Հ.Յ.Դ.-Ի 31-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԲԱՑՈՒՄ
Ուբաթ Յունիս 24-ին, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան շէնքի դահլիճին մէջ, տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. 31-րդ Ընդհանուր ժողովի բացման հրապարակային պաշտօնական հանդիսութիւնը, որուն ընթացքին խօսք առաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ` Հրանդ Մարգարեանը: Ստորեւ արտասանուած խօսքի ամբողջութիւնը.-
Յարգելի’ եւ սիրելի’ ներկաներ
Հ.Յ.Դաշնակցութեան 31-րդ Ընդհանուր ժողովի բացման այս հանդիսաւոր նիստին խոսքս առաջին հերթին ուղղելու եմ մեր ընկերներին` ժողովին մասնակից կամ ոչ: Ամպագոռգոռ, կեղծ ոգեւորիչ խոսք չեմ ասելու: Փորձելու եմ իրատեսութեան մղող խօսք ասել: Բայց եւ ի սկզբանէ նշեմ` իմ հասկացած իրատեսութիւնը ոչ մի առնչութիւն չունի չոր գործնապաշտութեան, մեր արատաւոր ներկային, համակերպուելու հետ:
Անցած երեք տարիները հայ ժողովրդի, մասնաւորաբար` հայաստանցիների համար եղել են ծանր, դժուար եւ տագնապալի տարիներ: Նոյնը եղել է մեր կազմակերպութեան համար` ծանր, դժուար եւ տագնապալի` համապատասխան հետեւանքներով: Հետեւանքներ, որոնք դրսեւորւում են ամէն անգամ, երբ զարնւում ենք փորձաքարի, ունենում ենք ձախողումներ: Մեզ մօտ, ինչպէս հիւանդութեան նշաներ, ինքնացուցադրւում են թերհաւատութիւն, տատանում, վարանումներ, կասկածանք: Արդարեւ մեր կազմակերպութիւնը եւս կենդանի օրկանիզմ է եւ, ինչպէս միւս օրկանիզմները, հակում ունի հիւանդութիւնների: Եթէ ժամանակին չբուժենք հիւանդութիւնը, այն դառնալու է քրոնիկական եւ աւարտուելու է անդամահատութեամբ կամ մահով:
Մեր մթնոլորտը հագեցած է յաճախ իրարամերժ, հակասական տեսակէտներով, հարցումներով, մեղադրանքներով, բամբասանքներով, որոնք ազդում են մեր ներկազմակերպական իրավիճակի վրա: Թէպէտ այս օրերին, յատկապէս այս օրերին, անընդհատ ինձ բռնում եմ մի մտքի վրայ. չե՞նք յոգնել միշտ վերջում, միայն վերջում անդրադառնալ, որ մենք դարձեալ ճիշտ էինք: Բայց Ընդհանուր ժողովն է առիթը, որ մեզ խստորեն քննենք, պարզենք մեր արածն ու չարածը, վերահաստատենք մեր կեցուածքները, որ պարզերես լինենք եւ ինքներս մեր, եւ ժողովրդի առաջ:
Նախորդ Ընդհանուր ժողովը տեղի ունեցաւ 2008-ի Մայիսի վերջաւորութեան: Անցած երեք տարիները մեզ համար յատկանշուեցին հետեւեալ կարեւոր երեւոյթներով.
-Ներքաղաքական կեանքում շարունակուեց նախագահական ընտրութիւններով սկիզբ առած առճակատման մթնոլորտը` արտաքին միջամտութիւնների դուռ բացելով:
-2008-ի Յունիսին, Հ.Հ. Նախագահի նախաձեռնութեամբ, սկիզբ առան հայ-թրքական յարաբերութիւնները, ինչն ալեկոծեց մեր ազգային կեանքը:
-2008-ի Օգոստոսին բռնկուեց Ռուսաստան-Վրաստան պատերազմը, ինչն զգալի դարձրեց Հայաստանի անվտանգութեան խոցելիութեան աստիճանը, մեծացաւ պատերազմի սպառնալիքը:
-Սկիզբ առաւ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որն իր կարեւոր անդրադարձն ունեցաւ մեր երկրում: Դրան գումարուեց կառավարութեան ձախող տնտեսական քաղաքականութիւնն ու ղեկավարումը: Արդիւնքում ծանր ընկերային-տնտեսական իրավիճակի մեջ է երկիրը:
-Վերջնականօրէն ապացուցուեց` գործող իշխանութիւնները կաշառակերութեան, տնտեսական անարդարութիւններին, արտօնեալ խաւի սանձարձակութիւններին վերջ դնելու ոչ անհրաժեշտ կամքն ունեն եւ ոչ էլ ի վիճակի են այդ անել:
Անհրաժեշտ է համակարգային իշխանափոխութիւն: Անցած եռամեայ ազգային-քաղաքական իրականութիւնը մենք այսպէս ենք գնահատում: Սակայն դա չի նշանակում, թէ բոլորն էլ այդ նոյն իրողութիւնը նոյնկերպ են գնահատում: Ոմանց դիտակէտն այլ է: Այսպէս. շարունակուեց առճակատումը եւ յաջողեց արտաքին միջամտութիւն ապահովել: Ստեղծուել էր առիթ` կարգաւորելու յարաբերութիւնները Թուրքիոյ հետ, սակայն հայդատականների եւ անվճռական իշխանութիւնների պատճառով կորցրինք այդ հնարաւորութիւնը:
Առկայ էր, ինչու ոչ, նաեւ առկայ է պատերազմի վտանգ, ուստի անհրաժեշտ է օր առաջ գնալ զիջումների: Միջազգային տնտեսական ճգնաժամը, վարուող տնտեսական քաղաքականութիւնը մի կողմ, բաւական է այսօրուայ իշխանաւորների տեղ գան նորերը, սխալուեցի` գան հները, եւ ամէն ինչ լաւ կը լինի: Այսօրուայ մեր բոլոր հարցերի բուն պատճառը այն է, որ մոնկոլ-թաթարներն են իշխանութեան ղեկին, աւելի ճիշտ իշխանութեան գագաթին, փոխենք այն նախկինով, եւ ամէն ինչ ճիշտ է լինելու: Այսպէս մտածողներ նունպէս կան: Այո, թէ ինչպէս ես գնահատում իրականութիւնը, ինչ արժեչափերով, ըստ այդմ էլ անում ես հետեւութիւններ:
Եթէ ազգային-պետական ինքնիշխանութիւնը սրբութիւն է քեզ համար, եթէ արտաքին միջամտութիւնները անընդունելի են, եթէ պատերազմը սպառնում է քեզ եւ խնդրոյ առարկան ազգային շահն ու իրաւունքներն են, մտածում ես դիմագրաւելու մասին, ոչ թէ զիջումներով` ինքնասպանութեան: Եթէ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները տեսնում ես ազգային արժանապատւութեան, անվտանգութեան եւ սերունդների իրաւունքների տեսանկիւնից, ապա այս արձանագրութիւններով կարգաւորմանը ընդդիմանալուց բացի այլ ելք չունես: Եթե այսօրուայ ընկերա-տնտեսական ծանր իրավիճակը համարում ես իշխանութիւնների վարած քաղաքականութեան հետեւանք, ուրեմն պէտք է փոխել քաղաքական ուղղութիւնը եւ ոչ թէ միայն իշխող անձանց քո թիմակիցներով: Եթէ հարցը համակարգային է, պէտք է ունենաս համապատասխան ծրագիր եւ ապահովես ժողովրդային գիտակից թիկունք, ապա թէ ոչ կը մտածես անձերի փոփոխութեան մասին ու կը տրուես ամբոխավարութեան:
Մենք մեր արժեչափերը ունենք, մեր աշխարհայացքը, ուրիշները` իրենցը եւ այդ դիրքերից քննադատում, մեղադրում, ամբաստանում են, փորձում են կասկածներ սերմանել, սուտ լուրեր տարածել, վիրաւորել, վարկաբեկել: Մի խօսքով, ոչ մի բանի առջեւ չեն կանգնում: Սա պայքար է, եւ մենք պետք է կառչած մնանք մեր արժեչափերին, հաւատանք ինքներս մեզ եւ շարունակենք ապրել իբրեւ դաշնակցական` միասնական, կարգապահ, հաւատքով:
Հայաստանի Անկախ Հանրապետութիւնում մենք ներկայ ենք եղել առաջին իսկ պահերից: Եղել ենք թէ ընդդիմութիւն, թէ իշխանութիւն, բայց երբեք մեր տեսակէտները, կեցուածքները, դիրքորոշումները, մեր խօսքը չի տարբերուել: Փորձել ենք անընդհատ նորանալ, ժամանակի հետ քայլ պահել, բայց չփոխել մեր էութիւնը: Երեւույթները մեր կողմից տարբեր գնահատականի չեն արժանացել, ըստ այնմ, թէ որ ճամբարում ենք եղել: Միւս բոլոր կուսակցութիւններից մեզ զանազանող առաջին իւրահատկութիւնն այս է:
Ազգային հարցերում մենք միշտ ունեցել ենք հայեցակարգային մօտեցում, սակայն միաժամանակ հաւատացել ենք, որ ազգային հարցերին զուգահեռ մեծ կարեւորութիւն ունեն ընկերային հարցերը: Մենք հաւատացած ենք. ազգային հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ներազգային համերաշխութեան եւ միասնութեան հիմքը ւնկերային արդարութիւնն ու ազատութիւններն են, ազատ անհատն ու քաղաքացիական հասարակութիւնն է:
