Յօդուածներ

Աւետիք Իսահակեանի Կեանքն Ու Գործունէութիւնը` Ծննդեան 150-Ամեակին Նուիրուած

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

 «Ես պիտի մտնեմ մեր կեանքը մի գիսաւոր աստղի պէս,
պիտի երգեմ, քարոզեմ, բարկանամ, լամ, վառուեմ…»

ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ

Հազուադէպ է պատահում, որ փոքր ազգի ստեղծագործողը 150 տարի շարունակի  ապրել իր ժողովրդի կեանքում, ձուլուի նրա առօրեային, դառնայ երգ նրա շուրթերին, դառնայ սթափեցնող ահազանգ` քայքայման պահին, սփոփանք` որդեկորոյս մայրերին, դառնայ յաղթութեան ղօղանջ` նրա անկման պահին:

Մեր ժողովուրդը այն երջանիկներից է, որ ողողուած է այսպիսի բացառիկ տաղանդներով, որոնց հազարամեակ, հարիւրամեակներն իրար են յաջորդում միշտ` Նարեկացի, Քուչակ, Սայաթ Նովա, Թումանեան, Կոմիտաս, Տէրեան, Իսահակեան, Վարուժան, Սիամանթօ, շարքը երկար է, որոնց ստեղծագործութիւնները ոչ թէ անցեալ են, այլ` միշտ ներկայ:

Զարմանալի մի զուգադիպութեամբ, ներքին մի խորհուրդով, մեր երկրի այս վտանգուած շրջանին համընկաւ մեր այդ մեծութիւններից բանաստեղծ, փիլիսոփայ, ազգային գործիչ, թարգմանիչ, ակադեմիկոս, պետական մրցանակների դափնեկիր Աւետիք Իսահակեանի ծննդեան 150-ամեայ յոբելեանը, որի ողջ կենսագրութիւնը կապուած է իր երկրի եւ ժողովրդի լինել-չլինելու վայրիվերումների հետ, եւ այս ճակատագրական օրերին իր յոբելեանը յաւելեալ անգամ հաստատում է երբեք չխամրած իր միաձոյլ կապը իր ժողովրդի եւ երկրի հետ:

Այլ հանգամանքներում, ազգային պետականութեան ներկայութեան դէպքում, անշուշտ մեծ շուքով պիտի նշուէր իր այս յոբելեանը, ինչպէս առաջներում էր, սակայն երբ այսօր մեր երկիրը զրկուած է ազգային իշխանութիւնից, իմ պարտքը համարեցի այս սեղմ գրութեամբ իմ խորին երախտագիտութիւնն ու սէրը յայտնել մեր մեծ պոէտին, որի հայրենասիրութեամբ սնուել, մեծացել ենք, եւ որի իմաստուն կանխագուշակումները տեսնում ենք այսօր իրականութիւն են դարձել:

Իսահակեանն իր ողջ կեանքը, 19-րդ դարավերջից սկսած ամբողջ 20-րդ դար, ապրեց տարբեր երկրներում, քաղաքական տարբեր եւ յատկապէս իր ժողովրդի ճգնաժամային շրջաններում, միշտ անհանգիստ, մինչեւ վերջ իր ժողովրդի, իր հայրենի երկրի մտահոգութիւններով եւ ամենադժուարին շրջանում չդիմանալով հայրենի երկրի կարօտին` վերադարձաւ, իր մոգական ազդեցութեամբ դարձաւ հայոց հոգեկան կեանքի ամրոցը, հայ լեզուի պաշտպանը, ուղղորդեց իր ժողովրդին թէ՛ հայրենի երկրում, թէ՛ արտասահմանում, կրթեց հայրենասէրների մի ողջ սերունդ:

Դարձաւ հայրենասիրութեան խորհրդանիշ, եւ թւում էր, թէ իր մասին հայ եւ օտար մեծութիւնների կողմից գրուած հարիւրաւոր մեկնաբանութիւններով ու գնահատանքի խօսքերով, իր ստեղծագործութիւնների ակադեմական նորանոր հրատարակութիւններով պիտի աւարտուէր հետաքրքրութիւնը իր անուան եւ իր ստեղծագործութիւնների շուրջ, սակայն 21-րդ դարում իր ծննդեան 150-ամեակի նշումը, նոյնիսկ իր տողերի նոյնքան այժմէական հնչող մարգարէութիւնը` «Ես ձեզ ասում եմ, կը գայ ոգու սով», զարմանալիօրէն` աշխարհի այսօրուայ ներկայ վիճակը բնութագրող, բնականաբար հաստատումն է` իր իմաստութեան, իր իւրայատուկ տաղանդի, խորունկ փիլիսոփայութեան, նաեւ` իր անուան հանդէպ ժողովուրդի ցուցաբերած անմնացորդ սիրոյ:

1875-ի հոկտեմբեր 30-ին, Ախուրեանի ափին` Ղազարապատ գիւղում (Ալեքսանտրապոլ, այժմ` Գիւմրի) Սահակ եւ Ալմաստ Իսահակեանների սիրով լի ընտանիքում ծնւում է եօթերորդ զաւակը` Աւետիքը, որը երջանիկ, անհոգ մանկութիւն է ապրում Արագած լերան գեղեցկութիւնն ու նրա ստորոտում փռուած դաշտերի անսահմանութիւնը վայելելով: «Սիրելագոյն Շիրակն ինձ համար տիեզերքի կենտրոնն է եղել, որովհետեւ այստեղ է սկսել բաբախել իմ սիրտը», գրել է նա:

Հայրը իր հօրից ժառանգած ջրաղաց է ունեցել, որն էլ ապահովել է ընտանիքի բարեկեցիկ կեանքը:

Սկզբնական կրթութիւնը ստացել է տեղի ծխական դպրոցում, իսկ երբ ցարական կառավարութեան հրամանով 1885թ. փակւում են հայկական դպրոցները, Իսահակեանը ստիպուած` ուսումը շարունակում է քաղաքային դպրոցում ռուսերէնով, միայն կրօնի դասը հայերէնով: Շատ վաղ տարիքից` 11-12 տարեկանից, սկսել է բանաստեղծական իր փորձերը, մեծ սէր ունեցել ուսման հանդէպ: 15 տարեկանին յաճախել է Էջմիածնի Գէորգեան Ճեմարան, որտեղ եւ ստանում է հօր անակնկալ մահուան լուրը:

Հօր մահից յետոյ բազմանդամ ընտանիքի հոգսն ու կառավարումը ընկնում է մօր ուսերին: Մայրը` Ալմաստը, որին Ապլա են անուանել, շատ կարող, իմաստուն, անչափ բարեսիրտ կին է եղել եւ առանձնակի կապուածութիւն է ունեցել զաւակներից (5 որդի, 2 դուստր) ամենափոքրի` Աւետիքի հետ: Աւետիքն էլ պաշտամունքի հասնող սիրով կապուած է եղել մօրը, սակայն դէպքերի՞, թէ՞ ճակատագրի բերումով, յատկապէս ուսման համար, Աւիտիքը միշտ ապրել է մօրից հեռու: Երկուսի համար էլ փոխադարձաբար ծանր է եղել այդ բաժանումը: Պատահական չէ, որ իր ստեղծագործութիւններում առանձնակի տեղ է գրաւում կարօտով լի մայրական սէրը, մօրը նուիրած իր տասնեակ բանաստեղծութիւններն ու գրութիւնները: «Միայն մայր ունենալու համար արժէր աշխարհ գալ», այսպէս է արտայայտել պաշտամունքի հասնող իր զգացումը մօր հանդէպ: Իսկ իր հռչակաւոր «Աբու Լալա Մահարի» պոէմում ամէն ինչ մերժած բանաստեղծը միայն մօրն է մեծարում:

«Դու, իմ անմահ մայր, մայրական դու գիրկ,
Դու միակ բարի, դու միակ սուրբ, սուրբ»:

Փոքր տարիքից բաժանման ծանր վիճակը, որն ապրել են երկուսով, իմաստ ու բացատրութիւն, նաեւ մի տեսակ ներողամտութիւն հայցող արդարացում է դարձրել իր բանաստեղծութիւնում, ուր մայր եւ հայրենիք իր համար ձուլուած են իրար.

«Ազիզ մերի՜կ, քեզի թողի,
Դարդ ունէի, դուրս ընկայ,
Սուրբ վաթանիս ժողովրդի
Ձենը կանչեց, դուրս ընկայ»:

Գէորգեան Ճեմարանում իրենց վիճակի բարելաւման համար աշակերտների ըմբոստացմանը մաս կազմելու մեղադրանքով շատերի հետ Իսահակեանին էլ վտարել են Ճեմարանից: Դեռ պատանի` 15 տարեկան, դառնացած սրտով հեռացել է Ճեմարանից, վերադարձել է տուն:

16 տարեկանին սիրահարւում է իրենց ազգականներից Շուշանիկ Մատակեանին` արտակարգ գեղեցկութեամբ, սեւ, գերող աչքերով այս պարմանուհին, որն ընդամէնը մէկ տարով էր փոքր իրենից, ամբողջովին գրաւում է իրեն: Զգացումը կարծես փոխադարձ է, անվերջ քառեակներ է նուիրում նրան, նամակներ են գրում իրար.

«Շուշան աղջիկ, քու գերին եմ,
Կալ ու կապուած անշղթայ,
Սիրտս վառուաւ սիրուդ բոցէն,
Պապակ-ծարաւ էրուեցայ»:

Աւետիք Իսահակեանը թոռան՝ Ալիկ Իսահակեանի հետ, 1957-ին

Գիտութեան, ուսման սիրահար լինելով` զգում է, որ պէտք է շարունակի իր ուսումը, մասնագիտութիւն ձեռք բերի, դիմում է Ճեմարան` իրեն ետ ընդունելու, ընդունում են: Մտքով առաջադէմ լինելով, հինգերորդ դասարանում դասաւանդումը իր համար անբաւարար նկատելով, գրականութեան նուիրուելու յստակ որոշումով, հազիւ տարին աւարտած` մեկնում է Թիֆլիս: Այդ ընթացքում մեր բանաստեղծի սէրը Շուշիկի կողմից ընդհատւում է, Շուշիկը ամուսնանում է: Իսահակեանը անչափ ծանր է տանում այդ անպատասխան դարձած սէրը իր ողջ կեանքում, այդ մասին կարդում ենք իր «Յիշատակարան»-ի տարբեր տարիների գրառումներում, ուր անվերջ իր մերժուած սիրոյ ապրումներն է նկարագրում: Այդ սիրոյ ակունքից եկող զգացումները նա դարձնում է իր սիրային քնարերգութեան հիմքը, որոնցից շատերը միաժամանակ վերածւում են մինչ օրս հնչող ժողովրդական երգերի.

«Սիրեցի եարս տարան,
Եարայ տուին ու տարան,
Էս ի՜նչ զուլում աշխարհ է,
Սիրտս պոկեցին, տարան»:

կամ`

«Տես իմ սիրտըս – արուն ծով է.
էն չարքերը զարկեցին,
էն օրուանէն դադար չունիմ,
Սեւ աչերը մի սիրէ…»:

Հոգեկան այդ ծանր ապրումների շրջանում Թիֆլիսը շրջադարձային  փուլ է դառնում իր հոգեկան ապրումներում: Առաջին անգամ միայնակ մեծ քաղաքում է, ռուսական կայսրութեան ամենածաղկուն կենտրոնում, ուր հաստատուել էին նաեւ` հայկական հրատարակութիւնները, մշակութային կրթական լաւագոյն հաստատութիւնները, ՀՅԴ, հասարակական կազմակերպութիւնները, այս ամէնը արթնացման, ինքնաճանաչման միջոց են դառնում իր համար: Այդտեղ նա ծանօթանում է հայ մեծութիւններից շատերին, եւ որոնց հետ իր մտերմութիւնը շարունակում է իր կեանքի ողջ ընթացքում, որոնց մէջ աչքի է ընկնում յատկապէս Յ. Թումանեանի հետ իր մտերմութիւնը: Թիֆլիսը միաժամանակ կեանքի մեծ փորձառութեան հետ իրեն հնարաւորութիւն է տալիս` բանաստեղծի անուն վաստակելու, իր գործերը հրատարակելու, ճանաչում ձեռք բերելու:

Թիֆլիսում ստեղծում է «Հայդուկի երգեր» բանաստեղծութիւնների շարքը, որը հայ ֆետայական շարժման առաջին անդրադարձն էր հայ բանաստեղծութեան մէջ:

Իր գրական յաջողութիւնները, կուսակցական գործունէութեան հետ միաժամանակ բաւական մեծ ճանաչում են բերում իրեն, սակայն նա չի բաւարարւում ձեռք բերած յաջողութեամբ, գիտակցում էր բարձրագոյն ուսման կարեւորութիւնը, յատկապէս` ազգային ազատագրական պայքարում: Եւ որոշում է մեկնել արտասահման` բարձրագոյն ուսում ստանալու:

1893թ. Իսահակեանը մեկնում է Վիեննա, ուր մնում է մէկ ամիս, եւ որը իր թանգարաններով, արուեստի գործերով, քաղաքակրթութեան բարձրագոյն մակարդակով, յատկապէս Մխիթարեան միաբանութեան գործունէութիւնը այդ օտար երկրում, մեծ ազդեցութիւն է գործում իր ձեւաւորման վրայ:

Յետոյ մեկնում է Լայփցիկ` այնտեղ ուսում ստանալու: Դեռ Ճեմարանում նա ինքնակրթութեամբ սովորել էր գերմաներէն եւ ներքուստ երազել անպայման կրթութիւն ստանալ Կէօթէի, Պեթհովենի երկրում եւ բնականաբար առանց լեզուական դժուարութեան` կարողանում է անմիջապէս ուսման հետեւել:

Սակայն դրամական սեղմ միջոցների պատճառով նա կարողացել է միայն որպէս ազատ ունկնդիր աւարտել Լայփցիկի գրականութեան, փիլիսոփայութեան, ազգագրութեան բաժինները: Եղբայրները դէմ լինելով իր ուսումին` ընտանիքին պատկանող ջաղացքից իր բաժին եկամուտը արդարօրէն եւ ժամանակին չեն ուղարկել իրեն, բնականաբար այդ օտար երկրում 19-ամեայ երիտասարդը նիւթական ծանր վիճակներ է ապրել, որի մասին տեղեկանում ենք իր «Յիշատակարան»-ի գրառումից. «Այս ի՞նչ տեսակ անտանելի դրութեան մէջ եմ ընկել: Օտար տեղ, ոչ ոք վրաս ուշք չի դարձնում, շորերս մաշուած, պարտքի տակ, տնից ոչ մի նամակ»:

Լայփցիկում ուսանելու տարիները նշանակալից հետք են թողել իր ե՛ւ մարդկային ե՛ւ մտային ձեւաւորման վրայ:  Մեծ ընտանիքում մեծացած, մանկուց հասարակական գործունէութեան սովոր իր բնաւորութեամբ շուտով միանում է համալսարանի Հայ ուսանողների միութեանը, որի մասնակիցները նոյնպէս իր նման հայրենիքի տարբեր տեղերից եկած հայորդիներ էին, եւ որոնք իր նման հայութեան հետագայ մեծութիւններն էին դառնալու` Կարապետ Մելիք Օհանջանեան, Գէորգ Չէօրեքչեան, Լեւոն Շանթ, Մանուկ Աբեղեան եւ շատերը:

Իսահակեանը որքան էլ լաւ է զգացել համալսարանի գիտական մթնոլորտում,  միաժամանակ պաշտելի մօր կարօտը շատ է տանջել իրեն, այնտեղ էլ ստեղծել է «Նուէր մայրիկիս» հանրայայտ բանաստեղծութիւնը.

«Հայրենիքէս հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունեմ,
Ազիզ մօրէս բաժանուել եմ,
Տխուր-տրտում, քուն չունեմ»:

Որքան էլ յափշտակուել է գիտութեամբ, ներսից հայրենի երկրի կարօտը կրծել է իրեն: Լայփցիկի կանաչապատ դաշտերում հայրենի երկրի դաշտերը երազել, նրա առօրեայով է ապրել եւ այդ օրերին ստեղծել է` «Մաճկալ ես, բէզարած ես» բանաստեղծութիւնը:

 Ազդուած գերմանացի մեծութիւնների` Կէօթէի, Հայնէի, Նցչէի, Վակների, Պեթհովենի ստեղծագործութիւններից, ապրելով նրանց երկրում, իրենց լեզուով ծանօթանալով նրանց ստեղծագործութիւններին, նրանց մշակոյթին, աւելի համարձակ մտածողութիւն է ձեռք բերում, աւելի վստահ` իր համոզումներում, իր ներշնչումին: Վկան` այդ օրերին ստեղծած «Ես ժայռի նման կանգնած եմ ամուր» իր յայտնի բանաստեղծութիւնը, որն ինքնահաստատման ազդարարումը լինէր կարծես, եւ որը իր կենսագրութեան հիմնաքարը դարձաւ: Հայրենի ժողովրդի ամենածանր պահին իր ժողովրդի յենարանը, չխորտակուող ժայռը դարձաւ:

«Ինձնից բռնեցէք խորտակուող մարդիկ,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր,
Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգէք,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր»: 

1894թ, վերջին Իսահակեանը, թէեւ Գերմանիայում է, սակայն շարունակում է ապրել հայրենի երկրով, յատկապէս` Արեւմտահայաստանի լուրերով: Գերմանական թերթերը իրերայաջորդ հաղորդում էին Սասունի կոտորածի լուրերը, Իսահակեանը իր հանգիստն ամբողջովին կորցրած` գրում է. «Գերմանական թերթերը տաճիկի կողմն են պահում: Անտանելի մարդիկ են գերմանացիք, զգացում չունեն, փողասէր… գազան, գազան մարդկութիւն: Իսկ Եւրոպան ուրախանում է, նա իր շահերի օգուտն է տեսնում, ծափահարում է տաճիկին: Թու, թքել եմ Եւրոպայի եւ իր եսական կուլտուրայի վրայ»:

Սա 19-ամեայ երիտասարդի անզօր, ցաւոտ հոգու պոռթկումն է, իսկ հետագայում, իր ժողովրդի վերջնական կոտորածի ժամանակ էլ աւելի ցասումնալից խօսքեր է ուղղելու Եւրոպային եւ ընդհանրապէս քաղաքակիրթ մարդկութեանը:

«Ասա՛ մեզ, Եւրոպ, ո՞ւր ես շտապում
Ձեռներդ ներկած հայի արիւնով,
Դու յօշոտեցիր Սուրբ Հայաստանը,
Այժմ ո՞ւր ես փախչում արնոտ ձեռքերով»:

Լայփցիկեան շրջանի թէ՛ իր մտքերը, թէ՛ բանաստեղծութիւնները կարծես որոնման, ինքնագիտակցութեան, նոր մտայղացումների շրջան է եղել իր համար, ուր կարդում ենք. «Ես ուզում եմ ջնջել սուտն ու տգեղը, ուզում եմ ստեղծել մի ողջ աշխարհ, ուր ծաղկում է անհուն սէրը»:

Այդ շրջանի բանաստեղծութիւններում կրկին հայրենի  երկրի կարօտն է` «Գիշերն եկաւ, զով-հովն ընկաւ», «Կենսական ծովի յոյզերի միջից», իր երբեք չխամրած սէրը Շուշիկի հանդէպ:

Երկու տարի յետոյ, 1895թ. Իսահակեանը վերադառնում է հայրենիք, եւ ահա թէ ի՛նչ է գրում իր «Յիշատակարան»-ում.

«Վաղը գնում եմ Հայրենիք, սիրելի Կովկաս, Արագած, մայր, ընկերներ եւ Շուշիկ…  Երկու տարի կուշտ եւ սոված ապրեցի, շատ բան սովորեցի եւ շատ բան էլ մոռացայ, բայց բարոյապէս շատ տուժեցի: Թողեցի Եւրոպայի կեղեւը եւ ընդունեցի հայրենիքինս-ազատ եւ արձակ: Բովանդակութիւնս համաշխարհային է: Անցեալում ես այլ մարդ էի, նա Աւ. Իսահակեանը չէր. այժմ ես եմ իմ գլխի տէրը, այժմ ես Աւետիք Իսահակեանն եմ»:

Այսպէս հաստատուն, անյագ կարօտով մտնում է տուն, շարունակում իր ընդհատուած կեանքը հայրենի բնութեան մէջ, իր յաճախակի այցելութիւնները Անի, որը մօտ էր իր ծննդավայրին, հիանում նրա անձեռակերտ շինութեամբ` արդէն տարբեր կոթողներ տեսածի, կրթութիւն ստացածի աչքերով գնահատելով այդ գեղեցկութիւնը, ագահօրէն լրացնելով պատանեկութեան շրջանում բաց թողածները:

Սակայն ժամանակները քաղաքական առումով փոխուել էին, ալեկոծումի մէջ էր ողջ Արեւմտահայաստանը, տեղի ունեցող կոտորածներն ու ազատագրական շարժումները հանգիստ չէին տալիս նաեւ իրեն:

Դեռ Թիֆլիսում Թումանեանի, Ղ. Աղայեանի հետ սկզբում միանալով Հնչակեան կուսակցութեանը` որպէս ձեւաւորուած եւ ճանաչում ձեռք բերած յեղափոխական կուսակցութեան, ցարական հետապնդման մէջ է եղել: Ցարական հայահալած քաղաքականութիւնը բացայայտօրէն սկսել էր մտաւորականների հետապնդումները, ձերբակալութիւնները: 1896 թ. դեռ իր կարօտը չառած հայրենի տանից` Իսահակեանն էլ ձերբակալւում է իր յեղափոխական հայեացքների համար եւ բանտարկւում Երեւանի Զանգուի ափին գտնուող բերդում:

Սակայն բանտը չի ընկճում հոգով իր համոզումներին եւ իր երկրին ամուր կառչած երիտասարդին, իր ժողովրդի ազատագրման ելք գտնելու մասին մտածումների հետ միաժամանակ, շարունակում է նոյնիսկ բանտում ստեղծագործել:

Մէկ տարի բերդում բանտարկութիւնից յետոյ ազատ է արձակւում եւ գրում է. «Նոր կեանք` մի տարի մեռելութիւնից յետոյ»: Որոշ ժամանակ անց հրատարակում է «Երգեր ու վէրքեր» բանաստեղծութիւնների փոքրիկ ժողովածուն, որը այդ անհանգիստ օրերին ժողովրդի սրտից բխող խօսք է դառնում, որն անմիջական ճանաչում, բանաստեղծի համբաւ է բերում իրեն: «Դարս լացէք սարի սմբուլ», «Սեւ աչերէն շատ վախեցիր», «Ալագեազի մանիներ» շարքը եւ այլն:

 «Սեւ-մութ ամպեր ճակտիդ դիզուան,
Դուման հագար, Ալագեազ,
Սրտումս արեւ էլ չի ծաղկում,
Սիրտս էլ դուման, Ալագեազ…»:

Բանտից ազատուելուց յետոյ կրկին մեկնում է Թիֆլիս, իր ստեղծագործական եւ հասարակական գործունէութիւնը շարունակում այնտեղ, սակայն, ինչպէս երեւում է, ցարական հետախուզութիւնը շարունակում էր հետամուտ լինել իրեն, եւ նա կրկին յայտնւում է բանտում, այս անգամ` արդէն Թիֆլիսի Մետեխի բանտում:

Մեծ երաշխաւորագնով եւ, բարեբախտաբար, աքսորի տեղ ընտրելու իրաւունքով ազատւում է բանտից հետեւեալ վճռով. «Հայ-թուրքական գործերով դատապարտուած Իսահակեանը մէկ տարով աքսորւում է Օտեսա»:

Օտեսայում նոյնպէս առանց ընկճուելու շարունակում է ստեղծագործել, ինչպէս միշտ գրում է իր պաշտած լերան` Ալագեազի, իր յաւիտենական սիրոյ` Շուշիկի, աշխարհի անարդարութեան մասին:

«Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցաւ,
Օր ու արեւ չըտեսանք.
Վա՜խ, մեր կեանքը սեւով անցաւ,
Աշխարհից բան չիմացանք»:

Տարուայ վերջին ազատւում է աքսորից: Վերադառնում է Թիֆլիս: Թիֆլիսում հրատարակուող ամենահեղինակաւոր հայ պարբերականը` «Մուրճ»-ը, ուր մի ժամանակ իր համար երազանք էր տպագրուելը, այժմ մէկը միւսի ետեւից տպագրում էր իր նոր ստեղծագործութիւնները:

Այդ ընթացքում ՀՅԴ-ն երկրի ներսում աւելի աշխուժ պայքար ծաւալելով` հետզհետէ դառնում էր տիրող եւ ամենահեղինակաւոր  կուսակցութիւնը, որի հիմնական առաքելութիւնը ժողովրդին ստրկային վիճակից արթնացնելը, զինուած պայքարի կոչելը, Արեւմտեան Հայաստանի վերջնական ազատագրումը եւ Հայաստանի երկու բզկտուած մասերի միաւորումն էր: Իսահակեանի սրտից խօսող այս կոչը այնքան հարազատ էր իր հոգուն ու մտածողութեանը, որ շատերի հետ ինքն էլ միանում է նրանց, մտնում նրանց շարքերը, սերտ բարեկամութիւն հաստատում կուսակցութեան ղեկավարներից Քրիստափոր Միքայէլեանի, Սիմոն Զաւարեանի հետ, Ժընեւում հրատարակուող նրանց պարբերականին` «Դրօշակ» ամսագրին, բանաստեղծութիւններ, յօդուածներ ուղարկում, տարբեր տեղերում` Ալեքսանդրապոլում, Պոլսում, մասնակցում նրանց փակ ժողովներին, կատարում յանձնարարութիւններ, գաղտնի զէնք ու դրամ փոխադրում Արեւմտահայաստան` անտեսելով իր դէմ շարունակուող ոստիկանական հետապնդումները:

«Դո՛ւք, ժողովրդի ազնիւ գաւակներ,
Սուրբ ազատութեան հուրն է ձեր սրտում,
Վառէք, բորբոքէք քարեր ու սրտեր
Ձեր կեանքով շնչող մայր-հայրենիքում»:

Հետապնդումից խուսափելու նպատակով որոշ ժամանակ տպագրւում է «Հայ Գուսան» ծածկանուամբ: Ահա` մի քառեակ Աղբիւր Սերոբին ձօնած «Հայդուկի երգեր» շարքից, այդ անուամբ հրատարակուած:

«Նեմրութա սարը հազար ակն ունի՛
Հազարն ել Մըշու դաշտն ի վայր կ՛երթայ,
Մենակ Սերոբի աղբիւրը սրտի
Խեղճ ժողովրդի սրտի մէջ կ՛երթայ…»:

Կամ`

«Վա՛ռ, կարմի՛ր հագիր, դու հայ ժոդովուրդ,
Եւ սուրըդ շարժէ, քեզ ճանապարհ բաց.
Այս աշխարհի մէջ սուրն է միշտ կտրող:
Կտրիր ու տիրիր, անյաղթ, հզօր կաց,
Եւ ոտքդ ամուր դու խփիր երկրին,
Հողիդ ու տանդ տէրը դուն եղիր»:

20-րդ դարասկզբում` 1900թ. Իսահակեանի մէջ կրկին արթնանում է ուսումը Եւրոպայում ամբողջացնելու ձգտումը եւ լիովին նուիրուելու ՀՅԴ գործունէութեանը, որը ըստ իր հաւատամքի` «Դաշնակցութիւնը հայութեան ուղն ու ոսկորն է: Վրիժառու եւ ստեղծող բազուկը, հայ ժողովրղի արիական կամքը»:

25 տարեկան է արդէն, այս անգամ մեկնում է Զուիցերիա Ժընեւի համալսարանում լրացնում է իր կէս թողած ուսումը, սակայն մէկուկէս տարի յետոյ կրկին հայրենիքի կարօտը ետ է կանչում իրեն:

«Ձանձրացել եմ Եւրոպայից ու շատ եմ կարօտել` մեր կողմերին, մօրս, քրոջս, հարսներիս, երեխանցը, մանաւանդ` մեր սազանդարներին եւ գիւղացոց, չնայելով, որ հիմա լաւ եմ պարապում, բայց այդ չի ոգեւորում ինձ. թէ ինչո՞ւ եկայ Եւրոպա` այդ նպատակը այնքան ուժեղ չէ, որքան այն, որ ձիով մի գիւղից անցնէի, վրես շները հաջէին, մի դռնից ել սառը ջուր խնդրէի, եւ հայ աղջիկը ինձ ջուր տար: Մտածում եմ, որ մայիսին վերադառնամ, ես չեմ կարող Եւրոպա մնալ, հոգիս դուրս է գալիս, ես ո՛չ գիտնական եմ լինելու (ինչպէս` հայ ուսանողներից ոչ ոք), ո՛չ էլ ապագայի հացի համար եմ մտածում, ի՛նչ ուզում է լինի, ես հայ ժողովրդից հեռու չեմ կարող ապրել եւ վերջ»:

«Քու հողիդ մեռնեմ անգին հայրենիք,
Ա՜խ, քիչ է թէ որ մի կեանքով մեռնեմ,
Երնէկ ունենամ հազար ու մի կեանք,
Հազարն էլ սրտանց քեզ մատաղ անեմ»:

Ոչ մի ստեղծագործող այսպիսի մոլեռանդ սիրով կապուած չի եղել իր հայրենիքին:

Իր բացառիկ կապը, միասնութիւնը իր երկրին, իր հողին ու շրջապատին` եզակի երեւոյթ է, միայն բառեր ու կարօտի պոռթկում չեն, այն նոյն ուժով շարունակում է իշխել իրեն ողջ կեանքի ընթացքում:

Ի զուր չէ, որ գրել է` «Մարմնով գաղթեցի հայրենիքից, բայց հոգով մնացի հայրենիքում»: Իրապէս, մի՞թէ զարմանալի չէ, որ Ժընեւում, փոխանակ իր ընկերների պէս վայելելու Եւրոպայի ազատ կեանքը, մտածում է Սալնոյ ձորերում իրենց կեանքը հայութեան համար զոհաբերող մեր ֆիտայիների մասին ու գրում է`

«Սալնոյ ձորերում, կռուի ձորերում
Հայդուկն է ընկել խոր վէրքը սրտին:
Վէրքը վարդի պէս բացուած կարմրագոյն
Ու ձեռքն է գցել կոտրած հրացանին»:

Այս տողերը գրող երիտասարդը երկու տարի յետոյ` 1902թ.,  կրկին կէս է թողնում ուսումը, կրկին հայրենիքում է: Ալեքսանդրապոլում առանձնացած` ստեղծագործում է, յաճախակի մեկնում է Թիֆլիսի եռուն կեանքից, հայազգի մեծութիւնների, քաղաքական գործիչների  հետ շփուելով` նոր լիցքաւորում ստանալու: Այդ օրերից մէկում Յ. Թումանեանի, Ղ. Աղայեանի, Դ. Դեմիրճեանի, Ն. Աղբալեանի հետ ստեղծում են «Վերնատուն» գրական առաջին կազմակերպութիւնը, այսօրուայ առումով` հայ գրողների առաջին միութիւնը:

Դարասկզբին Իսահակեանն արդէն անուանի բանաստեղծ էր: Իր բանաստեղծութիւններից շատերը ժողովուրդը անմիջապէս սեփականացրել, իրենը դարձրած` երգում ու աշխատում էր, չիմանալով նոյնիսկ ստեղծողի անունը:

Ահա թէ ի՛նչ է վկայում Իսահակեանն ինքը. «Մի օր դաշտով անցնելիս լսում եմ, մի գիւղացի իմ «Մաճկալ ես, բեզարած ես» բանաստեղծութիւնն է երգում սխալներով: Մօտեցայ, փորձեցի ուղղել, բայց գիւղացին շատ կոպիտ կանխեց ինձ` ասելով. «Դու ինչ գիտես է, քաղաքից եկել ժողովրդային ե՞րգ ես սովերեցնում մեզ»: Աւելի մեծ գնահատական ստեղծագործողի համար, երբ քո ստեղծագործութիւնը դառնում է ժողովրդի մասնիկը, անկարելի է պատկերացնել»:

Իր եզակի եւ հարուստ կենսագրութիւնը` Էջմիածնի հոգեւոր Ճեմարանից մինչեւ Լայփցիկի եւ Ցիւրիխի համալսարաններում ուսանելը, հայրենի մամուլում եւ հայրենիքից դուրս` Մոսկուայում, Փեթերսպուրկում, Ժընեւում, Փարիզում, Վենետիկում իր բանաստեղծութիւնների հրատարակումը, իր հայրենասիրական յօդուածներն ու գրութիւնները նոր լիցքաւորում էին տալիս հայրենի ազատութեան համար պայքարողներին: Հրաւէրներ էր ստանում ամէն կողմից, հիւրընկալումները անպակաս էին: Եւ ահա Թիֆլիսում այդ օրերին հիւրընկալւում է Շուշիից դեռ նոր Թիֆլիս հաստատուած Քոչարեանց ընտանիքում: Ընտանիքի հօր` Մանասի վաղաժամ մահը ստիպել էր Մանասի այրիացած կնոջը` Ժենիային, իր մեծաթիւ ընտանիքով` 8 երեխայ` 5 տղայ, 3 աղջիկ, Շուշիից փոխադրուել Թիֆլիս` յանուն նրանց ապագայի նոր կեանք սկսել այնտեղ:

Այդ օր առաջին իսկ ծանօթութիւնից աղջիկներից մեծի` Սոֆիայի եւ 33-ամեայ Աւետիքի միջեւ ներքին մի կապ է ստեղծւում, որն ամբողջովին փոխում է երկու երիտասարդների ճակատագիրը:

Քաղաքական այդ խառը ժամանակներում, երբ արդէն ճանաչում ձեռք բերած բանաստեղծը նաեւ կուսակցական գործիչ է, անկարող էր խոյս տալ ցարական ոստիկանութեան հետապնդումներից: Արտասահմանից վերադարձին արդէն մի քանի անգամ հարցաքննուել էր ոստիկանութեան կողմից իր արտասահմանում գտնուելու համար, եւ Իսահակեանը, քանի որ մանկուց կակազութիւն ունէր, միշտ պատճառաբանել է, որ իբր կակազութեան համար բժշկուելու է գնացել:

Սակայն ձերբակալութիւնը Թիֆլիսում վերջնական էր եւ հայ առաջադէմ 100-ից աւել մտաւորականների հետ, որոնց մէջ էր նաեւ Թումանեանը, 2-րդ անգամ Իսահակեանը նետւում է Մետեխի բանտ: Կրկին մեծ գումարով (5000 ցարական ռուբլի) մինչեւ դատավարութիւն ազատ է արձակւում:

Այդ ժամանակաւոր «ազատութեան» մէջ անընդմէջ ստեղծագործում է, գրում է իր գլուխ գործոց «Ուստայ Կարօ» վէպը, «Սասմայ մանուկը» պոէմը, արեւմտահայութեան կոտորածի մասին եւ իր հռչակաւոր «Աբու Լալա Մահարի» պոէմը եւ միաժամանակ մտածում իր անձնական կեանքը դասաւորելու մասին: Սոֆիայի ընտրութիւնը արդէն վերջնական էր իր համար:

1910թ. յունիսի 27-ին իր պաշտելի մօր օրհնութիւնը ստանալով` Գիւմրիի Եօթ Վէրք եկեղեցում, ուր կնքուել էր ինքը, հարսանքաւորների տարբեր տեղերից եկած հիւրերով` Յ. Թումանեան, Ն. Աղբալեան եւ շա՜տ շատեր, ֆայտոններով մեկնում են մանկութեան իր երազանք Անիի տաճար` այնտեղ պսակադրուելու:

Հոյակերտ այդ տաճարի կամարների տակ օրհնուած, միմեանց տուած խոստումը նոյն սրբութեամբ նրանք պահելու էին 47 տարի` յաղթահարելով անասելի դժուարութիւններ, դիմակայելով աշխարհաքաղաքական տարբեր փոթորիկների, աշխարհագրական տարբեր վայրերում, այն աւարտելով պաշտելի հայրենի հողում:

Նոյն տարուայ վերջին մօտենում էր «Դաշնակցութեան գործ» անուամբ հայ մտաւորականների դատավարութիւնը:

Ըստ իսահակեանագէտ, փրոֆեսէօր, Իսահակեանի թոռ Աւիկ Իսահակեանի, տիկ. Սոֆիան նախքան դատավարութիւնը հանդիպում է ամուսնու փաստաբան Ալեքսանդր Կերենսկու հետ, որը հետագայում դառնալու էր ժամանակաւոր կառավարութեան նախագահ, բացատրում  իր ամուսնու դէմ մեղադրանքի շինծու լինելը, խնդրում նրան ամէն գնով ազատել նոր ընտանիք կազմած, նորածին երեխայով իր ամուսնուն: Կերենսկին յայտնում է, որ Իսահակեանի դէմ մեղադրանքը շատ ծանր է, մեղադրւում է Թուրքիոյ մէջ գործող ազատագրական ջոկատներին զէնք ու դրամ հասցնելու, կայսրութեան տարածքում պառակտիչ գործունէութիւն ծաւալելու մէջ, անհնար է ազատել մահուան դատապարտումից կամ Սիպիր աքսորուելուց: Միայն խորհուրդ է տալիս, որ Իսահակեանը որեւէ ձեւով հեռանայ երկրից:

Իսահակեանը` այլ ելք չունենալով, թողնելով իր նորաստեղծ ընտանիքը, իր նորածին  որդուն` Վիգէնին, անյայտ ժամանակով, անյայտ ճակատագրով հեռանում է իր պաշտելի երկրից:

1911-ին գաղտնի ճանապարհով կտրում-անցնում է ռուս-թուրքական սահմանը, մտնում Կարին, յետոյ` Էրզրում, Պոլիս, այդ տեղերում բաւական կուսակցական գործունէութիւն ծաւալում եւ գրում է` «Սազը չի թողնում, որ կտրիճ դառնամ, թուրը չի թողնում, որ գուսան դառնամ», ճակատագրական այս կեղեքումներով, խուսափելով թուրքական հետախուզութիւնից, մեկնում է Վիեննա, ապա` Զուիցերիա, Ցիւրիխ:

Մէկ տարի յետոյ վերջապէս յաջողւում է կնոջը` Սոֆիային եւ երկու տարեկան որդուն` Վիգէնին, միանալ իրեն Ցիւրիխում:

Աւիկ Իսահակեանը մեծ մօրը նուիրած` «Սոֆիա, Աւետիքի բարի հրեշտակը» հրաշալի յուշագրքում նկարագրում է մեծ մօր խիզախութիւնն ու նուիրուածութիւնը իր ամուսնուն:  Ցիւրիխի կառամատոյցում, երբ Իսահակեանը դիմաւորում է իր ընտանիքին, տեսնում է, որ կինը բաւական շատ գլխարկների տուփեր է բերել, զարմանքով հարցնում է, թէ ո՞ւր պիտի հագնի այդ գլխարկները: Երբ տուն են հասնում, կինը բացում է գլխարկների տուփերը, ուր գլխարկների փոխարէն` Իսահակեանի «Ուստա Կարօ» վէպի, «Աբու Լալա Մահարի»-ի Թիֆլիսում թողած  ձեռագրերն ու բանաստեղծութիւններն են, իր ողջ հարստութիւնը: Սոֆիան կարողացել էր խորամանկօրէն փրկել ամուսնու ստեղծագործութիւնները, որոնք Իսահակեանը երկրից անօրէն դուրս գալով` չէր կարողացել իր հետ տանել: Իրապէս Իսահակեան հսկային արժանի կին է եղել Սոֆիան:

Այսպէս սկսւում է Իսահակեանի վտարանդիութեան 25 երկար տարիները իր ընտանիքի հետ: Գերմանիա, Զուիցերիա, Իտալիա, Ֆրանսա, Վիեննա, Ժընեւ, Կոլոնժ: Իսահակեանի մէկ այլ կապուածութիւնը այս անգամ հայոց լեզուին նոյնքան զարմանալի է: Հինգ լեզուների տիրապետելով հանդերձ, նա ստեղծագործել է միմիայն հայերէնով, որն իր անվերջ նիւթական դժուարութեան պատճառն է եղել նաեւ:

«Օտար, ամայի ճամբէքի վրայ
Իմ քարաւանս մեղմ կը ղօղանջէ:
Կանգնիր, քարաւան, ինձի կը թուայ,
Թէ հայրենիքէս ինձ մարդ կը կանչէ»:

Վտարանդիութեան այդ տարիների մասին շատ պատկերաւոր նկարագրել է Իսահակեանի որդին` Վիգէնը, «Հայրս» գրքում: Իր այդ գրքում է նկարագրում հօր հոգեկան ծանր ապրումները 1915թ. հայկական կոտորածների լուրը ստանալիս: Այդ նոյն տարին հայրը ստանում է նաեւ իր պաշտելի մօր` Ապլայի մահուան լուրը, որ նրան երկար ժամանակով նետում է խորը յուսահատութեան մէջ:

Ինչպէս վերը նշեցի, մայրը Իսահակեանի համար եղել է կեանքի երակը, իսկ հայրենիքը` այդ երակին սնունդ ներարկող կենդանի աւիւնը, եւ նա կորցրել էր երկուսը միաժամանակ: Հանգիստ չունէր` «Դժբախտ է նա, ով մեռնում է օտար հողում» գրել է նա ու կտակել.

«Ես որ մեռնիմ, ինձ կը թաղէք Ալագեազի լանջերում,
Որ Մանթաշից հովերը գան, վրաս հեւան ու երթան»:

1926թ. Իսահակեան ընտանիքը ապրում է Վենետիկում, ուր հիւրընկալում են Չարենցին եւ Մ. Սարեանին, որոնց հետ շփումը կրկին հոգեկան ծանր տատանումների մէջ է նետում գրողին: Հայրենի տան չմարող կարօտը կրկին գլուխ է բարձրացնում: Որքան էլ ատում էր խորհրդային կարգերը, որքան էլ գրում էր` «Այդ շների հետ գլուխ դնելը դժուար է, նոյնիսկ անկարելի, ո՛չ օրէնք կայ, ո՛չ դատ, միայն տեռոր: Մի լաթի կտոր` միլիոնաւորների արիւնով կարմրացրած շինել են ֆեթիշ, տակը մի յիմար անհեթեթ գաղափար մոնկոլական, անգիտական, նախնական, անասնական կոմունիզմ, որին իբրեւ նոր բանալի սերունդներ ու կուլտուրաներ են զոհում»: Այնուամենայնիւ որոշում է միայնակ մեկնել Խորհրդային Հայաստան:

Իր վերջին բաժանումից 15 տարի էր անցել, անշուշտ շատ բան էր փոխուել, երկրում ծանր աղքատութիւն էր տիրում, վրադիր էլ, հազիւ կարօտով ոտք դրած հայրենի ծննդավայր, ահռելի մի երկրաշարժ աւերակի է վերածում այն: Ղազարապատի իրենց ջրաղացը, հայրենի տունը, մանկութեան հետքերը քարուքանդ են լինում:

Սակայն իր սէրը, իր կապը այդ հողի հետ այնքան խորն էին, որ ուշադրութիւն չի դարձնում ո՛չ տիրող աղքատութեանը, ո՛չ էլ երկրում տիրող բռնատիրութեանը: «Բախտաւորութիւն է հայրենիքում ապրելը», գրում է նա իր որդուն:

Թէեւ Իսահակեանին թոյլատրել էին միայն վեց ամսով մտնել Խորհրդային Հայաստան, սակայն միայն չորս տարի յետոյ են թոյլատրում դուրս գալ այդտեղից: Պարզ էր` «Հայդուկի երգեր»-ի հեղինակը, քաղաքական վտարանդին, դաշնակցականը չէր կարող ազատ ելք ունենալ, նոյնիսկ բախտաւորութիւն էր, որ չէին ձերբակալել:

Զարմանալիօրէն այդ օրերին ապրած դժուարութիւնները ամենեւին չեն յուսահատեցրել նրան:  Հայրենիքից վերադառնում է վերջնական որոշմամբ,  հայրենիքում է իր եւ իր ընտանիքի ապագան: «Յոգնած եմ Եւրոպայի գաղթականի կեանքից», գրել է նա:

Վերադառնում է Փարիզ` իրերը հաւաքելու եւ ընտանեօք տեղափոխուելու որոշումով:

Այդ նոյն տարին, 1930թ., իր մօտիկ ընկերոջ` Վահան Նաւասարդեանին գրած նամակում կարդում ենք. «Չգիտեմ` ի՛նչ անեմ, Հայաստանից մեկնելուց առաջ խօսք առան վերադառնալու համար (որը բացայայտում է իր ուշացման պատճառը): Խօսք տուի: Վերադառնալ ուզում եմ եւ չեմ ուզում: Չեմ ուզում խօսքս դրժել: Սա ծանր կը գայ տեղի ինտելիգենցիային, բայց գնալ եւ ընկնել բռնութեան տակ, գազազուել, իրար ուտել, գալարուել իրար վրայ եւ լռել-այդ էլ չեմ ուզում, բայց մնալ այս զզուելի Փարիզում, սա եւս անհանդուրժելի է»:

Անշուշտ Իսահակեանը միամիտ անձ չէր եւ հայրենիքում ապրելու որոշումը միայն զգացական մակերեսային վճիռ չէր: Նա կեանքի մեծ ու դժուարին փորձառութիւն էր անցել`  կրկնակի բանտարկութիւն, ոստիկանական հետապնդում. գիտէր, որ դժուար էր լինելու իրենց կեանքը, եւ յատկապէս վստահ էլ չէր, թէ իշխանութիւնը այս անգամ ի՛նչ վերաբերմունք կ՛ունենար իր հանդէպ, յատկապէս երբ ըստ սպրդուող լուրերի, արդէն սկսուել էին ձերբակալութիւնները: Բայց հայրենի հողի վրայ լինելը ինքնին հոգեկան ու մտային հանգստութիւն էր իր համար եւ 1936թ. ստալինեան ամենադժնի տարիներին Սոֆիկի հետ ճանապարհւում է Խորհրդային Հայաստան: Որդին` Վիգէնը, մեկնել էր մէկ տարի իրենցից առաջ:

Խորհրդային իշխանութիւնը այդ արիւնալի ժամանակներում չանհանգստացրեց Իսահակեանին, պարզ էր, որ Իսահակեանի ժողովրդականութիւնը ե՛ւ երկրում ե՛ւ երկրից դուրս` արտասահմանում, այնքան մեծ էր, որ իր դէմ կատարուող ամենափոքր ոտնձգութիւնը բացայայտելու էր երկրի ներսում կատարուող ոճրագործութիւնները, որն ամէն կերպ փորձում էին թաքցնել աշխարհին  յայտնի «Երկաթեայ վարագոյր»-ի ետեւում:

Իսահակեանի ներկայութիւնը, իր շունչը ստալինեան ծանրագոյն տարիներին, ինքնին ուժ ու սփոփանք էր հայրենի ժողովրդի համար: Նա ոչ միայն ժողովրդի պաշտամունքն էր, այլ յատկապէս այդ դժնդակ օրերին ժողովրդի ոգին սնողը, հայ լեզուն պահպանողն էր:

Աշխարհի գեղեցկագոյն քաղաքները թողած, իր փոքրիկ, անշուք, բռնութեամբ ապրող երկիրը գերադասած, իր տանջուած, բազում զրկանքներով` Ցեղասպանութիւն, Սարդարապատ, Ա. Հանրապետութեան ստեղծում ու կորուստ, նոր բռնատիրութեան տակ հալածուող իր հիւծուած ժողովրդին եւրոպական յղկուածութիւնից վեր դասած գրողը դարձել էր ժողովրդի պաշտամունքը ոչ միայն իր հոգեհարազատ բանաստեղծութիւններով, այլ` իր անմիջական ներկայութեամբ, իր զոհողութեամբ, որին խորին յարգանքով Վարպետ էին անուանում:

Ժողովրդի պաշտամունքը Վարպետի հանդէպ օրէ օր աւելի էր աճում, ոչ միայն իր հրատարակութիւններով, որոնք անմիջապէս սպառւում էին, այլ նաեւ` իր արարքով:

1949թ. Խորհրդային Միութեան մայրաքաղաք Մոսկուայում տեղի ունեցող Խաղաղութեան համամիութենական առաջին խորհրդաժողովում, ուր Հայաստանի կողմից հրաւիրուած էր միայն ինքը, Իսահակեանը բացայայտ խիզախութեան է դիմում: Նա ելոյթ է ունենում հայերէնով եւ խօսում է հայ ժողովրդի ապրած մեծագոյն Ցեղասպանութեան մասին` ասելով. «Առաջին իմպերիալիստական պատերազմում Գերմանիոյ խրախուսանքով եւ Անտանտի պետութիւնների համաձայնութեամբ սուլթանական Թուրքիան կոտորեց հայ ժողովրդի մէկ քառորդին, մէկ միլիոն հայերի»: Առաջին անգամ, Թուրքիային թիկունք կանգնած, բարեկամ երկրում այս բացայայտ յայտարարութիւնը հնչեց, թարգմանուեց աշխարհով մէկ` է՛լ աւելի ամրապնդելով իր անունն ու հեղինակութիւնը իր ժողովրդի եւ միւս հանրապետութիւններում:

Այսպէս, մինչեւ իր կեանքի աւարտը նա ապրեց իր ժողովրդի ներկայով` Ղարաբաղի, Սեւանի, հայ ինքնութիւնը պահպանելու հարցերով անվերջ դիմելով տեղական եւ բարձրագոյն օրկաններին, ամէն կերպ աշխատեց յաջորդող սերունդի մէջ հայրենասիրութիւն, հայ լեզուի հանդէպ սէր եւ ակնածանք դաստիարակել` հայի աւանդոյթները եւ երկիրը պահպանելու համար:

«Եթէ մի սրբութիւն կայ, որի համար ապրում եմ, դա հայ որբն է, հայ չարքաշ ժողովուրդը, հայ ինքնազոհ բանակը, թքել եմ բոլոր միւսների վրայ, լինի ընկեր, գործիչ, դիպլոմատ». այս համոզումներով ապրեց իր երկրում նրա դժուարագոյն տարիներին, ժողովրդի հետ տոկաց բոլոր փորձութիւններին, իր բանաստեղծութիւններով երգ դարձաւ նրա շուրթերին, դարձաւ սփոփանք նրա վէրքերին:

1957թ. հոկտ. 17-ին Իսահակեան հսկան մէկընդմիշտ ձուլուեց  իր  պաշտած հողին, իր անհանգիստ հոգին վերջապէս գտաւ իր երազած հանգիստը իր պաշտած հայրենիքում` իր ժողովրդին կտակելով.

«Համբուրելով այս երեք բառերը` Ազգ, Լեզու, Հայրենիք, յանձնում եմ հայութեանը պահելու, իրականացնելու, ամրացնելու, զարգացնելու, յաւերժացնելու:

Ո՞վ կը մտածէր, որ իր ծննդեան 150-ամեակին իր իմաստուն կտակը նոյնքան հրատապ ահազանգ է դառնալու հայրենի երկրի վտանգուած շրջանում ժողովրդին սթափեցնելու, միաւորելու, իր ինքնութեանը տէր կանգնելու համար:

Այո՛, իմաստուն հսկաների երթը յաւերժ է:

Իրապէս մարգարէացաւ իր միտքը, եւ այսօր իր ծննդեան 150-ամեակին վստահաբար կարող ենք արձանագրել, որ

Իսահակեանը հայ ժողովրդի կեանքում յայտնուեց որպէս մի գիսաւոր աստղ, երգեց, քարոզեց, բարկացաւ, լաց եղաւ, վառուեց եւ յաւերժացաւ:

24 Հոկտեմբեր 2025

 

 

 

 

Hairenik Media Hairenik Media

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button