ԿիզակէտՅօդուածներ

Նոր Բաժանարարի Առջեւ

«Դրօշակ», Փետրուար 2025

Առաջնորդող Յօդուած

2025 թ. Յունուարի 24-ին զուիցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինեանն ասում է. «Մենք Հայոց ցեղասպանութեան պատմութեանն էլ պէտք է վերադառնանք, պէտք է հասկանանք, լա՛ւ` ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչո՞ւ է տեղի ունեցել, եւ ինչպէ՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ 1939 թուին Հայոց ցեղասպանութեան օրակարգ չի եղել, եւ ո՞նց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանութեան օրակարգ յայտնուել է: Սա մենք պէ՞տք է հասկանանք, թէ՞ պէտք չէ հասկանանք»: Խօսքի միւս հատուածների հետ կապելով, ակնյայտ է դառնում Փաշինեանի ակնարկը` օտարն է այս հարցը մեզ պարտադրել իր քաղաքական հաշուարկներից ելնելով: Որ Նիկոլ Փաշինեանը մեծ մոլորեցնող է, ոչ մէկի համար այլեւս գաղտնիք չէ, բայց շարունակում է հայ հասարակութեան զարմանքը յարուցել այն, թէ այս մարդը որքան է սրբապիղծ եւ ինչպէս կարող է խաղ անել ազգի ամենանուիրական զգացումների ու արժէքների հետ: Ի հարկէ, այս անարգանքին հետեւեց սփիւռքի ու Հայաստանի լայն արձագանգը, եւ կարճ ժամանակ անց խօսքերի հեղինակը փորձեց արդարանալ, որ բոլորովին այն չէր նկատի ունեցել, ինչ որ մարդիկ հասկացել էին:

Փաշինեանի պարզունակ եւ ցնորամիտ թուացող մտքերը իրականում խորքային իմաստ ունեն, եւ տարբեր ժամանակներում ասուածը տրամաբանական մէկ շղթայի մէջ դիտարկելով` ակնյայտ է դառնում դրանց քաղաքական-գաղափարական նպատակադրուածութիւնը: Այս պարագայում Փաշինեանի ակնարկն ուղղուած է Ռուսաստանի կողմը, որն, ըստ իրեն, Ցեղասպանութեան օրակարգը «փաթաթել է հայ ժողովրդի վզին»` Թուրքիոյ նկատմամբ որդեգրած քաղաքականութիւնից ելնելով: Պէտք է խոստովանենք, որ մոլի հակառուս Նիկոլին յաջողուեց անցնող տարիների ընթացքում հայ ժողովրդի մի զգալի հատուածի դարձնելու հակառուս` Ռուսաստանին մեղադրելով մեր բոլոր դժբախտութիւնների` այդ թւում եւ հէնց Նիկոլի ձախողումների ու դաւաճանութիւնների համար:

2024 թուականի Մարտի 12-ի ասուլիսում նա ասում է, թէ Ղարաբաղի հարց վաղուց չի եղել, այն լուծուած է եղել 2013, 2016 թուականներին, Ղարաբաղն առիթ է եղել, որպէսզի լուծեն Հայաստանի հարցը, եւ ով որ այդ հարցում շահագրգռուած է եղել, նա շահագրգռուած է եղել նաեւ, որպէսզի պատերազմ լինի, Արցախի ժողովուրդն արտագաղթի Հայաստան, որովհետեւ այստեղ իրենց միջոցները բաւարար չէին յեղաշրջում անելու համար: Հետեւաբար, արցախցիներն այստեղ անհրաժեշտ են եղել որպէս յաւելեալ միջոց Նիկոլ Փաշինեանին իշխանութիւնից հեռացնելու նպատակով: Ահա այսպէս, թէ չէ` ի՜նչ Արցախ, ի՜նչ արցախահայութեան ճակատագիր, Նիկոլն ուզում էր ի վերջոյ անկախացնել Հայաստանը, իսկ Ռուսաստանը ձգտում էր նոր յեղաշրջմամբ վերջնականապէս մեր երկիրն իրեն ենթարկել:

Մենք խօսքն ուղղակի չենք մէջբերել, սակայն իմաստը ստոյգ է, եւ հետաքրքրուողը կարող է թարմացնել յիշողութիւնը` դիտելով տեսանիւթը: Ի հարկէ, կրկին մեղաւորը ռուսներն են, իսկ պատերազմ յայտարարողի, ցեղասպանական գործողութիւններին մասնակից եւ աջակից Թուրքիայի, Իսրայէլի, Փաքիստանի մասին ոչ մի խօսք, եւ ոչ միայն այս անգամ, այլեւ` առհասարակ:

Նոյն քաղաքական նպատակին է ծառայում նաեւ վերջին շրջանում Փաշինեանի հրամցրած այն միտքը, թէ 44-օրեայ պատերազմի պարտութեան միջով անցնելով` մենք ձեռք ենք բերել անկախ ու ինքնիշխան պետութիւն ունենալու հնարաւորութիւն: Ոչ ոք թող չմտածի, թէ այս աշխարհացունց մտքերն այժմ են յայտնուել Հայաստանի ղեկավարի գլխում: Նա դրանցով ներարկուած է եղել իշխանութեան գալուց շատ աւելի վաղ, պայքարել է դրանց համար հրապարակներում ու խորհրդարանում եւ դրանք կեանքի կոչելու հնարաւորութիւն է ստացել իշխանութեան գալով:

Յիշենք նաեւ խորհրդարանում հնչեցրած այն միտքը, թէ` պէտք է 2018-ին ասէի, որ ԼՂ-ն պէտք է լինի Ատրպէյճանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել: Նիկոլ Փաշինեանի գլխում ամրացած տարիների համոզումն է եղել, թէ Արցախն ընդամէնը խայծ է, որով ռուսները մեզ պահում են իրենցից կպած, եւ եթէ ազատուենք դրանից, ազատօրէն կարող ենք պոկուել նրանցից եւ 180 աստիճան փոխել պետութեան կողմնորոշումը:

Այլ առիթներով Փաշինեանը քննադատում է 200 տարուայ այդ կողմնորոշումը` համարելով այն սխալ, կարծես` եթէ դրա փոխարէն հաւատարմութիւն յայտնէինք թուրքերին, ո՛չ Ցեղասպանութիւն կը լինէր եւ ո՛չ էլ այսպիսի պատմական ճակատագիր: Իսկ մտածե՞լ է Փաշինեանը, թէ ինչո՛ւ արեւմտահայութեան հետ պատահեց այն, ինչ որ պատահեց, երբ հայութեան այդ հատուածը հաւատարմօրէն ծառայում էր իր պետութեանը, ծաղկեցնում էր այն տնտեսապէս, ֆինանսապէս, մշակոյթով եւ այլ կերպ: Ինչո՞ւ Ցեղասպանութիւն կազմակերպուեց այն ժամանակ, երբ, ըստ էութեան, ողջ մարտունակ տղամարդ բնակչութեանը Ա. Աշխարհամարտի ժամանակ արեւմտահայութիւնն ուղարկեց թուրքական ճակատ: Փաշինեանական տրամաբանութիւնը հակառակ գաղափարախօսութեամբ է մշակուած, եւ շատ յստակօրէն ծրագրաւորուած է Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային յարաբերութիւնների դաշտից դուրս բերելու եւ մտցնելու Ատրպէյճանաթուրքական ազդեցութեան շրջագիծ: Հէնց դրան էլ յարմարեցնում է Հայաստանի ղեկավարը երկրի ոչ միայն քաղաքականութիւնը, այլեւ` պատմութիւնը, պատմական յիշողութիւնը, արժէքային համակարգը: Գաղափարական խնդիրն այստեղ դառնում է ամենակարեւորը, որովհետեւ, եթէ ամերիկացի Պոլթընի ակնարկած պատմաքաղաքական մտակաղապարի փոփոխութիւնը չլինի, անհնար է հայ ժողովրդին արեւմտեան փարոսով տանելը դէպի թուրքական հպատակութիւն:

Այս նպատակին է ծառայում Նիկոլի մոգոնած (կամ որդեգրած) իրական Հայաստանի, այսպէս կոչուած, գաղափարախօսութիւնը: Եւ առանց նպատակը ծամծմելու` «հայկական ժողովրդավարութեան հայրը բացայայտ ու հանգիստ արտաբերում է, թէ` «Մեր պետական-հանրային կեանքի բոլոր ոլորտներում այս գաղափարախօսութիւնը պէտք է որդեգրուի»: Այլ խօսքով, նպատակն է պոլշեւիկներից յետոյ Հայաստանը դարձնել երկրորդ կուսակցապետութիւնը` պարտոկրատիան, հաստատելով իշխող ուժի գաղափարական մենաշնորհը: Հայրենիք-պետութեան տուեալ մեկնաբանութիւնն այլ բան չի նշանակում, քան` ներկայիս Հայաստանից զատել նրա պատմութիւնն ու պատմական հարցերը, զատել սփիւռքն ու այն ամէնը, ինչը չի տեղաւորւում ՀՀ ներկայիս սահմանների մէջ, հրաժարուել պետութեան ազգային բովանդակութիւնից եւ դարձնել այն մի տարածք, ուր հայ մարդը կ՛ունենայ միայն ուտելու եւ բազմանալու իրաւունք: Սոյն գաղափարախօսութեան հիմքում էլ «որտեղ հաց` այնտեղ կաց» սկզբունքն է, որի դրական իմաստը, փաստօրէն, ոչ ոք չէր հասկացել մինչեւ Նիկոլ Փաշինեան:

Փաշինեանը Հայաստանն իր ծրագրած (իրեն թելադրուած) հունի մէջ կարող է դնել, երբ կը յաղթի նոր ընտրութիւններում եւ նոր մանտաթը ներկայացնելով որպէս իր ծրագրի նկատմամբ վստահութեան քուէ` կ՛իրականացնի այն: Իսկ աշխարհաքաղաքական իրավիճակի արմատական փոփոխութիւնն աշխարհի վրայ փլուզում է համաշխարհայնացման, վերազգային գաղափարախօսութիւնը եւ այն դաւանող ուժերին, որոնք եւ սատարել են Հայաստանի իշխանութեանը: Ամերիկեան թիկունքի կորուստը մի կողմից որոշակիօրէն որբացրեց հայ կողմնակիցներին, իսկ միւս կողմից` ստիպեց նրանց, որ առաւել ամուր փարուեն նրանց, ում իրենք դեռ պէտք են: Իսկ պէտք են համապատասխան ծրագրերը կենսագործելու համար, այլապէս համաշխարհայնացած Եւրոպան այսօր ինքն է պառակտման շեմին: Եւրամիութեանը միանալու Հայաստանի խորհրդարանի որոշման կարիքը բոլորովին չկար, նոյնիսկ` այդ ճանապարհով գնալու համար: Բայց նման որոշումն անհրաժեշտ էր հովանաւորներին վստահեցնելու նպատակով, որ Հայաստանի իշխանութիւնն անշեղօրէն շարունակում է Ռուսաստանից կտրուելու եւ նոր ուղիով գնալու իր վարքագիծը: Կը պահպանուի՞ արդեօք Եւրամիութիւնը եւ պահպանուելու դէպքում արդեօ՞ք իր գործող վերնախաւերի հետ չի՞ փոխուելու գաղափարական արժեհամակարգով: Ըստ էութեան, հռչակուած այս նոր քաղաքականութեան «հայ յեղկոմի» համար հնարաւոր փոփոխութիւնը շատ էլ էական չէ, որովհետեւ նրա հովանաւորներն ու Եւրամիութիւնը միշտ չէ, որ նոյնանում են: Միւս կողմից` այս դեռ փայլփլացող խայծը հարկաւոր է գալիք ընտրութիւններում ժողովրդին իր ետեւից տանելու համար:

Ռուսաստանից աւելի ու աւելի յստակօրէն զգուշացնում են, որ Հայաստանը կարող է կորցնել այն ամէնը, ինչ որ ստանում է այս դաշինքից, որը նշանակում է` փոխադարձ առեւտուր, կազ, ելեկտրականութիւն, ամէնամեայ կայուն փոխանցումներ եւ այլն: Միեւնոյն ժամանակ այսօրուայ վիճակով ոչ մի խոստում չկայ, որ այդ կորցրածից որեւէ բան Արեւմուտքը պատրաստ է լրացնել:

Ինչո՞ւ է Հայաստանի իշխանութիւնը շտապում կտրել այն ճիւղը, որին նստած է, երբ կողքին այլ ճիւղ չկայ, որից կարող է կառչել: Գուցէ նա չի՞ կարող այլ բան անել` որոշակի «ծանրակշիռ փաստարկների» առկայութեամբ: Եւ գուցէ Հայաստանի կորուստների հաշուին այս իշխանութիւնը կը ստանա՞յ երաշխիք մնալու իր աթոռին: Գուցէ կայ ա՞յլ բացատրութիւն: Իշխանութիւնն այս օրերին կատաղօրէն հակադարձում է Արցախի, արցախցիների դատի, անգամ Պաքւում հաշուեյարդարի ենթարկուող հայ ռազմաքաղաքական վերնախաւի օգտին ձայն բարձրացնողներին: Իշխանութիւնը, թքելով օրինականութեան վրայ, պատրաստւում է տեղական ընտրութիւններում ամէն ճանապարհով յաղթանակ ապահովել իր խմբակիցների համար: Այս փաստերը եւս նոյն բեմագրութեան են մաս կազմում` արտաքին աջակցութեամբ եւ ներքին լծակներով համապետական առաջիկայ ընտրութիւններում ապահովել սեփական վերարտադրութիւնը: Ինքնապահպանման սրուած բնազդի թելադրանքով ամէն ինչ սկսում է դրսեւորուել բաց եւ կոպիտ ձեւով:

Այնինչ, հանրային դաշտում ինչ-որ մարդիկ սահմանել են նոր բաժանարար, ըստ հետեւեալ հարցադրման` հա՞յ ես, թէ՞ նիկոլական: Ներքին բաժանարարները միշտ էլ վտանգաւոր են, բայց եւ ճիշդ է, որ գնալով իրարից օտարւում են հայ եւ նիկոլ երեւոյթները: Մէկի յաղթանակը կը լինի միւսի անկումը, իսկ տարանջատումն անխուսափելի է:

 

 

Hairenik Media Hairenik Media

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button