Ահա թէ որտեղով է անցնում Հայաստանի քաղաքական դաշտի ամենահիմնական ջրբաժանը. Մի կողմում նրանք են, ում համար արդարութիւն հասկացութիւնը հարուստ վերնախաւի շահերի պաշտպանութեան հարցն է, այն բոլոր ուժերը, որոնք ծայրահեղ աջ են կամ հաւատում են ծայրայեղ ազատակա մտածելակերպին եւ վերջապէս` նրանք, որ անգիտակցաբար, կուրօրէն հետեւում են այդ ուղղութեանը: Այս ուղղութեան կրողն են նախկին ու ներկայ բոլոր իշխանութիւնները, ուր էլ գտնուեն` ծայրայեղ ընդդիմութեան դաշտում, թէ իշխանութեան ճամբարում /դրա գրքունակ ներկայացուցիչն է այսօրուայ վարչապետն ու կառավարութիւնը/, իսկ միւսը մենք ենք` ազգային հարցերի լուծման համար անհրաժեշտ է ներազգային համերաշխութիւն, միասնականութիւն, ինչը հնարաւոր է արդարութեան հաստատումով, ընկերային արդարութեան հաստատումով: Ասացինք` մեր խօսքը տարբեր ժամանակներում ու հանգամանքներում նոյն է եղել. Դեռ այս դաշնակցութեան մէջ` մենք օրէնք ենք անցկացրել. նուազագոյն աշխատավարձը պէտք է համապատասխանի կենսապահովման նուազագոյն զամբիւղին: Օրէնքն ընդունուել է, բայց մինչեւ այսօր այն չի գործադրւում:
Մենք հաւատում ենք ժողովրդի հանդէպ պետութեան հոգատարութեան սկզբունքին, իրենք այլ կերպ են մտածում: Մենք պնդում ենք, որ աշխատող մարդն առնուազն պէտք է կարողանայ հոգալ իր նուազագույն կարիքները եւ պետութիւնը պարտաւոր է երաշխաւորել այդ: Մենք պնդում ենք, որ պետութիւնն ի վիճակի է այդ նուազագոյնը ապահովել, իսկ իրենք պետութեան հոգատար դերակատարութիւնը նուազեցնում ու նուազեցնում են: Վստահ եմ` իշխանութեան ղեկին կանգնած մարդկանցից եւ ոչ մէկը պարտաւորուած չի եղել նուազագոյն աշխատավարձով ապրել, այլապէս կ՛անդրադառնային, որ անհնար է:
Ասում ենք` ծանր է երկրում տիրող ւնկերային- տնտեսական իրավիճակը: Սակայն հարց է` կառավարութիւնը պատկերացնո՞ւմ է` ծանր ասելով ի՞նչի մասին է խօսքը, թէ միայն թուեր-թուեր է պատկերացնում, հանդիպո՞ւմ են մարդկանց, որոնց համար անմատչելի է բժշկական ծառայութիւնը եւ խեղւում են, մեռնում են բոլորիս անտարբեր ու անպատասխանատու ներկայությամբ. Բայց չէ՞ որ հնարաւոր է բուժ-ծառայութիւնը ապահովագրել: Ինչո՞ւ վերացաւ դեռ մօտ անցեալում կիրառուող գիւղացու, մանր սեփականութիւն ունեցող գիւղացու նպաստը, ինչո՞ւ ապահովագրուած չպէտք է լինի գիւղատնտեսութիւնը բնութեան հարուածների դէմ յանդիման: Աշխարհում որտե՞ղ է գիւղատնտեսութիւնը զարգանում առանց պետական լուրջ հովանաւորութեան:
Ընկերային բազում հարցեր, որոնք ունեն իրենց լուծումները. ընկերային բնակարանային հիմնարկի ձեւավորումից մինչեւ գործազրկութեան, աղքատութեան վերացում: Մինչդեռ աղքատութիւնը մեծանում է ու խորանում, արտագաղթի վտանգաւոր նոր փուլ է սկսուել: Չէ որ ապացուցվել է` շուկայական յարաբերութիւնները ինքնին բոլոր հարցերը չեն լուծում, անհրաժեշտ է պետութեան կազմակերպիչ-կարգաւորիչ դերակատարութիւն: Դերակատարութիւն, որ մի կողմից բարիքների ստեղծման գործում` ազատութիւն, իսկ միւս կողմից նոյն բարիքների բաշխման գործում արդարութիւն կ՛ապահովի:
Մենք սահմանդրութեամբ իսկ, ամրագրուած ընկերային պետութիւն ենք, եւ պետութեան դերը այդ ազատութիւնն ու արդարութիւնը երաշխաւորելն է. Պետութեան հիմնական գործը իր ժողովրդի հանդէպ հոգատարութիւնն է: Միայն կարելի է զարմանալ մեր իշխանաւորների վրայ` ինչպէ՞ս են մտածում. այս պայմաններում ապրող ժողովուրդը կը ցանկանա՞յ, ցանկանալու դէպքում` կը կարողանա՞յ թիկունք կանգնել իրենց արտաքին վտանգները դիմագրաւելիս, զարմանալի է` ինչպէ՞ս են ակնկալում դարձեալ վերընտրուել, եթէ խօսքն, իհարկէ, վերաբերում է ազատ ու արդար ընտրութիւններին:
Մեր կուսակցութեան կենսունակութիւնը, հայկական իրականութեան մէջ տեղն ու դերը ճիշտ եւ անաչառ գնահատելու համար պէտք է մեկնել հինգ չափորոշիչներից, որոնք ընդհանրապէս որեւէ քաղաքական ուժի գնահատման հարցում ճշտորոշիչ դեր ունեն:
1. Անկախութիւն եւ ինքնուրոյնութիւն
Անկախ և ինքնուրո՞յն է Հ .Յ.Դաշնակցութիւնը: Հարցի պարզեցուած առումով` կասկած ոչ մէկի մօտ չկայ, վստահ եմ, սակայն այստեղ խօսքը միայն այլ ուժի պատկանելու, այլ ուժի ծառայելու մասին չէ, այլ` թէ որքան ենք կրել, նոյնիսկ ակամայ, տարերայնօրէն, այլոց ազդեցութիւնը, տրուել այլոց խաղերին, ազդուել այլոց կողմից ձեւաւորուած քարոզչական, զգացական, արդիականութեան անուամբ մատուցուած մթնոլորտին եւ շեղուել մեր ուղուց, մեր էութիւնից:
Այսօրը արդէն փաստ է` մենք անցած տարիներին, թե իշխանութեան մէջ, երբ մասնակից էինք գործակցութեան, թէ ընդդիմութեան օրերին պահել ենք մեր դեմքը, արժանապատւութիւնն ու անկախութիւնը: Մենք իշխանական աթոռների պատանդը չդարձանք, մենք իշխանութեան առաւելութիւնների գերին չդարձանք, ժամանակին ասացինք` մեզ համար կարմիր գծեր կան, երբ խախտէք այդ սահմանները, մենք թողնելու ենք մեր դաշնակցութիւնը:
Եւ երբ սահմանը յատուեց, մի վայրկեան իսկ չտատանուեցինք, այլոց ձեռքին գործիք դառնալու հաճոյքը ոչ մէկին չպատճառեցինք: Արդար լինենք ու նաեւ ասենք, որ անցած օրերի համատեղ աշխատանքի ու գործակցութեան համար էլ ապերախտ ու անընկերական չեղանք: Դա էլ մեր տեսակն է, մեր ժողովրդից ժառանգած տեսակը:
Այս դաշինքից դուրս գալուց յետոյ, անկեղծ ասած, մեր անկախութիւնը պահպանելը, ազդեցութիւնների գերի չդառնալը աւելի դժուար մարտահրաւէր է եղել մեզ համար: Այս դաշտում կատարեալ բռնապետութիւն էր, տիրական էր` ով մեզ հետ չէ, մեր դէմ է նշանախօսքը, դեռ աւելին` ով մեզ հետ չէ, կեղծ է, տականք է, եւ այլն եւ այլն: Բայց մենք պահեցինք մեր դէմքը, այս մի փորձութեանն էլ դիմացանք:
2. Ծրագիր, քաղաքականութիւն եւ գործադրման ունակութիւն
Արդէն ասացինք` մենք ոչ միայն ունեցել ենք զանզանուող ուղղութիւն, այլեւ գործունէութեան արդէն իսկ յայտարարուած ծրագիր: Մենք նաեւ ունենք եւ շարունակաբար հրատարակում ենք առանձին ընկերային հարցերի լուծման գործնական ծրագրեր: Մենք ունենք պետականութեան մէջ աշխատելու փորձ, ճանաչողութիւն եւ համապատասխան շրջանակներ, լուրջ մարդկային ներուժ:
3. Իր կարողականութեան չափով եւ աւելիով լինել ազդեցիկ
Մենք վերջին խորհրդարանական ընտրութիւններին կարողացանք ժողովրդի վստահութեան 13% -ը ունենալ, սակայն մեր գործունէութեան արդիւնավետութիւնը եւ ազդեցութեան չափը շատ աւելի մեծ է եղել:
4. Շարունակականութեան ապահովում և անվտանգութիւն
Հայաստանում գործող գրեթէ բոլոր քաղաքական կազմակերպութիւնները ձեւաւորուած են մէկ կամ մէկ-երկու անձերի շուրջ: Անձի կամ անձերի գոյութեամբ է պայմանաւորուած այդ կազմակերպութիւնների կեանքը: Մենք այդպիսի կազմակերպութիւն չենք: Ինչքան են փորձել, բայց մենք միակ կուսակցութիւն ենք, որ երբեւէ չենք պառատկուել. մեր կազմակերպութեան շաղախը մեր գաղափարախօսութիւնն ու նպատակներն են:
5. Ժողովրդականութիւն
Մեր ուժի միակ աղբիւրը մեր ժողովուրդն է, պիտի կարողանանք մեր շուրջ կազմակերպել ժողովրդին: Այստեղ չենք կարող ասել, թէ յաջողել ենք, բայց մենք գնում են ճիշտ ճանապարհով , կայուն եւ գիտակից համակրանք ձեւաւորելով մեր շուրջ: Ցաւոք, մեր քաղաքական համակարգը կայացած չէ, ոչ մի ուժ լուրջ հասարակական հենարան չունի: Սա միայն քաղաքական մշակոյթի հարց չէ, այլ նաեւ հոգեւոր ու ընկերային մշակոյթի: Սա երկրի քաղաքացի ձեւաւորելու գերխնդիր է:
Այսպէս կոչուած` քաղաքական ուժերը, փորձում են կամ պետական լծակներին կառչելով կամ ժամանակաւոր հասարակական ալիք բարձրացնելով ու ընդդէմի քուէն իրենց շուրջ կեդրոնացնելով հասնել արդիւնքի, ընտրութեան յաջորդ օրը նոյն հասարակութեան ու նոյն համակարգը իրենց դէմ ունենալով: Իշխանութեան լծակներով կամ իշխանութեան դէմ ձայներով քուէ հաւաքելը քիչ բան է նշանակում:
Մենք բազմաթիւ օրինակներ ունենք, երբ այս կամ այն ուժը լուրջ ձայներ է հաւաքել, բայց չորս տարի հետո մօտեցել զերոյին: Շատ քուէ, շուտ եւ շատ քուէ ունենալու ցանկութիւնը կարող է կազմակերպութիւններին մղել դէպի ամբոխավարութիւն, արկածախնդրութիւն, դէպի անսկզբունքայնութիւն: Սա ապագայ չունի:
Պահենք ու պահպանենք մեր դէմքը, տեսակը եւ աշխատանքով, տքնաջան, ամենօրեայ աշխատանքով շահենք ժողովրդին ծառայելու, առաջնորդելու իրաւունքը: Նաեւ մեր փորձառութեամբ, մեր կուսակցութեան ներքին ժողովրդավարութեամբ մենք պէտք է օրինակելի դառնանք ու նպաստենք Հայաստանի քաղաքական համակարգի կայացմանը:
Մենք պարտաւոր ենք ամենաժամանակակից մտածողութեան կրողը լինել, առաջնորդուել 21-րդ դարի արժեչափերով: Մենք պէտք է կարողանանք պարզ, մատչելի, հասկանալի դառնալ մեր հասարակութեանն ու յատկապէս երիտասարդութեանը: Մեր նպատակն է` ազատ ու արդար ընտրութիւնների միջոցով հասնել իշխանափոխութեան, աւելի ճիշտ` մեր առանցքի շուրջ որակապէս նոր իշխանութիւնների ձեւաւորման:
Սակայն մինչ այդ կեանքը պէտք չէ կանգ առնի կամ մեր առօրեան լցուի փոխադարձ հայհոյանքներով ու պիտակաւորումով, առաւօտից իրիկուն` կռիւ-կռիւ խաղալով: Մինչ նոր ընտրութիւններ մենք աշխատելու ենք. օրենսդրական նախաձեռնութիւններով, խորհրդարանական գործունէութեամբ, ցուցական ու քարոզչական աշխատանքով, մշակելու ու պարտադրելու ենք մեր լուծումները առանձին ընկերային հարցերի առումով:
Արտաքին հնարաւոր վտանգները դիմագրաւելու նպատակով` չենք զլանալու անխտիր, բոլոր քաղաքական ուժերի հետ գործակցելու եւ ընդհանուր կեցուածքներ դրսեւորելու հարցում: Չեմ կարող չանդրադառնալ նաեւ մեր երկրում անցկացուող ընտրութիւնների բնոյթին: Հենց միայն այն փաստը, որ բացայայտ կերպով, առանձին թեկնածուների եւ քաղաքական ուժերի կողմից, ընտրակաշառք է բաժանւում, եւ ոչ ոք նուազագոյն ճիգ գործ չի դնում օրէնքը խախտողի դէմն առնելու, ամէն ինչ ասում է: Ցանկութիւն չունենալով դոյզն իսկ մեղմացնել իշխանութիւնների պատասխանատւութեան բաժինը, չեմ կարող չանդրադառնալ մեր` ժողովրդի, քաղաքացիներիս պատասխանատւութեանը:
Ժողովրդի քաղաքականացումը, քաղաքականօրէն կազմակերպվելը ուղղակի առնչություն ունի ժողովրդավարության կայացման աստիճանի հետ. բոլոր զարգացած ժողովրդավարութեան երկրներում հասարակութիւններն անցել են այս անխուսափելի փուլերով: Մեր երկրում վիճակը կը փոխուի, կեանքը կը բարելաւուի, եթէ ժողովուրդը ազատօրէն, ընտրութիւնների միջոցով ձեւաւորի իշխանութիւն, եթէ իւրաքանչիւր քաղաքացի պատասխանատւութիւն ցուցաբերի այս հարցում: Բաւական է իւրաքանչիւր մարդ համոզումով քուէարկի, գիտակցաբար քուէարկի: Թող բոլորին դէմ քուէարկի, թող քուէարկի ում ուզում է, բայց քուէարկի պատասխանատւութեամբ, քուէարկի համոզումով, միայն թէ իր քուէն, իր եւ մեր երեխաների ապագան չվաճառի ինչ-որ գումարի դիմաց:
Բոլոր-բոլոր մտաւորակաների, հասարակական գործիչների, քաղաքական ուժերի պարտքն ու պարտականութիւնն է աշխատել ժողովրդային լայն շերտերի հետ` բոլորին մղելով տեր կանգնել իրենց ընտրական իրաւունքին, իրենց պատասխանատւութեանը տեր կանգնեն, չքուէարկեն փողի դիմաց, վախի ազդեցութեամբ չքուէարկեն, թաղային հեղինակութեան կամ գիւղապետի կոչով իրենց կամքին ու ցանկութեանը հակառակ չքուէարկեն:
Մենք պարտաւոր ենք բարոյական տիպարի վերածել համոզումով քուէարկելու հարցը: Ընտրակաշառքով քուէարկելը անբարոյականութիւն է: Իշխանութիւնների ընտրակեղծիքների հնարաւորութիւնը սահմանափակ է: Բաւական է մենք քուէարկենք համոզումով: Վերջապէս բոլոր նրանք, ովքեր
պատասխանատւութիւն են զգում ժողովրդի ու երկրի այսօրուայ եւ վաղուայ համար թող մէկ օր իրենց կեանքից, ընտրութեան օրը նուիրեն դրանց արդար կայացման գործին: Մեր միջից լաւագոյները, ովքեր կարող են պաշտպանել օրէնքը, ովքեր համարձակութիւն ունեն կուրծք դէմ տալու կեղծարարներին, թող ոտքի ելնեն, թող կամաւոր դառնան, որ կարողանանաք կանխել իշխանութիւնների վերարտադրութիւնը:
Մենք շուտով նախաձեռնելու ենք կամաւորների արձանագրում: Անկախ քաղաքական հայեացքներից, բարոյական պատասխանատւութիւն ընդհանրութիւնից ելնելով` մենք կոչ ենք անում համագործակցութեան: Թոյլ չտանք կեղծել ընտրութիւնները: Ինչո՞ւ ենք մեր յոյսը դրել ընտրութիւնների վրայ: Վստահ եմ` հենց հիմա բոլոր նրանք, ովքեր թե իրենց կենսագրութեամբ, թէ իրենց մտածողութեամբ շատ հեռու են հեղափոխութիւնից, մեզ կը սկսեն դասեր տալ` դուք հեղափոխական կուսակցութիւն եք, իսկ հիմա խօսում եք ընտրութիւնների մասին:
Այո, մենք յեղափոխական կուսակցութիւն ենք: Երբ օրինական պայքարի կարելիութիւնները բացառուեն, երբ անօրինական պայքարի դուրս գան մեր դէմ, երբ ազգային շահը եւ անվտանգութիւնը պահանջի, մենք դարձեալ յեղափոխականներ ենք: Բայց յեղափոխական լինելուց առաջ մենք ազգային կուսակցութիւն ենք եւ չենք կարող նկատի չունենալ երկրի ու ժողովրդի պայմաններն ու շահը: Երբ յեղափոխութեան իրական պատճառներ չկան, երբ ինքը կեանքը չի պարտադրում այն, յեղափոխական գործունէությունը միայն արկածախնդրութիւն է եւ ըստ ամենայնի մերժելի:
Մենք դէմ ենք նաեւ երկիրը ցնցումների ենթարկելուն: Անվտանգութիւնն ու արտաքին մարտահրաւէրները պահանջում են քաղաքական կայունութիւն եւ ազգային առաւելագոյն համերաշխութիւն: Միւս կողմից` ոչ ոք դեռ չի սպառել պայքարի սահմանադրական կարելիութիւնները: Ահա եւս մէկ ապացոյց, որ մեր ընթացքը ճիշտ է` նրանք, ովքեր անցած երեք-չորս տարիների ընթացքում պատեհ ու անպատեհ առիթը բաց չթողեցին մեզ քննադատելու, անմեղ զոհերի եւ երկրի վարկաբեկման մեղքի իրենց բաժինը շալակած եկել ու կանգնել են այնտեղ, որտեղ մենք էինք կանգնած:
Նոյնիսկ Հ.Յ.Դաշնակցութիւնն արգելած, մեր կազմակերպութիւնը Հայաստանում ու Սփիւռքում հալածած իշխանութեան հետ մենք վերջնականօրէն չենք խզել կապերը, անգամ գործակցութեան եզրեր ենք պահել, երբ խնդրոյ առարկան արտաքին մարտահրաւէրները, երկրի ու ժողովրդի շահն է եղել: Երէկ էլ, այսօր էլ, վաղն էլ, ինչ կարգավիճակում էլ լինենք, մենք աշխատել ու աշխատելու ենք այս տրամադրությամբ: Որովհետեւ անհնար ու անհեթեթ է գործել սեփական անկախ պետականութեան մէջ ու քանդել պետականութիւնը, անտեսել անվտանգութեան հրամայականները: Մենք թատրոնի, բանակցողների, երկիշխանութեան ձեւ թափելու պահանջ չունենք:
Մի ուրիշ բանում էլ են մեզ մեղադրում, ինչո՞ւ ընդդիմութիւնը միասնական չէ, ինչո՞ւ միասնական ճակատ չի ձեւաւորւում: Միանանք, որ ի՞նչ լինի: Միանանք, Սերժ Սարգսեանին փոխարինենք Լեւոն Տեր-Պետրոսեանով: Որ վերադառնան ներազգային անհանդուրժողականութեան, ցինիզմի, ազգային հարցերում զիջելու պատրաստ մթնոլորտն ու տարինե՞րը: Որ ընդամէնը անձը անձով փոխարինուի՞: Ուզում են պարտադրել` Սերժ Սարգսեան կամ Լեւոն Տեր-Պետրոսեան: Ո՞րն է նրանց տարբերութիւնը, իսկ եթէ կա տարբերութիւն, որ կայ` ո՞ւմ օգտին է այն:
Եւ վերջապէս ինչո՞ւ ենք հարկադրուած ընտրութիւն կատարել այս համեմատութեան մէջ: Այնուամենայնիւ, այստեղ տեղին եմ համարում յայտարարել, որ ցանկացած հարցով պատրաստ ենք գործակցելու ցանկացած ուժի հետ, եթէ յստակ է նպատակը, օրակարգը, գործելաձեւը եւ ղեկավարման բնոյթը: Ազգային հարցերի առումով մենք յստակ հեռաւորութեան վրայ ենք գործող իշխանութիւններից եւ աւելի մեծ հեռաւորութեան` ծայրայեղ ընդդիմութիւնից:
Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների մասին անցած երեք տարիների ընթացքում շատ է խօսուել: Չեմ կեդրոնանալու, բայց նշեմ միայն մէկ կէտ. արձանագրութիւնների ստորագրման պահից սկսեալ նախագահը, ով ինքն էր նախաձեռնել եւ համաձայնութիւն տուել արձանագրութիւններին, ունեցել է ելոյթներ` նախագահական ուղերձը, Տեր Զօրում ելոյթը, Սահմանադրական դատարանի որոշումը, Սեւրի դաշնագրի ստորագրման տարեդարձի առիթով ելոյթը եւ այլն, որոնք մեր կողմից պէտք է դրական գնահատուէին, սակայն երկու բան խանգարել է մեզ. նախ դեռեւս մեր, Հայաստանի ստորագրութիւնը շարունակում է մնալ այդ արձանագրութիւնների տակ:
Ինչի՞ ենք սպասում: Ստացւում է` Թուրքիան սպասում է Արցախի հարցում իրենց ի նպաստ ինչ-որ լուծումի, որ հաստատի ստորագրած արձանագրութիւնները, իսկ մենք էլ սպասում ենք , որ դրանից հետո հաստատենք: Ի՞նչ է ստացվում: Մենք պահանջում ենք հետ քաշել ստորագրութիւնը այդ վտանգաւոր արձանագրութիւններից: Միշտ պէտք է հաշուարկել, որ այս արձանագրութիւններին դէմ է հայ ժողովուրդը, դէմ է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրական Դատարանը: Յետոյ, որեւէ այլ պահի կարելի է նախաձեռնել նոր, ոչ ստորացուցիչ յարաբերութիւններ Թուրքիոյ հետ:
Խանգարող երկրորդ հանգամանքը անհրաժեշտ վստահութեան նուազող չափաբաժինն է: Մեր համատեղ աշխատանքի փորձը դրան է հանգեցրել: Արցախի հարցով մեր դիրքորոշումը յստակ է, փոփոխութիւն չի կրել: Խաղաղ կարգաւորման գործընթացն անցնող երեք տարիներին նոր փուլ չի մտել` Ատրպէյճանի ոչ կառուցողական կեցուածքի պատճառով: Միաժամանակ, ի դէմս Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսքի խմբի համանախագահող երկրների, միջազգային հանրութեան մօտ առաւել ամրապնդուել է այն տեսակէտը, որ Արցախը չի կարող վերադարձուել ատրպէյճանական ենթակայութեան:
Կարգաւորման ուրուագծուող հնարաւորութիւնը, սակայն, հայկական կողմից պահանջում է այնպիսի զիջումներ, որոնք մեր եւ մեր ժողովրդի մեծամասնութեան համար անընդունելի են: Անհրաժեշտ է ազգովի պատրաստ լինել դիմագրաւելու այդ ոչ անհաւանական պահը:
Ջաւախքի հարցում Վրաստանի իշխանութիւնները անցնող տարիներին ցուցաբերել են առաւել նուրբ ու բարդ մօտեցում: Մի կողմից` երկրամասը օժտել եւ շարունակում են օժտել հաղորդակցութեան եւ ժամանակակից ենթակառոյցներով, ինչը տնտեսական զարգացման նախադրեալներ է ստեղծում, միւս կողմից` յստակ նպատակադրումով երկրամասը մնում է Վրաստանի տնտեսապէս ամենահետամնաց շրջանը:
Առաւել` Վրաստանի իշխանութիւնները շարունակում են աննախընթաց ճնշում գործադրել հասարակութեան գործունեայ շրջանակների վրայ եւ վախի մթնոլորտ են ստեղծել ժողովրդի մօտ: Բացայայտօրէն խոչընդոտվում է Ջաւախքի ժողովրդի հայկական ինքնութեան պահպանումը, շարունակւում է քաղաքական խտրականութիւնը հայ ազգաբնակչութեան նկատմամբ, ժողովրդագրական վիճակը ի վնաս հայութեան փոխելու քաղաքականութիւնը: Մենք մնում ենք ջաւախահայության ինքնավարության պահանջի կողքին: Բոլոր նրանք, ում համար կարեւոր են Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները, պետք է գիտակցեն` Ջաւախքը վառոդով լեցուն տակառ է, ուշ թէ շուտ պայթելու է, եթէ ժամանակին չցուցաբերուի խոհեմութիւն եւ Ջաւախքին չտրուի այն, ինչ սահմանում է միջազգային օրէնքն ու փորձը:
Այս տարի պետական մակարդակով ձեւաւորուեց Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի համահայկական յանձնախումբ: Համահայկական պետական յանձնախմբի ձեւաւորումը կարեւոր առիթ է միասնական որոշումով Հայկական ցեղասպանության Միջազգային Ճանաչման հանգրվանից անցնելու պահանջատիրութեան` մեր ազգային բռնագրաւած իրաւունքների ճանաչման յաջորդ բնական հանգրուան: Անհրաժեշտ է առաջին հերթին հատուցման հարցում ձեւաւորել միասնական պատկերացում:
Սփիւռքը շարունակում է փնտռտուքը` նոր, նորացուած իմաստ, էութիւն գտնելու նպատակով: Առկայ է Սփիւռքի նորովի կազմակերպման խնդիր: Սփիւռքը Հայաստանի շարունակութիուն է, այն իր նոր իմաստն ու էությունը պետք է գտնի Հայաստանի պետականության շուրջ ու համահայկական խնդիրներում: Սա է այն պորտալարը, որ Սփյուռքի առանձին մասերը կը կապի միմիանց ու բոլորին կը կապի հայութեանը:
Արտաքին շատ ուժեր ճգնում են պառակտել հայութիւնը: Հայաստանը` Սփիւռքի, Սփիւռքը Հայաստանի դէմ լարելու ջանք կայ: Միշտ չէ, որ այս առումով հայկական այլազան շրջանակների հակազդեցութիւնը առողջ է. Պատահում է յաճախ, որ հայկական ուժերը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, որդեգրում են այդպիսի պառակտումի ճամբայ բացող գործելակերպ: Օրինակ` մեր օրերում բազմապատկուել է արեւմտահայութեան շահերի պաշտպան կառոյցների թիւը: Մենք մէկ ազգ ենք, ունենք մեկ պայքար եւ պէտք է գործենք մի ճակատով:
Սիրելի ներկաներ, այս տարի Հայաստանի նորանկախ Հանրապետութեան 20-ամեակն է: Փաստն արդէն ամէն ինչ ասում է: Հայկական պետականութեան ինը դարուայ անկումից յետոյ, մենք այսօր տօնում ենք մեր անկախ պետականութեան, յաղթանակած պետականութեան 20-ամեակը: Մենք այս իրականութիւնն է, որ պետք է նկատի ունենանք. միւս բոլոր դժուարութիւններն անցողիկ են ու ժամանակաւոր, հիմնականը պետականութեան գոյութիւնն է: Թերութիւնների, արատների, խոչընդոտների դէմ պետք է պայքարենք դրականօրէն տրամադրուած:
Մենք անցած ինը դարերում երբեք այսքան ամուր կանգնած չենք եղել, երբեք հայ մարդը լաւատեսութեամբ դէպի ապագայ նայելու այսքան հիմքեր չի ունեցել: Մենք ունենք անկախ պետականութիւն եւ ժողովուրդ` իբրեւ հիմնական կռուան ամբողջական Հայաստանի եւ մեր ժողովրդի նպատակների իրականացման: Փայփայենք, սրբենք, ուժ տանք, որ այդ ապագան տեսանելի դառնայ, որ այդ ապագան չխամրի ձախող կառավարութիւնների եւ ապազգային մտածողութեան պատճառով:
Դաշնակցութիւնը հզօր Հայաստանի, իր երկիրը սիրող, բարեկեցիկ, ազատ ապրող հայ մարդու կուսակցութիւն է: Դաշնակցութիւնը ապագայի կուսակցութիւն է: