ԺԵՆԻԱ ԱՒԵՏԻՍԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 70-ԱՄԵԱԿ… ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՒՈՐ
Դեկտեմբեր 2011-ին, Երեւանի Գ. Սունդուկեանի անուան Ակադեմիական Ազգային թատրոնին մէջ, նշուեցաւ` Հ.Հ. ժողովրդական դերասանուհի Ժենիա Աւետիսեանի ծննդեան 70 եւ բեմական գործունէութեան յիսնամեակը: Ստորեւ, Աւետիսեանի նուիրուած այս գրութիւնը, որ կը պատկանի հանրածանօթ լրագրող-լուսանկարող Ռոպերթ Կարապետեանի:
Լրացաւ` հայ թատրոնի տաղանդաւոր դերասանուհիներից մէկի` Երեւանի Գ. Սունդուկեանի անուան Ակադեմիական Ազգային թատրոնի սիրուած դերասանուհի, Հ.Հ. ժողովրդական դերասանուհի` Ժենիա Աւետիսեանի ծննդեան 70 տարին: Դեռ դպրոցական տարիներից նա հրապուրւում է թատրոնով, եւ այդ նուիրումով էլ նա ընդունւում է Երեւանի պիոներ-դպրոցականների պալատի թատերական խմբակը, որն այն ժամանակ ղեկավարում էր Հ.Հ. ժողովրդական դերասան` Պերճ Գէորգեանը: Հենց այստեղ էլ իր առաջին դերասանական քայլերն է կատարում դպրոցական Ժենիան: Շնորհալի աղջնակը թատերական խմբում ստանձնում է բազմաթիւ դերեր, որի խաղով հմայւում են շատերը: Միջնակարգ դպրոցն աւարտելուց յետոյ, 1958-ին նա ընդունւում է Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկի դերասանական բաժինը` աշակերտելով ականաւոր ռեժիսոր` Հ.Հ. ժողովրդական արտիստ Արմէն Գուլակեանի մօտ: Հիմնարկը փայլուն գնահատականներով աւարտելուց յետոյ, նրա տաղանդն ու դերասանական կարողութիւնները չվրիպեց նաեւ անուանի բամադրիչ` Գ. Սունդուկեանի անուան ակադեմական թատրոնի գեղարուեստական ղեկավար` ժողովրդական արուեստագէտ Վարդան Աճէմեանի տեսադաշտից` եւ որը նրան հրաւիրեց աշխատելու` Մայր թատրոնում:
Բեմական ստեղծագործական կեանքում Ժենիա Աւետիսեանը կերտել է յիսունից աւելի կերպարներ, որոնցից են Պիանքա` Շեքսփիրի “Օթելլօ“էն, Շուշան` Յակոբ Պարոնեանի “Մեծապատիւ Մուրացկաններ“էն եւ շատ մը այլ թատերախաղերում:
Ժենիա Աւետիսեանը այն բախտաւոր ու երջանիկ դերասանուհիներից է,որի բեմական խաղընկերներն են եղել հայ բեմարուեստի ականաւոր դերասաններ` Վահրամ Փափազեանը, Հրաչեայ Ներսիսեանը, Վաղարշ Վաղարշեանը, Աւետ Աւետիսեանը, Գուրգէն Ջանիպեկեանը, Դաւիթ Մալեանը, Բաբգէն Ներսիսեանը, Խորէն Աբրահամեանը, Սօս Սարգսեանը, Գեղամ Յարութիւնեանը, Մհեր Մկրտչեանը եւ ուրիշներ:
“Հ.Հ. ժողովրդական դերասանուհի Ժենիա Աւետիսեանը պատկանում է հայ բեմի անզուգական դերասաններից մէկը, որը Արուս Ոսկանեանի, Յասմիկի, Օլկա Գուլազեանի եւ Մետաքսիա Սիմոնեանից յետոյ Սունդուկեանի անուան թատրոնի այսօրուայ փայլուն աստղն է…“, կը յայտնէ ակադեմիկոս Ա. Գալոյեան:
Դերասանուհին մեծ ներդրում ունի նաեւ հայրենի շարժապատկերի աշխարհում, որի կերտած փայլուն կերպարներից է Նատոն` Ս. Իսրայէլեանի “Գիքոր“ը ժապաւէնում: Նա բազմաթիւ դերերով հանդէս է եկել նաեւ հայկական հեռուստատեսութեամբ:
Թատրոնի եւ շարժապատկերի անուանի դերասան` Սօս Սարգսեանը մի առիթով ասել է` “…Հմայիչ, գեղեցիկ, տպաւորիչ… Ուրիշ ինչ է պէտք դերասանուհուն: Պէտք է անմնացորդ նուիրում բեմին, սէր, աշխատասիրութիւն եւ տաղանդ, ինչը եւ Աստուած տուել է Ժենիային“:
Անուանի դերասանուհու կեանքում առանձնակի տեղ է գրաւում ասմունքը, որը եկաւ շարունակելու մեծատաղանդ Մետաքսիա Սիմոնեանին` ստեղծելով իր ուրոյն ոճը: Ժենիա Աւետիսեանի ասմունքի ցանկում ընդգրկուած են` Սայաթ Նովայի, Եղիշէ Չարենցի, Պարոյր Սեւակի, Շիրազի, Սիլվա Կապուտիկեանի, Գէորգ Էմինի, Համօ Սահեանի եւ շատ ուրիշների ստեղծագործութիւնները: Նրան ծափահարել են` Միացիալ Նահանգներում, Ֆրանսայում, Գանատայում, Յունաստանում, Լիբանանում, Գերմանիայում եւ բազմաթիւ հայաշատ քաղաքներում:
2001-ին, Ժենիա Աւետիսեանը իր ամուսնոյն` տաղանդաշատ եւ վաստակաւոր դերասան, վաղամեռիկ Եուրի Ամիրեանի հետ հիւրախաղային ծրագրով հանդէս եկան Նիւ Եորքում, Պոսթընում եւ Նիւ Ճըրզիում: Խաղացանկում ընդգրկուած էր նաեւ մի հատուած Յակոբ Պարոնեանի “Մեծապատիւ Մուրացկանները“ կտորից, որտեղ Աբիսողոմ աղայի դերում հանդէս եկաւ տողերիս հեղինակը: Աւելացնեմ նաեւ, որ Ժենիայի հետ ես խաղընկեր եմ եղել դեռեւս Երեւանի պիոներների պալատի թատերական խմբակում, որից յետոյ միասին սովորել եւ աւարտել ենք Երեւանի գեղարուեստա- թատերական հիմնարկը` Ժենիան դերասանական, իսկ ես` բամադրական բաժինը:
Թոյլ տուէք, ի սրտէ շնորհաւորել իմ վաղեմի ընկերուհու ծննդեան 70- ամեակը, ցանկանալ նրան քաջ առողջութիւն եւ ստեղծագործական նորանոր յաջողութիւններ` ի փառս մեր հայ թատերական արուեստի… Ծնունդդ շնորհաւոր սիրելի Ժենիա…
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Նիւ Եորք