Մէջքը Շտկող Արժանապատիւ Հայը

0 0
Read Time:6 Minute, 36 Second

«Դրօշակ», թիւ 7, Յուլիս 2024

Առաջնորդող Յօդուած

Սոյն թուականի Յունիս 22-ին Հանքաւանում տեղի ունեցած «քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեան հաւաքի ժամանակ Նիկոլ Փաշինեանն ասում է. «Մեր հազարամեայ պատմութեան մէջ առաջին անգամ է, երբ մեր ժողովրդի գաղափարախօսութիւնը կարող է դառնալ պետական գաղափարախօսութիւն, մենք այսպիսի պատմական պահ երբեք չենք ունեցել: Սովորաբար մեկուսացած էլիտաներն իրենց ստեղծած կամ ուրիշների կողմից ստեղծուած իրենց որդեգրած գաղափարախօսութիւնները փորձել են ներդնել ժողովրդի շրջանում, յաճախ պարտադրել են պետական, վարչական լծակներով, նոյնիսկ` բռնի ուժով»: Այնուհետեւ նա շարունակում է. «ժողովրդի ուղերձն իր էլիտարներին եւ կառավարող մեծամասնութեանը հետեւեալն է` կարո՞ղ էք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապէս լաւ ապրենք: Այսինքն, ոչ թէ ինչ-որ խաչ լինի մեր վզին դրած, որը մենք պէտք է Գողգոթայի ճանապարհով քարշ տանք դէպի վերեւ կամ ներքեւ, կարո՞ղ էք ստեղծել միջավայր, որ պարզապէս ապրենք, էրեխեք ունենանք, էրեխեքը երջանիկ լինեն, բարեկեցիկ լինեն ու մանաւանդ որ դրա համար անհրաժեշտ առաջնային գործիքն ունենք` պետութիւնը»:

Ըստ Հայաստանի այսօրուայ ղեկավարի` հայոց հազարակամեակների պատմութեան ընթացքում սեփական քաղաքական էլիտաների եւ արտաքին ուժերի պարտադրանքով հայ ժողովուրդն անիմաստ պայքարել ու տառապել է եւ առաջին անգամ այսօրուայ «հայ էլիտա»-ի քաղաքական առաջնորդութեամբ սխալը կարող է շտկուել: Առաջնորդող ուժի քաղաքական առաքելութիւնն է իր «Իրական Հայաստան»-ի գաղափարախօսութիւնը դարձնել պետական գաղափարախօսութիւն` դրանով իրականացնելով ժողովրդի ցանկութիւնը. ̀ չպայքարել, չմաքառել, պարզապէս ապրել, ապրել լաւ, բարեկեցիկ եւ երեխեքը լինեն երջանիկ:

Մեր պատմութեան մէջ նոյնը տեղի է ունեցել 100 տարի առաջ, երբ բոլշեւիկա-ատրպէյճանական սրերի վրայ Հայաստանում իշխանութեան բերուած հեղկոմը սխալ համարեց եւ մերժեց հայ ժողովրդի ապրած ողջ պատմութիւնը, ցեղասպանուած ժողովուրդը եւ նրան առաջնորդող ուժերը մեղադրուեցին պայքարելու եւ տառապելու համար եւ բարեկամ հռչակուած երէկուայ ցեղասպաններին, հայրենիքի մեծ տարածքներ զիջելու դիմաց ժողովրդին խոստացան խաղաղ կեանք ու եղբայրութիւն:

Միւս կողմից ներկայացւում է, թէ արտաքին ուժերի ցանկութիւնն էր, որ հայ ժողովուրդը տառապի, իսկ իրենք գան եւ փրկեն հայութեանը: Հարիւր տարի առաջ բոլշեւիկների հայ դրածոների ներկայացմամբ կեղծ փրկիչներն էին միջազգային իմպերիալիստները, իսկ ներկայիս արեւմտեան դրածոների բնութագրմամբ այդ դերում Ռուսաստանն է:

Շատ նման չե՞ն իրար այս մտածողութիւնն ու հարիւրամեակի հեռաւորութեամբ կրկնուած քաղաքական գործընթացները:

Ժողովրդի ինքնապաշտպանութեան գիտակցութիւնն ու կամքը կոտրելու, հայրենի տարածքները յանձնելու, թշնամու ցանկացած այլ պահանջները կատարելու դիմաց այսօրուայ իշխանութիւնը վաղը հոտի վերածուող զանգուածներին խոստանում է խաղաղ ուտելու եւ բազմանալու հնարաւորութիւնը: Այսօրուայ խառնակ աշխարհում բոլորը պայքարի մէջ են իրենց ունեցածը պահպանելու, ուրիշների ունեցածը խլելու համար, իսկ Հայաստանի ղեկավարութիւնն հպարտ է ու գոհ իրենից որ երկիրը տանում է դէպի նորանոր պարտութիւնների եւ ազգային ապագայի խորտակման:

Կասկած չի կարող լինել, որ նման ապազգային մտածողութիւնն ու գործունէութիւնը պայմանաւորուած է միայն արտաքին թելադրանքով: Արտաքին ուժերի նիւթական, քարոզչա-քաղաքական աջակցութիւնը վճռորոշ եղաւ 2018 թուականին Հայաստանում իրականացուած գունաւոր յեղափոխութեան ժամանակ եւ գնալով աւելի ակնյայտ է դառնում ներկայումս: Օտարերկրեայ գործակալներն ու «խորհրդականներըէ այսօր վխտում են Հայաստանի իշխանական միջանցքներում, պաշտօնական զանազան հաստատութիւններում, երկրի վտանգուած սահմաններին: Հաշուարկելով, թէ իրեն անհրաժեշտ է յաղթահարել ռուսական ազդեցութիւնը, Հայաստանի իշխանութիւնը վերջինիս հակադրելու համար երկրի դռները լայնօրէն բացեց Արեւմուտքի եւ թուրք-ադրբեջանական տանդեմի առջեւ: Չկարողանալով յաղթահարել Ռուսաստանի առարկայական ազդեցութիւնը տնտեսական, էներգետիկ եւ այլ գործօնների պատճառով, միւս կողմից խորացնելով կախուածութիւնը հակառակ բեւեռից` Հայաստանի ղեկավարն ու նրա բախտախնդիր թիմը ոչ միայն դարձան այս երկուսի միջեւ մանեւրող խամաճիկներ, այլեւ երկիրը վերածեցին անկայունութեան օջախի, որտեղ գնալով սրուելու է զանազան ուժերի մրցակցութիւնը:

Անհաւասարակշիռ, քաղաքականապէս կախեալ ու ազգային-պետական գործչին յատուկ պատասխանատուութեան զգացումից զուրկ ղեկավարը գիտակցաբար եւ անգիտակցաբար Հայաստանը վերածեց աշխարհակարգերի բախման գօտու: Ի դէպ, նոյն թուրք-ատրպէյճանական տանդեմը, հեռացնելով Հայաստանին դէպի հակառուսականութեան դաշտ, ինքը հաւասարակշռում է իր քաղաքականութիւնը երկու հակադիր բեւեռների միջեւ եւ հրաշալի օգտագործում է Ռուսաստանի հետ յարաբերութիւններն ընդդէմ Հայաստանի:

Ռուսաստանի դէմ տարածքային եւ գաղափարախօսական հակամարտութեան մէջ Արեւմուտքը նահանջելով Ուկրաինայում, ձախողուելով Ղազախստանում, այսօր բարենպաստ է համարում ռեւանշի հասնելը Անդրկովկասում: Վրաստանի ինքնիշխանութեան մակարդակի բարձրացումը, ստիպել է, որ Անդրկովկասի համար պայքարը տեղափոխուի Հայաստանի տարածք: Արցախն ու յարակից տարածքները յանձնած, նորանոր զիջումների պատրաստ Հայաստանի կախեալ իշխանութիւնը թուրք-արեւմտեան ճամբարի համար գտնուած հնարաւորութիւն է Հայաստանի կործանման հաշուին հասնելու Ռուսաստանը շրջանցող եւ Արեւմուտքն Արեւելքին կապող Զանգեզուրեան միջանցքի ձեռքբերման, տարածաշրջանում հակառուսական եւ հակա-իրանեան կայուն ֆորպոստի ձեւաւորման համար: Բռնիշխանական վայրագ գործունէութեան վրայ աչք փակելու եւ իշխանութեան պահպանումը երաշխաւորելու դիմաց Հայաստանի ղեկավարներից պահանջւում է գործնական քայլերով եւ առանց ձգձգելու իրականացնել ռազմավարական տարածքների զիջման գործընթացը, Ռուսական եւ ՀԱՊԿ ռազմուժի դուրս բերումը երկրից ինչպէս եւ յստակ քայլերով փաստելը, որ մնում է Արեւմտեան ճամբարին հաւատարիմ հակառուսական ուժ:

Նոյն պահանջին հետեւելով Հայաստանի իշխանութիւնը փաստացի հրաժարուել կամ ձեւական բնոյթ է հաղորդել աւանդական դաշնակիցների եւ պոտենցիալ դաշնակիցների հետ յարաբերութիւններին: Փոխարէնը թշնամի հարեւանների ագրեսիւ յաւակնութիւններին պատասխանում է լռութեամբ, քծնանքով եւ կամակատարութեամբ: Էրդողանի հեռախօսազանգը բաւական եղաւ, որպէսզի Հայաստանի իշխանութիւնը ճանաչէր Պաղեստինի անկախութիւնը, երբ վերջինս երբեք չի խօսել այն մասին, որ Իսրայէլն Ատրպէյճանի օգտին մեծ դեր խաղաց 2020 թուականի պատերազմի ժամանակ եւ այսօր էլ շարունակում է Հայաստանի դէմ զինել թշնամի հարեւանին: Հայաստանի շահը չհաշուարկելով` արտաքին ուժերի թելադրանքով, հայ դրածոները յայտարարութեամբ պաշտպանեցին Ուքրայինայի ամբողջականութիւնը, այն դէպքում, երբ այդ երկիրն անկախացման շրջանից սկսած Արցախի հարցում ունեցել է յստակ հակահայ դիրքորոշում, միջազգային հարթակներում մշտապէս պաշտպանել է Ադրբեջանին, մատակարարել է վերջինիս զէնք, 90-ականների սկզբից ուկրաինացի դիպուկահարները կռուել են Արցախի դէմ: Կարիք չկար, որ Հայաստանի իշխանութիւնը երբեւէ հակաուքրայինական քայլեր աներ, բայց եթէ նա անկախ լինէր, կը կարողանար շարունակել պատերազմող կողմերի նկատմամբ չէզոքութիւնը: Արեւմուտքի շահերի կոյր կամակատարը լինելու եւ իր հակառուսականութիւնը փաստելու յաջորդ քայլը Վրաստանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելն էր, այն դէպքում, երբ 2020 թուականին Ատրպէյճան զէնք տեղափոխող թուրքական ինքնաթիռներն ազատօրէն թռչում էին Վրաստանի վրայով, իսկ Հայաստան զէնք ներկրելու համար Վրաստանի ճանապարհները փակ էին: Ոչ խամաճիկ իշխանութիւնը այս հարցում եւս կը շարունակէր պաշտպանել նախկին չէզոքութիւնը: Վտանգաւոր արտաքին քաղաքականութեան կողքին Հայաստանի իշխանութիւնը գործնական ու կոնկրէտ քայլեր է անում հէնց Հայաստանի եւ հայ ժողովրդի դէմ:

Ի՞նչ կ’անէր ազգութեամբ թուրք կամ ատրպէյճանցի մի ղեկավար Հայաստանում, եթէ իր ազգակիցների հետ իշխէր Նիկոլ Փաշինեանի փոխարէն.

ա) Արցախը, ազատագրուած տարածքների հետ կը յանձնէր Ատրպէյճանին,

բ) Ատրպէյճանին կը յանձնէր ռազմավարական դիրքեր եւ տարածքներ Հայաստանից,

գ ) կ’արգելէր Արցախի վտարանդի իշխանութեան, քաղաքական-հասարակական կազմակերպութիւնների գործունէութիւնը Հայաստանում, կը ձերբակալէր, կը հալածէր Արցախի քաղաքական-ռազմական գործիչներին,

դ) կը խզէր կապերը երկրի թիկունքն ամրապնդող դաշնակիցների հետ,

ե) Հայաստանից դուրս կը բերէր ռուսական ուժերին եւ կը փոխարինէր դրանք ՆԱԹՕ-ական երկրներին պատկանող զինուորականութեամբ,

զ) կը ժխտէր եւ կը հրաժարուէր հայոց ցեղասպանութեան պահանջից,

է) հակաթուրքական եւ հակաատևպէյճանական բնոյթի պատմական եւ քաղաքական բոլոր փաստերը, քննադատութիւններն ու պահանջները դուրս կը բերէր Հայաստանի գիտական–կրթական, գեղարուեստական ու պետական պաշտօնական գրականութիւնից եւ փաստաթղթերից, ը) կը հրաժարուէր եւ կը խզէր կապերը Սփիւռքի հետ,

թ) կը հալածէր Հայ Առաքելական եկեղեցուն,

ժ) կը հալածէր ազգային օրակարգ ունեցող ներքին ուժերին, կը պայքարէր հայկական ինքնութիւնը հաստատող, եւ զարգացնող երեւոյթների եւ հաստատութիւնների դէմ,

ի) կը պառակտէր ազգային միասնականութիւնը,

լ) կ’աղաւաղէր ու կ’այլասերէր ազգի բարոյական նկարագիրն ու ներքին ամրութիւնը պայմանաւորող արժէքները: Իսկ մի՞թէ նոյնը չի անում Նիկոլ Փաշինեանն իր «գունաւոր» թիմի հետ:

Փաշինեանը հասկանում է, որ իր ազգադաւ ծրագրերը ոչխարի հնազանդութեամբ ընդունելու համար պէտք է նախ մտային ու բարոյական առումով փոխի հայ ժողովրդին եւ դա համարում է իր թիմի առաքելութիւնը: Այդ իմաստով, իհարկէ, նրա համար մեծ ցնցում էր Սրբազան շարժումը, որը փաստեց, որ հրապարակում կամ հրապարակից դուրս հայ ժողովուրդը մերժում է ազգին զոմբիացնելու իր նպատակները: Փաշինեանը հասկանում է, որ կարելի է ուժային կառոյցների միջոցով եւ արտաքին ուժերի բարոյական ու այլ աջակցութեամբ ձգել իր իշխանութեան ժամանակն ինչ-որ չափով, բայց մի ողջ ժողովրդի յաւէրժ պահել գետնին տապալած ու ծունկը կոկորդին դրած վիճակում անհնար է: Նա հաշուարկ է անում անորոշ ժամանակի վրայ, եւ սարսափում է այն մտքից, որ փողով ու շանտաժով իր տակ պահուող կամակատարների թիմը մի օր կը փլուզուի, իսկ ուժայինները կը հրաժարուեն անասնաբար վերաբերուել իրենց մայր ժողովրդի հետ:

2024 թ. Յունիսի 22-ին Հանքաւանում ունեցած իր ելոյթում Փաշինեանը ազդարարում է. «Հերթական ընդդիմադիր շարժումը ձախողուեց»:

Նա նման յայտարարութիւն է անում, որպէսզի բարոյալքուած թիմին եւ իրեն ծառայող ենիչերիներին խրախուսի: Իհարկէ, Սրբազան շարժումը հրապարակային լայն գործունէութիւնը կվերսկսի գալիք սեպտեմբերից: Ո՞ւր կը հասնի այս շարժումը, ի՞նչ զարգացումներ կ’ունենայ, դժուար է ասել: Ակնյայտն այն է, որ այսօր ժողովրդի բացարձակ մեծամասնութիւնը զզուած է առկայ վիճակից, նրա մէկ մասը պատրաստ է փողոց դուրս գալու, իսկ երիտասարդ ու ամուր կորիզը մինչեւ վերջ պայքարելը համարում է իր առաքելութիւնը: Փոխւում է երկիրը, եւ փոխւում է աշխարհը: Նիկոլ Փաշինեանը տեսնում է իր գաղափարական եղբայրների ֆիասկոն Վրաստանում ու Ուքրայինայում: Իհարկէ, աթոռը պահելու համար նա վաղը կարող է դառնալ ռուսամէտ, միւս օրը` Եհովայի վկայ, յաջորդ օրը` տրանսգենդեր: Բայց նրա դէմ յառնող իրական ճակատը դրսում չէ, այլ մէջքը շտկող արժանապատիւ հայն է, որը երբեք չի ներելու այն աւերը, որ գործել է Նիկոլը, նման նրան ինչ իրենից առաջ արել էին Պետրոս Գետադարձը, Աւիսը կամ Թալէաթը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles