դատավարական կոլեգիան չէ, որ կայացնում է այդ վճիռը: Դատավարական կոլեգիան միայն յայտարարութեան կարգով կյայտարարի եւ կհրապարակի այն, ինչ արդէն վճռուած է:
Մեր վերջին ելոյթները շատ հետաքրքիր եւ իւրայատուկ էին, ինչպէս նշել եմ, բաւականին արժանի ելոյթներ էին: Ինչպէս Առաջին ատեանի դատարանում, այս պարագայում էլ թէ՛ դատախազութեան ներկայացուցիչները, թէ՛ նաեւ դատաւորը անհիմն կերպով միջամտում էին, ընդհատում էին ելոյթները: Ինձ այդպէս էլ չթողեցին ամբողջական ներկայացնեմ իմ խօսքը: Բայց, այնուամենայնիւ, խնդիր չէ: Մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարութիւն է, եւ շատ պարզ յայտարարում ենք, որ քաղաքական դատավարութիւնն այլ կերպ չի էլ կարող լինել:
Ամենամեծ գնահատականը, հաւանաբար, այս դատավարութեանը տուել է պաշտպաններից մէկը, ով Առաջին ատեանի դատարանում հէնց այսպէս զգուշացրել է, որ տարիներ յետոյ ամաչելու են իրենց սերունդների առաջ: Իսկ այս անգամ շատ իւրայատուկ խօսք փոխանցեց դատավարական անդամներուն` յորդորելով, որ չպղծեն դատարանը, որ իրենք այս դատավարութեամբ արդէն պղծել են յաղթանակները: Այսինքն` մեր ընդհանուր պահուածքն արդէն մղում է նրանց, որպէսզի խոստովանեն, որ դատավարական գործընթացում իրենք լուրջ բացեր են ունեցել:
Ինչպէս ես նշեցի իմ խօսքի մէջ, վերջին ելոյթի ժամանակ, Առաջին ատեանի դատարանում, փաստօրէն, քաղաքականապէս եւ բարոյապէս մեղադրող կողմը եւ դատավարական կազմը, որոնք, փաստօրէն, այս գործով հանդէս են գալիս որպէս որոշում կայացնողնէր, չեն շահել դատը: Շահողը եղել ենք մենք` որպէս մեղադրեալներ, այսպէս ասած:
Մենք արժանի հակահարուածներ ենք տուել այն փաստարկներին եւ այն կեղծ պնդումներին, որոնք վերաբերում են մեր ժողովրդի անցեալին, ներկային, մեր ժողովրդի պատուի խնդիրներին, շինծու հիմնաւորումներին, ազգային ինքնասիրութիւնը ոտնահարող պահուածքին եւ կեղծուած պատմութեանը:
Այդպիսի մի իրավիճակ է, որ պէտք է ասել` սա պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրէնքը, այսինքն` օրէնքի ուժ չկայ: «մենք ենք որոշողըէ սկզբունքով են առաջնորդւում դատաւորները եւ դատավարական կազմը, եւ անում են այն, ինչ ուզում են: Մեզ համար էլ դա հասկանալի է:
Բայց, ինչպէս նշել ենք, սա մեզ համար երկրորդական է, եւ մենք իրաւական բոլոր ձեւականութիւնները ապահովում ենք, որպէսզի հասնենք միջազգային դատարան: Այնպէս որ, այս դատավարութիւնը կարող ենք համարել մեղադրող կողմի համար տապալուած դատավարութիւն:
Լրատուութիւնը, ինչպէս միշտ, ներկայացւում է միակողմանի, մանիփուլացուած, իրականութեանը ոչ համապատասխան ձեւով: Մէկ-մէկ նոյնիսկ մտածում ենք` ո՞ւր են «Ազատութիւն» ռադիոկայանի լրագրողները, ազատութիւն որոնող լրագրողները: Մօտ երկու տարի է սպասում ենք, որ դատարանի դահլիճում կը յայտնուեն: Չէ՞ որ նրանց համար Սպիտակ Տան պատերը, Քրեմլի պատերը կամ եւրոպական որեւէ երկրի այդ թւում նաեւ Պրիւքսէլի պատերը շօշափելը դժուար չէ: Բայց Պաքուի դատարանների դահլիճներում նրանց այդպէս էլ չտեսանք, որպէսզի աշխարհին ներկայացնեն, թէ ում են դատում, ինչու են դատում եւ ինչպէս են դատում:
Յուլիս 17-ին ես միջնորդութիւն էի ներկայացրել դատարանին, որպէսզի մեղադրող կողմը` դատախազութիւնը, հաշուի առնելով ներկայ ստեղծուած իրավիճակը, հայցը հետ վերցնի, եւ քրէական գործը կարճուի, այս քրէական հետապնդումը դադարեցուի: Տեղում մերժուեց: Ես, բնականաբար, ներկայացրի, որ երիտասարդ կազմը պէտք է խորհրդակցի իր վերադասի հետ, սակայն դա եւս տեղում մերժուեց:
Յուլիս 31-ին, մեր վերջին նիստի ժամանակ, վերջին խօսքում ես դիմեցի դատաւորին եւ առաջարկ ներկայացրի, որպէսզի իմ այդ միջնորդութեան բովանդակութեամբ առաջարկ ներկայացուի` օգտագործելով իր լիազօրութիւնները, եւ դատական կոլեգիան, անհրաժեշտութեան դէպքում, խորհրդակցի նրանց հետ, ովքեր որոշում են կայացնում, հաշուի առնելով երկու երկրների, երկու ժողովուրդների միջեւ ստեղծուած նուրբ քաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական դերակատարների դերը, եւ, որպէս ապագային միտուած ներդրում, այս քրէական հետապնդումը դադարեցնեն եւ գործը կարճեն:
Ինչ որոշեն` դա այլ հարց է, բայց, յամենայնդէպս, այդպիսի առաջարկ ներկայացուել է:
Մէկ անգամ եւս պիտի ասեմ, որ մօտ երկու տարի շարունակուող այս երկու դատավարութիւնների ընթացքում պաշտպանական կողմն այդպէս էլ չստացաւ ոչ մեղադրական աքթը, ոչ մեղադրական եզրակացութիւնը եւ ոչ էլ առաջին ատեանի դատարանի դատավճիռը:
Լաւ մնացէ՛ք: Մենք մեր խօսքը դեռ կ’ասենք:

