ԿիզակէտՅօդուածներ

Մեր Ժողովուրդը Լռութիւնը Ընտրել Է Որպէս Փախո՞ւստ Դաժան Իրականութիւնից, Թէ՞ Որպէս Համաձայնութիւն Իր Կործանումին

 

 

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Սրտի ծանրագոյն կսկիծով դիտում եմ տեղահանուած պաղեստինցի ժողովրդի կարօտով լի վերադարձը փոշիացած, քարակոյտի վերածած իր երկիրը` Կազա, եւ որպէս նոյն ժամանակաշրջանը իրենց հետ կիսողի, իրենց երկրի աւերումին ու ծրագրուած ոչնչացմանը, սարսափելի տեղահանումին լուրերից ականատես եղածի` ինձ ոչնչացուած, փոքրացած եմ զգում այդ ժողովրդի բարձրագոյն գիտակցութեան, իրենց հողի կապուածութեան առջեւ:

Նախանձախնդիր հիացումով խոնարհւում եմ իրենց երկրին, իրենց տառապած հողին հաւատարիմ լինելու նրանց այդ բարձրագոյն յատկութեան առջեւ:

Ժողովուրդ, որը իր ոչնչացման գնով չի հրաժարւում իր աւերուած, ապրելու համար ամբողջովին աննպաստ հայրենի երկրից:

Ժողովուրդ, որն առանց տարակուսանքի, մեծագոյն ուրախութեամբ է ընդունում բաց երկնքի տակ, բայց իր հողի վրայ ապրելու վերադարձը:

Ժողովուրդ, որ յանուն իր սերունդների հետագայ գոյութեան` պատրաստ է կրել ամէն տեսակի զրկանք ու անպաշտպանութիւն:

Երանի, թէ նրանց այդ յատկութեան կէս տոկոսը մենք ունենայինք:

Տարիներ աշխարհը լուռ-անտարբեր ականատեսն է` նրանց ամէնօրեայ նուաստացմանը, ահաբեկումին, նրանց վրայ գործադրուող բռնութեանը, աստիճանական ոչնչացմանը, իրենց դարաւոր հողի յօշոտումին` Արեւմտեան ափից սկսած, որպէս գերի ապրելու վիճակին, իսկ վերջերս նրանց բացայայտ ցեղասպանութեանը:

Մի քանի հարիւր առեւանգուած հրեաների համար աշխարհը իրար խառնուեց, մինչ կէս միլիոն պաղեստինցի, մեծ ու փոքր, յատկապէս` երեխաներ, այդ առեւանգումի դիմաց դաժանօրէն սպաննեցին, մի ողջ երկրամաս փլատակի վերածուեց, երկուքուկէս միլիոնից աւել ժողովուրդ տեղահանուեց, ցեղասպանուեց, բաց երկնքի տակ սովամահութեան դէմ պայքարելով` շարունակեց իր թշուառ գոյութիւնը, բայց աշխարհը լռեց, քանզի նրանց ներկայացրին որպէս ահաբեկիչների: Լռեց անգամ գերիների փոխանակման ժամանակ:

Մի քանի հրեայ գերիների դէմ` հարիւրաւոր կին, երեխայ եւ պատանի պաղեստինցի գերիներ, որոնց ներկայացրին որպէս յանցագործ բանտարկեալներ: 400 երեխաներ, կանայք, եւ լրատուութիւնը լռեց առանց հարցադրումի, թէ ի՞նչ յանցանքի համար են այդ երիտասարդ կանայք եւ երեխաները բանտարկուած:

Հզօրների կողմից ներկայացուող այս յանցագործ լռութիւնն է ոչնչացնում փոքր ազգերին:

Ամերիկայի ներկայ նախագահի վերջին յայտարարութիւնը, աւելի շուտ ծրագիր հրամանը` պաղեստինցիներին վերջնականապէս վտարելու իրենց երկրից, նրանց տեղադրելու տարբեր երկրներում, փաստում է այդ տարածքները հրեաներին յանձնելու իրենց երկար տարիների ծրագրի իրականացման ամենայարմար պահը, երբ նրանց երկիրը ամբողջովին աւերակի վերածեցին: Եւ այս ամէնը մատուցում են` որպէս «օգուտ» պաղեստինցիների, որպէս նրանց առողջութեամբ եւ ապրելու յարմարութիւններով մտահոգ ծրագիր:

Սակայն պարզւում է` քարակոյտերի վերածած երկիրը իրենց համար նոյնքան թանկագին է, որքան` պաղեստինցիների համար, սակայն, տարբեր նպատակներով: Իրենց համար այն նոր շահոյթի աղբիւր է, իսկ պաղեստինցիների համար յարատեւման, իրենց գոյութիւնը որպէս ազգ իրենց հողի վրայ շարունակելու ամենավերջին փշրանքի միջոց:

Ու ես մտածում եմ` պաղեստինցիների մէջ կը գտնուի՞ արդեօք մի նիկոլ, որն իր անձնական շահից կուրացած` ժողովրդի անունից ընդունի այդ առաջարկը, նրանց ձեռքից խլի հայրենի այդ կտորը, յանձնի հրեաներին` այն անուանելով նրանց դարաւոր երկիրը, եւ ժողովուրդը անձայն հետեւի նրան:

Չեմ կարծում:

Պաղեստինցի ժողովուրդը իր կեցուածքով հաստատեց իր հաստատ հաւատքը: Եւ չեմ կարծում` ուրիշ որեւէ ազգի մէջ նիկոլ է ծնուել երբեւէ, որն իր ազգին ոչնչացրել է յանուն իր գրպանի:

Եւ քանի որ միակն ենք, որ գուրգուրալով պահպանում ենք նրան` որպէս թանգարանային զարդ, որպէս մեր ազգի ամօթանքի կնիք, որ որեւէ այլ ազգ զգուշանայ եւ իր ծնունդի մէջ խեղդի այսպիսիներին:

Ինչպէս տեսնում ենք, ազգերը տարբեր կապուածութիւն ունեն իրենց հողին, իրենց պատմութեանն ու իրենց ճակատագրին: Որքան էլ ցաւալի է, ականատեսն ենք, թէ ինչպէ՛ս մեր ժողովուրդը, գիտենալով հանդերձ իր իսկ իշխանութեան երկրի հանդէպ գործած դաւաճանութիւնը, շարունակում է հետեւել եւ լռութեամբ ընդունել նրա աւերները:

Մինչ օրս Պաքուի տանջարաններում ունենք անյայտ թուով գերիներ եւ յայտնի թուով գերեվարուած Արցախի նախկին ղեկավարներ, որոնց նոյն անտարբերութեան ենք մատնել, ինչպէս` Արցախի յանձնումը, ինչպէ՛ս` մեր երկրի սահմանների փոքրացումը, ինչպէս` մեր յարատեւման հետ կապուած ամէն հարց:

Մեր ժողովուրդը անտարբեր լռութեամբ լսում, դիտում է նրանց տանջահար դէմքերը, թշնամու հաղորդագրութիւններից երբեմն տեղեկութիւն ստանում եւ շարունակում է իր առօրեան ու խրախճանքները:

Այսինքն նրանք երբեք չեն եղել, ոչինչ են արել Արցախի եւ երկրի համար եւ կարեւոր չէ, թէ նրանք ո՛ւր են, ի՛նչ վիճակում են, ի՛նչ ճակատագիր է սպասում նրանց:

Չեմ ուզում հաւատալ, որ սա նոյն ժողովուրդն է, որը Արցախի համար ոտքի ելաւ, ազատագրեց ե՛ւ Արցախը ե՛ւ անկախացաւ:

Չեմ ուզում հաւատալ, որ թշնամուն ծառայող, նրա շահերը պաշտպանող մի ոչնչութիւն կարողացաւ այնպէս տիրել երկրի եւ այդ հողի վրայ ապրող ողջ ժողովրդի հոգեբանութեան ու մտածողութեան վրայ, որ արագօրէն մոռացան ե՛ւ Արցախի յանձնումը ե՛ւ նրա ազատագրման համար իրենց վտանգած, թշնամու բանտ ընկածներին եւ վրադիր` դաւադրաբար թշնամուն յանձնած Արցախի նախկին ղեկավարներին:

Թող ինձ ների իմ ժողովուրդը, սակայն վերլուծելով այս խեղկատակ իշխանութեան հանդէպ իր հաւատարմութիւնը, իր անտարբեր պահուածքը իր իսկ երկրի յանձնմանը` ինձ ստիպում է մի դաժան եզրակացութեան յանգելու, որ ժողովուրդն էլ իր տականք ղեկավարի հետ համաձայն էր Արցախի էջը ընդհանրապէս վերացնելու իր պատմութիւնից, հետեւաբար դրա հետ կապուած ամէն ինչ նոյն անտարբերութեամբ է ընդունում: Եթէ ոչ գոնէ ի յարգանս այդ անձերի ներդրումին, գոնէ մի քանի բողոքի ցոյցեր կը կազմակերպէին երկրում` պահանջելով նրանց յանձնած այս ստահակ իշխանութիւնից նրանց անյապաղ վերադարձը:

Մի՞թէ այս ոչնչութիւնը խժռել է ժողովրդի մարդկային բոլոր յատկութիւնները:

Մի՞թէ մի ողջ ժողովուրդ լսելով այդ անուղեղ թափթփուկի զառանցանքները, որն այնպէս շռայլօրէն շաղ է տալիս ամէն առիթով, նոյնիսկ թշնամուն ազատում է նրա գործած յանցանքների պատասխանատուութիւնից, քանի որ ինքն էլ է մեղսակից դրան, իրեն վիրաւորուած չի զգում, աւելի՛ն, տարածում, օրերով վերլուծում, համաձայնւում, կերակրւում է դրանով:

Բնականաբար տեսնելով ժողովրդի իրենից աւելի ցածր մակարդակը` համարձակւում է խօսել եւ կարծիք յայտնել նաեւ Ցեղասպանութեան մասին, մոռանալով, որ այդ նոյն ցեղասպանի կամակատարն ու նրա ձեռքի գործիքն է ինքը:

Աշխարհով մէկ ցրուած ցեղասպանուածներիս սերունդը ոչ միայն դատապարտում, այլ արգելում ենք թուրքին ծառայող, իր երկիրը թշնամու ոտնատակ դարձրած վարձկան ղեկավարին խօսել, կամ կարծիք յայտնել Ցեղասպանութեան մասին: Ցեղասպանութեան մեղսակիցը իրաւունք չունի խօսելու Ցեղասպանութեան մասին:

Իր նմանները լոյսի կտոր իմ ժողովրդին ցեղասպանեցին: Նա իմ աչքում թուրքին հաւասար եւ առաւել մեծագոյն ցեղասպանն է, որը իր երիտասարդութեանը յատուկ միտումով մահ տարաւ, որ մի ողջ երկրամաս առանց արգելքի յանձնի թշնամուն: Թուրք ցեղասպաններն էլ մեր երիտասարդութեանը բանակ տարան եւ բոլորին անխտիր սպանեցին: Ոչ մի տարբերութիւն երկուսի գործելակերպում:

Թուրքը փոխում է իր երկրի արիւնոտ պատմութիւնը, ժխտում իր գործած ցեղասպանութիւնը` յանուն իր հզօրութեան ու տարածման:

Այս ոչնչութիւնը ձայնակցում, կրկնում է նրանց հրահանգները` յանուն իր աթոռի պահպանման, օգտագործում մեզ ծանօթ այն բոլոր միջոցները, որը թուրքերն են պահանջում իրենից:

Նա արդէն այնքան ամուր է զգում իրեն իր աթոռում, որ եթէ առաջ թաքցնում էր իր այցելութիւններն ու հանդիպումները թշնամու հետ, որին անսակարկ ծառայում էր, հիմա այլեւս առանց թաքցնելու, բացայայտօրէն է ներկայացնում` հպարտանալով, որ իրեն ընդունում են, գործակցում իր հետ, ամենայն պատրաստակամութեամբ գործադրում նրանց բոլոր պահանջները: Քանզի մենք դեռ հանդուրժում ենք իրեն: Հանդուրժում ենք նոյնիսկ իր տգէտ պահուածքն ու խօսելաոճը, իր տգէտ հայերէնը եւ դեռ լսում իր կարծիքը արեւմտահայերէնի եւ մեր բարբառների մասին:

Մենք` ցեղասպանուածներիս սերունդը, որոնք փառքով են կրում մեր արեւմտահայ լեզուն, արգելում ենք ոեւէ մէկին եւ մասնաւորապէս իրեն` իր փտած ուղեղով գուշակել արեւմտահայ լեզուի ճակատագիրը, ընդհանրապէս խօսել այդ լեզուի մասին:

Լեզու, որը տիրապետողներից, այդ լեզուով սնունդ առած, մտածողներից շատերը եթէ այսօր կենդանի լինէին, ինքը այդ աթոռին երբեք չէր տիրանայ, Արցախը երբեք չէր նուիրուի թշնամուն: Այդ նոյն թշնամու արիւնոտ ոտքը իր երազած մեր հողը չէր տրորի, մեր երկրի հարստութիւնը կը մնար մեր սերունդներին, գերիներ չէինք ունենայ, եւ առանց յապաղումի` կը մաքրէինք ներկայ իշխանութիւնը թուրքի ծառաներից:

Բաւական երկար հանդուրժեցինք Արեւմուտքի կողմից նշանակուած, թշնամուն յանձնուած, նրանց քմահաճոյքը իրագործող, նրանց շահերը պաշտպանող, ներքինու կերպարանքով այս ոչնչութեան աւերիչ, ազգակործան իշխանութիւնը:

Աշխարհում մեծ փոփոխութիւններ են կատարւում, վստահաբար այս թշուառականին փոփոխելու ժամանակն էլ հասունացել է, քանզի նրան նշանակած տէրերն են փոխուել, եւ պատահական չէ, որ ձեռ ու ոտ ընկած, իր ողորմելի «շքախմբով» հասել է Ուաշինկթըն` նոր տէրերին իր հաւատարմութիւնը հաւաստիացնելու, իր անսակարկ ծառայութեան վարձը ստանալու:

Սակայն, ինչպէս տեսնում ենք, նորերը հետաքրքրուած չեն այլեւս եւ բոլորովին այլ ծրագիր ունեն:

Ուրեմն օգտագործենք այս առիթը եւ գոնէ այս անգամ այլոց ձեռքին գործիք չդարձած ընտրենք մեր ուղին, կապուենք մեր հողին, դուրս նետենք թշնամու այս թափթփուկներին եւ տէր կանգնենք մեր ճակատագրին:

Hairenik Media Hairenik Media

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button