Լրահոս

Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանի Սադրիչ Յայտարարութիւնները

ԵՐԵՒԱՆ․- Փետրուար 11-ի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեան, անգամ մը եւս իր սադրիր եւ գրգռիչ յայտարարութիւններով, արհամարհեց Արցախն ու արցախահայութիւնը, նշելով, թէ իրենք են մեղադրելին։
Ազգային ժողովին մէջ յայտարարութիւններու օրակարգին ընթացքին, Սիմոնեան խօսեցաւ Արցախի մասին, նշելով․ «Ես նկատի չունեմ, որ որեւէ մէկը Ղարաբաղից Ղարաբաղի համար կռիւ չի արել, ես նկատի ունեմ, որ զանգում էին ասում` մենք դուրս ենք գալիս, մենք այստեղ էլ չենք մնալու, բացէք սահմանը, մենք դուրս ենք գալիս։ Ասում ենք` բա զինուորը ո՞նց կանգնի, որ բոլորդ դուրս էք գալիս, ո՞նց էք դուրս գալիս, ասում էին` չէ՛, չէ՛, չէ՛, բացէ՛ք մենք բոլորս դուրս ենք գալիս: Ի հարկէ, հէնց կրակում են բոլորը դուրս են գալիս, հեսա հէնց կրակեն սահմանին Սիւնիքից բոլորով կը հաւաքուէք, դուրս կը գաք: Ուրեմն բոլորը պէտք է մնան ու պաշտպանեն իրենց հայրենիքը: Ես գլուխ եմ խոնարհում այն մարդկանց առաջ, ովքեր զոհուել են ու պաշտպանել են իրենց հայրենիքը»:
Ան նաեւ անդրադարձաւ Արցախի ղեկավարութեան՝ յայտնելով. «Ես ներողութիւն եմ խնդրում, բայց ես չեմ կարող չնկատել այն մարդկանց, որոնք պետութիւնը մի ստորագրութիւնով հռչակեցին ու յետոյ յայտարարեցին չեղեալ, յետոյ հրաժարուեցին դրա համար պայքարել։ Հայաստանը ամէն ինչ արել է, իսկ յեղափոխութիւնից յետոյ շատ աւելի շատ է արել եւ ոչ զէնքի, ոչ այլ բանի պակաս չի ունեցել, այնպէս որ իրերը կոչէ՛ք իրենց անուններով: Պէտք չէր թողնել ու թռնել Լոս, Նիւ Եորք, այնտեղից հայրենասիրութիւն խաղալ, կամ փորձել իշխանութիւն վերցնել, յետոյ ասել` մենք այստեղից դուրս ենք գալիս, մենք պէտք է թողնենք ու փախնենք: Դատարկ երկիրը ոչ մի զինուոր չի պաշտպանում, դա ես չեմ ասել, դա ճշմարտութիւն է»։
Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուէլ Շահրամանեանը խստօէրէն դատապարտեց Ալէն Սիմոնեանի յայտարարութիւնները։
«Սիմոնեանը փորձել է նուաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն աւելի քան 9-ամսեայ պաշարման եւ դրանից յետոյ վրայ հասած լայնածաւալ ռազմական գործողութիւնների ժամանակ: Արցախի իշխանութիւնները ոչինչ չեն խնայել, որ հայրենիքը պաշտպանած զինծառայողներն իրենց միայնակ չզգան եւ ռազմական գործողութիւնների դադարից յետոյ կարողանան անվնաս դուրս գալ զբաղեցրած դիրքից կամ շրջափակումից», յայտնեց Շահրամանեան եւ պահանջեց Ալէն Սիմոնեանէն հրապարակային ներողութիւն խնդրել:
«Սրբազան Պայքար» շարժումի առաջնորդ Բագրատ արք. Գալստանեան զայրացած շեշտեց․ «Մենք սպառուել ենք ասելով, որ այս մարդիկ քաղաքական բարոյականութիւն չունեն: Եւ այս մարդիկ տարբեր ճանապարհներով յայտնուել են իշխանութեան ղեկին եւ չակերտաւոր կերպով կառավարում են մեր երկիրը»:
Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարեան արձագանգեց Սիմոնեանին՝ ըսելով, որ Արցախը յանձնեցին թշնամիին, իսկ անկէ ետք կը յայտարարեն Հայաստանի չմիջամտելու մասին եւ լկտիաբար կը մեղադրեն արցախցիները՝ չկռուելու մէջ։

Hairenik Media Hairenik Media

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button