Ընտրութիւնը Բոլորինս Ու Իւրաքանչիւրինս Է

«Դրօշակ» – թիւ 9, 2025
Առաջնորդող Յօդուած
Սեպտեմբեր ամսին Հայաստանի ու Արցախի անկախութիւնների հռչակումից յետոյ, Մայիսի պէս, այս ամիսն էլ հայութեան համար դարձաւ յաղթանակների ամիս: Անհնար էր պատկերացնելը, որ մօտ երեք տասնամեակ տեւած այս իրողութիւնից յետոյ Սեպտեմբերը կը վերածուի մեր պարտութեան ու ողբերգութեան ժամանակահատուածի: Եւ այդ անհնարինը հնարաւոր դարձաւ հայոց պետականութիւնների անառիկ բերդը թշնամու հինգերորդ շարասեան կողմից ներսից յանձնելու միջոցով: Չկայ այսօր Արցախի պետականութիւնը, հայութեան բնօրրանն ամբողջովին հայաթափուած է, իսկ Հայաստանը գտնւում է դարաւոր եւ ցեղասպան թշնամիների ազդեցութեան տակ, ու ապրում է իր ինքնիշխանութեան ու տարածքային կորուստների ժամանակաշրջանը:
Սոյն թուականի Սեպտեմբեր 2-ն, Արցախի անկախացման պատմական օրը, գումարուեց Հ․Յ․ Դաշնակցութեան կազմակերպած «Վերադարձ․ Արցախ լինելո՛ւ է» խորագրով միջազգային գիտաժողովը: Նոյն օրուայ երեկոյեան Ազատութեան հրապարակում տեղի ունեցաւ դարձեալ Դաշնակցութեան կազմակերպած հանրահաւաք` նուիրուած Արցախի անկախութեան օրուան: Հ․Հ․ այսօրուայ իշխանաւորները ոչ միայն պատմական այս իրադարձութեանը պատշաճօրէն չարձագանգեցին, այլեւ Սեպտեմբեր 19-20-ին Արցախի դէմ Ատրպէյճանի ռազմական յարձակման եւ հայաթափման ողբերգական իրադարձութեանը: Եւ հակառակը, ՔՊ-ականները քննադատելով Սեպտեմբեր 2-ի իրադարձութիւնները, միաժամանակ հրճուանքով գրում էին, թէ քիչ մարդ է մասնակցել հանրահաւաքին: Եթէ չճանաչէիք այսօրուայ ազգային ողբերգութիւնների հեղինակներին պէտք է հարցնէինք ինքներս մեզ` «Ովքե՞ր են սրանք»: Իսկապէս էլ` ովքե՞ր են սրանք, որ այսքան անհաղորդ են իրենց ծնած ժողովրդի վշտերին, յոյզերին ու ձգտումներին, թէեւ յանուն իշխանական աթոռների պահպանման պատրաստ են օրը տաս անգամ կոյր դառնալ ժողովրդի առաջ: Ովքե՞ր են սրանք, որ ոչ մի անգամ չմտահոգուեցին, չյուզուեցին Արցախի կորստի համար, հինգ հազար նահատակուած հայորդիների համար, ատրպէյճանցիների կողմից Հայաստանի տարածքների այսօրուայ գրաւման համար: Ովքե՞ր են սրանք, որ որպէս պետականութեան եւ ժողովրդի համար պատասխանատու համահայկական իշխանութիւն Արցախի ողբերգութիւնից յետոյ միջազգային ատեաններում ոչինչ չձեռնարկեցին ատրպէյճանաթուրքական ցեղասպանութեան հարցով, բացարձակապէս անտարբեր են Բաքւում դատական դաժան գործընթացի մէջ գտնուող հայ ռազմաքաղաքական ղեկավարութեան ճակատագրի համար եւ ընդհակառակը` կատաղօրէն պայքարում են Արցախի դատը հետապնդել ցանկացող արցախցիների, հայկական զանազան կազմակերպութիւնների դէմ, հետապնդում են Արցախ ղեկավարութեանը, իսկ 1700-ամեայ ազգային եկեղեցու դէմ այնպիսի ճնշումներ ու հետապնդում են իրականացնում, որպիսիք տեղի են ունեցել միայն 1930-ականներին: Ովքե՞ր են սրանք` հարցը թերեւս հռետորական իմաստ ունի, որովհետեւ եթէ ՔՊ-ականների կենսագրութեանը նայենք, նման հարցը կը կորցնի իր իմաստը: Ճիշտ սրանց պէս ու ճիշտ 100 տարի առաջ օտարութեան մէջ կամ օտար հոսանքների ազդեցութեամբ հայ երիտասարդութեան մի հատուած այնքան կտրուեց իր ժողովրդից եւ նրա պատմական ինքնութիւնից, որ օտար մեծադղորդ գաղափարներն ու օտարի շահերը գերակայ նկատեցին սեփական ժողովրդի շահերից, վերածուեցին սեփական երկրի եւ ժողովրդի դահիճների: Այսօրուայ երիտպոլշեւիկները կամ կոսմոպոլիտները նոյնքան հեռու են, նոյնքան անտարբեր եւ նոյնքան թշնամի են սեփական պատմական ինքնութեան հանդէպ: Երբեմն պարզ հայ մարդը զարմանում է, թէ ինչո՞ւ է ծաւալուել այս թշնամանքը ազգային եկեղեցու դէմ, ի՞նչ իմաստ ունի Արարատ երեւոյթը մոռացնել տալու մտասեւեռումը, ինչո՞ւ են բոլոր մակարդակի կրթական ծրագրերից կրճատւում եւ դուրս բերւում ազգային եւ ինքնութեան անձնագիր հանդիսացող թեմաներն ու անունները, ինչո՞ւ է յանկարծ Հայոց այբենարանից անհետանում Մեսրոպ Մաշտոցի նկարը: Երբ այս եւ ոչ պակաս ծանրակշիռ այլ փաստերը դիտարկում ես տրամաբանական մէկ շղթայի մէջ այդ ժամանակ է երեւում ճշմարտութիւնն իր ողջ նենգ եւ սպառնալից պատկերով:
Վերջերս Հայաստանի վարչապետը յայտարարեց, որ հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետութեան հաստատումը, որպէս առաջիկայ ռազմավարական անելիք: Ի՞նչ է իրականում սա նշանակում: Սա նախ եւ առաջ նշանակում է, որ Հայաստանի այսօրուայ իշխանութիւնը հրաժարւում է Երրորդ Հանրապետութեան ողջ ժառանգութիւնից` նրա արժէքներից, ձեռքբերումներից, նպատակներից, պետական կարգը կազմող բաղկացուցիչներից: Սա իր հերթին նշանակում է ամբողջովին ջնջել Արցախի էջը եւ նրա հետ կապուած բոլոր խնդիրները, վերանայել պետական կարգը` հրաժարուելով գործող հռչակագրից, Սահմանադրութիւնից, Հայաստանի ինքնիշխանութիւնը կազմող կռուաններից, Ազգային եկեղեցու տեղից եւ դերից, հայրենասիրական իդէալներից ու այն բնորոշող պատմական-մշակութային արժէքներից ու այս բոլորը վերանայել համապատասխանեցնելով Հայաստանի իշխանութիւններին ուղղորդող արեւմտեան ուժերի եւ, մասնաւորապէս, թուրքատրպէյճանական պահանջներին: Եթէ անդրադառնանք, թէ ինչերից է հրաժարուել ու հրաժարւում Հայաստանի իշխանութիւնը եւ ինչը ինչ կերպ է փորձում փոփոխել, ակնյայտ կը դառնայ, որ մեր վերլուծութիւնն ու գնահատականը չափազանցուած չեն: Իսկ եթէ աւելի բնորոշենք, թէ ինչ է անում եւ ինչ է դեռ պատրաստւում անել Նիկոլ Փաշինեանն իր օտարահպատակ ուժի հետ, ապա կը տեսնենք, որ Հայաստանում տեղի է ունենում պետական կարգի տապալում, Հայաստանի ինքնիշխանութեան ենթարկում արտաքին ուժերին: Նիկոլ Փաշինդանն այս ամէնին ձեռնամուխ է եղել վճռականօրէն եւ հետեւողական քայլերով, վստահ լինելով, որ ներքին հաւանական ընդվզումները կը կարողանայ խեղդել` յենուելով իրեն ենթակայ ուժային եւ իրաւապահ համակարգերի, ինչպէս եւ արտաքին ուղղակի եւ անուղղակի հովանաւորութեան վրայ: Այս ազգակործան ծրագրերը նա կը կարողանայ վերջնականօրէն իրականացնել յաղթահարելուց յետոյ գալիք խորհրդարանական ընտրութիւնները: Ըստ էութեան իշխանութիւնը անթաքոյց մտել է արդէն այդ ընտրապայքարի մէջ` երկրորդական եւ երրորդական նկատելով երկրի առջեւ ծառացած ճակատագրական հիմնահարցերը: Որքան էլ որ իշխանութիւնը փորձում է այդ լրջագոյն մարտահրաւէրի յանդիման ցուցադրել իր ինքնավստահութիւնը, այնուամենայնիւ սարսափի մէջ է` նախ որովհետեւ իր այս ազգակործան ու պետականակործան ծրագրերը ընդունելի չեն ժողովրդի մեծամասնութեան համար, միւս կողմից` 2021 թուականին տուած երջանիկ ապագայի խոստումներից յետոյ, ոչ մի դրական ձեռքբերում չի կարող մատնանշել: Հետեւաբար մնում է դիմելը իր գլխաւոր զէնքին կեղծիքին: Եւ քանի որ գլխաւոր սպասելիքը խաղաղութեան հասնելու ձախողուած հարցն է, նա փորձում է իր ձախողումը ներկայացնել, որպէս յաղթանակ: Թէեւ Փաշինեանի թիմակիցներն իսկ փորձում են հաւատացնել, թէ այս տարի հնարաւոր է, որ Խաղաղութեան պայմանագիրը ստորագրուի, միւս կողմից Փաշինեանը փորձում է համոզել, թէ նախաստորագրուած պայմանագիրը արդէն իսկ ստորագրուած պայմանագիր է նշանակում: Եւ այս ամէնը տեղի է ունենում այն պայմաններում, երբ չի դադարում ոչ Ադրբեջանցիների ագրեսիւ հակահայկական հռետորաբանութիւնը ոչ Հայաստանի իշխանութիւններին ներկայացուող կոշտ պահանջները, ոչ պատերազմի սպառնալիքը, եւ ոչ էլ բոլոր այս հարցերում Թուրքիայի անթաքոյց հովանաւորութիւնը Ադրբեջանին:
Հայաստանի ապագան փաստացի կախուած է երկու կարեւոր հանգամանքից` կյաջողուի՞ նիկոլականներին հերթական անգամ մոլորեցնել ժողովրդին, թե՞ ազգային ուժերին կը յաջողուի քաղաքական գաղափարական ազգային նոյն մտահոգութիւններով հարուածելով միեւնոյն թիրախին ժողովրդին հեռացնել իշխանութեան որդեգրած ազգակործան ուղուց:
Ուղղորդուել գաղափարաքաղաքական նոյն մտահոգութիւններով եւ հարուածել նոյն թիրախին բնաւ չի նշանակում բոլոր ազգային ուժերի մեխանիկական միաւորում: Սա նշանակում է գերնպատակի շուրջ տարբեր ճակատների համակարգուած պայքար մէկ ուղղութեամբ, իսկ եթէ որեւէ մէկը փոխի իր թիրախն ու սկսի թիկունքից հարուածել իշխանութեան դէմ պայքարող ազգային որեւէ ուժի կը նշանակի, որ տուեալ ուժը ուղղակի եւ անուղղակի կերպով ծառայում է Նիկոլին ու եթէ առերեւոյթ նրա հետ էլ չէ վերջինիս վերարտադրութիւնը գերադասում է ազգային որեւէ ուժի յաղթանակից: Եթէ պատկերաւոր բնորոշենք այսօրուայ այս դաշտը, ապա կարող ենք ասել, որ ականատես ենք խառը կրակոցների: Կարծում ենք, որ այս ընթացքը պէտք է կանխուի եւ հունաւորուի համակարգուած աշխատանքը, իսկ այլ վարքը ուղղակիօրէն կբացայայտի ժողովրդի եւ ազգային նպատակների անունից հանդէս եկող երկակի խաղ խաղացողներին: Իշխանութեան ծրագրուած գործունէութիւնը յուշում ու հարկադրում է նաեւ հակադիր ճակատի կազմակերպմանը առանց ժամանակի ձգձգման: Փաստենք, որ եօթ տարի սեփական ժողովրդի նկատմամբ բազմաթիւ յանցագործութիւններ իրականացրած ղեկավարութեան համար, առջեւում ոչ թէ սովորական ընտրապայքար է, այլ ինքնապահպանութեայ կռիւ, որի ժամանակ բոլոր միջոցները ընդունելի են: Կասկած չկայ, որ իր թշուառ իշխանութեան աւարտն զգացող այս իշխանութիւնը գնալու է ամէն երեւակայելի ու աներեւակայելի օրինախախտումների: Արդէն իսկ, ամենաանհեթեթ պատրուակներով երկու սրբազանների, գործարար Սամուէլ Կարապետեանի, եւ այլ ազգային գործիչների ձերբակալութիւնը յուշում է, որ Նիկոլ Փաշինեանը պատրաստ է փաստելու, թէ ունակ է ամենանենգ, ամենաանբարոյ եւ ամենաանօրինական քայլերի: Խաղասեղանին դրուած է մեծ գրաւ եւ որքան էլ անհաւատալի թուա թերեւս գալիք ընտրութիւններով մեծապէս որոշուելու է թէ ինչ ճանապարհով է ընթանալու Անդրկովկասի ապագան, որոշուելու է գոլբալիզմի եւ հակագլոբալիզմի բախման արդիւնքն այս տարածաշրջանում, որոշուելու է, թէ ինչ աշխարհաքաղաքական առանցքի է յարելու տարածաշրջանը եւ վերջապէս որոշուելու է` տեղ կունենա՞յ Հայաստանը տարածաշրջանային քարտէսի վրայ, թէ իր Յուդայ զաւակների ձեռամբ մատաղ կարուի համաշխարհային մեծ տեղաշարժերին: Այս լինել-չլինելու ճամբաբաժանին բոլորից է պահանջւում վեր կանգնել սեփական շահերից ու յաւակնութիւններից եւ այդ ամէնը զոհաբերել սեփական երկրի ու զաւակների ապագային: Ընտրութիւնը բոլորինս ու իւրաքանչիւրինս է:

