Վերջերս, Արցախի Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէն, հաղորդագրութիւն մը հրապարակելով, տեղեկացուց թէ, տեղւոյն նախագահական ընտրութիւններուն, կ՛առաջադրէ Բակօ Սահակեանի անունը: Ստորեւ, հաղորդագրութիւնը ամբողջութեամբ.-
Սիրելի հայրենակիցներ,
ԼՂՀ նախագահական ընտրութիւնների շեմին պահն է հասել` անցած հինգ տարիներին ԼՂՀ-ի ունեցած յաջողութիւններն ու անյաջողութիւնները վերաիմաստաւորելու և դրանց շուրջ մտորելու:
Անշուշտ կան ձեռքբերումներ, առաջընթաց, բարոյահոգեբանական մթնոլորտի նոր որակ: Հինգ տարիների ընթացքում համատեղ ջանքերով կարողացել ենք իրականացնել ԼՂՀ Սահմանադրութիւնից բխող օրէնսդրական բարեփոխումներ, տեղի է ունեցել իշխանութեան թևերի տարանջատում, խորացել են զսպման և հակակշռման մեխանիզմները, որի հետևանքով առաջընթաց է գրանցուել կոռուպցիայի և կաշառակերութեան դէմ պայքարում, իրականացուել է նպատակաուղղուած քաղաքականութիւն սոցիալական ոլորտում և տնտեսական զարգացման ուղղութեամբ, Արցախի արտաքին քաղաքականութեան ասպարէզում դրսեւորուել է հայանպաստ կարծր կեցուածք:
Սակայն նկատելի են նաև լուրջ բացթողումներ ու չիրականացած խոստումներ: Մեր առջև ծառացած հիմնախնդիրների յաղթահարումը մեզնից պահանջում է վերափոխել երկրում ստեղծուած քաղաքական համակարգը: Անհրաժեշտ է որդեգրել նոր սկզբունքներ և ցուցաբերել նոր մօտեցումներ: Համոզուած ենք, որ միասնական ջանքերով հնարաւոր կը լինի պահպանել այն վստահութիւնն ու ոգևորութիւնը, որին ականատես եղանք նախորդ նախագահական ընտրութիւնների նախաշէմին:
ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէն բազմակողմանիօրէն քննարկելով ԼՂՀ յառաջիկայ նախագահական ընտրութիւնների հարցը և անցկացնելով զանազան խորհրդակցութիւններ` որոշում է կայացրել նախագահական ընտրութիւններին սատարել ԼՂՀ գործող նախագահ Բ. Սահակեանին:
Համոզուած լինելով, որ չի սպառուել միասնական ջանքերով աշխատելու հնարաւորութիւնը և վստահ լինելով, որ Բ. Սահակեանը կը դրսեւորի հարկ եղած վճռակամութիւն և քաղաքական կամք` յաղթահարելու երկրի զարգացմանն արգելակող բոլոր խոչընդոտները:
Ցաւով պէտք է յայտնել, որ չնայած անցեալ տասը տարիների համատեղ գործակցութեան, նախագահի թեկնածու Վ. Բալասանեանի հետ մեր համագործակցութիւնը դադարեցւում է` չկայացած համաձայնութիւնների պատճառով:
ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէն ակնկալում է, որ Բ. Սահակեանը հաւատարիմ կը մնայ հետեւեալ սկզբունքներին, որով և պայմանաւորուած կ լինի մեր հետագայ համագործակցութիւնը.
1. Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացում ոչ մի դէպքում չցուցաբերել զիջողական կեցուածք ԼՂՀ Սահմանադրութեամբ ամրագրուած մեր ժողովրդի իրաւունքների իրականացման հարցում:
2. Համազգային և ռազմավարական նշանակութիւն ունեցող հարցերի առընչութեամբ ԼՂՀ պաշտօնական դիրքորոշումը քննարկել ԼՂՀ գործող բոլոր քաղաքական ուժերի մասնակցութեամբ:
3. Քաղաքական և տնտեսական ոլորտներում խուսափել խտրական մօտեցումներից` ապահովելով օրէնքի գերակայութիւնը:
Հարկ է նշել, որ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր աջակցութիւնն է յայտնում գործող Նախագահին, նկատի ունենալով միջազգային և տարածաշրջանային իրադարձութիւնները, որի արդիւնքում օր առաջ անհրաժեշտութիւն է դառնում համայն հայութեան ուժերի լարումն ու միասնական կամքի դրսեւորումը, ինչպէս նաև ԼՂՀ Նախագահի խորհրդանշական դերն ու ազդեցութիւնը համահայկական հարցերի ուղղութեամբ` դրսեւորելով հայ ժողովրդի պահանջատիրական կեցուածքը:
ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէