Լիլիթ Գալստեան
Հ․Յ․Դ․ Բիւրոյի անդամ, Հ․Հ․ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր
Երկրում բարոյական եւ քաղաքական ծանր ճգնաժամ է, ու վիհը գնալով լայնանում է ու խորանում՝ լափելով նորանոր շերտեր։ Մենք՝ անկասելի արագութեամբ, փլուզւում ենք նաեւ ներսից։
Ասես ատելութեան ու քանդումի մոլուցքով տառապող մի մոլագար՝ աչքերը փակած սեւ լաթով ու նոյնքան էլ սեւ հոգով, ընկել է մեր մէջ ու վրէժ է լուծում. հօտի վրայ յարձակուած գայլերի վոհմակի վարքով ու էութեամբ, որ յետոյ հեռանում է՝ ճերմակ ձեան վրայ թողնելով գառների սպանդն ու նրանց արեան հետքերը…
Մենք արիւնաքամ ենք լինում բարոյականութեան ճգնաժամից…
Բայց սա՝ այս պատկերը, սոսկ անբարոյականութեան վիհի, ուրացման կամ սեփական ընտանիքը դաւաճանելու մասին չէ, սա նաեւ հաղորդում է յանցագործութեան մասին, նաեւ այն մասին, թէ ինչպէս չի կարելի իշխանական դաւադրութիւնների, հայ ժողովրդի միասնականութիւնն ու հաւատը պառակտելու, թշնամական օրակարգը սպասարկելու գործիք դառնալ։ Պարզապէս լինել տրոյական ձի։
Այս սեղանի շուրջ նստած իւրաքանչիւրը վստահաբար գիտի, որ ՀՀ սահմանադրութեամբ եկեղեցին անջատ է պետութիւնից։
Գիտի նաեւ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա սպասաւորների դէմ հալածանքներն հակասահմանադրական են եւ յանցակազմ են պարունակում թէ՛ Հ․Հ․ Օրէնսդրութեամբ, թէ՛ միջազգային կոնվենցիաներով։
Բայց կան նաեւ յանցանքից ծանր մեղքեր, որոնք անսահմանելի են, օրէնքից էլ բարձր։ Եւ դուք դա աւելի լաւ գիտէք, քան որեւէ մէկը։ Օրէնքից էլ աւելին՝ համամարդկային, հազարամեայ բիւրեղացած ճշմարտութիւններ՝ արտացոլուած Սուրբ Գրքում։
Բայց դուք ձեր առաքելութեան գիտակցումը չունեցաք, գերադասեցիք պառակտման ու փլուզման գործիք դառնալ, դառնալ շարքային քար նետող՝ Աւետարանից յայտնի, նոյնքան էլ յայտնի՝ երեսուն արծաթի սպասաւոր…
Դուք գերադասեցիք լրացնել Հայ Առաքելական Եկեղեցին հալածանքների ու ասպատակութեան ենթարկածի, զանազան քոչուորների, մոնղոլ-թաթարների ու բոլշեւիկների շարքերը…։
Ու հիմա, ինքնաարդարացման ճիգի մէջ, 26 տարուայ հեռուից յանկարծ մտքի պայծառացումով արդարանում էք, թէ «Այս ամէնը գուցէ չլինէր, եթէ արդար, առանց ահաբեկումների լինէր 1999թ. կաթողիկոսական ընտրութիւնը»։
«Վերջին ամիսներին… աննախադէպ վտանգաւոր իրա- վիճակ է ստեղծել ինչպէս հայրենիքում, այնպէս էլ Սփիւռքում՝ խաթարելով մեր ժողովրդի անդորրը, հաւատն ու միասնութիւնը»,‒ առաջին անգամուայ «կուսակրօն» զարմանքով յայտարարում էք դուք եւ բոլորովին էլ նկատի չունէք ո՛չ երեքհազարամեայ Արցախի կորուստը, ո՛չ 5000 հայորդիների նահատակութիւնը, ո՛չ թուրքին թողած 400-ից աւելի վանքերն ու եկեղեցիները, ոչ էլ թշնամու վանդալիզմի զոհ գնացող Արցախի հոգեւոր-մշակութային հսկայական ժառանգութիւնը։
«Հայ Առաքելական եկեղեցու կողմից հայրենիքին ու հայրենի պետութեանը չպէտք է եւ չի կարող որեւէ վնաս, վտանգ սպառնալ», դատախազական ինքնավստահութեամբ ու հաւատաքննիչի բարքով յայտարարում էք դուք ՝ մեղադրելով սեփական ընտանիքը, անհաղորդ ու անգիտակից նրա առաքելութեանը։ Ի՞նչ սպառնալիքի մասին է։ Եւ սա այն դէպքում, որ Մայր Աթոռն ու Օծեալ Վեհափառը (միամտօրէն կարծում էի, թէ նաեւ դուք բոլորդ) ամիսներ շարունակ հայհոյախօսութեան, կոմպրոմատների, շանտաժի, հալածանքի ու ատելութեան խօսքի թիրախում էք եղել։
Մի՞թէ ես պիտի ձեզ ասեմ, որ Հայ Առաքելական եկեղեցու դէմ արշաւն աւելին է, քան Հայ եկեղեցու նկատմամբ ասպատակութիւնը։ Սա ուղիղ հարուած է մեր ժողովրդին, նրա ամենահզօր ազգային ինստիտուտին եւ պարզապէս մեր ինքնութեանն ու միասնականութեանը։ Սա թշնամու ձեռագիր է ու թշնամական պատուէր՝ պատերազմի վէրքերը չսպիացրած հայ հասարակութեանն է՛լ աւելի նուաստացնող ու հիւծող։
Մի բանում եմ ձեզ հետ համամիտ. «Այս ամէնը յարիր չէ մեր եկեղեցու ոգուն ու կանոններին, հակասում է ժողովրդի միասնութիւնը պահելու մեր եկեղեցու առաքելութեանը»։
Այո, այդպէս է, եւ դուք դաւաճանում էք հէնց այդ առաքելութեանը, ձերը դատավճիռ է ընդդէմ եկեղեցու եւ ոչ սրտացաւի ու ապաքինող հոգեւորականի վարք։
Եւ դուք աւելի քան լաւ գիտէք, թէ այս ամէնն ինչ անուն ունի եւ ինչպէս է արձանագրուելու պատմութեան մէջ… Այն պատմութեան մէջ, ուր ամօթի եւ ողբերգութեան մի քանի էջ էլ դուք հեղինակեցիք…
Ինքնամաքրումի ճանապարհը չի կարող անցնել դաւաճանութեան միջով։
Ոմանց ճանաչում էի եւ յարգում։
Ափսոս…

